HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

20 մլն եվրոյի դրամաշնորհ և կրկնակի վարկեր՝ Հայաստանի համայնքներին

Հայաստանը 20 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա E5P հիմնադրամից՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Գումարը կտրամադրվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:

Նշված ոլորտներում ներդրումներ կատարելու դեպքում, Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն, Հայաստանը կարող է խնայել իր ՀՆԱ-ի մոտ 5%-ը: «Դա մոտավորապես կես միլիարդ դոլար է, դա մոտավորապես մեր ռազմական բյուջեն է, դա մոտավորապես էն գումարն ա, որը մենք ամեն տարի գազի համար վճարում ենք Ռուսաստանին»,- Հայաստանում ներդրումների հնարավորություններին վերաբերող սեմինարի ժամանակ այսօր հայտարարեց ԷԲՊՆ փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով ներկա էր նախարար Երվանդ Զախարյանի փոխարեն: Փոխնախարարը նաև ասաց, թե այս ուղղությամբ նախարարությունն արդեն 10 տարի է, ինչ աշխատում է, քանի որ «Էներգախնայողության մասին օրենքը 2004թ-ից ունենք»:

E5P-ն միջազգային բազմադոնոր հիմնադրամ է, որի միջոցները կազմում են մոտավորապես 170 մլն եվրո: Այս գումարը գոյանում է մոտ 2 տասնյակ պետությունների (հիմնականում՝ ԵՄ անդամ երկրների և ԱՄՆ-ի) ֆինանսական հատկացումներից: Սրանից բացի, տրամադրվում են վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից (ՎԶԵԲ, Եվրոպական ներդրումային բանկ, NEFCO, NiB, KfW, Եվրախորհրդի զարգացման բանկ, ՀԲ), որպես կանոն՝ դրամաշնորհի կրկնակի չափով: Հայաստանը, օրինակ, 20 մլն եվրո դրամաշնորհին զուգահեռ կստանա 40 մլն եվրո վարկ: Առանձին նախագծերին հատկացվող վարկ-դրամաշնորհ հարաբերությունը տարբեր կարող է լինել, բայց վերջինը կարող է հասնել մինչև 50%-ի:  Ինչպես փոխնախարար Հ.Հարությունյանն է ձևակերպում՝ դրամաշնորհը տրվում է, որպեսզի «վարկերը ավելի գրավիչ լինեն»:

Նախագծի շրջանակում թե՛ դրամաշնորհը, թե վարկերը կուղղվեն այնպիսի նախաձեռնությունների, որոնց նպատակը էներգիայի սպառումը, ածխածնի երկօքսիդի և այլ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելն է: Ուկրաինայի դեպքում, ըստ E5P-ի կայքի, հաշվարկված է, որ 15 տարիների ընթացքում նախագիծը տարեկան կխնայի 772.000 ՄՎտժ էներգիա և կկրճատի ածխաթթու գազի քանակը ավելի քան 272.181 տոննայով, ինչը հավասար է ճանապարհներից 121.000-ից ավելի մարդատար մեքենաների դուրսբերմանը:

Ուկրաինայում ծրագիրն արդեն կիրառվում է, Հայաստանից բացի դրան միացել են նաև Վրաստանն ու Մոլդովան, որոնք ևս 20-ական մլն եվրո դրամաշնորհ կստանան: Նախատեսվում է ընդգրկել նաև Ադրբեջանին և Բելոռուսին:

Հայաստանի դեպքում, ըստ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Հոա Բին Աճեմյանի, էներգիայի սպառումը կարելի է կրճատել 30%-ով: Հայկ Հարությունյանը հավելում է, որ հնարավոր կլինի նաև նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները, որպեսզի դրանք չանդրադառնան սակագնի վրա: Գումարները ներդնելու այլ օրինակներ են, ըստ փորձագետ Աստղինե Փասոյանի, Գյումրիի փողոցների լուսավորությունն ու վերակառուցումը, էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումների քանակը 50%-ով կրճատելը, մարզերի ջրամատակարարման խնդիրների լուծումը,  Երևանի մետրոյի ջրահեռացումը, երթուղային տաքսիներից հրաժարվելն ու տրոլեյբուսի պարկի վերազինումը:

Տրոլեյբուսային երթուղիները սպասարկող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնտեսագետ Եվգենիա Ավետիսյանը, ով ներկա էր սեմինարին, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տրոլեյբուսների 54%-ը շահագործվում է 1978թ-ից: Այն, որ էլեկտրաէներգիայի կորուստ են ունենում, պայմանավորված է նաև կոնտակտային լարերի մաշվածությամբ: «Մենք հիմա վնասով ենք աշխատում: Դուք երևի գիտեք, որ ուղևորավարձը 50 դրամ է, մեր հաշվարկներով՝ համարյա 190 դրամ է մեկ ուղևորավարձը: Ճիշտ է՝ պետությունը մեզ ինչ-որ գումար տալիս է, բայց չի արդարացնում մեր ծախսերը: Ամեն ինչ հնացված է ու թարմանալու կարիք ունի»,- ասաց Ե.Ավետիսյանը՝ հավելելով, որ ներդրումների դեպքում կկարողանան նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և ավելացնել երթուղիները:

E5P հիմնադրամների դրամաշնորհներն ու վարկերը նախատեսվում է ուղղել քաղաքային համայնքների էներգաարդյունավետության խնդիրների լուծմանը: Ընդ որում, դրանցից կարող են օգտվել ոչ միայն ՏԻՄ մարմինները, այլև մասնավոր ընկերությունները, որոնք լուծումներ կառաջարկեն:

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ով ներկա էր քննարկմանը, խոսեց քաղաքի «գոյատևման բյուջեի» և իրավիճակի մասին՝ թվերից ու կանխատեսումներից այն կողմ.  «Հիմա դուք փողը հեռվից ցույց եք տալիս, բայց էդ փողին հասնելու ճանապարհը էնքան խրթին ու բարդ ա, որ համայնքները դրան չգիտեմ ինչ ճիգեր պիտի գործադրեն, որ հասնեն: Ես համաձայն եմ և՛ խնայողության հետ կապված, և՛ ֆոնդային բյուջեի ավելացման հետ կապված ցանկացած քայլի գնալուն: Երկու տարվա ընթացքում քաղաքի սեփական եկամուտները, պետության տվածը չէ, սեփական եկամուտները կրկնակի ավելացել են, բայց դա ևս գոյատևման համար է օգտագործվում: Հիմա ո՞նց մոտենանք էն թվերին, որ արտահայտվում ա, և էդ վարկի տակ մտնելուն, այն էլ այն դեպքում, երբ որ վարկի տրամադրման համար պահանջվում ա նաև պետության երաշխիք... Խնդրում եմ՝ նաև էս մասին մտածեք»:

Լուսանկարը՝ E5P-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter