HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մանկապարտեզներում աղիքային վարակի դեպքերը ահազանգ են. խոհանոցներն ու սանհանգույցները բարվոք վիճակում չեն

Արմավիրի մարզի թիվ 6 մանկապարտեզը արդեն 3-րդ օրն է՝ չի աշխատում: Միայն աշխատակիցներն են գալիս, նստում են դատարկ սենյակներում ու գնում տուն: Մայիսի 18-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն: Երեխաները եղել են թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզների սաներ:

Թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մայիսի 18-ին իրենք ունեցել են բացակա երեխաներ, սակայն չեն իմացել, թե ինչն է բացակայության պատճառը: Հաջորդ օրը երկու երեխա հոսպիտալացվել է, և նրանց մոտ ախտորոշվել է աղիքային վարակ:

«Նրանց հաջորդեց ևս մի քանի դեպք: Երեխաների մոտ լուծ էր նկատվել, սակայն չէին հոսպիտալացվել, անհրաժեշտ դեղորայք ստացել ու գնացել էին տուն: Մի քանի օր հետո 3-4 երեխայի մոտ ևս աղիքային վարակ է սկսվել ու նրանք հոսպիտալացվել են: Մենք գնացել, տեղում խոսել ենք ծնողների հետ: Նրանց մի մասը դեպքը մանկապարտեզի հետ չի կապում, ասում էին, որ երեխաները ելակ, ցոգոլ են կերել ու հնարավոր է դրանից  է եղել»,-ասում է Ա. Սողոմոնյանը:

Տնօրենը նշեց, որ «աղիքային վարակ» ախտորոշմամբ այժմ մեկ երեխա պառկած է Մեծամորի հիվանդանոցում, իսկ մեկը՝ Արմավիրում:

Աննա Սողոմոնյան

Ինչպես այս, այնպես էլ մյուս մանկապարտեզներում առողջապահության նախարարությունն արձանագրել էր խախտումներ, մասնավորապես՝ ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանների պահանջների կոպիտ խախտումներ, որոնք վերաբերում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սննդի պատրաստման և պահպանման կարգին և այլն: Վերը նշված մանկապարտեզների խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաների վրա հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

«Ինչ ունեցել ենք, դա մաքուր պահել ենք: Այստեղ առաջ է գալիս մեր նյութատեխնիկական բազան, որը չենք ունեցել: Ասենք՝ խոհանոցային սեղանները, սննդամթերքը կտրատելու տախտակները և այլն:  Նորմերով պետք է ունենայինք 9 հատ տախտակ՝ եփած, թարմ սնունդների կտրատման համար առանձին-առանձին, բայց մենք ունենք 4-5 հատ: Սեղանները պետք է լինեն ալյումինապատ, բայց փայտից են, որոնց արանքներում կարող են սննդամթերքի մնացորդներ թափանցել և մանրէներ առաջանալ, ինչը ինֆեկցիայի բուն է»,-նշեց Աննա Սողոմոնյանը:

Խոհանոց Սանհանգույց

Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ մանկապարտեզի խոհանոցը վերանորոգված չէ և հիմնանորոգումը խիստ անհրաժեշտ է, հատակը սալիկապատ չէ, բարվոք վիճակում չեն գտնվում նաև սանհանգույցները: Դեպքից հետո Արմավիրի քաղաքապետարանը սանտեխնիկա է ուղարկել, որպեսզի վերանորոգեն, այժմ սպասում են փականագործներին:

Բացի այդ, թիվ 6 մանկապարտեզում չկա տաք ջուր: Խոհանոցի աշխատակիցներն էլեկտրական սալիկներով են ջուրը եռացնում: Երեխաների վարակվելուց հետո այժմ մանկապարտեզի խոհանոցի պատուհանը ցանցապատվել է, պատուհանների ապակիները՝ ներկվել, որպեսզի արևը չթափանցի ներս:

«Ես 1.5 ամիս է, ինչ աշխատում եմ, իմ զեկուցագրի մեջ էլ գրել եմ այդ ամենի մասին: Այժմ մեր քաղաքապետարանը զբաղվում է, եկան տեսան, գրանցեցին ու աշխատանքները սկսել են»,-ասում է Աննա Սողոմոնյանը:

Մեր այցելության պահին կողպված էին թիվ 9 մանկապարտեզի դռները, սակայն շենքի ներսում մարդիկ կային: Հարևան շենքի բնակիչներն ասացին, որ երեխաների մոտ հայտնաբերված վարակից հետո մանկապարտեզը չի աշխատել: 

Ի՞նչ է թաքցնում Ալաշկերտի համայնքապետը 

Մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի դռները ևս կողպված են: Բակում միայն Համլետ պապն է իր գերանդիով  խոտ հնձում ու մանկապարտեզ այցելողներին բացատրում, թե ինչու են դռները փակ:

«Թունավորման դեպք ա եղել, մանկապարտեզը փակել են, չի աշխատում»,-բացատրում է Համլետ Հովսեփյանը:

Նշենք, որ մայիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Ալաշկերտ գյուղից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել 11 երեխա, որոնց մոտ նկատվել է լուծ, փսխում, ջերմության բարձրացում և ընդհանուր թուլություն: Երեխաները եղել են մանկապարտեզի սաներ:

«Ալաշկերտ համայնքի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։

Կարեն Հովհաննիսյան

Ալաշկերտի համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը չցանկացավ խոսել մանկապարտեզում տեղի ունեցածի մասին: Նա հիշեց, որ 4 տարի առաջ իր մասին «լավ բաներ» չենք գրել և հրաժարվեց զրույցից՝ տալով խուսափողական պատասխաններ:

Համայնքապետն ասաց, որ տեղյակ չէ, թե քանի երեխայի մոտ են արձանագրվել առողջական խնդիրներ, նրանք ինչ վիճակում են և այս պահին ինչու է մանկապարտեզը փակ:

«Գնա սանեպիդկայանից հարցրա, ինձ չեն ասել ոչ մի բան: Համ էլ ուշացել ես, դեպքն ամսի 8-ին ա եղել, ամսի 10-ին էլ պրծել ա, հիմա ամեն ինչ նորմալ ա: Մանկապարտեզում էլ լավ վիճակ ա»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Որպեսզի չհանդիպենք մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ղազարյանին համայնքապետ Հովհաննիսյանը ստեց, թե իբր տնօրենը Արմավիր քաղաքում է բնակվում, գյուղում չէ: Երբ գնացինք մանկապարտեզի տնօրենի տուն, այնտեղ արդեն գիտեին մեր այցի մասին և Լաուրա Ղազարյանի փոխարեն մեզ դիմավորեց ընտանիքի անդամներից մեկը՝ պատասխանելով, թե տիկին Ղազարյանը Երևան է գնացել և ուշ տուն կգա: Չտրամադրեցին նաև վերջինիս հեռախոսահամարը՝ պատճառաբանելով, թե «հեռախոսը մոռացել տանն է թողել»:

Ալաշկերտի ամբուլատորիայի բժշկուհի Լուսիկ Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրավիճակը հսկողության տակ է և բացառեց, որ թունավորումը եղել է մանկապարտեզում: Ըստ նրա՝ եթե երեխաները մանկապարտեզում թունավորված կամ վարակված լինեին, ապա ոչ թե մի քանի երեխայի մոտ աղիքային վարակն ի հայտ կգար, այլ մանկապարտեզ հաճախող 59 սաներից առնվազն 30-40-ի մոտ այն կդրսևորվեր:

«Ես ճանաչում եմ մանկապարտեզի վարիչին, խոհարարին, շատ բարեխիղճ աշխատողներ են: Խոհարարը շատ մաքուր կին է, բացառում եմ, որ թունավորումը մանկապարտեզի սնունդից լինի: Եղանակը խոնավ է եղել, երևի երեխաները տանը վարունգ, ցոգոլ են կերել ու իրենց վատ են զգացել, ինչը մանկապարտեզի հետ կապ չունի»,-նշեց Լուսիկ Մնացականյանը՝ ասելով, որ լուծի, ջերմության բարձրացման գանգատներով 5-6 երեխա է դիմել բժշկական կենտրոններ: Բժշկուհին ասաց, որ ամեն օր այցելում են երեխաներին և որևէ բարդացում, վիճակի վատթարացում չկա, բոլորն էլ տանն են:

Նա չթաքցրեց, որ մանկապարտեզի պայմանները բարվոք չեն, վերանորոգման կարիք է զգացվում: Ավելին՝ մանկապարտեզի ներսում նույնիսկ հոսող ջուր չկա:

Երեխաների ծնողները խուսափում էին մանկապարտեզի դեպքի մասին խոսելուց, պատճառաբանելով, թե ամեն ինչ անցյալում է, և վաղը, մյուս օրը դարձյալ շփվելու են, թե համայնքապետի, թե մանկապարտեզի տնօրենի հետ, ուստի չեն ցանկանում խնդիրներ ստեղծել:

Նշենք, որ այս տարվա մարտի 23-ին Ալաշկերտի ավագանին որոշել է, որ մանկապարտեզ հաճախելու համար ծնողը մեկ երեխայի համար պետք է ամսական վճարի 5500 դրամ, իսկ մեկ երեխայի օրական սննդի գումարը պետք է լինի 260 դրամ: 

Աղիքային  վարակի նոր դեպքեր՝ Արմավիրի մարզում 

Պարզվում է, պատասխանատուները մեզ հետ զրույցում քիչ էին նշել վարակված երեխաների թիվը: Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաներից ընդունել են 11 երեխա, Արմավիր քաղաքի թիվ 6 մակապարտեզից 4 երեխա, թիվ 9 մանկապարտեզից՝ 9, թիվ 7 մանկապարտեզից 1 հոգի և թիվ 11 մանկապարտեզից 3 հոգի:

«Այդքան երեխա ընդունել ենք, բայց նաև դուրս ենք գրել հիվանդներին: Այս պահին 2 երեխա են պառկած 9-րդ մանկապարտեզից, 3-ը՝ 6-րդ մանկապարտեզից, թիվ 11 մանկապարտեզից՝ 3-ը»,-նշեց Անահիտ Պետրոսյանը՝ հավելելով, որ թիվ 11-րդ մանկապարտեզի սաները ընդունվել են շաբաթ-կիրակի օրերին:

Բժիշկի խոսքերով՝ իրենց ընդունած բոլոր հիվանդները եղել են միջին ծանրության, այժմ էլ ստացիոնար բուժում ստացողների առողջական վիճակը լավ է՝ դրական դինամիկայով:

Նա դժվարացավ նշել՝ արդյոք բոլոր հիվանդներն են մանկապարտեզում վարակվել: «Աղիքային հիվանդությունը համարվում է կեղտոտ ձեռքերի հիվանդություն, նաև սննդի միջոցով կարող են վարակվել, ջրի միջոցով, շփման միջոցով կարող են վարակվել: Պատճառը, թե կոնկրետ ինչից են վարակվել, որն է աղբյուրը, ես չեմ կարող ասել, դա այլ մասնագետների գործն է»,-ասում է Ա. Պետրոսյանը:

Բաժանմունքի վարիչն ասում է, որ աղիքային վարակներն իրենց համար նորություն ու արտառոց չեն, քանի որ ինֆեկցիաները սեզոնային բնույթ ունեն, իսկ մարզում շոգը, ջուրը բարենպաստ պայմաններ են ստեղծում վարակների տարածման համար:

«Պետք չէ ամեն ինչ մանկապարտեզների վրա գցել»,-նշում է Անահիտ Պետրոսյանը:

Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի մանկապարտեզների տնօրենների մասնակցւթյամբ այսօր խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվելու են նաև վերջին օրերին մանկապարտեզներում արձանագրված աղիքային վարաքներին վերաբերող դեպքերը: Մանկապարտեզների վիճակն ուսումնասիրելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ և առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու մարզի բոլոր մանկապարտեզներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter