HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքարային դիաբետով հիվանդներին օգոստոսի 1-ից հնդկական «Դիազոնի» փոխարեն կբաշխվի ֆրանսիական «Դիաբետոն MR –ը»

Գայանե Սարգսյան

Վերջին 5 տարիների ընթացքում Լոռիում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդների թիվն ավելացել է 898-ով:

Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության ամփոփ վիճակագրական տվյալներով 2014թ.-ի վերջին մարզում շաքարային դիաբետով հիվանդների թիվը 4.312 է: Սա այն դեպքում, երբ 2013թ.-ին գրանցվել էր 4013, 2012-ին՝ 3.902, 2011-ին՝ 3.581, 2010-ին՝ 3.414 հիվանդ:  

Լոռու մարզի գլխավոր էնդոկրինոլոգ Ֆլորա Էլիզբարյանի դիտարկմամբ, սակայն, հիվանդների իրական թիվը կարող է շատ ավելին լինել:

«Շատերը կան, որ չեն դիմում: Ինձ թվում է, մինչև 1.5 անգամ ավել կարող են լինել դիաբետով հիվանդները,- ասում է Ֆ. Էլիզբարյանն ու պարզաբանում,-բողոքները շատ չեն լինում,  չեն դիմում, հայկական տարբերակ է՝ դիմանում են՝ չեն դիմում, կամ չեն իմանում հիվանդության մասին՝ չեն դիմում»:

Ազգային վիճակագրական ծաայությունը ներկայացրել է վճակագրական տվյալներ ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ  ընդհանուր էնդոկրին համակարգի հիվանդությունների մասով:

2013թ.-ի տվյալներով Հայաստանում էնդոկրին համակարգի հիվանդություններով տառապում է 90.755 մարդ, նրանցից 5558-ը մինչև 14 տարեկան է: 2013թ.-ին հիվանդներից 13.981-ի մոտ  (2635-ը մինչև 14 տ. ) այն ախտորոշվել է առաջին անգամ: 

Վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև առաջին անգամ հաստատված ախտորոշումով հիվանդների տվյալներն  ըստ ՀՀ մարզերի և Երևանի: Ցուցանիշները ներկայացվել են 100.000 բնակչի հաշվարկով: Ըստ այդմ 15-ից բարձր տարիքի անձանց հաշվարկում Լոռին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը 100.000 բնակչին բաժին ընկող 699 ցուցանիշով: Առաջին հորիզանականում Արարատի մարզն է 722,2 ցուցանիշով: Իսկ ահա 15-17 տարեկանների հաշվարկում գրանցված ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է 100.000 բնակչին ընկնող 1.500 ցուցանիշով: Լոռիում հիվանդացության ցուցանիշն ամենաբարձրն է նաև 0-14 տարիքային խմբի հաշվարկում:

2013թ.-ի տվյալներով դիսպանսերային հսկողության տակ գտնվող շաքարային դիաբետով հիվանդների թիվը Հայաստանում 63.575 է (265-ը՝ 0-14տ.), 2012թ.-ին՝ 58.028 (242-ը՝ 0-14տ.), 2011թ.-ին՝ 53.040 (237-ը՝ 0-14տ.), 2010թ.-ին՝ 49.360 (211-ը՝ 0-14տ.):

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում տարեցտարի ավելանում են նաև առաջնակի հիվանդները. 2013թ.-ին հաշվառվել է առաջնակի 8.376, 2012-ին՝ 7.183, 2010-ին՝ 7.187, 2009-ին՝ 6.331, 2008-ին՝ 5.783 մարդ:

 Հիվանդության առաջմանը նպաստող պատճառներից Լոռու մարզի գլխավոր էնդոկրինոլոգն առանձնացնում է մի քանիսը. «Առաջին տիպի շաքարային դիպաբետի առաջացման պատճառներից է ենթաստամոքսային գեղձի վնասումը, ժառանգական գործոնը, ստրեպտոկոկային ինֆեկցիաները: Երկրորդ տիպի դիաբետի առաջացմանը նպաստող պատճառներից են Ճարպակալումը, նստակյաց կյանքը, նյարդահուզական տրավմաները, միատեսակ սնունդը…»:  

Հիվանդների թվի ավելացման պատճառների հիմքում Ֆ. Էլիզբարյանը կարևորում է նաև մարզում էնդոկրինոլոգների թվի ավելացումը, ինչի հաշվին հիվանդությունն սկսել են հայտնաբերել ավելի վաղ փուլերում:

«Եթե տարիներ առաջ մարզում կար մեկ-երկու էնդոկրինոլոգ, հիմա գրեթե բոլոր պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգներ կան:Ստեփանավանի ու Սպիտակի  տարածաշրջաններն ունեն երկուական էնդոկրինոլոգ, Ալավերդու ու Տաշիրի տարածաշրջանները՝ մեկական: Եթե երկու-երեք տարի առաջ կոմաները որպես դիաբետի բարդություն բավական մեծ թիվ էին կազմում, ապա հիմա հազվադեպ են հանդիպում»,- նշում է նա:

Վանաձորի թվով 5 պոլիկլինիկաները թեև էնդոկրինոլոգներ ունեն, սակայն նրանք հիմնականում աշխատում են համատեղության կարգով:

Շաքարային դիաբետով հիվանդները Վանաձորում ստացիոնար բուժում են ստանում բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում: Այստեղ էնդոկրին համակարգի հիվանդների համար առանձնացված մահճակալներ կան: Էնդոկրին հիվանդությունների բաժանմունք Լոռու մարզի որևէ բժշկական կենտրոն չունի: Իսկ դրա կարիքն ըստ մասնագետների կա. «Շատ կցականայի, որ էդնոկրին բաժանմունք բացվեր գոնե Վանաձորում: Ինչո՞ւ օրինակ կարծեմ Արմավիրում էր անցյալ տարի բացվեց, որը մոտ է Երևանին, իսկ մեր մոտ չի բացվում: Շատ լավ կլիներ որ նման բաժանմունք ունենայինք: Բուժսպասարկումն ավելի խորը կլիներ, ֆինանսավորումն ավելի մեծ, դեղորայքային սպասարկումն ավելի լավ»,- կարծիք է հայտնում մարզի գլխավոր մասնագետը:

Դիսպանսեր հսկողության տակ գտնվող շաքարային դիաբետով հւիվանդներին դեղորայքի հատկացումը կատարվում է  համաբուժարանների կողմից: Հատկացվող դեղամիջոցներից վանաձորցի հիվանդները բազմիցս են դժգոհել: Դժգոհության հիմնական պատճառն էլ հատկացվող որոշ դեղամիջոցների ոչ արդյունավետ լինելն է:  

«Նման խոսակցություններ կան: Դա Հայաստանի մակարդակով է, միայն մեզ մոտ չէ: Դժգոհում էին «Դիազոն», երբեմն էլ «Մետֆորմին» դեղամիջոցներից, իսկ «Դիաբետոն MR-ից» գոհ էին,- ասում է Ֆ. Էլիզբարյանը,- որոշվել է որ այն դեղորայքը, որն իրեն չի արդարացրել, էլ չստանալ»,- նշում է Ֆ. Էլիզբարյանը:

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Նվարդ Քոչարյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ թեև հիվանդների կեսից ավելին նախընտրում է «Դիաբետոն ՄՌ-ը», սակայն կան նաև այնպիսիք, որոնք ցանկանում են ստանալ այլ դեղամիջոցներ:

Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պողոսյանը դժվարացավ ասել, թե Լոռու մարզի հիվանդները հատկապես որ դեղամիջոցներից են դժգոհում: Վերջինս նշեց, որ շուրջ 6 ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռությամբ ինչպես հանրապետության, այնպես էլ մարզի պոլիկլինիկաներին տրամադրվել են հարցաթերթիկներ, որոնք անանուն լրացնելով, շաքարային դիաբետով հիվանդները պետք է նշեին իրենց դժգոհությունները: Այս նախաձեռնությունը, սակայն, գոնե Լոռու մարզում հաջողությամբ չի պսակվել: Հիվանդներից և ոչ մեկը այդ հարցաթերթիկներից չի լրացրել:

Այդուհանդերձ, Ռուզաննա Պողոսյանի տեղեկացմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ օգոստոսի 1-ից հնդկական «Դիազոնի» փոխարեն  հիվանդներին կբաշխվի ֆրանսիական «Դիաբետոն MR» -ը:  Վանաձորի բժշկական կենտրոնում սոցիալական հատուկ խմբերին պատկանող շաքարային դիաբետով հիվանդները բուժվում են պետպատվերի շրջանակներում: Մյուսների բուժումն իրականացվում է  վճարովի հիմունքներով:

Ընդհանուր առմամբ 2014թ.-ին Վանաձորի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել 295, 2013թ.-ին՝ 204 շաքարային դիաբետով հիվանդ:  Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պարգև Թորոսյանը ստացիոնար բուժում ստացողների վիճակագրական թվի նվազումը բացատրում է հիվանդի ընդունման պահին դրված ախտորոշմամբ:

«Ընդունվող հիվանդները շատ հաճախ ունենում են  մի քանի հիվանդություն, որից մեկն էլ շաքարային դաբետն է: Եթե հիվանդն ընդունվել է օրինակ, շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ, մենք երկու հիվանդության բուժումն էլ անում ենք, սակայն նրա քարտի վրա դրվում է այդ պահին կլինիկորեն ավելի արտահայտված հիվանդության կոդը»,-գրանցված ցուցանիշի նվազումն այսպես է մեկնաբանում փոխտնօրենն ու փաստում, որ «շաքարային հիվանդների թիվը սակայն, չի պակասել, մի բան էլ աճում է»:

Ստացիոնար բուժման կուրսը տևում է միջինը 7-15 օր:  Ստացիոնար բուժման առաջին օրվա համար հիվանդը վճարում է  35.000, հաջորդող օրերի համար՝ 15.000-ական դրամ: 8 օրից ավել պառկելու դեպքում անկախ օրերի քանակից հիվանդն ընդհանուր առմամբ վճարում է 170.000 դրամ: Պետպատվերով բուժվող հիդանդների համար, սակայն, պետությունը շատ ավելի փոքր գումար է հատկացնում: Պ. Թորոսյանի տեղեկացմամբ ՝պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուոժւմ ստացող մեկ հիվանդի համար պետությունը հատկացնում է մոտ 107.000 դրամ:

«Գումարի չափը չի փոփոխվում անկախ նրանից, թե քանի օր կպառկի հիվանդը՝ 3, թե՝ 10»,- ասում է բժիշկն ու հավելում, որ հատկացված գումարը երեք օրից ավել պառկելու դեպքում չի բավարարում, ինչ պատճառով կենտրոնն անընդհատ գերածախս է ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter