«Էյ-Թի-Փի» ԲՀ-ի նոր գործադիր տնօրենը Ջինմարի Փափելյանն է
Ուաթրթաուն, Մասաչուսեթս- «Էյ-Թի-Փի» ԲՀ-ի գործադիր կոմիտեն նշանակել է Ջինմարի Փափելյանին կազմակերպության գործադիր տնօրեն։ «Էյ-Թի-Փի»-ի 20-ամյակի տոնակատարությունից հետո նախատեսված էր ղեկավարության փոխանցում, քանի որ գործադիր տնօրեն Թոմ Գարապեդյանը անցնում է թոշակի։ Այս մասին հայտնում է «Էյ-Թի-Փի» ԲՀ-ն:
Ջինմարին դրամհավաքներ և միջոցառումներ կազմակերպելու ավելի քան 20 տարվա հաջող կամավորական փորձ ունի բարեգործական կազմակերպությունների համար: 1997թ-ից նա «Արմենիան Չիլդրենս Միլք Ֆանդ»-ի ղեկավարն էր, իսկ 1998թ-ից նա եղել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Վերջին տարիներին Ջինմարին հանդիսացել է Ավետիսյան դպրոցի փոխնախագահը, ինչպես նաև զարգացման և դպրոցի հանձնաժողովների ղեկավարը:
Ջինմարին ունի 23 տարվա փաստաբանական փորձ Մասաչուսեթսում և Նյու Հեմփշայրում: Նա արժանացել է Վուդուրդ և Ուայթ-ի «Ամերիկայի լավագույն փաստաբաններ» ընտանեկան իրավունքում մրցանակին 2008-ից 2015թթ: Երկու տասնամյակից ավելի աշխատել է Մքլեին, Գրաֆ, Ռաուլերսոն և Միդլթոնում, որը հայտնի է որպես Հյուսիսային Նյու Ինգլանդի ամենահռչակավոր իրավաբանական ընկերությունը։ Նա ուսանել է Մքգիլ համալսարանում և ստացել իր իրավաբանական «JD» աստիճանը Սաֆըքի համալսարանից։
«Տարիներ շարունակ հիացել եմ ‹‹Էյ-Թի-Փի››-ի գերազանց աշխատանքով և մեծագույն սիրով աշխատել եմ անձնակազմի հետ Հայաստանում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության միջոցով Երևանի Ավետիսյան դպրոցի տանիքների կանաչ պարտեզները հիմնելիս,›› ասաց Ջինմարին: ‹‹Շատ ոգևորված եմ, որ հնարավորություն ունեմ օգնել ‹‹Էյ-Թի-Փի››-ին բարելավել Հայաստանի շրջակա միջավայրը››:
«Աշխարհի տարբեր անկյունների 20,000 նվիրատուների աջակցությամբ այս 20 տարվա մեջ մենք կարողացել ենք տնկել մոտ 5 միլիոն ծառ Հայաստանում: Սա հսկայական նվաճում է, որի համար բոլորս երախտապարտ ենք»,- նշեց «Էյ-Թի-Փի»-ի հիմնադիր Քարոլին Մուգարը։ «Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ ունենք աճի և բարելավման կարիք բազմաթիվ ոլորտներում և վստահ ենք որ Ջինմարին կլինի մեր ուղեկիցը այս ճանապարհին: Մեզ համար մեծ պատիվ է ունենալ նման բարձրակարգ զարգացման մասնագետ որպես ղեկավարական թիմի անդամ»:
«Էյ Թի Փի»-ի նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգը:
Մեկնաբանել