HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուդոլֆ Խառատյան. Մեր ուժը մեր հոգևոր սկիզբը հզորացնելու մեջ է

Նաիրա Հայրապետյան

«Զույգ արեգակներ».  այսպես է կոչվում բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի նոր ներկայացումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պրեմիերան կկայանա մայիսի 27-ին և 31-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հետո կսկսվեն հյուրախաղերն արտերկրում: Բեմադրության հիմքում Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, որի շուրջ միահյուսվում է մշակութային մի մեծ պատմո ւթյուն՝ նշանավոր անուններով, բազմաժանր երաժշտությամբ՝ 4-րդ դարից մինչև մեր օրերը:  Երկու գործողությամբ բեմադրության սցենարի հեղինակը ևս Ռուդոլֆ Խառատյանն է:  Նախագիծն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձող ծրագրերի շարքում: Այս առիթով «Բալետ 2021» հիմնադրամը հրավիրել է օտարերկրացի արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից: Պրեմիերային ներկայացումներին գլխավոր դերակատարումների համար հրավիրվել են առաջատար մենապարողներ Շտուտգարդից և Վաշինգտոնից: 

Նոր ներկայացման, բալետի և աշխարհի հետ երկխոսելու իր բանաձևի մասին է բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ զրույցը:

Զույգ արեգակներ երկու ծագերից

 - «Զույգ արեգակներ»-ը  Գր. Նարեկացու  «Մատյան ողբերգության»-ից վերցված երկտող է՝ 30-րդ՝ գլխի Բ մասից (… Զույգ արեգակներ երկու ծագերից, Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման  ): Նրանով Նարեկացին բացահայտում է էն գաղտնիքները, էն էզոթերիկ գաղափարները, որ կան պոեմում: Երբ Մատյանը կարդում ես, հասկանում ես, որ նա երկու ճյուղերով՝ հոգևոր և ֆիզիկական, կարողացել է խոսել մարդկության հետ և ապահովել այս երկուսը միաժամանակ: Ինձ համար Նարեկացին մշտապես հանդիսացել է էն կապը, որը մեր ազգին մոտեցնում է  Աստծուն: Նա շատ լավ է հասկացել տիեզերական գաղտնիքները, ժամանակից դուրս վիճակները, և իմ այս բալետը հիմնված է Մատյանի գաղափարների վրա:

Ներկայացման հիմքում ընկած է այն գաղափարը, թե մենք՝ հայերս, ինչով ենք մասնակցում մարդկության գաղափարական, հոգևոր էս շինության ընթացքին և ինչո՞վ կարող ենք ներկայանալ: Բացի Նարեկացուց այստեղ ներկա է նաև Թորոս Ռոսլինը, Արշիլ Գորկին: Նրանք ճեղքել-անցել են զուտ ազգային գաղափարի տարածքը և իրենց հոգևոր մեծությամբ մտել համամարդկային արժեհամակարգի մեջ: Սա արդեն ժամանակից դուրս, հավերժության գաղափարն է:

Ժամանակակից խորեոգրաֆիկ լեզվով պատկերվող հայոց պատմությունը հյուսվում է նաև մաշտոցյան շարականների, Ա. Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Ա. Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի, Աշոտ Արյանի երաժշտությամբ: Ռ. Խառատյանն ասում է, որ այս բազմաժանր ընտրությունը ևս պատահական չէ: Ողջ ներկայացման հետ հնչում և տեսանելի է դառնում նաև մեր երաժշտական էությունը, մտածողությունը և ժառանգության մի մասը: Բալետն այս դեպքում միավորել է գաղափարն ու նպատակը մեկ գործի մեջ:

- Երբ օտարին ասում ես, որ այս հնչյունը հասել է մեզ 4-րդ դարից, նրա դեմքին տեսնում ես արդեն ազդեցությունը: Դեռ այն ժամանակ, կարծում եմ, Մաշտոցը գիտեր, թե որ հնչյունը մարդու որ զգայարանի վրա ինչ ազդեցություն կարող էր թողնել և ինչպիսի էմոցիաներ արթնացնել: Մաշտոցը գիտեր այդ գաղտնիքները:

Երբ ասում ես բալետ, առաջին հերթին պատկերացնում են էն հին կարապի լիճը կամ, չգիտեմ, էդ թյություները, որ աղջիկները հագնում են, բայց էս փոխակերպված աշխարհում, առավել ևս հիմա, կարևոր է հոգևորը: Իհարկե, էսօր Հայաստանում մարդիկ զբաղված են ավելի շատ ֆիզիկական գոյության համար խնդիրներ լուծելով՝ ավտոմեքենա, երշիկ, չգիտեմ՝ ինչ, բայց սրանց կողքին կա այդ անտեսանելի աշխարհը՝ հոգևորը, որն էլ հենց էդ նյութականն է կառուցում: Նյութականը ստեղծողը և հզորացնողը հոգևոր հիմքն է, նա է ստեղծում մատերիալ աշխարհը: Մենք ժամանակին կորցրել ենք էդ հոգևորի հզորությունը և մեր էսօրվա պրոբլեմները գալիս են էդտեղից: Հենց այդ պատճառով էլ մենք չենք կարողանում այսօր ապահովել մեր նյութականի սահմանները:

Հոգևորը Աստծուն մեզ հետ  կապող ճանապարհն է: Եվ դա շատ բարձր ապահովել են Նարեկացին, Արշիլ Գորկին, Թորոս Ռոսլինը և մեր մյուս մեծերը: Իմ գաղափարը, որը դրված է այս ներկայացման հիմքում, մեր հոգևոր սկիզբը ուժեղացնելն է, որով ոչ միայն շարունակելու ենք մնալ համամարդկային տարածքի մեջ, այլև կարողանանք ստեղծել ավելի հզոր երկիր: Բեմադրության միջոցով մենք փորձելու ենք ցույց տալ նաև այն պրոբլեմները, որոնք ունեցել ենք մեր պատմության ընթացքում: Ինչպե՞ս են կարողացել սպանել մեկ ու կես միլիոն հայի, սրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք գլուխ չունեինք. այսինքն՝  էդ գլուխը էն հոգևոր հզորությունն էր, որը եթե ունենայինք, էդպես հեշտությամբ չէին կարողանա մեզ կոտորել:

Բալետն իբրև միջավայր

-   Բալետը մի աշխարհ է, որը գործ ունի հոգևորի հետ: Ի՞նչ է բեմը. դա այն ռեալիզմն է, որն ընկած է նյութական աշխարհից այն կողմ, և երբ մարդը գալիս է ներկայացում դիտելու, ուրեմն նա պահանջ ունի հոգևոր սնունդ ստանալու: Այս առումով այն իրականությունը, որում ապրում ենք, եռանկյունաձև մի կառույց է, որի ներքևի մասում բազմաթիվ շերտավորումներ կան: Դրանք, իհարկե, պետք է լինեն, այո՛ ռաբիսն էլ պետք է լինի, և էդ կիսագողական երաժշտությունը ևս, բայց խնդիրն այն է, որ հենց այս շերտերն են շատ մեծացել, իսկ էն ազնվականը, որը ապահովում է ազգի էությունը, որը մաքրում, ֆիլտրում է և որը կապում է մեզ Աստծո հետ, շատ է նոսրացել: Մենք հիմա դա վերականգնելու, մեծացնելու վրա պետք է աշխատենք: Եթե մենք կարողանանք մեր միջավայրը կրթել, վաղը նոր նարեկացիներ կամ արշիլգորկիներ  կծնվեն: Մենք պետք է հասկանանք վերջապես, որ մեր գոյատևումը, հզորությունը մեր մեծերի նման մարդկանցից է կախված: Բոլոր հայերը էսօր երկիրը կառուցելու գործին պետք է լծվեն. կառուցել բոլոր ոլորտներում՝ ֆիզիկական, հոգևոր, նյութական՝ ամեն մեկն իր տարածքում:

Մարդն է ստեղծում միջավայրը, միջավայրն էլ սկսում է ազդել ավելի մեծ մասսաների վրա:

Հայաստանում ստեղծվող բալետի մասին

-       Չկա…  բալետ չկա:

Երբ ես հրավիրվեցի Հայաստան՝ թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնի համար, ինձ հետ բերեցի մոտ 36 նոր վերնագրեր՝ բալետներ, բեմադրեցի մոտ 10 ներկայացում, բայց էսօր դրանք էլ հանվեցին ինչ-ինչ պատճառներով.  դա առանձին պատմություն է:  Մեր նախաձեռնությամբ ստեղծվեց «Բալետ 2021» հիմնադրամը, որը պետք է կարողանար աջակցել, օժանդակել և դրսի հետ կապեր ստեղծելով օգներ բալետին: Ժամանակակից աշխարհում նման ստրուկտուրաների միջոցով և աջակցությամբ են բեմադրություններ իրականացնում:  Ես բնավ հեծանիվ չեմ հորինում, դրսում վաղուց այդպես է, իսկ մեր թատրոնի ադմինիստրատիվ կառույցները էստեսակ գաղափարներից շատ հետ են: Սկզբում ես ինչ-որ չափով օգնում էի աղբյուրներ որոնելու կամ սկզբունքը հասկանալու հարցում, բայց էդպես էլ չէր աշխատում:

Հրավիրյալ պարողների մասին

- Բալետում չկա էսպիսի հասկացություն՝ հայկական, ռուսական կամ ֆրանսիական. բալետը բալետ է, ուղղակի ապրելով տվյալ երկրում, հարստանում է էդ երկրի մշակութային երանգներով: Ես վերադարձել եմ և ուզում եմ Հայաստանում բալետը զարգացնել, բայց արդեն հայկական երանգներով, ոգով ու հայկական գաղտնիքներով: Շատ-շատ գաղտնիքներ ունենք: Դրսից երաժիշտներ եմ հրավիրում, որովհետև էստեղ խնդիրներ ունեցա, որովհետև մեր բալետի ներկայացուցիչները չէին ուզում աշխատել: Չնայած մերոնք շատ մեծ պոտենցիալ ունեն, բայց բալետը թռիչք է և որպեսզի նրանք կարողանան թռչել, պետք է նրանց շատ աշխատեցնել: Գիտե՞ք՝ մկանը առանձին հիշողություն ունի, աշխատելով դուք ստիպում եք, որ անի այն, ինչը չի կարող անել: Էդ ժամանակ ինքը հասկանում է, որ կարողանալու համար պետք է ստեղծել ավելի հզոր մկան, որպեսզի կարողանա ձեր խնդիրը լուծել: Մենք երևի մի ութ հարյուր տարի որոշակի ուղղվածություն չենք ունեցել, հստակություն չենք ունեցել, դիսցիպլինը պակասել է,  երկիրը մի տեսակ կիսաքանդ վիճակում է, բոլորս ծուլացել ենք: Մարդը իր բնությամբ սովորաբար ծույլ է, էդպես էլ մնում է, եթե միտքը չսրվի կամ իր առջև ոչ մի նպատակ չդրվի: Դրսի ժողովուրդը չգիտի, որ կարելի է չաշխատել: Ու իրենք աշխատում են: Այս ներկայացման մեջ աշխատում են 10 օտարերկրացի պարողներ՝ Ճապոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից: Ես ուզում եմ, որ նրանցից մեր պարողներն էլ ոգևորվեն, վարակվեն նրանց ձգտումից և, գիտե՞ք, կարծես թե այս տարբերակը արդարացնում է: Սկզբում, երբ գալիս էին փորձերի, մերոնք մի տեսակ տարօրինակ էին նայում՝ տեսնելով ,որ սրանք լուրջ տրամադրված աշխատում ու աշխատում են: Հիմա բոլորը միասին են, և նրանց միավորել է գործը անելու գաղափարը: Հիմա բոլորը լծվել են էդ գործը կառուցելու աշխատանքին:

Նարեկացու մթնոլորտում:

-  Նարեկն էնքան ծավալուն ու բազմաշերտ գործ է, որ ամեն մարդ կարող է այնտեղից վերցնել իր փնտրածը: Միաժամանակ լի է սիմվոլիզմով, գաղտնիքներով, էնքան էզոթերիզմ կա մեջը: Ինչպե՞ս են հասկանում դրսի պարողնե՞րը: Իրենց համար Նարեկացին բացահայտում է: Այս ընթացքում նրանք նաև շրջում են մեր երկրում և ապշած են, թե էս ինչ բիբլիական երկիր է, էս ինչ գաղտնի գեղեցկություն է: Եվ իսկապես, մեր երկիրը իր հզոր էությամբ շատ մեծ գաղտնիքներ ունի, որից պետք է անընդհատ հարստանաս, անվերջ սովորես, դու նրա հետ տալու և վերցնելու պրոցեսի մեջ պետք է լինես, ոչ թե միայն վերցնելու: Պետք է տաս, որ վերցնես: Այս պարողները մոտ ութ ամիս ապրելով Հայաստանում՝ ոչ միայն բացահայտում են մեր երկիրը, մշակույթն ու ժողովրդին, այլև դառնում են այս ամենը աշխարհում տարածողները:

Հայոց Ցեղասպանություն -100

-   Ներկայացման մեջ մի տեղ կա, ուր անդրադառնում ենք ջարդերին՝ Արշիլ Գորկին հիշում է իր մորը և գալիս է դեպի նա: Այստեղ մի փոքրիկ դրվագ կա, որ ջարդից տեսարաններ է ներկայացնում: Սա թերևս միակ ուղիղ անդրադարձ-պատկերն է: Էդ ֆիզիկական ջարդը ինձ հոգեպես շատ է ճնշել, նեղացրել: Ախր ինչպե՞ս հնարավոր եղավ մեկ ու կես միլիոն մարդ սպանել… ինձ միշտ էդ փաստը ջղայնացնում է: Ախր ո՞նց… ես հասկանում եմ, որ իմ ասած վերևի կառույցը չկար, ավելի շուտ՝ քայքայված էր..  իրենք էլ շատ խելացի քայլ արեցին՝ մտավորականներին, էն ինչ մնացել էր,  տարան, ջնջեցին: Ու մենք …   

Մենք պիտի ցույց տանք մեր մեծությունը, պիտի հզորանանք և դրա համար մեծ ներուժ ունենք:  Պիտի հաղորդակից դարձնենք աշխարհին ոչ միայն մեր ցավին, այլև մեր հոգևոր կարողությանը:

Ես ապրելով Վաշինգտոնում՝ հետևում էի, թե տարբեր ազգեր ինչ սկզբունքով կամ հոգեբանությամբ են մասնակցում մեծ երևույթների: Հրեաներն, օրինակ, մտնում են բոլոր կառույցների մեջ և կարողանում են ամրանալ այնքան, որ իրենք որոշեն, թե ինչ ներկայացում պետք է բեմադրվի, ինչ ֆիլմ պետք է նկարահանվի և այլն: Հայերը դեռ եկեղեցուն էին փող տալիս, դպրոցին… հիմա մի փոքր այլ է,  շատ ավելի ակտիվ քայլեր եմ տեսնում այս մոտեցման մեջ և դա ինձ շատ է ուրախացնում: Զգում եմ, որ հայերն ամբողջ աշխարհում արդեն կարողանում են մեծ իմաստով ըմբռնել ու ներկայացնել իրենց դերը, մի տեսակ ավելի ուղղորդված են շարժվում: Բայց մեզ դեռ պակասում է հստակությունը: Աշխարհն այսօր էնքան է առաջացել,  թե՛ տեխնոլոգիապես, գիտությամբ և թե՛ արվեստով էն տեսակ բարձրությունների է հասել, որ զարմանում ես՝ մտածելով, բայց ինչու՞ ոչ Հայաստանը, ինչու՞ մենք չենք անում էս ամեն ինչը: Անկասկած, մենք էդ պոտենցիալն ունենք, բայց ի՞նչն է պատճառը, որ չկանք էդ հսկա ծովում:

Որովհետև անորոշ է, թե դեպի ուր ես նայում կամ ուր ես գնում,  հստակություն չկա, ուղղվածություն չկա. սա է պատճառը: Մեր էսօրվա օպերային թատրոնի վիճակը սրա վառ պատկերն է, քանի որ ոչ մեկը չգիտի՝ ու՞ր է գնում էս նավը, ու՞ր ենք տանում, ո՞վ է նրա կապիտանը  և ի՞նչ է պետք առհասարակ:  Ես շատ էմոցիոնալ եմ, մանավանդ, եթե խոսքը վերաբերվում է Հայաստանին. սիրտս անհամբերությունից ու ոգևորությունից պայթում է, ուզում եմ շատ արագ սարքվի էդ գործը… բայց, գիտեմ, որ էդպես արագ ոչինչ չի սարքվում, դրա համար շատ աշխատել է պետք:  Ես գիտեմ, որ առաքելություն ունեմ անելու և անելու եմ մինչև վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter