HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է. նա երազում է, որ մայրն առողջանա

13-ամյա Արմանի հետ պայմանավորվում ենք Զեյթունի գերեզմանոցի սկզբնամասում: Ասֆալտը վերջանում է, քայլում ենք նեղ կածաններով մինչև երևում է Արմանենց վագոն-տնակը: Դժվար է հավատալ, որ այս վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:

Երեխան, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը:

52-ամյա Մարինե Լալայանը, ով արդեն երկու ամիս անկողին է ընկել, նույնիսկ չգիտի, թե ինչ հիվանդությամբ է տառապում, ցավում է ամբողջ մարմինը, բոլոր ոսկորները. «Արմանս շտապօգնություն ա կանչում, ուզում են ինձ տանեն հիվանդանոց, բայց փող չունեմ, ինչով բուժվեմ, համ էլ երկու էրեխեքս հիվանդանոցում են մահացել, էլ ես կգնա՞մ»,- հազիվ բառերը արտասանելով՝ ասում էր տիկին Մարինեն ու պատմում, որ երբ ամուսինը ողջ է եղել, լավ են ապրել: Նրա մահից հետո ամուսնու եղբայրը հայտնվել է կալանավայրում, տունը վաճառել են ու տասը տարուց ավելի ապրում են ուրիշի վագոն-տնակում:

13 տարեկան Արման Լալայանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ, հատուկ դպրոցում սովորել է մինչև 7-րդ դասարանը: Այս տարի դպրոց չի կարողացել գնալ. պիտի աշխատի, պահի հիվանդ մորն ու իրեն:

«Ո՞րն է եղել կյանքիդ ամենալավ օրը»,-հարցնում եմ Արմանին. «Իմ կյանքում լավ օր չի եղել. ամեն օր մտածում եմ՝ ո՞նց անեմ, ի՞նչ անեմ, որ լավ ապրենք»:

Երբ Մարինեն ոտքի վրա է եղել, մայր ու որդի միասին են խնամել տարածքի ու վագոն-տնակի տիրոջ շներին, աշխատանքի դիմաց վարձատրվել են ու ապրել: Իսկ հիմա տղան տան միակ կերակրողն է: «8 տարեկանից աշխատել եմ: Պահում եմ շներին, կերակրում եմ, խանութներում էլ եմ գործ անում, ուրիշի բախչեքի խոտերն եմ հնձում, կտրում, ցանում եմ: Մենք հարուստ ենք, նեց չի, որ քյասիբ ենք, հարուստ ենք՝ մաքուր հոգով, սրտով…Թաղապետարանը մեկ-մեկ սնունդ ա տալիս: Ես էլ իմ աշխատած փողով տան համար ուտելիք եմ առնում, պարտքերն եմ տալիս, որ էլի  վստահություն ուենամ մարդկանց մոտ: Ուտելիք եմ սարքում՝ կարտոշկի ժարիտ, փլավ, ամեն ինչ սարքում եմ»:

Հարցնում ենք՝ մեկ-մեկ գոնե խաղում ես շների հետ: Ասում է՝ հո երեխա չե՞մ: Հոգսաշատ կյանքի հետևանքով մանկություն չտեսած երեխան հունիսի 1-ին դեռ ժամանակ պիտի գտնի, որ հասակակիցների հետ կարողանա ուրախանալ. «Տեսնեմ՝ կարա՞մ ես էլ ժամանակ գտնեմ, որ ուրախանամ, որովհետև պիտի ամեն րոպե ստեղ մնամ: Կարողա շների տերը գա»:

Արմանի հետ խոսում ենք երազանքներից: Առաջինը նշում է մոր առողջանալը, հետո մտածում է գումար կհավաքի, համակարգիչ կգնի, ինտերնետով քրոջը նամակներ կգրի, խաղեր կխաղա: Իսկ ապագայում երազում է դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ. «Կուզեի տուն ունենայի, արխային գլուխս դնեի բարձին, որ տերը չգա ասի՝ էլ չեմ ուզում շուն պահես, գնացեք: Ես, որ ամեն օր գլուխս դնում եմ բարձին, մտածում եմ առավոտը զարթնեմ, վատ բան չլսեմ… Գոնե մի հատ փոքր դոմիկ առնեմ իմ համար, որ մամայի հետ հանգիստ ապրեմ: Էս տարածքը, ամեն ինչ շների տիրոջն ա»,- ասում է Արմանը:

Մարինեն նույնիսկ հաշմանդամության թոշակ չի ստանում, չեն դիմել համապատասխան հանձնաժողովին: Նրա ցանկությունը տղայի լուսավոր ապագան է. «Եթե բարի մարդիկ կան, կաջակցեն, բայց կա՞ն բարի մարդիկ: Եթե կարան, թող ինձ հիվանդանոց տանեն անվճար, փող չունեմ: Գոնե մի երկու-երեք տարի էլ ապրեմ, դառնա չափահաս: Գիշերը որ ժամին լինի, էրեխուն ձեն եմ տալի… նստելը մի կերպ նստում եմ… էս ինչ կյանք ա, ավելի լավ չի՞ մեռնեմ, գնամ իմ տղերքի կողքը: Արմանն ա ավլում, մաքրում դոմիկը, մեկ-մեկ հարևններս են գալիս… ուզում եմ Արմանս տուն ունենա, աշխատանք ունենա, ինքը աշխատող ա, կաշխատի իրան կպահի»:

Հեռ.՝ (+374) 98 85 56 11 - Արման Լալայան

Տեսանյութը՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter