HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների խոշորացո՞ւմ, թե՞ ժամանակակից ավատի հիմնում

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան 

ՀՀ կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ գործարկել է մեր երկրի համայնքների խոշորացման ծրագիրը: Դեռեւս 2011թ. վերջինս համաձայնություն է տվել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին, որն այս տարի մտել է գործնական իրացման ինտենսիվ մի փուլ:

Ըստ կառավարության` գործող վարչատարածքային բաժանումը լուրջ եւ էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման եւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ՀՀ կառավարությունը տեսնում է տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանի մեջ, որտեղ փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքները գերակշիռ թիվ են կազմում:

Կառավարության եւ հանրության կարծիքները համայքների խոշորացման ծրագրի կապակցությամբ շատ հակասական են: Կառավարությունը պնդում է, որ համայնքների խոշորացումն արդյունավետ ծրագիր է, համայնքների խոշորացմամբ կառավարումն ավելի հեշտ կլինի եւ մեծ գումարներ կտնտեսվեն, որոնք կուղղվեն այդ համայնքների սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանը:

Իսկ հանրության մեջ կա հիմնավոր մտավախություն: Շատ-շատերը ենթադրում են, որ կառավարության տվյալ ծրագրի գործարկման արդյունքում կամ կվերանան փոքր համայնքները կամ միգրացիոն հոսք կսկսվի դեպի խոշոր համայնքներ ու օտար երկրներ: Ենթադրվում է նաեւ, որ համայնքների խոշորացման ծրագրով համայնքները գործող վարչախմբի կողմից ավելի վերահսկելի կդառնան եւ աստիճանաբար կյուրացվի համայնքային մարմինների լիազորությունները՝ համակարգում ստեղծելով ավերածություններ: Արդյունքում փոքր գյուղական համայնքները կդատարկվեն, ի հայտ կգան գյուղական համայնքների ենթակառուցվածքների,սոցիալական նշանակության խնդիրների հնարավոր ռիսկեր: Բազմաթիվ մտահոգությունների հիմքում ընկած է նաեւ խորհրդային տարիներին նմանատիպ ծրագրի իրականացման հետեւանքով մոտ հարյուր գյուղերի վերացման փաստը:

Հայաստանում այսօր կան 915 համայնքներ, որոնցից 866-ը գյուղական են: Այդ 915 համայնքներից շուրջ 400-ն ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, եւ շուրջ 100-ի հասնող համայնքներ, որտեղ կա մինչեւ 100 հոգի բնակչություն:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի` «Քիչ բնակչությունը դա համայնքի ընդհանուր ագրեգացված բնութագիրն է, հետեւաբար` այն ունի քիչ ռեսուրս` քիչ ֆինանսական ռեսուրս, սակավ մարդկային ռեսուրս եւ այլն: Փոքր բնակչությամբ համայնքներում չեն իրացվում ՏԻՄ հիմնական սկզբունքները: Մասնավորապես` վերահսկելիություն, ավագանու ձեւավորում, այդ թվում` այլընտրանքային մրցակցային հիմունքներով եւ այլն»:

Փոխնախարարը նշում է, որ համայնքների խոշորացման ծրագրի գործարկման հիմքում ընկած է երկու մոտեցում. «Մի մոտեցումը փնջային խոշորացումն է, մյուսը` ավելի մեծ չափերի խոշորացումը, այսինքն` շրջանային խոշորացում` մոտավորապես մոտ խորհրդային շրջանների տրամաբանությանը: Այստեղ էլ առանց վախենալու պետք է ասել, որ, այո՛, խորհրդային շրջաններին մոտ չափերով խոշորացում, որովհետեւ խորհրդային շրջաններն էլ ձեւավորվել են աշխարհագրական, տրանսպորտային, ենթակառուցվածքային, մարդկային ռեսուրսների տեղաբաշխման` այս բոլոր չափանիշները հաշվի առնելով: Եվ այս պարագայում, եթե մենք ավելի մասշտաբային ենք ենթադրում անել ռեֆորմը, ապա կգնանք շրջանային խոշորացման: Այս պարագայում կունենանք մոտ 50, 60, 70, մինչեւ 100 համայնք: …Այս երկու տարբերակներն իրար այլընտրանք, այսինքն` փոխբացառող չեն, այլ հակառակը` փոխլրացնող են: Շատ լավ պատկերացնում եք` եթե փունջը մի քիչ մեծացնես, կդառնա շրջան: Հիմա մենք Աշոցքը, Ամասիան, Մեղրին դիտարկել, մանրամասն ուսումնասիրություններն արել ենք ճիշտ իրենց վարչական շրջանի սահմաններում: Ավելի հակված եմ ենթադրելու, որ վերջում կլինի ինչ-որ սիմբիոզ: Այսինքն` այդ պրոցեսն անցնելուց մենք կունենանք որոշակի փնջային շրջանային լուծումների համադրություն»:

Հանրային կյանքում արդեն գործնականորեն կիրառելով համայնքների խոշորացման ծրագիրը` սույն թվականի մայիսի 17-ին, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում անցկացվեցին առաջին տեղական հանրաքվեները: Այդ հանրաքվեների անցկացման իրավական հենքն ու քաղաքական նպատակադրությունը հստակեցնելու համար կրկին մեջբերենք փոխնախարարի խոսքը:

Ըստ Վ. Տերտերյանի` «Իհարկե, մի կարևոր նախապայման ունենք` մեր առջեւ դրված, եւ դա մեր երկրի քաղաքական իշխանության, հատկապես` նախագահի պատկերացումն ու հանձնարարականն է մեզ: Գիտեք, որ խոշորացում անելուց առաջ սահմանադրական եւ միջազգային նորմ կա, դա նաեւ տեղական խարտիան է ասում, որ պետք է լսել համայնքների կարծիքը: Մեզ մոտ դա ավելի կոշտ է ամրագրված, ասվում է, որ պետք է իրականացվեն տեղական հանաքվեներ, եւ երկրի նախագահը մեզ ուղիղ հանձնարարել է, որ աշխատանքներ տարվեն այն հաշվով, որպեսզի հանրաքվեներով ունենանք դրական վերաբերմունք: Իհարկե, օրենքը թույլ է տալիս առանց այդ դրական վերաբերմունքի էլ այդ ռեֆորմն իրականացնել` խոշորացումը, բայց մենք քաղաքական հանձնարարություն ունենք, որ խոշորացման կգնանք միայն բնակչության դրական վերաբերմունքի պարագայում, ինչը պետք է ամրագրվի հանրաքվեով: Հիմա եթե մեզ հաջողվի այս տարի այդ հանրաքվեներն անցկացնել եւ որոշակի դրական արդյունքներ ունենալ այդ մի քանի փորձնական խոշորացման համայնքներում, ապա մենք առաջ կգնանք ու կփորձենք այդ պիլոտները մուլտիպլիկացիոն էֆեկտով ուրիշ տեղերում տարածել»:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձի կողմից կա հստակ ցուցում գործադիր իշխանությանը, որ հանրաքվեների միջոցով ապահովվի «դրական վերաբերմունք», եւ կառավարությունը լծված է այդ վերաբերմունքն ամրագրելուն:

Անշուշտ, գործող վարչախմբի իրավագիտակցության բացակայությունը նորություն չէ եւ փոխնախարարի խոսքում ի հայտ է գալիս ընդամենը քաղաքական որոշման առկայությունը` ծրագիրը հնարավոր ինչ-ինչ «վտանգներից» ձերբազատելու համար դրա իրացման ընթացքը ապահովագրել նաեւ ժողովրդի ուղղակի կամաարտահայտություն ենթադրող բարձրագույն իրավական հենքով` տեղական հանրաքվեով: Ուստի խնդիր է դառնում պարզել համայնքների խոշորացման հարցում քաղաքական նման մեծ շահագրգռության պատճառը: Այնպիսի շահագրգռության, որ անգամ օրենսդրական պարտադրանքի բացակայության պայմաններում, գործող վարչախմբն այնուամենայնիվ ստիպված է գնալ ձեւական տեղական հանրաքվեների անցկացմանը եւ դրա միջոցով այդ «ռեֆորմի» իրականացմանը` համայնքների խոշորացմանը:

Համայնքների խոշորացման ծրագրի ի հայտ գալը իսկապես Հայաստանի Հանրապետության ժամանակակից պատմության քաղաքական գործընթացների ուղղակի հետեւանքն է: Ուստի ծրագրի ի հայտ գալու հարցում արհեստական ոչինչ չկա: Այն Հայաստանի քաղաքական համակարգի` քրեաօլիգարխիայի, բնական կենսագործունեության հետեւանքն է` նրա կյանքի հերթական հանգրվանը: Իսկ եղած գնահատականները կապված են այն հանգամանքի հետ, թե ինչպես ենք մենք մեկնաբանում Հայաստանի քաղաքական համակարգի ներկա ընթացքը: Ըստ գործող վարչախմբի Հայաստանի քառորդդարյա այդ ընթացքը զարգացման վեկտոր ունի եւ հետեւաբար «վարչատարածքային բարեփոխումները» նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերը: Իսկ ոչ կառավարական շրջանակաների, ընդդիմադիր հանրության համար` նման «ռեֆորմը» քաղաքական համակարգի հետընթացի ցուցիչն է եւ այդ իսկ պատճառով, դրա կենսագործումը բերելու է համայնքային կյանքի խաթարմանը` ավերածություններ գործելով հատկապես գյուղական համայնքներում:

Թե ինչ է իրենից ենթադրում համայնքների խոշորացում ասվածը` տրված է Վաչե Տերտերյանի հետեւյալ բնութագրման մեջ` «Որեւէ բարեփոխում ենթադրում է որոշակի դժվարություններ ու դիմադրություն, որոնց մեջ կան թե՛ օբյեկտիվ, թե՛, որոշակի առումով, նաեւ սուբյեկտիվ դժվարություններ: Սուբյեկտիվ դժվարություններից ամենաակնհայտը, որը կա հենց Մեղրիի պարագայում, եւ այլ դեպքերում էլ դա կլինի, հետեւյալն է` մենք մի ամբողջ խումբ տեղական լիդերների, պայմանականորեն ասած` 915 լիդերի, անհանգստության առիթ ենք տալիս, քանի որ ասում ենք, որ դուք չպետք է լինեք 915, այլ ավելի քիչ, օրինակ` 800 կամ 700: Սա անհանգստություն է, եւ այդ մարդիկ սկսում են դիմադրել: Այսինքն` դիմադրում են նրանք, ովքեր մտածում են, որ այս նոր համակարգում իրենք ավելի քիչ շանս ունեն լիդերության իրենց ստատուսը պահպանելու: Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր կարծում են, որ այս նոր համակարգում իրենք շանս ունեն ներկայանալի լինելու եւ հաջողության հասնելու: …Սրա արդյունքը կարող է լինել հետեւյալը` ես, օրինակ, կարող եմ շատ կողմ լինել, որ Մեղրին իսկապես 1 համայնք լինի, եթե իմ շանսերն եմ բարձր գնահատում, դու կարող ես դեմ լինել, եթե շանսերդ փոքր են: Ու այս ամենի արդյունքում կսկսվի ինչ-որ հակադրություն: Ի դեպ, այս դժգոհությունների պարագան պայմանավորված է բացառապես որպես լիդերներ ինստիտուտներով, ապագայում լինել-չլինելու հանգամանքով: Եվ խնդիրը հետեւյալն է` իհարկե, չպետք է լինեն 2-ը, նրանցից մեկնումեկը չպետք է լինի, ու կարեւոր չէ, թե ով կլինի, ինձ համար կարեւորը ինստիտուտն է: Ի դեպ, այս պարագայում շատ մեծ հավանականություն կա, որ ո՛չ դու կլինես, ո՛չ ես, այլ մեկ այլ երրորդը, որը կգա ավելի մեծ ծրագրով, Մեղրու զարգացման ավելի ամբողջական տեսլականով, ավելի մեծ ունակություններով եւ այլն: Այսինքն` վեճը կամ դժգոհությունը պայմանավորված չէ կառավարման մեր առաջարկվող համակարգի թերություններով»:

Ինչպես տեսնում ենք փոխնախարարը չի կեղծում եւ իր խոսքում ամեն ինչ ասված է համայքների խոշորացման ծրագրի քաղաքական նպատակադրումների մասին: Հայաստանում կան 915 համայնքներ եւ հետեւաբար բնակչության կողմից ընտրվող նույնքան տեղական «լիդերներ»: Քրեաօլիգարխիկ համակարգի կառավարելիության տեսանկյունից գործող վարչախմբի համար այդ «լիդերներին» կրնկի տակ պահելը որոշակի դժվարություններ է առաջ բերում, քանզի տեղական նման «լիդերներն» իրենց մանդատը ուղղակի քրեաօլիգարխիայից չեն ստանում, այլ` ժողովրդից: Խնդիր կա համայնքնային «լիդերների» ինստիտուտը համատասխանեցնել քրեաօլիգարիայի պահանջներին: Այդ իսկ պատճառով փոխնախարարի այն խոսքը, որ «բարեփոխումների» արդյունքում «կունենանք մոտ 50, 60, 70, մինչեւ 100 համայնք» վերաբերում է ճիշտ քրեաօլիգարխիայի տարածքային քվոտաների «դե-յուրե» հաստատագրմանը:

Հայաստանի քաղաքացիական հանրության համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը բաժանված է քրեաօլիգարխիկ կլանների միջեւ: Բաժանումը կատարվել է տարիներ առաջ` նախորդ տասնամյակի սկզբներին, եւ իր մեջ ընդգրկել է ֆինանսական, տնտեսական, մարդկային հոսքերի երկու հիմնական ուղղություն: Մեկը ճյուղային քվոտաների բաժանումն է եղել, ըստ որի օլիգարխներն իրենց ձեռքում են կենտրոնացրել այս կամ այն տնտեսական ճյուղի հսկողության, առանձին ապրանքատեսակների ներկրման, արտահանման ու առեւտրային շրջանառության մոնոպոլիան: Մյուսը տարածքային քվոտաների բաժանումն է եղել, որի արդյունքում օլիգարխները մոնոպոլիզացրել են երկրի հանրային-քաղաքական դաշտերը` իրենց մեջ բաժանելով Երեւան քաղաքի ու երկրի առանձին շրջանների կառավարման լծակները, այդ թվում` թե կրիմինալ կառավարման եւ թե` լեգալ քաղաքական (օրինական):

Արդյունքում այսօր ունենք կրիմինալ տարրերից եւ անցյալի տնտեսական շրջանակներից (Խորհրդային տարիներին ի հայտ եկած «ցեխավիկների» շերտից) սերված տեղական կլաններ եւ դրանք ղեկավարող նորօրյա «իշխաններ»` քրեաօլիգարխներ, ովքեր փաստացի տիրապետում ու օգտագործում են Հայաստանի ողջ տարածքը:

Սակայն քանի դեռ գործում է վարչատերիտորիալ այն բաժանումն ու տեղական ինքնակառավարման այն համակարգը, որը սահմանված է ներկա Սահմանադրությամբ, քրեաօլիգարխիկ կլանները չեն կարողանում լիարժեք տնօրինել կրիմինալ պայմանավորվածությունների միջոցով իրենց միջեւ բաժանված տարածական քվոտաները: Հարկ կա փաստացի տարածական քվոտաների վերաբերյալ կրիմինալ պայմանավորվածությունները բերել իրավական դաշտ եւ երկրի վարչատերիտորիալ բաժանումները համապատասխանեցնել առկա քաղաքական համակարգին: Արդյունքում, ինչպես փոխնախարարն է նշում «շատ մեծ հավանականություն կա, որ ո՛չ դու կլինես, ո՛չ ես, այլ մեկ այլ երրորդը, որը կգա ավելի մեծ ծրագրով, զարգացման ավելի ամբողջական տեսլականով, ավելի մեծ ունակություններով» ու կգլխավորի նոր ձեւավորված ու վարչական մի մեծ շրջանի (գավառի) չափ ուռճացված համայնքը:

Դժվար չէ պատկերացնել, թե այսօր ովքեր են այն «լիդերները», որ ունեն ավելի ամբողջական տեսլական ու ավելի մեծ ունակություններ խոշորացված համայնքների կառավարումն իրենց ձեռքը վերցնելու համար: Ապագայում «մոտ 50, 60, 70, մինչեւ 100 համայնքի» բաժանված Հայաստանում ամրագրվում է ավատատիրական այն հիերարխիան, որ տեղ էր գտել անցյալում` հին եւ միջնադարյան Հայաստանում: Հայաստանի կիրճերն իրենց մեջ բաժանած նախարարություններն, իբրեւ տնտեսաքաղաքական ինստիտուտներ, ներկայում ունենալու են իրենց ժամանակակից դրսեւորումները: Նախկին գավառների փոխարեն Հայաստանը վերափոխվելու է խոշորացված օլիգարխիկ համայնքների: Նոր համայնքապետերը` օլիգարխները, իրենց վարչական սահմանի մեջ ներառված բնակավայրերում` գյուղերում ու քաղաքներում, նշանակելու են տեղական վարչական պատասխանատուներ` համայնքի ղեկավարի ներկայացուցիչներ, ովքեր հավաքելու են տեղական հարկերը, ինչ-ինչ սոցիալական ծառայություններ են մատուցելու (տեղեկանքների, սերմնացուի, վառելիքի եւ այլնի տրամադրում) եւ ամենակարեւորը` նպաստելու են տեղերում` բնակավայրերում, քրեաօլիգարխիկ համապատասխան կլանի իշխանության ամրապնդմանը:

Այսպիսով, կարելի է նկատել, որ համայնքների խոշորացման ծրագիրը նպատակ ունի հասնել մարզերում բնակչության կառավարման ոլորտում եղած անհամապատասխանությունները, խանգարող, ավելորդ խոչընդոտները վերացնելուն: Այդ գործում առաջնային նշանակություն ունի Հայաստանում ձեւավորված վարչատերիտորիալ բաժանումները եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերը համապատասխանեցնել առկա քաղաքական համակարգին: Քրեաօլիգարխիկ համակարգից դուրս քիչ թե շատ ինքնաբավ կյանքով ապրող, համակարգի տրամաբանությունից դուրս գործող, երբեմն խանգարող սուբյեկտները պետք է լինեն ուղղակի հսկողության ու հրամանի տակ: Իսկ ընդդիմացող, կամային հանրային շրջանակաները չպետք է տեղ ունենան երկրում: Համայնքների խոշորացման ծրագրի կապակցությամբ հանրության ունեցած նոր արտագաղթի շուրջ մտահոգությունը պայմանավորված է հենց նման զարգացումներով: Արդյունքում, իբրեւ ապրանք, քրեաօլիգարխիայի կողմից նոր մարդկային ռեսուրսներ կարտահանվեն երկրից` նրանք ովքեր իրենց գիտակցական աստիճանով ու հեգաբանական կառուցվածքով անհամապատասխան են քրեաօլգարխիա երեւույթին: Հայաստանում պետք է մնա միայն ճորտական կախմանը լոյալ վերաբերող, սեփական գոյությունը իշխող կլանների հաստատած տնտեսական շահագործման ձեւերին համահունչ դարձրած հպատակ բնակչությունը:

Բայց վերջին խոսքը քրեաօլիգարխիայինը չէ, եթե իհարկե բնակչությունը իսկապես ուզում է լինել քաղաքացի եւ ոչ թե տունն ու ընտանիքը օլիգարխին վաճառող ու նրա սեփականությունը դարձած իր նախկին հողակտորում հանուն «մի փոր հացի» աշխատող հպատակ զանգված:  

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Սարո ջան շատ ճիշտ ես - հանքեր պիտի բացվեն ու գեսեր սարքվեն, անտառներում ու սարերում դաչաներ ու հանգստավայրեր սարքվեն եւ այն: Այսինքն՝ կուտակած փողերը պիտի նյութականացվեն, որ վայելեն հետագայում: Իսկ էդ գջլոտ գեղացիները դեռ էնտեղ են ու խանգարում են, հլա դեռ թոշակ-մոշակ են ուզում ու գլուխ ցավացնում ընտրաթատրոնների ժամանակ: Դրա համար էլ հարկավոր է գյուղերի գլուխները կտրել, որ շուտ քանդվեն ու ամայանան, որպիսզի տեղ բացվի պայծառ ապագա կերտելու համար!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter