HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Մարդկանց կարիքներն անցել են հնարավորի սահմանները. Նուբար Աֆեյան

«Մարդիկ ծարավ են նորարարությունների: Որ ոլորտում էլ գործելու լինեք, պետք է հիշեք, որ աշխարհը (նկատի ունեմ մեծ ընկերությունները, սպառողները) սպասում են նորարարությունների, քանի որ նրանց կարիքները անցել են հնարավորի սահմանները»,- Ամերիկյան համալսարանում բաց դասախոսության ժամանակ ասաց ամերիկահայ գործարար, վենչուրային կապիտալիստ Նուբար Աֆեյանը:

1987թ-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Բիոքիմիական ինժեներության բաժինն ավարտելուց ի վեր Ն.Աֆեյանը հիմնել է մի քանի ընկերություններ, որոնց թվում՝ PerSeptive, ChemGenics Pharmaceuticals, Exact Sciences, Agenus, Color Kinetics: Հիմնականում աշխատել է բժշկական և տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում: Ձեռնարկատիրական նորարարությունը, ըստ նրա, տարբերվում է կորպորատիվ նորարարությունից նրանով, որ այն, որպես կանոն, չի ունենում պլան, արդյունավետություն, կանխատեսելիություն, ռիսկային է, բայց նաև՝ պարգևատրող, եթե աշխատում է:

Հենց նորաստեղծ ընկերությունների (startup companies) ոլորտն էլ, ըստ Աֆեյանի, վերջին 50 տարիների ամենաազդեցիկ նորարարությունն է: Կես դարում ի հայտ են եկել նաև անհատական համակարգիչները, համացանցը, շարժական սարքերը, էլեկտրական ավտոմեքենաներն ու արբանյակները, բայց գործարարի կարծիքով՝ մեծագույն նորարարությունն այն է, որ մարդիկ կարող են ներդրում անել և զարգացնել գաղափարներ, որոնց հաջողությունը կարող է իրատեսական չլինել: Երբ ինքը ավարտեց համալսարանը, Բոստոնում տարեկան 10-15 ընկերություն էր հիմնվում, այժմ այս թիվը գրանցվում է մեկ օրում:

2000թ-ից Flagship Ventures ընկերությունը գլխավորող Ն.Աֆեյանը կարծում է, որ «արմատական նորարարությունների» այս ոլորտը հեռանկարային է նաև Հայաստանի համար: «Կարծում եմ՝ երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, փոխարենը մտածելու, թե ինչպես կարելի է նմանվել 50 տարի առաջվա Սիլիկոնյան հովտին, պետք է պարզել, թե ինչ պիտի արվի գալիք 5 տարիներին և պլան կազմել, քանի որ ամեն ինչ նոր է և փոխվում է»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ ինքը ոգևորված է ՏՏ ոլորտի առաջադիմությամբ, և տեղացի ձեռնարկատերերին խորհուրդ տվեց աշխատել նաև Հայաստանի զարգացման համար՝ գումար վաստակելուն և սեփական գործունեության ոլորտը բարելավելուն զուգահեռ:

Նուբար Աֆեյանին հարցրին, թե ինչն է, որ սովորել է գործարարությամբ զբաղվելու, ոչ թե ինստիտուտում սովորելու տարիներին: «Եթե մի փոքր այլ կերպ ձևակերպեիք հարցը՝ ի՞նչ սովորեցի ինստիտուտում, շատ ավելի հեշտ կլիներ պատասխանել. սովորեցի՝ ինչպես սովորել: Քանի որ տեխնոլոգիան այսքան արագ է փոխվում, եթե դուք աշխատում եք որևէ ոլորտում, պարզվում է՝ մասնագետները ձեզնից ընդամենը մի քիչ ավելին գիտեն, քանի որ իրենք ավելի շուտ են սովորել: Բայց եթե դուք կարող եք արագ սովորել, կկարողանաք հասնել նրանց ու անցնել: Մյուս կողմից՝ եթե չգիտեք, թե ինչպես սովորել և սովորում եք 20 տարի առաջ եղած ձևերով, ուրեմն կաշխատեք ինչ-որ մի տեղ ոլորտի ներսում, որտեղ շատ գեղեցիկ ու հարմարավետ է, բայց որտեղից չեք զարգացնի ոլորտը»,- պատասխանեց Ն.Աֆեյանը, ով արդեն 15 տարի դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում և UWC Դիլիջան միջազգային դպրոցի խորհրդի անդամ է:

լուսանկարը՝ ՀԱՀ ֆեյսբուքյան էջից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter