HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի գյուղացիները կնքվելու, ամուսնանալու և մահանալու իրավունք չունեն

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի մշակովի «հողերը դարձել են ասֆալտ»: Վարդենիսում մարդիկ հող քիչ են մշակում, որովհետև տեխնիկա չկա: Համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանը նշում է, որ «մեխանիզացված պարկի» գաղափարն այլևս գոյություն չունի: Գյուղում 30 տարվա վաղեմության տրակտորներ են մնացել, որոնք, սակայն, նույնպես շարքից դուրս են եկել: Մեքենաների պարկը, թեկուզ մի քանի գյուղի համար նախատեսված, մեծ օգնություն կլիներ Ապարանի այս գյուղերին. և’ հողերը կմշակվեին, և’ ժողովուրդը եկամուտ կստանար, և քիչ արտագնա աշխատանքի մեկնողներ կլինեին:

Ապարանից 3 կմ հեռավորությամբ գտվող այս գյուղում 604 բնակիչ է ապրում: Հաշվապահ Բալաբեկ Պետրոսյանն ասում է, որ գրեթե ամեն տնից «խոպանչի» կա Ռուսաստանի Դաշնությունում:

Բալաբեկ Պետրոսյան Կամո Պետրոսյան

Գյուղի վարչատարածքում եղած 2000 հա հողից չնչին մասն է մշակվում. 700 հա վարելահողից՝ միայն 70 հա-ն:  «Հողը դարձել է ասֆալտ: Մարդը չի կարող մշակել»,-ասում է Կամո Պետրոսյանը:

Դրանից բացի, գյուղում երիտասարդներին պահող հետաքրքրություններ չկան: Համայնքային կենտրոնն ավերակ է: «Ապարանում 7 ամիսը ձմեռ է, պետք է համայնքային մշակութային կենտրոնը կառուցվի, որ մարդիկ զբաղմունք ունենան ,-ասում է գյուղապետ Կ. Պետրոսյանը, -համայնքային կենտրոնում կարող է գործել պարի, ասմունքի և այլ խմբակները: Գյուղերից ավելի տաղանդավոր երեխեք են դուրս գալիս, քան քաղաքից: Արամայիս Սահակյանն ասում էր՝ ասֆալտը այսքան տարի ոչ մի տաղանդավոր մարդ չի տվել: Հողի վրա է այդ մարդը ձևավորվում»:

Վարդենիս գյուղը

Վարդենիսցիներն իրենց հայտնի համագյուղացիների անուններն են շեշտում, երբ պատմում են իրենց գյուղի և դրա արժանիքների, մաքուր օդի և քաղցրահամ ջրի մասին: Թվարկված «հայտնիների» ցուցակում է ՌԴ գործարար Արթուր Ջանիբեկյանը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ Վարդենիսի եկեղեցին է վերանորոգվել: ՌԴ գործարար Շահեն Աղաբաբյանը գազիֆիկացման համար ներդրում է կատարել և հասնում է գյուղացիների հրատապ հոգսերին, իր մոտ աշխատանքի է տեղավորում վարդենիսցիներին: Ծնունդով ապարանցի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անցյալ տարի Վարդենիսին և շրջակա 19 գյուղերին 1-ական մլն դրամ է բաժանել, տարբեր հարցերով օգնում է նաև հարևան Չքնաղ գյուղում ծնված Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Տիգրան Թորոսյանը, ասում են, «գնացել մոռացել է» իրենց: 

Վերանորոգված եկեղեցին

Համայնքային կենտրոնը գյուղի զարգացման ծրագրի առաջնահերթություններից է, որի համար դեռևս ֆինանսական միջոցները Վարդենիսը չունի:

Գյուղի 15 մլն դրամ կազմող բյուջեով հազար ու մի հոգս պետք է հոգալ: Վարդենիսին կոյուղացում է պետք: «Մեկի կռանտի ջուրը մյուսի տան բակ է գնում, էսօր տաշտի մեջ ենք լողանում, քարե դար է»,-ասում է Կամո Պետրոսյանը:

Վարդենիսի գազիֆիկացումը տարիներ շարունակ ձգձգվել է: Գյուղացիները հույս ունեն, որ այս ձմեռ գոնե գազ կունենան: Մնացել է 500 մ գազատարի անցկացումը: Համայնքի բյուջեից այս տարի 2 կմ ջրագիծ են քաշելու, փողոցային լուսավորություն կանցկացնեն և հանդիսությունների սրահ կառուցելու նպատակ ունեն: Կկարողանան, թե չէ՝ հայտնի չէ: «Ձեռք մեկնող» է պետք: 

«Հարսնիք անելու, ննջեցյալի հոգեհանգիստ տալու ոչ մի տեղ չկա: Դպրոցի սպորտդահլիճն ենք մեկ-մեկ օգտագործում: Մարզպետն ասում էր՝ թաղման հաց մի տվեք էդտեղ, բա որտե՞ղ տանք: Մեր գյուղում մարդն իրավունք չունի մեռնի, կնքվի ու կարգվի (նկատի ունի՝ ամուսնանա-հեղ.), բա ի՞նչ իրավունք ունի»,-ասում է Կամո Պետրոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter