HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նամականիշ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

2015 թվականի մայիսի 26-ին «Հայփոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ` նվիրված բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին:

«Հայփոստի» նորակառույց Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ նամականիշի մարման հանդիսավոր արարողություն: Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը՝ Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառ»-ի և Անմար կրակի, ինչպես նաև իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին:    

«Կարմիր պաստառը», որի վրա պատկերված էին Մանուշյանի և իր ընկերների դիմանկարները, տարածվել էր ֆաշիստական զորքերի կողմից` ընդհատակյա գործիչներին հայտնաբերելու նպատակով: 

Նամականիշի պատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:

Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943 թվականին և երեք ամիս անց գնդակահարել: Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր:

Թողարկման օրը` 26 մայիսի 2015 թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter