HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանի մերձավորները հարկային դաշտից դուրս են. Սերժ Սարգսյանին առաջարկում եմ առեւտուր անել «Արտաշատ Պլազայում»

Ինչու չի կարող զարգանալ Հայաստանի տնտեսությունը: Որովհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին, որը տասնամյակներ շարունակ իրեն օրենքից դուրս է հայտարարել, իսկ այսօր նրա մերձավորներն ընդհանրապես հրաժարվում են հարկ վճարելուց: «Հետքն» արդեն գրել է, որ նրա որդուն` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում առեւտուրն արվում է առանց ՀԴՄ կտրոնների: 2014թ. աշնանը Արգամ Աբրահամյանը ձևական դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցուցակից, սակայն քաղաքում բոլորը գիտեն, որ նա է «Պլազայի» իրական տերը:


Մեր հրապարակումը որպես հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել եւ այդ մասին գրել ենք ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Ֆինանսների նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը.

««Հետք» էլեկտրոնային թերթում 20.05.2015 թ. հրապարակված «Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին ձևական դուրս են գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ֆինանսների նախարարության Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը հանձնարարվել է ուսումնասիրություններ իրականացնել «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»,- գրված է պատասխանում:

Միայն մի փաստ ներկայացնենք՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքներ են ունենալու այդ ստուգումները: Արտաշատի հարկային տեսչության պետը` Վարդան Մամիկոնյանը, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է, ինքը՝ փեսան` Վահան Մամիկոնյանը, Երեւանի Շենգավիթի հարկային տեսչության պետն է:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ձեւավորում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Հիմա հարց եմ տալիս նախագահ Ս. Սարգսյանին. ինչպե՞ս եք պատկերացնում երկու օլիգարխների` Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը, նկարագրեք, մենք էլ հասկանանք:

Ի՞նչ է կատարվում «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում

«Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնը տեղակայված է Արգամ Աբրահամյանի սեփականություն հանդիսացող բազմահարկ շենքի (տես նկարը) առաջին եւ երկրորդ հարկերում: Ամեն մի հարկը մոտ 2000 քմ է: Առաջին հարկի մի հատվածում գործում է «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետը: Իսկ մյուս հատվածներում եւ երկրորդ հարկում 20 քմ մակերեսով առեւտրի կետեր են, կամ, ինչպես ընդունված է ասել, բուտիկներ: Դրանք վարձակալությամբ են տրված առեւտրականներին: Առեւտրի կետերի քանակը 90-ի է հասնում: Օրենքը պահանջում է, որ նման առեւտրի կետերում լինեն համապատասխան ձեւաթղթեր, որտեղ նշված են առեւտուր իրականացնողի ելակետային տվյալները: Այդ առեւտրի կետերից եւ ոչ մեկում հսկիչ-դրամարկղային մեքենա չկա: Հետեւաբար, առեւտուր անելիս ՀԴՄ կտրոն ընդհանրապես չի տրամադրվում: Տարածքում ինտերենտային կապ չկա, ինչը նշանակում է, որ այստեղ նոր սերնդի ՀԴՄ-ները չեն կարող կիրառվել: Մենք արդեն գրել ենք, որ քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը ամբողջությամբ չի հայտարարագրել իր ունեցածքը: Մասնավորապես, նա չի հայտարարագրել հայաստանյան բանկերից մեկում ունեցած 20 մլն դոլարը: Շվեյցարական մի բանկից ստացած 20 մլն դոլար գումարն առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ գործարքի դիմաց է փոխանցվել Արգամ Աբրահամյանին (բանկերի անունները չենք հրապարակում):

Նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում եմ միասին գնալ Արտաշատ եւ «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնում որեւէ բան գնել ու պահանջել ՀԴՄ կտրոն: Այն չստանալու դեպքում ահազանգեք, եւ մենք եւս մեկ հոդված կգրենք, եւ գուցե արդյունքը 0 չլինի: Երկրներ կան, որտեղ նման փաստերի հրապարակումը երկրաշարժի էֆեկտ է ունենում, իսկ մեզ մոտ միշտ` 0 արդյունք: 

Այսպես երկիրը չի կարող որեւէ սանտիմետր առաջ գնալ: 

Մեկնաբանություններ (10)

Ամալյային
Հերիք ժողովրդին ոչխար անվանեք, ձեզ ո՞վ է իրավւոնք տվել նման պիտակներ կպցնել։ Իսկ ի՞նչ եք առաջարկում, էդ չհանդուրժելն ինչպե՞ս պիտի լինի։ Մարտի 1-ին փորձեցինք չհանդուրժել, ալիևի հմուտ սաներ սերժիկն ու ռոբերտ քոչվորյանը տեսաք ինչ եղեռն սարքեցին։ Հավերժ անեծք մեր ազգին այս օրը գցողների ու նրանց սերունդների վրա
President
Մենք բոլորս միասին հարկեր վճարում ենք` կերակրելու համար նրանց ընտանիքները, վճարելու նրանց սափրագլուխներին, սև մեքենաների և բազում այլ ծախսերը: Հիմա մարդը բիզնես ունի, ապահով հայաստանում, պետության բարձր հովանու ներքո: Գրազ կգամ Ձեզ հետ, հարգելի հեղինակ, Դուք որևէ պատասխան չեք ստանա ո՛չ Ձեր հարցման, ո՛չ էլ հոդվածի կապակցությամբ: Ելքը բոլորովին այլ է` այս ապահով հայաստանից ազատվելու համար:
Մինաս
Այս երկրի վրա էլ ժողովրդի վրա էլ վաղուց դրել են պրծել: Հդմ - դդմը ինչը պիտի փոխի? Մի թազա ձեւի թուղթ ու մեյմունություն կսարքեն, դեմ կտան ու կխնդան երեսիդ, գնացեք նոր հոդվածներ գրեք, գոռացեք ու կանչեք ինչքան ուզում եք, իմաստ չկա: Կամ պիտի նոր կուլակաթափ իրականացնել, կամ սուսուփուս թողնել հեռանալ, մեկ է, այս քարոտ ու դառնացած հողն արդեն կորցրացի հաշիվ է
Anna
One of the old major flaws is that if you have power, you are above the law. But the most important component of democracy is that officials must respect the law like any common man. Nepotism and favouritism are nothing more than a slippery slope to corruption.
Hayk
հանրապետական թափթփուկներ , ժողովրդական բարիքը հափշտակողներ:Հերիք լափեք ու տրզեք. մի օր ասեք վերջ ,ապրենք ,արարենք հայրենիքի համար.հայրեիքը դա հայ ժողովորդն է. Չէ սերժիկը պաաաարոն չի կարող լինել , Խոսե Մուխիկա մեծատառով. որովհետեվ նա մտածում միայն իր մասին ,ինչպես միջատը. նեպոտիզմը հատուկ է միջատներին .
MINAS
asxar@ esinch vata erkir@ erkir chi
Մինաս
8-ին: Ամալյան ճիշտ է: Կոպիտ ասած` հարցն այսպես է դրված. - Մենք մարդ պիտի դառնանք, թե ք-քերի տակ կզած, ք-ք մնանք ?
Ի պատասխան
Պիտակ չեմ կպցնում, ուղղակի ամեն ինչ հանդուրժող մարդուն առյուծ չեն կոչում: Հանդուրժելը միշտ բերում է ճորտության: Եթե Ձեր անձնական մոտեցումը լռելն է` լռեք: Բայց լռելով բան չի փոխվի, երբեք: Ավելին, գնալով ավելի կահագնանա` ախորժակն ուտելիս է բացվում: Եթե ըմբոստության մի փորձը ձախողվում է, ուրեմն պետք է շարունակենք սուսուփուս հանդուրժել ամեն ինչ? Մինչև երբ? Մեր սերունդը պատասխանատվություն է կրում այսօրվա իրողության համար, որ մեր հանդուրժողականության արդյունքն է: Եկեք մեր երեխաներին ստրկամիտ չմեծացնենք: Հաղթանակների ճանապարհը միշտ էլ սփռված է նահատակների աճյուններով...
Հայ
Արտաշատում ՀԴՄ չե՜ն տալիս: Իսկ Երևանում, օրինակ ՄԵԳԱԹՈՅՍ-ում, ՀԴՄ տալիս են?
Անահիտ
Ում են պետք այդ խանութները երբ մարդ չի մնացել? Բոլորը գնում են Հայաստանից, իսկ իրենք խանութ են բացում?? Ախր այդքան անգրգետ, գոնե ինչ որ մի բան արտադրեն, գործարաններ բացեն, որ մարդիկ գործ ունենան.... Հա դարերով իրենց ապահովեցին օտար երկրներում, մեկա իրենք Հայաստանում են չէ ապրելու, մեկա նույն աղքատ երկրում եք չէ ապրելու Ամոթ է աղխքատ երկում այդքան հարուստ լինելը, երբ քո հարևանը արտագաղթում է, կամ հացի փող չունի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter