HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ հարցազրույցը Լեռ Կամսարի թոռնուհու հետ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի Վանուհի Թովմասյան, «Հետքի» շնորհիվ ծանոթացա ձեր տաղանդավոր երգիծաբան պապիկի`Լեռ Կամսարի և Ձեր հետ: Սովորել եմ խորհրդային ռուսական միջնակարգ դպրոցում և, ցավոք, հայ գրականության դասերին Լեռ Կամսարի մասին չի եղել և ոչ մի հիշատակում: Լինելով անարդարացիորեն մահապատժի դատապարտված նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին տարիներին և արդեն 19 տարի գտնվելով բանտում՝ չեմ կորցրել ռոմանտիզմը, սակայն շատ-շատ հարցերում դարձել եմ ծայրաստիճան պրագմատիկ: Հետևաբար, զարմացա, երբ Ձեր պապիկի «Բանտիս օրագիրը» դեռ չընթերցած`միստիկ զգացողություն ապրեցի. հասկացա, որ պետք է ռուսերեն թարգմանեմ: «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասրյանը փոխանցեց, որ Դուք տվել եք Ձեր համաձայնությունը, ինչի համար շնորհակալ եմ: Միշտ գրել եմ, որ ինքս ինձ ո՛չ գրող, ո՛չ թարգմանիչ եմ համարում, պարզապես մտքերս մարդկանց՝ Ողջերի աշխարհ ուղարկելու պահանջ եմ զգում: Այդպիսով՝ ազատություն եմ տալիս մտածումներիս, նաև զրուցում մարդկանց հետ: Զբոսանքի համար նախատեսված խցում քայլում էի` մտածելով Ձեր պապիկի մասին և հանկարծ հայտնվեցի նրա բանտում, որն իմ բանտից քիչ է տարբերվում, թեպետ անցել է 100 տարի… Այսպես էլ ծնվեց թարգմանության գաղափարը: Աստծո կամքով թող հաջողվի այս նախաձեռնությունը, և լույս աշխարհ գա մեր հայ երգիծաբան Լեռ Կամսարի առաջին ռուսերեն թարգմանությունը: Որպես «Հետքի» թղթակից՝ հեռակա հարցազրույցներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ: Շատ կցանկանայի, որ համաձայնեիք ընդունել հարցազրույցի հրավերս: 

Ամենաջերմ մաղթանքներով և ազատության մեջ հանդիպելու հավատով՝ Մհեր Ենոքյան 

Ազատության մեջ հանդիպելու ակնկալիքով, սիրով ընդունում եմ Մհեր Ենոքյանի հարցազրույցի հրավերը 

Նամակ 1 - ին 

Բարի ողջույն, սիրելի Մհեր, Ողջերի աշխարհից՝ ինչպես դու ես կոչել մեր ապրած տեղը։ Աստված մեզ ողջ համարի, տղա ջան։ Դարերով ապրելով վաչկատուն տարբեր ցեղերի գերության ներքո՝ կեղեքվելով, հալածվելով, ցեղասպանվածի ամոթալի խարանը կրելով, վերջապես ստացանք մի խաղալիք անկախություն և դարձանք ռուսի «անկախը»։ Դարավոր ստրկության հետևանքով կորցրել էինք մեր ազգային դրական արժանիքները, և երբ վերջապես առիթ էր մեջքներս մի փոքր շտկելու՝ Երկիր կառուցելու, մեկ էլ ազգովի այն տեսանք, որ մեր կորացած կռնակի վրա հիմա էլ յուրայիները հավեսով տեղավորվեցին, բռնեցին ազգի ճիտը ու սկսեցին խեղդել… 

Լավ, արի սրանով ավարտեմ այս թեման՝ մեկ էլ տեսար փոշմանես և չուզենաս լքել քո բանտը… 

Մհեր ջան, առաջին հարցդ շատ տարողունակ է, եթե բոլոր հարցերին մի նամակով պատասխանեմ, Էդիկ Բաղդասարյանը ստիպված կլինի «Հետքին» կցան տալ, որ տեղավորի։ Բացի՝ հիմա մարդիկ շտապով են ապրում և երկար նյութեր չեն սիրում կարդալ։ Ով աշխատում է՝ ժամանակ չունի, ով էլ գործազուրկ է, տրամադրություն չունի կարդալու։ Ես հատ-հատ, առանձին նամակներով կպատասխանեմ՝ համ քեզ զբաղմունք, համ՝ ինձ, համ էլ ընթերցողին, օրերը կգլորվեն, մեկ էլ չես զգա, թե ինչպես ազատվեցիր և արդեն մեր տանը մարդավարի կզրուցենք։ 

Անցնեք առաջին հարցին. ի՞նչ եմ հիշում Արամ պապից, անձամբ տեսե՞լ եմ նրան: 

Այո՛, Արամ պապիս տեսել եմ, ապրել նրա հետ, բայց ա՛յ, Լեռ Կամսարին հետո գտա։ Սկսեմ իմ աշխարհ գալուց, որը կատարվեց Արամ պապիս բարի կամոք։ Սպասված և սիրված ժառանգ չեմ եղել։ Պապս աքսորում, հայրս աքսորում, Ստալինը դեռ կենդանի, ընտանիքը սովահար, մեկ էլ պարզվում է, որ նոր ուտող բերան էլ պետք է ավելանա այդ խեղճ մարդկանց մոտ (մեծ եղբայրս արդեն կար)։ Ճիշտ որոշում է կայացվում՝ ազատվել այդ բեռից։ Մայրս սկսում է դեղերով ինձ սպանել, մեկ էլ Արամ պապս, զուտ պատահականությամբ, իմանում է իմ դատավճռի մասին և զայրացած հայտարարում. 

-Եթե սպանեք այդ երեխային, բոլորդ իմ ձեռքով այն աշխարհ կգնաք, - ասում է պապս՝ ինձ Կյանք և Արև պարգևելով։ 

Երեսի զոռով Ռոստովի աքսորավայրում ծնվում եմ ես, նորից հիասթափեցնելով մերոնց, այն տրամաբանությամբ, որ ծնվեց՝ ծնվեց, գեթ տղա լիներ։ Մի կերպ համակերպվում են այդ անհաջողությանը, և մեկ տարի անց, երբ համաներում է լինում՝ մեր աքսորական ընտանիքը կամաց-կամաց նորից միավորվում է Երևանում։ 

Սա գրեցի զուտ նրա համար, որ տեսնես, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Պապս կյանք տվեց ինձ, ես էլ կյանք եմ տալիս նրա անտիպ ձեռագրերին։ Նախախնամությունը այնպես գործը գլուխ բերեց, որ հե՛նց ես պետք է նրա գրական վաստակը լույս աշխարհ բերեի։ Չիմանաս, որ այս պատմությունը ի սկզբանե գիտեի, և դրանով ուզում էի վարձահատույց լինել, բնա՛վ՝ խնամքով թաքցնում էին։ Միայն վերջերս մայրս խոստովանեց։ Ա՛յ մարդ, ես էլ ասում եմ ինչու եմ ավելորդ լինելու զգացողությամբ ապրում այս աշխարհում… 

Մհերիս ասեմ, գիտակցական կյանքիս արթնանալուն պես, տեսնում եմ, որ քնում եմ տաշտի մեջ սեղանի տակ։ Սեղանի վրա քնում էր եղբայրս։ Շատ ուրախ էի այդ փաստից, որովհետև անձրևի ժամանակ, երբ հողե առաստաղից կաթիքը սկսվում էր, միայն ես չէի թրջվում։ Այդ ժամանակահատվածի Կամսարի կյանքի շատ դրվագներ կան «Հալոցք» գրքում, դու էլ ունես այդ գիրքը և ծանոթ ես ինչպես էր ապրում նա։ Ով էլ ուզում է իմանալ, թող գրատներից գնի այդ հատորը և իրազեկվի։ 

Մհեր ջան, տեսնելով պապիս հագուկապը և խեղճացած արտաքինը՝ մտքովս էլ չէր անցնում, որ նա գրող է, այն էլ երգիծաբան։ Իրեն շատ էի սիրում, որովհետև իրեն զոհաբերող մարդու տեսակն էր։ Ձեռքը դրած հիվանդ սրտին (Սիբիրում սրտի երկու կաթված էր ունեցել), անքուն գիշերներ կարող էր անցկացնել փոքր եղբորս մահճակալի մոտ, երբ նա հիվանդ էր և տաքությունից լեզուն կուլ կարող էր գնալ) այդպիսի հիվանդություն ուներ)։ Ինքը ապրուստ չունենալով, երբ «Ոզնում» պամֆլետ գրեց քաղաքետարանի փորած փոսերի մասին, որի մեջ գլորվել և ոտքը կոտրել էր իր մանկության ընկեր Արսեն Հացագործյանը, հենց հոնորարը ստացավ, տվեց ընկերոջը, որ բուժի ոտքը։ 

Եվ այլ բազում փաստեր։ Չերկարացնեմ՝ ուզում էր շտկել աշխարհը և մարդկաց օգտակար լինել։ Չէր սիրում, որ ես բակի երեխաների հետ խանութ-խանութ կամ ճաշարան-ճաշարան էինք խաղում։ Բայց ժամերով գորովալից հետևում էր, երբ դպրոց-դպրոց էի խաղում։ Նորից հուշեմ՝ գրողի կյանքի և այդ թվերի հալածանքների և անտեսված լինելու մասին ընթերցողը կարող է գտնել «Հալոցքի» «Բանտիս օրագրի» և այլ հրատարակված գրքերի առաջաբանում (բոլոր գրատներում կա) և մամուլում (հիմնականում «Ազգում» և «Հետքում») տպված տարբեր հոդվածներում։ 

Կրկնել չեմ ուզում։ Շարունակությունը հաջորդ նամակում։

Այսօր այսքանը՝ քեզ սպասող Վանուհի 

Հ. գ. Մյուս ցմահ դատապարտված տղերքին կբարևես իմ կողմից (իրա՞ր տեսնում եք)։

Ես էլ քեզ հարց ունեմ, սիրելի Մհեր. եթե նորից սկսեիր կյանքդ, ո՞ր պահից այն կփոխեիր։

Մեկնաբանություններ (2)

lusine Gurgenyan
Հարգելի Մհեր ամեն անգամ երբ ուզում եմ մեկնաբանել քո հոդվածները , ինչ որ մի բան ինձ հետ է կանգնեցնում: Չգիտեմ ինչու է այդպես: Մհեր ջան ես քո ընթերցողներց մեկն եմ ով անհամբեր սպասում է քո հոդվածներին: Եւ ամեն անգամ կարդալուց իմ համար պարզ է դառնում մի ճշմարտություն,որ ազատության մեջ կան մարդիկ ովքեր հոգով ու մտքով են բանտարկված, Իսկ դու թեկուզ ճաղերից այն կողմ կարողանում ես ապրել ու հույսով ապրեցնել շատ մարդկամց: Այսօր այսքանը, ինձ թվում է մեր նամակագրությունը կշարունակվի:
ՀԱՅՈՒՀԻ
ՄԻԼԻԱՐԴ ԱՄՈԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՎԱՆԴԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Անթասիբ անսիրտ և անզգա իշխանավորներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter