Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Դատական վիճակագրությունը տեսանելի է դարձրել պետության պատժիչ քաղաքականությունը



Հայաստանում, տարբեր տեսչությունների կայացրած վարչական ակտերի քանակն անցնում է մի քանի հարյուր հազարից: Այդ մի քանի հարյուր հազար որոշումներով տուգանքները գանձելը մինչեւ անցյալ տարի դատարանների իրավասությունն էր: Դատարանների արձակած վճարման կարգադրությունները ոչ միայն դատական վիճակագրություն էին ստեղծում, այլեւ ծանրաբեռնում էին դատարանները` վտանգելով ողջամիտ ժամկետներում դատական գործերի քննությունը:

Դատարանները բեռնաթափելու նպատակով, մեկ տարի առաջ վճարման կարգադրություններ արձակելու պարտավորությունը փոխանցվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (ԴԱՀԿ): Հանրությունը դեմ էր այս փոփոխությանը, մասնագետների հիմնավորումները, որ դրանով ոտնահարվում է քաղաքացու արդար դատաքննության իրավունքը եւ վարչական պատասխանատվության մասին որոշումներն առավել շատ են ենթակա հավանական սխալների, անտեսվեց:

Այս փոփոխությունը մասնակի նվազեցրեց դատարանների ծանրաբեռնվածությունը, դատարանները լիովին չձերբազատվեցին այդ բեռից եւ դեռեւս շարունակում են վճարման կարգադրություններ արձակել, գումարի բռնագանձման հայցեր քննել: Դատական մահակը շարունակում է գումար գանձելու մատչելի միջոց մնալ բջջային օպերատորների, առեւտրային բանկերի, համատիրությունների, «Հայջրմուղկոյուղի», «Երեւան ջուր» եւ այլ ընկերությունների համար: Գումար բռնագանձելու մասին հարյուր հազարավոր վճիռները նաեւ դատական վիճակագրություն են ստեղծում, դատական ակտերի կայունության ցուցանիշ են ապահովում:

Այսպես. 2014թ.-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում վճարման կարգադրություն արձակելու 58,375 վարույթ է հարուցվել:

Վարչական դատարանում 2014թ.-ին  15127 գործ է վարույթ ընդունվել, որից

Ստացվում է, որ զուտ որպես իրավական վեճ տարվա ընթացքում վարչական դատարանը քննել է ընդամենը 547 գործ:

Դատական դեպարտամենտը գործերի քննության ժամկետների վիճակագրություն չի վարում, բայց ընդունում է, որ դատական գործերի ձգձգումները լուրջ խնդիր են համակարգում: Դեպարտամենտը մեր գրությանը տրված պատասխանում նշում է· «Գործերի քննությունը ձգձգելու դեպքերը պայմանավորված են եղել դատարաններում ստացված գործերի քանակի աճի արդյունքում դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»:

Դատարանների նախագահների խորհուրդը 2006թ. հունիսի 13-ին քննել է գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման հարցը, որի վերաբերյալ կայացրած թիվ 28 որոշման մեջ ասվում է. «Քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ: Իսկ մնացածը` դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի եւ նրա պաշտպանի, ինչպես նաեւ գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող»:

«Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի` ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով»,- ասվում է նույն որոշման մեջ: Պետության մեղքը բացառելու համար դատական համակարգի պաշտոնյաները պնդում են, որ անհրաժեշտ է ավելացնել դատական համակարգի ռեսուրսները՝ ներառյալ դատավորների եւ դատական ծառայողների թիվը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել գործերի թվի աճող ծանրաբեռնվածության խնդիրը եւ ապահովել արդարադատության արդյունավետ իրականացումը:

Քաղաքացու լսված լինելու իրավունքը

Վարչական վարույթներով գումարներ բռնագանձելու գործառույթը դատարանից վերցնելով պետությունը միայն մասնակի թեթեւացրեց դատարանների ծանրաբեռվածությունը, սակայն չլուծեց հիմնական հարցը· արդյոք, ճի՞շտ է սեփական ժողովրդի նկատմամբ տարվող պատժիչ քաղաքականությունը՝ վարչական վարույթներով տարեկան հարյուրավոր միլիոնների հասնող գումարներ բռնագանձելը: Միաժամանակ, վարչական պատասխանատվության մասին որոշումները միանգամից ԴԱՀԿ ուղարկելը նոր խնդիր առաջացրեց՝ ոտնահարվում է քաղաքացու լսված լինելու իրավունքը:

«Վարչական վարույթները դատարան պետք է ուղարկել, որպեսզի դատարանն ստուգի մարդու մեղավորության հիմնավորվածությունը, դատարանում իրավահավասարության բոլոր էլեմենտները պետք է պահպանվեն, ապացուցման բեռը պետք է կրի մեղադրանքի կողմը, որովհետեւ նա է մեղադրում մարդուն, սուբյեկտին: Քաղաքացին դատական լսման հնարավորություն պետք է ունենա, որից հետո որոշվի՝ պատժե՞լ, թե՝ ոչ, իսկ պատիժը պետք է լինի բացառիկ դեպքերում»,- ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա եւ իր գործընկեր Արա Ղազարյանը վերջերս կատարած մի հետազոտությամբ պարզել են, որ տարբեր նախարարությունների եւ կառույցների կազմում գործող տեսչություններն անցնող տարում 1 մլն 500 հազար պատժի որոշում են կայացրել (այս թվի մեջ ներառված չեն 345,000 վարորդների նկատմամբ կայացված ակտերը), որոնցով տուգանքներ պետք է գանձվեն: Հետեւությունն այն է, որ որոշ տեսչություններ իրենց գործառույթը պատժելն են համարում, իսկ դատարանների ներկայացրած թվերը պարզապես ավելի տեսանելի են դարձրել պետության պատժիչ քաղաքականությունը:

«Սա կոռուպցիա է, մենք փչացնում ենք մարդու հավատը պետականության նկատմամբ, իր երկրում քաղաքացուն պարտիզան ենք դարձնում»,- ասում է Ա· Զեյնալյանը:

«Վարչական տուգանքի ինստիտուտը դարձրել են փող աշխատելու գործիք»

Ինչպե՞ս ապահովել քաղաքացու լսված լինելու իրավունքը՝ չծանրաբեռնելով դատարանները: Դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավոր է հաղթահարել միա՞յն դատական համակարգի ռեսուսներն ավելացնելով, թե՞ կարելի է սահմանափակել նաեւ գործերի թվի աճը` վերանայելով քաղաքականությունը:

«Տեսչությունը պետական կառավարման բաղկացուցիչ է, քաղաքականություն մշակող մարմին, որը տեսչական գործառույթ է իրականացնում: Եթե օրինախախտում են բացահայտել, իրենք պետք է ավելի շատ օգնեն, որպեսզի վերացնի օրինախախտումը, բացատրեն, որ չվերացնելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում: Երկրորդ անգամ խնդրեն վերացնել, ժամկետ սահմանեն, եթե դարձյալ չի վերացրել, ապա վարչական վարույթ հարուցեն պարզելու համար, թե ինչու չի վերացվել իրավախախտումը՝ ելնելով այն կանխավարկածից, որ չարամտություն չունի»,- ասում է իրավապաշտպանը:

Սակայն, վերջինիս զարմացրել է տուգանքների մեծաքանակ որոշումները, նաեւ նշանակված տուգանքների չափերը, որոնք հիմնականում պատճառաբանված չեն: «Այսքան տեսչական վարույթներ այսքան փոքր բնակչություն ունեցող երկրում չի կարող լինել, այն դեպքում, երբ Հայաստանի չափահաս բնակչությունը շուրջ 2 մլն 240,200 է: Վարչական տուգանքի ինստիտուտը դարձրել են փող աշխատելու գործիք, ինչը հակասում է դրա էությանը: Վարչական վարույթը հարուցվում է օգնելու, նախազգուշացնելու համար, ոչ թե պատժելու, իսկ նրանք միանգամից դիմում են պատժի: Տեսչությունների խնդիրը չպետք է լինի գումար բռնագանձելը»,- ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նրա կարծիքով՝ պետք է փոխել վերաբերմունքը մարդու նկատմամբ: Պետական ծառայողը բառի բուն իմաստով պետք է ծառայություն մատուցի: Տեսչությունները հանրության հետ ոչ թե հակամարտող կողմեր պետք է լինեն, այլ հանրությանը ծառայողներ: Մոտեցումը պետք է լինի ոչ թե բյուջե լցնելը, այլ իրավախախտումը վերացնելը: Նրանք պետք է ձգտեն այս ճանապարհով հասնել նրան, որ երեւույթը վերանա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ