HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդիականացվել է Մեծամորի պոլիկլինիկան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց  պոլիկլինիկայում, ծանոթացավ   կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:  Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։ 

Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր  պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի առաջին հարկի չօգտագործվող 460 քմ տարածքում` հնարավորություն ստեղծելով հիվանդներին մատուցել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ մեկ վայրում:

Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:

Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Այնուհետև ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից   պոլիկլինիկան հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով:

Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 83,4 մլն ՀՀ դրամ։

Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկայի    20  սենյակում աշխատում են ԱԱՊ  և նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը։              

«ՀՀ առողջապահության նախարարության  և  ՀՀ կառավարության քաղաքականությունն է զարկ տալ առաջնային բուժօգնությանը։   Մեծամորի պոլիկլինիկայի բացումը   համահունչ է  իրականացվող այդ ծրագրերին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նորաբաց պոլիկլինիկան  հագեցած է գերձայնային,   լաբորատոր եզակի, այլ պոլիկլինիկաներում քիչ հանդիպող ժամանակակից սարքավորումներով:

Նախարարի գնահատմամբ արդիականացումը հնարավորություն կտա պատշաճ մակարդակով իրականացնել շուրջ 20 հազար բնակչության բժշկական սպասարկումը,  ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ բժշկական զննությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված սկրինինգային ծրագրերը:

Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ նաև հանրային առողջապահական այլ ծրագրերի:  

Արմեն Մուրադյանը խոսեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին միտված  «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին:

 «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը շատ դժվար է, ուստի անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն  թե՛ առողջապահության ոլորտի պատասխանատուների, թե՛ բուժաշխատողների, թե՛ լրատվական միջոցների միջև»,-ընդգծեց նախարարը: 

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարն այցելեց Ակնալճի ամբուլատորիա, որը  սպասարկում է  համայնքի  2933 ազգաբնակչությանը:

Դեռ 2006թ.  ամբուլատորիան  հագեցվել էր առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Ամբուլատորիան տեղակայված էր 1971թ կառուցված մեկ հարկանի շենքում և զբաղեցնում էր մոտ 250 մ2 տարածք (12 սենյակ): Նույն շենքում տեղակայված էր փոստը, իսկ մեկ հատվածը բնակեցված էր: Վերջին  տարիների ընթացքում հիմնովին չէր վերանորոգվել: Ամբուլատորիայի ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը չէին գործում, հատակը և տանիքը վնասված էին:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը  աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:  Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում, 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:

Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի ապրիլին և ավարտվել  2014 թվականի նոյեմբերին:  Ընդհանուր ներդրումը՝ շուրջ 50,3 մլն ՀՀ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter