HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թբիլիսիում այսօր հայերն այն տեղը չունեն, ինչպես նախկինում»

Առավոտյան Թբիլիսիի Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցին կամաց-կամաց լցվում էր երեխաներով: Դեռ ժամը 10-ը չկար, իսկ եկեղեցու նստարաններն արդեն զբաղված էին:

Դրանցից մեկին մի պապիկ էր նստել: Գետնին դրված սպիտակ պայուսակից՝ լի ապրանքներով, թափանցիկ տոպրակով թեյի կոնֆետներ հանեց, դրեց նստարանին: Քիչ անց վեր կացավ, կոնֆետներն սկսեց բաժանել երեխաներին: Ժամերգությանն այլևս չէի հետևում: Այնուհետ պապը ձեռքի մի խուրձ մոմը սկսեց վառել տարբեր տեղերում՝ ամեն անգամ ծնկի իջնելով ու ինչ-որ բան շշնջալով:

Եկեղեցում երբեմն շրջում էր մանուշակագույն գլխաշորով փոքրամարմին մի կին: Նա հետևում էր եկեղեցու մաքրությանը, այնուհետ մոտենալով երեխաներից մեկին՝ քնքշությամբ խնդրեց հանել գլխարկը, երեխան միանգամից վերցրեց այն: Ժամերգության վերջում երեխաները միասին բարձրաձայն աղոթեցին:

Մանուշակագույն գլխաշորով կինը եկեղեցու հավաքարար Աիդա Շիրինյանն էր: 4 տարի է՝ աշխատում է եկեղեցում: Ասում է՝ փառք Աստծու, գոնե աշխատանք ունի: Վրաստանում էլ, ինչպես Հայաստանում, աշխատանքի խնդիր կա: Մարդիկ, գործ չգտնվելով, հեռանում են երկրից: Այս մասին պատմում է տիկին Աիդան: Նա մեր զրույցի ընթացքում մատնացույց է անում Հավլաբարում ապրած հայտնի մարդկանց տները, որոնք այսօր արդեն պատկանում են պետությանը: Տիկին Աիդան անմիջական է: Պատմում է, որ նախկինում վրացիների կողմից տարբերակում չկար հայերի հանդեպ: Իսկ այսօր հայերն այն տեղը չունեն, ինչպես նախկինում: Օրինակ է բերում իր մանկության Թբիլիսին՝ Թիֆլիսը: Այդ ժամանակ, ասում է, հայ-վրացի տարբերակում դարձյալ կար, բայց այնքան ակնառու չէր, ինչպես հիմա է: Հայկական դպրոցներից միայն մեկն է մնացել Թբիլիսիում, իսկ տեղի հայերից շատերն էլ նախընտրում են իրենց երեխաներին տանել կամ վրացական, կամ ռուսական դպրոց: Ասում է՝ աղջիկն էլ իր երեխային հայկական դպրոց չի տանում:

Մենք քայլում ենք Հավլաբարի վերնասլաց փողոցներով: Տիկին Աիդան հարցուփորձ է անում Հայաստանից, հետո ասում, որ բարեկամներ ունեն հայրենիքում, ամեն ինչից էլ տեղյակ են: «Մենակ Երևանում չէ, Հայաստանում չէ, ամեն տեղ էլ վիճակը լավ չէ: Կարծում եմ՝ լավ կէղնի»,- նշում է նա:

68 տարեկան է տիկին Աիդան: Ծնողները Ստեփանավանից են փոխադրվել Թբիլիսի, բայց չգիտի՝ ինչո՞ւ: Երկու աղջիկ ունի, ովքեր ամուսանցել են Թբիլիսիում:

Տիկին Աիդան նախկինում աշխատում էր Թիֆլիսի կարի ֆաբրիկայում, վերարկուներ, բաճկոններ էր կարում: Հիմա էլ տանը երբեմն կարուձև է անում թոռների, աղջիկների համար, բայց մատներն արդեն ցավում են: «19 տարեկանից կար եմ արել, ինչ հիշում եմ ինձ՝ կարով եմ զբաղվել, բայց հիմա դժվարացել է: Վրաստանում էլ աշխատանքի են ընդունում երիտասարդներին»,- ասում է ու նայում մատներին:

Ամբողջ մեր զրույցի ընթացքում մի աննկատ անհանգստություն էի նկատում նրա մեջ, այն երբեմն կծկվում էր, երբեմն թույլ հուզմունք առաջացնում: «Էրեխեքս ապագա չունեն էստեղ, եսիմ, չգիտեմ՝ աշխատանք կտան, չեն տան»,- սա, կարծես, դուրս է պրծնում նրա հոգուց: Արագորեն վեր է կենում պանթեոնի այգու նստարանից, ձեռքերով մաքրում դեմքը, հետո թե՝ «Շատ խոսեցի, գնա՞նք»: Ժպտում եմ ու միասին նորից քայլում ենք դեպի եկեղեցի: Տիկին Աիդայի մեջ կարոտը նստվածք է տվել, երբ սկսում ես խոսել այդ մասին, կարծես, ամեն բան խառնվում է իրար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter