HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ռուսաստանը ցանկանում է ունենալ սեփական օպերացիոն համակարգ

Ռուսաստանը պատրաստվում է թողարկել սեփական շարժական օպերացիոն համակարգը՝ որպես Android-ի և iOS-ի այլընտրանք:

Նախագիծը անցյալ շաբաթ քննարկվել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում՝ նախարար Նիկոլայ Նիկոֆորովի, ՏՏ արդյունաբերության ներկայացուցիչների և ֆիննական Jolla ընկերության աշխատակիցների հանդիպման ժամանակ:

РБК-ն գրում է, որ հիմնական նպատակը Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների անձեռնմխելիության խնդիրը լուծելն է: 2014 թ.-ին ամբողջ աշխարհում վաճառված շարժական սարքավորումների 80.7%-ը ապահովված է եղել Android, իսկ 15.4%-ը՝ iOS օպերացիոն համակարգերով (ՕՀ):  Երբ անցյալ տարի Նիկոֆորովը Apple և SAP ընկերությունների տարածաշրջանային ղեկավարներին խնդրել էր տրամադրել իրենց նախնական կոդերը (source code)՝ իմանալու համար, թե արդյոք ամերիկյան գաղտնի գործակալությունները մուտք ունեն օպերացիոն համակարգեր, նրանք հրաժարվել էին տեղեկություն տալ: Ի պատասխան՝ այս տարվա ապրիլին Նիկոֆորովը հաստատել է ներկրման փոխարինման պլանը, ըստ որի՝ ռուսական շուկայում, որտեղ օպերացիոն համակարգերին փոխարինող հայրենական արտադրանք չկա, մինչև 2025թ.-ը ներկրվող համակարգերի քանակը կնվազի մինչև 50%:

Քանի որ դժվար կլինի նոր օպերացիոն համակարգ ստեղծելը, Ռուսաստանը կհամագործակցի ֆիննական Jolla ընկերության հետ: Վերջինս հիմնվել է 2011թ.-ին Nokia ընկերության ինժեներների կողմից, ովքեր մինչ այդ աշխատում էին ընկերության սեփական MeeGo հարթակի ստեղծման ուղղությամբ, որն այդպես էլ մնաց անավարտ: Ռուսական ՕՀ-ը կպատրաստվի նրանց մշակած Sailfish համակարգի հիման վրա: Վերջինս, վերը նշված հիմնական ՕՀ-երից հետո և այլ փոքր ՕՀ-երի հետ, ունի ընդամենը 0.5% կիրառություն ամբողջ աշխարհում: Սա նշանակում է, որ գործարքը շահավետ կլինի նաև Jolla ընկերության համար, մանավանդ եթե, ինչպես նշում է TechNewsWorld-ը, ծրագրային այլընտրանքը տարածքում գտնի նաև ՌԴ տնտեսական դաշնակիցների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության շուկաներում:

Ծրագրի հաջող իրականացման դեպքում Sailfish-ը հնարավոր կլինի կիրառել ցանկացած սմարթֆոնի համար, եթե դրա արտադրողները ապահովեն սարքերը համապատասխան հնարավորությամբ (driver): Միայն թե համաշխարհային ծրագրային շուկայում առկա մենաշնորհը հաղթահարելիս նոր օպերացիոն համակարգը կբախվի որոշ խնդիրների, օրինակ՝ անվտանգության ապահովմանը: TechNewsWorld-ը հիշեցնում է, որ սմարթֆոնների անվտանգությունը կախված է ոչ միայն օպերացիոն համակարգերից, այլև հավելվածներից: Enderlie Group-ի վերլուծաբան Ռոբ Էնդերլին չի կարծում, թե ՕՀ-ն կհետաքրքրի հետխորհրդային երկրներից դուրս գտնվող լսարանին: Ավելին, վերլուծաբանը հնարավոր է համարում, որ ռուսական իշխանությունները նոր ՕՀ-ի կիրառումը պահանջող և iOS-ի ու Android-ի կիրառման դեպքում տուգանքներ սահմանող օրենքներ կընդունեն:

Զանգվածային հսկողությունը, որ ԱՄՆ իշխանությունները պայմանավորում են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ, մտահոգել է նաև տեխնոլոգիական խոշոր ընկերություններին, որոնց արտադրանքն ու ծառայությունները միջոց են դառնում մարդկանց անձնական տվյալները հավաքելու և պահելու համար: The Washington Post-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ ավելի քան 140 տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Apple-ը, Google-ը, Facebook-ը և Microsoft-ը, նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով հրաժարվել օգտատերերի տվյալները տրամադրելու պահանջներից:

Լուսանկարը՝ digitaltrends.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter