HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի մանկապարտեզներից մեկի տարածքում հողի մեջ կապարի քանակը 22 անգամ գերազանցում է թույլատրելի նորմը

Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի կողմից Գյումրիում իրականացվել է երկրաքիմիական հետազոտություն: Կետրոնին խնդրանքով դիմել էր Գյումրու «Օրհուս» կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը:

«Հետազոտություններն իրականացվել են դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Մենք դիմեցինք, որպեսզի հետազոտման համար ընտրվի Գյումրին: Երեւանում, Կապանում եւ Քաջարանում նմանատիպ հետազոտություններ արդեն արվել էին եւ ժամանակն էր, որ հանրապետության երկրորդ քաղաքն էլ, ի վերջո, ունենար երկրաքիմիական անձնագիր»,-պարզաբանեց Գեւորգ Պետրոսյանը:

Մեկ ու կես տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներից վերցվել է հողի, ջրի եւ օդի նմուշներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրիում որոշակի խնդիրներ կան՝ կապված հողի եւ օդի մեջ հայտնաբերված ծանր մետաղների առումով:

«Մի մանկապարտեզի տարածքից հողի նմուշառման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ այդտեղ հողի մեջ կապարի քանակը 22 անգամ գերազանցում է թույլատրվող նորմը,-հայտնեց Գեւորգ Պետրոսյանը,- իսկ երեխաները լավ գիտեք, որ խաղալուց հող են ուտում: Ծանր մետաղներն այդքան էլ հեշտությամբ դուրս չեն գալիս օրգանիզմից եւ նշանակում է, որ կա վտանգ, ու պետք է միջոցառումներ ձեռք առնել գոնե դրանք ինչ-որ կերպ չեզոքացնելու համար»:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, շրջակա միջավայրի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանի վստահեցմամբ, որոշ բուսատեսակների օգտագործումը կանաչապատման մեջ կմեղմացնի հողում եւ օդում հայտնաբերված ծանր մետաղների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: «Կան որոշ բույսեր, որոնք կուտակում են այդ ծանր մետաղները՝ այդպիսով չեզոքացնելով նրաց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,-նշեց Լիլիթ Սահակյանը:

Այս տարի խորը էտի հետեւանքով Գյումրու հատկապես կենտրոնական հատվածները զրկվեցին այդքան անհրաժեշտ կանաչ սաղարթից: Բնապահպան Գեւորգ Պետրոսյանի դիտարկմամբ, արատավոր այդ երեւույթը բնորոշ է Հայաստանի բոլոր բնակավայրերին:

«Այդ մասին բազմիցս խոսվել է, ծառերի էտը կանաչ տարածքների զարգացման գործընթացներից մեկն է, դա նունպես պետք է, բայց չի կարելի դնել եւ որեւէ կանաչ տարածք հարյուր տոկոսով էտել,-շեշտեց Գեւորգ Պետրոսյանը,-կարելի է անել դրա 10-20 տոկոսը 7-8 տարվա ընթացքում, կարելի է էտել բոլոր ծառերը, եթե կա անհրաժեշտություն, բայց նման սպանդ կանաչ տարածքների, էն էլ քաղաքի կենտրոնում, ես կարծում եմ՝ չի կարելի անել: Մենք էստեղ լուրջ կառավարման խնդիր ունենք, եւ նաեւ օրենսդրական բացեր, որոնք հստակ չեն պարտադրում ՏԻՄ-ին այն խելամիտ ձեւով լուծել»:

Օդում փոշու բավական մեծ խտություն ունեցող Գյումրի քաղաքի ղեկավարներին մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ջրով լվանալ փողոցներն՝ ինչպես դա արվել է խորհրդային տարիներին եւ տնկել հատուկ բուսատեսակներ: Լիլիթ Սահակյանը տեղեկացրեց, որ Քաջարան քաղաքում հենց այդ ձեւով էլ վարվում են եւ դա որոշակիորեն մեղմում է առկա իրավիճակը:

Էկոլոգոնոսոսֆերային հետազոտությունները բավականին թանկարժեք են, եւ համայնքներն իրենց միջոցներով դա պատվիրել չեն կարող: Սակայն դրանք շատ անհրաժեշտ են ցանկացած բնակավայրի կառավարման եւ զարգացման համար: Հայաստանում էկոլոգիական անձնագիր ունեն երեք քաղաք եւ հիմա արդեն նրանց կմիանա Գյումրին: Նման անձնագիր ունի նաեւ Ստեփանակերտը: Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում էկոլոգիական անձանգիրը ներառված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter