HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիպլոմայինի պաշտպանություն «Նուբարաշենում». մարդը մահանում է, երբ նրանից խլում ես նպատակը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աստիճաններով բարձրանում ենք հինգերորդ հարկ՝ ցմահ դատապարտվածների հարկաբաժին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հրամանով ձևավորված հանձնաժողովի անդամներին բանտի աշխատակիցները հրավիրում են համակարգչային սենյակ, որտեղ օրվա որոշակի ժամեր աշխատում են ցմահ բանտարկյալ 4 ուսանողները։ 2009 թ-ից  անազատության մեջ գտնվող Մանուկ Սահակյանը մեկն է նրանցից։ Նա բուհ է ընդունվել 2005 թ.-ին, 4-րդ կուրսում դատապարտվել, ապա 2015-ին նորից վերականգնվել նույն բուհում՝ մեքենաշինության ֆակուլտետում։ «Նեռու» ՍՊԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Ներսես Հակոբյանի նախագահությամբ հանձնաժողովը սկսեց դիպլոմային պաշտպանությունը։ Տեր Գրիգորը պաշտպանությունը բացեց Տերունական աղոթքով։

«Ես Մանուկ Սահակյանն եմ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 6-րդ կուրսի (նկատի ունի բանտում անցկացրած 6 տարիները-հեղ.) ցմահ դատապարտյալ։ Ինձ հանձնարարված է եղել նախագծել 1000 տոննա տարողությամբ սառնարան, որի մեջ պիտի պահվի բանջարեղեն». ցմահ բանտարկյալն այսպես սկսեց դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը՝ անդրադառնալով սննդի պահպանման թեմային թե բնապահպանական, թե սոցիալական առումով։

Տեխնոլոգիական սառնարանների նախագծման ու կառուցման անհրաժեշտությունն ուսանողը կարևորեց քաղաքային աղբանոցներում ամեն օր հայտնվող սննդի համատեքստում։ Իսկ աղբավայրերը լուրջ բնապահպանական  խնդիր են նաև այն առումով, որ տարեկան սննդի այրման հետևանքով 33 մլրդ տոննա մեթան է արտադրվում ։ «Իսկ եթե ճիշտ կազմակերպվեր սննդի օգտագործումը, ապա հնարավոր կլիներ կերակրել 850 մլն սովյալներին»,- ներկայացնելով իր աշխատանքի նախաբանն՝ ասաց Մանուկ Սահակյանը։ Ապա ցույց տվեց իր նախագծած սառնարանի գծագիրը։ Հանձնաժողովը հարցեր տվեց ուսանողին, ապա խորհրդակցեց ու որոշեց 100 բալանոց համակարգում նրա աշխատանքը գնահատել 94 բալ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը նշեց, որ սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ պետական բուհը, այն էլ` ինժեներական թեքումով, քրեակատարողական հիմնարկում իրականացնում է դատապարտյալի դիպլոմային աշխատանքի պաշտպանություն։  «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կրթություն ստանալ անկախ գտնվելու վայրից։ Եվ համակարգը, փառք Աստծո, այդ հնարավորությունն ապահովում է։ Սա մարդասիրական լուրջ քայլ է»։

Դիպլոմային աշխատանքի ղեկավար պարոն Փարիկյանը նկատեց, որ կոլեկտիվ աշխատանքի արդյունք է այն, որ ցմահ դատապարտյալը դիպլոմային է պաշտպանում. «Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե չլիներ Մանուկի մոտ այն նվիրվածությունը, նպատակասլացությունը, որ տեսնում եմ։ Ես հոգեպես բավարարված եմ»։

Մանուկը պատմեց, որ բոլոր փորձերը, նախագծերը, ամեն ինչ կատարվել է խցում, օգնել են խցակիցները։ Նա շնորհակալություն հայտնեց բուհի դասախոսներին, աշխատակազմին, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, հոգեբան Օֆելյա Չարչյանին ու պարոն Աբաջյանին։ «Բոլորին եմ շնորհակալ։ 10 տարի անց պիտի ասեմ՝ հպարտ եմ, որ Պոլիտեխնիկի ուսանող եմ, չեմ կարող ասել ինչքան ժամանակ կանցնի, որ դուք մի օր ասեք, որ հպարտ եք, որ իմ պես ուսանող ունեք։ Ամենամեծ շնորհակալությունը պիտի հայտնեմ պարոն Փարկյանին։ Ես իրեն համարում եմ լույս բերող մարդ»,- ասաց Մանուկ Սահակյանը՝ նշելով, որ հնարավորության դեպքում մեծ ցանկություն ունի շարունակելու  ուսումն ու աշխատելու։

Պրոռեկտոր Աղբալյանն ընդգծեց, որ օրենքը թույլ չի տալիս ճարտարագիտական ուղղվածությամբ մագիստրոսական կրթությունը շարունակել տարածության վրա, պատճառը լաբորատոր բազան է, որ անհնար է տարածության վրա ուսանել։ Նա տեղեկացրեց, որ 2016 թ-ից ճյուղային տնտեսություն և կառավարում մասնագիտություններով հնարավորություն է լինելու մագիստրոսական ծրագիր անել։ Ուստի այդ ժամանակ Մանուկ Սահակյանը մեքենաշինության բնագավառի տնտեսագիտության կամ կառավարման ուղղությամբ հնարավորություն կստանաս շարունակել ուսումը։

Ցմահներին ամեն շաբաթ այցելող Տեր Գրիգորը պատմեց, որ ունեն 4 ուսանող ցմահ դատապարտյալ, նրանցից 2-ն ունեն աշխատանքային պայմանգրեր և աշխատում են։ «Դուք ավելին եք անում, քան ինժեների մասնագիտություն սովորեցնելը։ Դուք օգնում եք այս մարդկանց այս ծանր վիճակում ապրել և հույսը չկորցնել։ Իրենք ուզում են ապրել, իրենք իրենց կյանքի վրա խաչ չեն քաշել։ Երբ շատերն իմանում են, որ ցմահ դատապարտված մարդը սովորում է, աշխատում է, ասում են՝ ինչին է պետք ուսումը։ Պետք է, որովհետև իրենք պիտի սովորեն, ապրեն... Եթե իսկապես հավանեցիք Մանուկին, հնարավորություն մտածեք, որ նա աշխատի։ Չլինի, որ սա մի էպիզոդ էր իր կյանքում, եղավ, անցավ։ Ցավում եմ, որ իր ընկերներն ներկա չէին, ոգևորիչ կլիներ նաև նրանց համար. միգուցե 4 ուսանողը դառնար 14։ Շնորհակալություն, որ պայքարում ես ապրելու համար։ Ապրես տղաս»,- ասաց Տեր հայրը։

Վերջում պատասխանելով «Հետքի» հարցին՝ Մանուկ Սահակյանն ասաց. «Մարդկանց մոտ տպավորություն է, որ մարդը ցմահ ազատազրկվում է, ուրեմն վերջ, նա մահանում է։ Բայց մարդը, իմ կարծիքով,  մահանում է, երբ նրանից խլում ես նպատակը»։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (11)

Հաճելի գնումներ - ին
Այնպես եք խոսում, կարծես լուսնից եք իջել, կարծես չեք տեսնում Հայաստանում ինչքան փտած է արդարադատության համակարգը, ինչպես են շարունակ անմեղ մարդկանց դատապարտում, թե՞ դուք ներկա եք եղել սպանությանը...
Կարինե Դավթյան
ցեղասպանության 100-ամյակն անցավ, մի նորմալ բան չարեցին, գոնե համաներում հայտարարեին անաստվածները
Ամալյա
Մանուկ ջան, ապրես, շնորհավորում եմ: Նայում եմ լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքերին, աչքերին. բարություն է կաթում... Քո աչքերն էլ այդքան խելոք են...Չգիտեմ ինչու ես հայտնվել ճաղերի հետևում, բայց թող քո ոգին ձգտի և հասնի ազատության, ու երբ պահը գա, դու` որպես լավ մասնագետ, պատրաստ կլինես աշխատելու մեր երկրում:
Georgi
Ապրես Մանուկ ջան, դու քո այս քայլով ավելի մեծ բան ես անում յուրաքանչյուր երիտասարդի, յուրաքանչյուր ուսանողի, յուրաքանչյուր մարդու համար, քանց որևէ մեկս.........
Արև
Բայց մարդը, իմ կարծիքով, մահանում է, երբ նրանից խլում ես նպատակը»։
Tamara
Hamanerumy nman mardkanc hamar Petq e gorci, I'm karciqov. Ays Marcy djvar te aylevs hancanq gorci kam vnas ta.
Արսեն Վարդապետյան
Իմ շատ սիրելի պոլիտեխնիկ, ես ուզում եմ խորին շնորհակալուտյուն հայտնեմ մեքենաշինական ֆակուլտետի դասախոսական անձնակազմին Մանուկին աջակցելու համար հանձինս դեկան՝ Արմեն Արշակյանին աբեոնի վարիչ՝ Բալասանյանին: Նրանց ջանքերի շնռրհիվ Մանուկը իրագործեց իր երազանքը:
Ցողիկ
Ես նոր եմ ավարտել մագիստրատուրան Մեքենաշինական ֆակուլտետի և շատ գոհ եմ ամբողջ դասախոսական կազմից,, Ես երկու օր առաջ եմ պաշտպանել մագիստրոսական թեզը, այս նույն դասախոսական կազմով, և շատ գոհ եմ նրանցից, նրանց վերաբերմունքից: Եթե ինձ հարցնեին դու որ նորից ընտրելու լինես ինչ մասնագիտություն կընտրես ,ինչ բաժին ,ես կպատասխանեմ միմիյայն Մեքենաշինական ֆակուլտետ, որտեղ կցանկանամ լինեն ,դեկան՝ ընկեր Արշակյանը և դասախոսական այս նույն անզնակազմը: Ես շատ հպարտ եմ, որ հենց իրենք են ինձ ուսանել:
Մուշեղ Աղաքարյան
Կարծում եմ՝արժի,որ անձամբ Մանուկի և ՔՀԿ-ի ղեկավարության կողմից կարելի է դիմել ՀՀ նախագահին անձամբ նրան ներում շնորհելու և ազատելու խնդրանքով...
Evelina
Չգիտեմ ինչ պատճառով են դատապարտել Մանուկին, բայց համոզված եմ, որ այսօր փողոցներում թրև են գալիս հղբացած ու փչացած հայրիկների, փչացած լակոտները, կատարում ավելի ծանր հանցանքներ ու մնում անպատիժ, ինչպիսին լիսկայի լակոտն ու էլի նմանատիպ տականքներ: Հուսահանք, որ մի բարի օր դուրս կգաս, տղաս:
Արմեն
Հպարտ եմ Մանուկի համաի և հուսով եմ,որ կգա օրը,երբ նրան և մյուս դատապարտյալ ուսանողներին ներում կշնորհվի; Արդար չէ,երբ մեր կողքին ազատության մեջ են գտնվում անբան,անդաստիարակ ու հազպացած լակոտներ,որոնք իրենց արարքների համար արդեն իսկ պետք է հազար անգամ դատապարտված լինեին ցմահ ժամկետով: Մանուկ ջան շնորհավորում եմ,հպարտանում քեզանով ու ցանկանում,որ միշտ լավատես լինես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter