HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները. «կարմիր գծի» շեմն ու տարիների դինամիկան

Հայաստանի միջազգային պահուստների ծավալներն այս տարվա մարտին աճ են արձանագրել։ Ամսվա վերջի դրությամբ դրանք  կազմել են  1.4915 մլրդ դոլար՝ փետրվարի համեմատ  ավելանալով 18.3%-ով կամ 230 մլն դոլարով։ Այս մասին վկայում են Հայաստանի ԿԲ-ի տվյալները: Պահուստների զգալի մասն ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվներն են: Դրանց մոտ 60%-ն (890.8 մլն դոլար) այսօր պահվում է օտարերկրյա արժեթղթերի տեսքով։ Մնացած 40%-ը  (600.4 մլն դոլար)՝ որպես կանխիկ փող արտարժույթով կամ ավանդ։ Այդ փողերից 293.8 մլն դոլարը պահվում է արտասահմանյան առևտրային բանկերում, որոնց անունները  ԿԲ-ն, որպես կանոն, չի հրապարակում։   

Արձանագրված աճն անսպասելի չէր, քանի որ մինչև ԿԲ-ի հրապարակումը պարզ էր դարձել, որ մի քանի շաբաթ առաջ եվրոբոնդերի միջոցով ներգրավված 500 միլիոն դոլար վարկից 300 միլիոն դոլարը ծառայեցվել էր արտաքին պահուստների համալրմանը: Սպասվում էր, որ պահուստները կավելանան հենց 300 միլիոն դոլար, բայց պարզվում է` ավելացել են 230 մլն դոլարով։ Սա նշանակում է, որ մնացած 70 մլն դոլարը արտաքին պահուստներից ծախսվել է։ 

Միջազգային պահուստները Հայաստանի  «նեղ օրվա» գումարներն  են:  Դա փողի քանակություն է, որն օգտագործվում է երկրների միջև վճարումների հաշվեկշռի պակասուրդը լրացնելու համար: Դրանք սովորաբար պահվում են ոսկու, որոշ արտարժույթների՝ դոլարի, եվրոի, իենի և արժույթի միջազգային հիմնադրամի արժույթի տեսքով ու հաշվարկվում դոլարով։ Բայց Հայաստանի դեպքում ոսկու պահուստները զրոյական են։ 2003 թվականի վերջին ՀՀ Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը՝ 1.4 տոննա: Ամբողջ քանակությունը գնահատվեց 17.8 մլն դոլար: Ու ներկա դրությամբ՝ ՀՀ ԿԲ-ն, կարծեք, միտք էլ չունի վերականգնելու ոսկու պահուստները։ Մինչդեռ դրանք կարևոր են այնքանով, որ մասնագետների վստահեցմամբ՝ ավելի վստահելի պահուստ են, քան դոլարով կամ այլ արժույթով պահուստները։ 

Հայաստանի միջազգային պահուստների ներկա վիճակն  առավել պատկերավոր կարող են նկարագրել տարեկան համեմատությունները։ Այսպիսով, Կոնտրոնական բանկից տեղեկանում ենք, որ այս տարվա մարտի ցուցանիշը (1.4915 մլրդ դոլար) 2014-ի մարտի համամատությամբ կրճատվել է 478.8 մլն դոլարով։ Հարկ է նշել, որ 2014-ի ընթացքում Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33.8 %-ով կամ 762.3 մլն դոլարով` կազմելով 1.489 մլրդ դոլար։ Միաժամանակ պահուստների կրճատումը շարունակվել է նաև 2015-ին՝ փետրվարին կազմելով 1.2609 մլրդ  դոլար։ 

Վերջին 5 տարիներին ունենք հետևյալ պատկերը. 

Տվյալնեը հավաքագրել ենք ԿԲ -ի վերջին 5 տարիների հաշվետություններից 

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ՝ 2008-ի տարեսկզբին Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 1.6 մլրդ դոլար, իսկ տարեվերջում նվազեցին մինչև 1.4 մլրդ դոլարի: 2008-ի տարեվերջին և 2009-ի սկզբին միջազգային պահուստները նվազեցին, քանի որ ԿԲ-ն փոխարժեքը ֆիքսված պահելու համար մեծ քանակությամբ դոլար վաճառեց: 2009-ի տարեսկզբին դրանք հասան 1.3 մլրդ դոլարի, բայց հետագայում աճ գրանցվեց, որն արտացոլված է վերևում ներկայացված ինֆոգրաֆիկայում: 

Արտաքին պահուստների վերաբերյալ միջազգայնորեն ընդունված այսպիսի չափանիշ կա՝  երկրի արտաքին պահուստների ծավալը պետք է գերազանցի դեպի տվյալ երկիր իրականացվող ներմուծումների տարեկան ծավալի մեկ քառորդը (25%-ը): Իսկ եթե միջազգային պահուստները դրանից ցածր են լինում, նշանակում է տվյալ պետությունը հատել է, այսպես կոչված, «կարմիր գիծը»։ Այն հատելը կամ դրան մոտ լինելը բազմաթիվ և արմատական բացասական հետևանքներ են ունենում տնտեսության համար։ Դրանց առաջինն արձագանքում են միջազգային վարկանիշային կազմակերպությունները՝ կտրուկ նվազեցնելով պետության վարկանիշը տնտեսական աճի մասով։ Օտարերկրյա ներդրողները, բնականբար, կնախընտրեն հեռու մնալ հոռետեսական կանխատեսումներ ունեցող երկրից, իսկ նրանք, ովքեր արդեն ներդրումներ են արել, կամ կհավաքեն ճամպրուկներն ու կհեռանան, կամ կնվազեցնեն ներդրումների ծավալները։ Մի խոսքով՝ այստեղ կգործի տնտեսության շղթայական կապը, երբ մի ոլորտում գրանցված անհաջողությունը վարակում է մյուս ոլորտներին։ Այդ առումով հատկապես հիմա Հայաստանը խոցելի է, քանի որ վերջին շրջանում վարկանիշավորող կազմակերպությունները նվազեցրել են կանխատեսումները։ Օրինակ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) օրեր առաջ հրապարակեց նոր կանխատեսումներ, ըստ որոնց՝ 2015-ը Հայաստանը կփակի 1.5% տնտեսական անկմամբ։ Տարվա սկզբին ՎԶԵԲ-ը Հայաստանի համար այս տարի անկում չէր կանխատեսել, անցած հինգ ամիսների ընթացքում, սակայն, վերանայեց ցուցանիշը: Ամենայն հավանականությամբ՝ այս կառույցը  մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանի միջազգային պահուստների կրճատմանը վերջին ամիսներին: 

Իսկ որքանով է Հայաստանը մոտ այդ «կարմիր գծին»։ Քանի որ Հայաստանի վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) նշում է, որ ներմուծման և արտահանման վերաբերյալ այս տարվա տվյալները վերջնական չեն, ուստի հիմնվենք 2014-ի տվյալների վրա։ Նախորդ տարի, ըստ ԱՎԾ-ի, Հայաստան է ներմուծվել 4.385 մլրդ դոլարի ապրանք։ Նույն տարեվերջին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 1.489 մլրդ դոլար։ Այս դեպքում արտաքին պահուստները գերազանցում են ներմուծման մեկ քառորդը։ Նշանակում է տարվա վերջի դրությամբ՝ վիճակը նորմալ է։ Բայց այս տարեսկզբին արտաքին պահուստները նվազել են, որի հիմնական պատճառը դեկտեմբերին դրամի արժեզրկումն էր. դրամի կայունությունը պահպանելու համար Կենտրոնական բանկը շուկայում վաճառում է որոշակի քանակությամբ դոլար, որը վերցնում է միջազգային պահուստներից: Եվ եթե պահուստներում դոլարը կրճատվում է, նշանակում է, որ  ԿԲ-ի կողմից ինտերվենցիաներ ու միջամտություններ են տեղի ունեցել:  Թե այս տարվա դրությամբ որքանով ենք մոտ կամ հեռու «կարմիր գծից», պարզ կդառնա, երբ ԱՎԾ-ն կամ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակեն վերջնական ցուցանիշները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter