HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Sixteen Tons». Կոմունիզմի ամերիկյան համակիրը

Նաիրա Հայրապետյան

Համաշխարհային պատմության մեջ 1929-ից 1939թթ. բնորոշվում են «Մեծ Դեպրեսիա»  արտահայտությամբ՝ «Great Depression»: Այն խորհրդանշում է այդ տարիների համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը սկսվեց ԱՄՆ-ից և տարածվեց ողջ աշխարհում: «Մեծ Դեպրեսիա»  -ն իր խորը հետևանքներով առավելապես  ազդեց ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր՝  ամենուրեք թողնելով սնանկացած տնտեսություն, արժեզրկված բաժնետոմսեր, փակված բանկեր, բորսաներ և արտադրական հսկա ընկերություններ: Գործազուրկների շուկան համալրվում էր միլիոնավոր մարդկանցով, գյուղացին դադարեց այլևս հույսը դնել հողի վրա, քանի որ բերքի վաճառքով չէր կարողանում իր օրվա հացը նույնիսկ վաստակել: Սով, աղքատություն, թշվառություն էր ամենուր, սև կյանք,  որը շատ երկրներում շարունակվեց մինչև 1940-ական թվականները:  Այս ճգնաժամը համարվում է 20-րդ դարի ամենամեծ և ամենածանր տնտեսական վիճակը:

«Sixteen Tons». 1940 -ական թվականներից մեզ հասած այս երգը  ամերիկյան սև կյանքի  նկարագրությունն է: Այն գալիս է 30-ականների պատմությունից և անդրադառնում է մարդկային տաժանակիր ճակատագրերին՝ փակված սև, մութ ու վտանգավոր ածխահանքերում:  Առաջին անգամ երգը ձայնագրվել է ամերիկացի կիթառահար, քանթրի երգիչ, երգահան Մերլ Թրևվիսի կատարմամբ, սակայն հանրաճանաչության հասավ 1955թ. երբ հնչեց երգիչ և դերասան Թենեսի Էռնի Ֆորդի կատարմամբ: Նրանց երկուսին էլ լավ ծանոթ էր այս իրականությունը, քանի որ ծնվել և մեծացել էին հանքափորների ընտանիքում: Նրանք շատ լավ գիտեին, որ դաժան ու վտանգավոր աշխատանքով հանապազորյա հացը վաստակող իրենց հարազատները ամեն օր մահվան հետ էին կռվում: Հանքափորներից շատերը մահանում էին՝ մնալով փլուզված քարերի կույտի տակ, իսկ ողջ մնացածների մեծ մասը տառապում էր թոքային հիվանդությամբ, որն առաջանում էր ածխի փոշուց, կեղտն ու մուրը անընդհատ շնչելու հետևանքով: «Sixteen Tons»-ի հեղինակ Մերլ Թրևիսի հայրը ևս հանքափոր էր Կենտուկիի ածխահանքերից մեկում:

1946թ. ամերիկացի երաժիշտը պայմանագիր կնքեց «Capitol Records» ձայնագրման ընկերության հետ, որի արդյունքում թողարկվեցին նրա մի շարք կատարումներ, դրանցից մի քաիսը հիթային հաջողություն ունեցան: Որոշ ժամանակ անց ընկերությունը առաջարկեց նրան հավաքել ֆոլք երգեր և թողարկել ամբողջական ալբոմով: Թրևիսը առանձնապես չոգևորվեց այդ գաղափարից՝ պատճառաբանելով, որ բոլոր երգերն արդեն ձայնագրված և հասանելի են վաղուց, իսկ ինքը դրանով ոչ մի նոր բան չի ասի: Ընկերության պրոդյուսերը որոշեց ալբոմի մեջ ներկայացնել նաև մի քանի նոր երգ՝ ավանդական ժողովրդական ոճով և գործիքավորմամբ և երաժշտին համոզեց աշխատել նոր գործեր ստեղծելու ուղղությամբ: Շուտով թողարկվեց նախատեսված «Folk Songs of The Hills» ալբոմը. նրա  կազմում էին Թրեվիսի հեղինակած երկու գործ՝ «Dark As A Dungeon» և «Sixteen Tons», որոնք երկուսն էլ ջերմ ընդունելություն գտան երաժշտական տարբեր լսարաններում:  Դրանք սովորական կյանքի մասին էին՝  ածխահանքում գոյատևող մարդկանց, սակայն շնորհիվ դիպուկ և առանձնահատուկ շեշտադրության՝ խորքում ներկայացնում էին մեծագույն խնդիրներ, որոնք ծնունդ էին անմարդկային պայմանների, չքավորության ու համատարած անտարբերության: Հատկապես «Sixteen Tons»-ը վառ պատկերն էր այս ամենի: Թրևիսը երգում մեջբերել էր բառեր և արտահայտություններ, որոնք լսել էր մանկության տարիներին, նկարել էր իրավիճակներ, որոնց ականատեսն էին ինքն ու հազարավոր ընտանիքներ:

«… You load sixteen tons, and what do you get?

another day older and deeper in debt

St. Peter, don't you call me, 'cause I can't go

I owe my soul to the company store»:

Երգի ամենահայտնի հատվածը կրկներգն էր, որի առաջին տողը հետագայում, արդեն ավելի մեծ մասսայականության արդյունքում թևավոր արտահայտության նման դարձավ: Ասում են այդ խոսքերը Թրևիսը վերհանել էր հիշողության էջերից, երբ եղբայրը՝ Ջոն Թրևիսը իրեն ուղղված նամակում, ազդված պատերազմի ու նրա սփռած հետքերց՝ զայրացած գրում է՝ «Դա նման է ածխի հանքում աշխատելուն. շալակում ես 16 տոննա և փոխարենը ի՞նչ ես ստանում՝ մեկ օրով էլ մեծացար ու ավելի խորը մտար պարտքերի մեջ»: Մերլը մի առիթով նաև նշել է, որ երգը գրելիս ազդվել է հոր մի արտահայտությունից, երբ հարևաններից մեկի «Ինչպե՞ս ես» հարցին պատասխանել էր՝ «Ինչպե՞ս պետք է լինեմ, երբ նույնիսկ մեռնելն ինձ արգելված է. հոգիս էլ է պատկանում (ածխահանքի) ընկերությանը»: Այս խոսքերն ուղղված էին հանքարտադրող ընկերություններին, որոնց խանութներից հանքափորները աշխատավարձի դիմաց սնունդ և անհրաժեշտ պարագաներ էին վերցնում՝ համապատասխան ստացականներով: Սա հանքափորի լավագույն և, անկախ ճգնաժամերից, մշտապես անփոփոխ կարգավիճակն էր:

«Sixteen Tons»–ն առաջին անգամ թողարկվեց 1947թ. «Folk Songs of The Hills» ալբոմի կազմում, հեղինակի կատարմամբ, սակայն երգը այնքան էլ մեծ արձագանք չունեցավ: Երգը սիրվեց, իհարկե, երաժշտասերների կողմից, սակայն մեծ լսարաններ գրավել այն ժամանակ չհաջողվեց: Բացի այդ, 1940-ականների վերջին, «Սառը պատերազմի» մթնոլորտում հանքափորների դժվարին կյանքին անդրադարձող և դրանով իսկ հարցեր բարձրաձայնող երգերը սկսում են կասկածելի թվալ քաղաքական տեսանկյունից: «Capitol Records» -ի պրոդյուսերներից Քեն Նելսոնը տարիներ անց հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ գաղտնի գործակալներից մեկն այն ժամանակ իրեն խորհուրդ էր տվել Թրևիսի ձայնագրությունները չհնչեցնել ռադիոյով, և ոչ էլ գովազդել, քանի որ ըստ նրանց՝ երաժիշտը այս երգով կասկածվում էր  կոմունիզմի համակիր լինելու մեջ:  Այնինչ Թրևիսը ոչ միայն կոմունիստ չէր, այլև Նելսոնի խոսքերով, խիստ հայրենասեր, իսկական ամերիկացի: Երգի ձայնագրությունից և համեստ արձագանքից հետո Թրևիսը ներկայացրեց «Sixteen Tons»-ի նոր տարբերակը՝ միայն կիթառի նվագով, բայց սա էլ հիթ չդարձավ: Սակայն սրանով պատմությունը չսահմանափակվեց. երգի համաշխարհային թռիչքի մեկնարկը վերապահված էր մեկ այլ ամերիկացու:

« Sixteen Tons»-ի մեծամասշտաբ ճանաչողությունը սկիզբ առավ 8 տարի անց՝ 1955թ, երբ այն հնչեց Էռնեստ Ջենինգս Ֆորդի կատարմամբ՝ հայտնի  Թենեսի Էռնի բեմական անվամբ: 1950-ական թթ. այս արտիստը հարավային Կալիֆոռնիայում հայտնի էր որպես քանթրի և գոսպել ժանրերի երգիչ՝ իր մի քանի հիթային երգերով: Բացի այդ՝ նա տեղական մասշտաբով հեռուստատեսային աստղ էր՝ «Hometown Jamboree» շոուից: 1949թ. Ֆորդը ևս համագործակցում էր «Capitol Records»-ի հետ և ճանաչում էր Թրևիսին անձամբ: Երգչի պապը և հորեղբայրը ևս հանքափոր էին, ուստի նրան հուզել էր այդ աշխարհին անդրադարձող երգի թեման: 1955թ-ին նա հեռուստատեսային իր ելույթներից մեկում կատարեց «Sixteen Tons»-ը, որից հետո ընդամենը մի քանի օրում «NBC»-ի գրասենյակը ողողվեց 1200 –ից ավել նամակով: Դրանցում հեռուստադիդողները խնդրում էին նորից ցույց տալ կատարումը: Նույն տարվա հուլիսին Ֆորդը երգեց այն 30 հազարանոց հանդիսատեսի առջև, այս կատարումը ուղեկցվեց ծափերի աղմուկով: «Sixteen Tons»-ի ֆորդյան մեկնաբանությունը սեպտեմբերին վերջապես ձայնագրվեց և նույն թվականին էլ թողարկվեց «Capitol’s»-ի կողմից: Ընկերությունը Ֆորդին առաջարկել էր երկկողմանի սինգլ թողարկել՝ «You Don’t Have to Be a Baby to Cry» խորագրով, որի գլխավոր էջում համանուն երգը պիտի լիներ: Մենեջերներից մեկը, տեղյակ լինելով «Sixteen Tons»-ի հանդեպ հանրության բուռն արձագանքից՝ առաջարկեց երկրոդը հենց այս երգը ձայնագրել: Ֆորդն ընդունեց առաջարկը և երգը տեղավորվեց սինգլի երկրորդ էջին: Պրոդյուսերները սինգլի թողարկմամբ իրենց աշխատանքը կենտրոնացրել էին «You Don’t Have to Be a Baby to Cry» երգի վրա և համոզված էին, որ այն մեծ հաջողություններ էր բերելու «Capitol Records»-ին: Նրանք վստահ էին, որ սա դառնալու էր Ֆորդի մեծագույն հիթը: Սինգլը հոկտեմբերին ներկայացվեց բոլոր ռադիոկայաններին և մեծ ակնկալիքներով, առանց նշված երգի հանդեպ կասկածի որևէ նշույլի՝ վաճառքի հանվեց: Սակայն ի զարմանս նրանց՝ ռադիոեթերներից ամենուրեք սկսեց հնչել «Sixteen Tons»-ը: Ընդամենը 11 օրվա ընթացքում վաճառվեց 400 000 օրինակ, 24 օր անց վաճառված ձայնասկավառակների թիվը հասավ մոտավորապես մեկ միլիոնի և «Sixteen Tons»-ը դարձավ «Capitol’s» –ի պատմության մեջ ամենաարագ վաճառված սինգլը: Արդեն նոյեմբեր ամսին երգը հասցրել էր գրավել ամերիկյան գրեթե բոլոր քաղաքների ռադիոկայանները, երաժշտական հիթ-շքերթների գլխավոր հորիզոնականները, իսկ ահա դեկտեմբերին, իր թողարկման օրվանից երկուսուկես ամիս անց վաճառքի քանակը հատել էր երկու միլիոնի սահմանը՝ ճանաչելով այն մինչ այդ երբևէ ձայնագրված ամենահաջողակ սինգլը:

«Ամերիկյան տարբեր սերունդների պատմության մեջ ոչ մի երգ այդքան կարճ ժամանակամիջոցում նման հաճախականությամբ չէր հնչեցվել, ինչպես «Sixteen Tons» –ը,- գրել է «Time» ամսագիրը 1955թ. դեկտեմբերյան համարում,- այն իրապես համար մեկ հիթն է գրեթե բոլոր ցուցակներում: Շատերի կարծիքով  խորապես «ամերիկյան» երգ է, սակայն ոմանք էլ գտնում են, որ վտանգավոր արմատական  ուղղություն ունի»: Նույն ժամանակահատվածում  «Sixteen Tons» –ի մեկ այլ քավըր ձայնագրվեց Մեծ Բրիտանիայում, այս անգամ Ֆրենկի Լեյնի կատարմամբ և ներկայացվեց եվրոպական հիթ-շքերթներում: Այս քավըրը այնուամենայնիվ նույն հաջողությունը չունեցավ: Ֆորդյան բացահայտումից անմիջապես հետո լեգենդար Էլվիս Փրեսլին ևս այն հաճախ էր երգում իր համերգների ժամանակ:

«Sixteen Tons» –ը գրավել էր ամերիկյան ամեն մի անկյուն և երաժշտական քանթրի տարածքից ուղղորդվեց դեպի փոփ լսարան: Դեռ նոր ձևավորվող ռոքնռոլի դարաշրջանում այն կարծես համահունչ էր նաև այս տրամադրությանը՝ շնորհիվ Թենեսի Ֆորդի կատարման գործիքային ձևավորման: Կրկներգն ու  հատկապես «Sixteen Tons» –ը ոչ միայն իբրև հիշարժան տողեր տպավորվեցին, այլև առիթ դարձան հանրության ուշադրությունը թեքելու դեռևս նույն կերպ գոյություն ունեցող ածխահանքային կյանքին: Որոշ ունկնդիրներ խոստովանում էին, որ երգը իրենց մասին է, որովհետև ամեն մեկը այնտեղ գտնում էր անվերջանալի պարտքերի և դրանցից ազատվելու դիմաց ծանր աշխատանքով իր կյանքի նկարագրությունը. երգը ժամանակի դեմքն էր:

Հավանաբար դեռ շարունակում է ինչ-որ չափով այդպիսին լինել, քանի որ «Sixteen Tons» –ը մինչ օրս չի կորցրել իր հանդեպ երաժշտասերների հետաքրքրությունը և շարունակվում է կատարվել հին ու նոր երգիչների կողմից: Սկսած 1955թ-ց մինչ 2014-ը այն ձայնագրվել է  բազմաթիվ արտիստների կատարմամբ՝ «The Weavers», Բի Բի Քինգ, Բո Դիդլի, Ջո Դասեն, Սթիվի Ուոնդեր, Թոմ Ջոնս, Ջոնի Քեշ, Էրիկ Բըրդն, Ադրիանո Չելենտանոն (իտալերեն՝ «L’Ascensore»)   Ռոբի Ուիլիամս և ուրիշներ: Ի դեպ, երգը այն բացառիկներից էր, որ 1957թ-ին կարողացավ թափանցել նաև «երկաթե վարագույրը» և հայտնվել սովետական լսարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter