HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր, կապույտ, ծիրանագույն

Արամ Մաթևոսյան

1791 թվականից մինչև 1917 թվականը Ռուսական կայսրության տարածքում ապրող հրեաների համար սահմանված էր գիծ, որից դուրս տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր: Կային իհարկե կատեգորիաներ, որոնք տեղաշարժի իրավունք ունեին, բայց բուն զանգվածը պարտավոր էր ապրել նստակյաց կյանքով: Ինչ կերպ էլ մեկնաբանվի վիճակը` դրական կամ բացասական, միևնույն է սահմանափակ տեղաշարժն ու սահմանային վիճակը անպայմանորեն հավաքական մտածողության վրա թողնում են իրենց ազդեցությունը: Ժամանակի երկար պլաստում սահմանային վիճակում ապրածի հիշողությունը դեպքերը ֆիքսում ու ամբարում է հիմնավոր ու սուր, ինչը հետագա գործողություններում արտահայտվում է նույն կարգի սրությամբ: Եվ դա էր պատճառը, որ սահմանային վիճակում զարգացող հրեական միտքը ունեցավ ամենամեծ ազդեցությունն իր ժամանակի վրա: Առ այսօր չկա մի մանիֆեստ, կամ արվեստին առնչվող հեղափոխական տեղաշարժ, որի հետևում ազգությամբ հրեա մարդ կանգնած չլինի:

. . .  

Մարկ Ռոտկոն զարմանում էր, երբ պատմում էին իր կտավների թողած ազդեցության մասին: Վախ, տխրություն, ընկճախտ: Ստեղծագործողն անշուշտ չի ենթադրում նման բան: Իր առջև դրված խնդիրը նա հասկանում է իր կերպ ու իր կերպ էլ նա համադրում է գունադաշտերը: Հավանաբար նրա գեղանկարչական ինժեներիան  է այդպիսին, որ յուրաքանչյուր գունադաշտ ստեղծում է իր տրամադրությունը, գունադաշտային համադրումների սահմանային լարվածությունը ծնում է վախ կամ լքվածության զգացում: Դիտորդը հայտնվում է փակուղային վիճակում և փակուղային վիճակի անելանելիությունը ծնում է, այս դեպքում, գույնից տագնապներ:

Կարմիր, կապույտ, նարնջագույն…: Գույների պարզ համադրում, որ դառնում է նաև խորհրդանիշ, դառնում դրոշ: Ռոտկոյի գունադաշտերը երբեմն ասոցացվում են երկրների դրոշների հետ:  

Միջին թվաբանական մարդու մեջ նարնջագույնը ծնում է բունտ, պրոտեստ: Մեր պարագայում այլ է, մեր ազգի մեջ այդ գույնը ծնում է  փախուստի պահանջ: Մեր դրոշի գույների համադրումը ահավասիկ ենթադրում է նաև բախում, անտագոնիզմ: Մեզնում ոչ բախում կա, ոչ էլ հակադրվելու կամք: Չեմ ուզում մեծ նշանակություն ու տուրք տալ արվեստաբանների հնարած այդ գունատեսությանը, համոզված` որ ամեն մեկը յուրովի է ընկալում գույնն ու երևույթը: Ես ենթադրում եմ, որ իմ ընկալումները գալիս են ներքին տրամաբանությունից, ոչ թե արտաքին ազդակներից: Եվ այդ առումով ինձ մոտ բունտի զգացում կարող է ծնել նույնիսկ անգույն ցելոֆանը: Եռագույնը բարձրացրին, և ինչ,  այդ եռագույնի տակ հավաքվածների կեսն էլ չի մնացել այսօր իր հողի վրա: Նույն կարգի սահմանագծեր են եղել մեզ համար գծված, ինչ ռուսական միապետերի ժամանակի Վիտեբսկի հրեայի առաջ: Նույն կարգի ճնշվել ենք մենք էլ: Եվ արդյունքը:  Հրեան ազատագրվեց, դարձավ տեր, մենք մնացինք ստրուկ ու հպատակ: Չտեսակավորվեցինք, չգունազատվեցինք:

Գոռգոռում է վարչապետն իր ենթակայի վրա այն բանի համար, որ նա հալածում է ձեռներեցին: Իշխանավորն ի լուր ու ի տես շարքային քաղաքացու բողոքում է տիրող կարգից ու իրերի վիճակից: Եվ մեղավորներ է փնտրում` ազգին տեղահանող մեղավորներ: Սա լուրջ մեղադրանք է: Ազգ տեղահանողի մեղքը շարքային մեղք չէ: Ես մի հետևություն եմ անում սրանից: Չստացվեց համակեցության քիչ թե շատ պիտանի մոդելի ձևավորումը, սկսվեց մեղավորների փնտրտուքը: Սկսվեց ֆիասկոն, անկումը:

Արվեստագետը, մտածողը գիտի և տալիս է համակեցության ձևը: Ռոտկոն իր խյուստոնյան ժամատան ինտերիերում լուծեց այն խնդիրը, ինչի մասին գրում էին սահմանային վիճակներում մարդու վարքը լուսաբանող մտածողները: Ռոտկոյի ժամատանը բոլոր կոնֆեսիաներն են հավաքվում ու գտնում իրենց փոխհամաձայնությունը: Հավասարություն, եղբայրություն, ազատություն: Սա է բոլոր եռագույնների համադրման  փիլիսոփայությունը: Սրանում է էկզիստենցիալիստների ասած փիլիսոփայական հավատը: Մի բան, որի նշույլը չկա մեր եռագույն դրոշի տակ ապրող սոցիումի կյանքում: Ալեգորիկ  խոսքի սիրահար մեր դատարկախոս ընդդիմադիրները սիրում են ասել, թե դանակը հասել է ոսկորին: Իրավիճակի հանդեպ ռեակցիաներից ինձ թվում է , որ հայի մարմնում  ոսկոր էլ չկա: Որքան կտրեցին կտրվեց: Հիշեցինք պահանջեցինք, կարևոր չէ ստացանք թե ոչ, հիմա էլ պատրաստվում ենք սահմանադրական փոփոխության: Ոչ նոր սահմանադրություն է պետք հային, ոչ էլ նոր դրոշակագույներ: Մտածված, թե փոխառնված են դրանք, կարևոր չէ, վերջին հաշվով: Սխրագործ կամք պետք չէ, ոչ էլ կա զոհեղության գնալու կարիք: Պարզապես պետք է ընդունել ու կոչել գույներն իրենց անուններով: Տեսնել կարմիրը կարմիր, նարնջագույնը նարնջագույն: Ինչպես ռեժիմի պարագլուխներն են դնում ամեն մեկին իր տեղը, այնպես էլ իրենց է պետք դնել իրենց տեղը և ազատագրվել վերջապես: Մեր աղետն սկսվեց այն պահից, երբ սկսեց դատարկվել հայկական գյուղը: Պետք է իշխանավորներին ուղարկել իրենց տները: Ամեն մեկը պետք է ապրի ու արարի իր ծննդավայրում: Միթե կա դրանից ավելի մեծ երջանկություն մարդու համար: Ոչ մեկը թող աղետ ու դժբախտություն չտեսնի էլիտաների փոփոխության մեջ: Թող յուրաքանչյուրը հիշի` ով էր ինքը ու որտեղից է գալիս: Եթե ուզում ենք չվերանալ, պետք է լինել հետամուտ բնազդին, զգացմանը: Պետք է փոփոխել քաղաքական գունապնակը, ինչպես Ռոտկո արվեստագետը, որ կարողացավ շեղել գեղանկարչության ուղղությունը մտցնելով գունադաշտերի փիլիսոփայությունը գեղանկարչական մտածողության մեջ: Հենց այնպես չեմ փորձում կապել ինտելեկտուալի արածը ազգի, դրոշի ու էթնոսի ներքին բովանդակության հետ: Եվ հենց այնպես չեմ կարևորում էլիտայի դերը: Էլիտան պետք է լինի ինտելեկտուալ: Տգետ էլիտան աղետ է ազգի գլխին: Այ, երբ կատարվի էլիտաների փոխատեղումը, դրանից  կփոփոխվի հանրային խմբերի կոնֆիգուրացիան ու ազդեցության դաշտերի ծավալները, կծնվի թեկուզ նույն, բայց գույների նոր համադրում, այդ ժամանակ կծնվի արդեն ուրիշ ազգ, ուրիշ երկիր, ուրիշ`  կարմիր, կապույտ, ծիրանագույն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter