HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Չուխաջյանի տնային կալանքն ու դրա արգասիքը

Աննա Բաբաջանյան 

Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»-ն, որ համարվում է հայկական ազգային դասական առաջին օպերան, գրեթե ավարտին է հասցվել դեռևս 1865-ին, երբ Միլանից Պոլիս վերադառնալով` երգահանն իր հետ տարել էր այդ գործը` բացառությամբ նախերգանքի, որը պետք է հորիներ ավելի ուշ: Չուխաջյանը, թերևս, արդեն կանխատեսում էր, որ ստեղծում էր եվրոպական «Մեծ օպերայի» ավանդույթի լայնահունչ մի երկ, սակայն նա պատկերացում անգամ չուներ, թե ինչ արտասովոր պայմաններում էր այն հասցնելու իր ավարտին:

Երբ Չուխաջյանն արդեն Պոլսում էր, հաճախ էր այցելում հայտնի լուսանկարիչ Գևորգ Աբդուլլահին (Աբդուլլահյան): Եվ ամեն այցելության ժամանակ վերջինս երգահանից պահանջում էր, որ նա գրի օպերայի նախերգանքը: Չուխաջյանն անընդհատ խոստանում էր ավարտել այն առաջիկայում, սակայն մշտապես դրժում էր խոստումը: Մի օր, երբ հերթական անգամ նա գնում է Աբդուլլահի լուսանկարչատուն, վերջինս խնդրում է, որ երգահանն այդ գիշեր մնա իր մոտ. Չուխաջյանը համաձայնվում է: Լուսանկարիչը նրան հատկացնում է առանձին սենյակ, որտեղ կար դաշնամուր, նախապես խնամքով դասավորված երաժշտությանն առնչվող թղթեր և մատիտներ: Երբ նա Չուխաջյանին առաջնորդում է սենյակ, հանկարծ ասում է. «Մինչև որ «Արշակ Բ»-ի նախերգանքը չպատրաստես, բանտարկված կմնաս այս սենյակի մեջ»: Դրանից հետո Աբդուլլահը կողպում է նրա սենյակի դուռն ու բանալին պահում իր մոտ: Չուխաջյանը կարծում է, թե ընկերը կատակ է անում, ու պառկում է քնելու` չգուշակելով անգամ գլխի գալիքը: Եվ միայն առավոտյան նա հասկանում է, որ Աբդուլլահն ամենևին չէր կատակում:

Այդպիսով, Չուխաջյանը մնում է «բանտարկված» և ճարահատյալ նստում է դաշնամուրի առջեւ, ձեռքն է առնում թուղթն ու մատիտը: Դե իսկ Աբդուլլահն ընտանիքի անդամներին պատվիրում է, որ ընկերոջ նախաճաշն ու ճաշը կողովով վար իջեցնեն վերևի հարկի պատուհանից: Ու քանի որ Չուխաջյանի սենյակը տան պարտեզի կողմում էր, նրան ճաշ տալու պահին հարեւան տներից մեկից մի օրիորդ տեսնում է երգահանին կերակրելու գործընթացը, նրա հետաքրքրությունը շարժվում է և գնում, այդ մասին պատմում է հարևան մյուս օրիորդներին, որոնք հավաքվելով տան մոտ` մինչև երեկո խաթարում են Չուխաջյանի ստեղծագործական աշխատանքը, և նրան չի հաջողվում ավարտին հասցնել նախերգանքը:

Երբ Աբդուլլահը երեկոյան վերադառնում է տուն, տեսնում է, որ նախերգանքի միայն կեսն է պատրաստ, պատվիրում է երգահանին շարունակել պահել փակի տակ և երեկոյան ճաշը մատուցել նույն կերպ: Ի վերջո, Չուխաջյանը, տեսնելով, որ պրծում չունի, ողջ գիշեր աշխատում է նախերգանքի վրա եւ մինչեւ առավոտ վերջապես ավարտին հասցնում այն: Առավոտյան նա ձայն է տալիս ընկերոջը` հայտնելով, որ ավարտել է աշխատանքը: Աբդուլլահը պնդում է, որ նա նվագի այն, եւ ինքը դրսից ունկնդրի նախերգանքը: Չուխաջյանը սկզբում համառում է, սակայն հետո նստում է դաշնամուրի առջեւ եւ նվագում: Աբդուլլահը, կախարդված սենյակում լցված հնչյուններից, վերջապես բացում է դուռն ու ջերմագին շնորհավորում ընկերոջը:

Այսպիսով, 1868-ին, Պոլսում նման անսովոր պայմաններում ավարտին է հասցվում «Արշակ Բ» օպերան, որն այժմ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Հ.Գ. Չուխաջյանը նախերգանքը ձոնել է  ճարտարապետ, մեծահարգ մեկենաս Հակոբ Պալյանին: Նրա ապարանքում էլ 1868-ի վերջերին առաջին անգամ հնչել է նախերգանքը` իտալական քառյակի կատարմամբ, Չուխաջյանի ղեկավարությամբ: Ցնցող տպավորություն թողնելով ունկնդիրների վրա` նախերգանքը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ` բազմիցս հնչելով Պոլսում, Զմյուռնիայում, եւ Եվրոպայում` Վենետիկում, Նեապոլում, Վիեննայում եւ Փարիզում:

Որոշ փաստական տեղեկություններ` Աննա Ասատրյանի «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» գրքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter