HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով մշակած հավեր մատակարարողին

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր հրապարակեց Երեւանի երեք մանկապարտեզներին օգտագործման համար անթույլատրելի թռչնամիս մատակարարած Էդվարդ Մխիթարյանի պատիժը` տուգանք 500 հազար ՀՀ դրամի չափով:

Դատավճիռը լիովին կանխատեսելի էր. դեռեւս նախորդ օրը` մայիսի 26-ին, գործով մասնակցող Երեւան քաղաքի դատախազ Գ. Մանուկյանը 20 րոպե համբերությամբ սպասում էր կալանքի տակ չգտնվող ամբաստանյալի ժամանելուն, որպեսզի ներկայացնի մեղադրական ճառը: Իր պաշտպանի հետ միասին դատարան ներկայացած ամբաստանյալի անհոգ կեցվածքը վկայում էր իր համար կանխատեսելի ու բարենպաստ դատավճիռ լսելու մասին:

Դատաքննությունն ընդամենը 5 րոպե տեւեց, որից 3 րոպեն բաժին ընկավ դատախազի ճառին, որն ամբաստանյալի արարքը համապատասխանեցրեց ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 1 րոպե տեւեց պաշտպան Սեյրան Գրիգորյանի ճառը, որը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի սոցիալական վիճակը հաշվի առնելով նրա նկատմամբ մեղմ վերաբերվել եւ նշանակել տուգանք` 300 հազար դրամի չափով, եւս երկու րոպե զբաղեցրեց դատավորը` ազդարարելով դատական նիստի սկիզբն ու ավարտը:

Դատարանն այսօր վերաորակեց դատախազի առաջարկած մեղադրանքը` 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակված արարքը վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջնահաշվարկում Երեւանի դատախազությունն ու դատարանը տարակարծություն չունեին նշանակված պատժաչափի` 500 հազար դրամ տուգանքի վերաբերյալ:

Ամբաստանյալն ընդունել էր առաջադրված մեղադրանքը եւ գործը քննվեց արագացված կարգով, որը հնարավորություն չտվեց հավաստիանալու, թե հանցագործության բացահայտման ժամանակ ոստիկանության տարածած հայտարարություններից որը հաստատվեց, եւ նշանակված պատժաչափը որքանով է համապատասխանում նրա արարքին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Էդվարդ Մխիթարյանը հաղթել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթում: 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա կազմակերպել եւ իրականացրել է հավի մսի մշակման եւ փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս՝ այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով եւ 79 կգ հավի միս էր մատակարարել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին:

Երեւանի քաղաքապետարանն ի պատասխան հայտնեց, որ մատակարարն ընդամենը մեկ ամիս առաջ` 2014թ.-ի հուլիսի 10-ին է Երեւանի քաղաքապետարանի հետ համապատասխան  գործունեություն իրականացնելու պայմանագիր կնքել` հաղթող ճանաչվելով հայտարարված մրցույթում եւ օգոստոսի 12-ին առաջին անգամ էր սնունդ մատակարել: Մինչդեռ 2014թ. օգոստոսի 14-ին տարածած հայտարարությամբ ոստիկանությունը տեղեկացրեց, թե պարզել են, որ քիմիական մի շարք նյութերի միջոցով մշակվող եւ օգտագործման համար ոչ պիտանի հավի միսը տեւական ժամանակ մատակարարվել է նաեւ մանկապարտեզներին:

Ըստ մեղադրական եզրակացության` Էդվարդ Մխիթարյանը 2014թ. օգոստոսի 4-ին եւ 11-ին Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին մատակարարել է ՀՀ Կառավարության՝ «Մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջներին չհամապատասխանող՝ 98750 դրամ արժողության 79 կգ հավի միս: Օգտագործման համար անթույլատրելի հավի միսը երեխաները չեն կերել, քանի որ մատակարարելուց րոպեներ անց, ամբողջ միսը հավաքվել է մանկապարտեզներից: Նաեւ քննության շրջանակներում հարցումներ են արվել բուժհիմնարկներ, թունավորման դեպքեր չեն արձանագրվել: 

2014թ.-ի օգոստոսի 13-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով եւ արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Էդվարդ Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հանրությանը տեղեկացրեց, որ «Սննդի մատակարար, արտադրող, իրացնող կամ սպասարկման օբյեկտ հանդիսացող կազմակերպությունները պետք է գրանցված լինեն Սննդի անվտանգության պետական ծառայությունում, որպեսզի համարվեն օրինական դաշտում գործող ընկերություն, սակայն անհատ ձեռներեց եւ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Մխիթարյանը նման գործունեություն իրականացնելու իրավունք չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան գրանցում:

Չպարզվեց, թե ինչպես էր «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով 10 տոննա հավը ձեռք բերել Է. Մխիիթարյանը եւ կատարված հանցագործության մեջ ինչ դերակատարություն էր ունեցել նրան մսամթերք վաճառողը:

Մեկնաբանություններ (5)

Գագո
Մի հատ ստուգող էլ հարկավորա ուղարկել Աբովյան փողոցում գտնվող, բժկականի խաչմերուկում գտնվող Արմենիա խանութ, երկու անգամ հավ եմ գնել էնռտեղից, կարծես ժավելով լվացած ըլներ, էդ քիմիական նյութերի համից սրտխառնոցներ ունեցանք, դիմեց խանութ ասում են մենք չենք, մատակարարնա մեղավոր:
Գեւորգ
1-ին: (((Պետք էր իր ու իր հարազատների երեխաներին ու թոռներին ստիպելով կերցնեին էդ հավի միսը))) - այ ախպեր էս ի՜նչ էս ասում, երեխաներն ի՜նչ են արել: Նման հանցանքի համար Չինաստանում շատ մարդիկ են մահվան դատապարտվել (նայեք ԶԼՄ - երը): Բայց մենք ախմախ չենք, հասկացող ու խղճով հայ ենք՝ օրը ցերեկով մարդ սպանողի դրության մեջ էլ ենք մտնում (դու փողը տուր!) Ուրիշ բան, եթե առաջարկեիր փրկագինը հենց էդ հավերով վճարեին:
whistleblower
Էդ վճիռ կայացնողը նույն արժեհամակարգը ունի... խեղճ երեխեք ում մարդակային տականքը զրկում է առողջությունից ու մանկությունից; մարդիկ, որ փողի խաթեր Երեխեքին են վնասում, երբ որ կա հազար ու մի ավելի ազնիվ ճանապարհով փող սարքելու հնարավորություն, արժանի են մահապատժի... աներկբա... էդքան է ձեր շուստրությունը հա,…անմեղ, անպաշտպան, ձեզ վստահող երեխեքին դավաճանելը հա? նողկանքներ, ձեզ մարդ համարելը մեղք է
հայ
Եթե դրան տուգանելու փոխարեն պարգեւատրեին, մեկ է, զարմացող, ձեն հանող չեր լինելու: Մենք արդեն մեռածի հաշիվ ենք -ԲԱՐՈՅԱՊԵՍ
Ս. Ավագյան
Ուրեմն հարյուրավոր երեխաների կյանքը վտանգելու համար ընդամենը տուգանք.. Պետք էր իր ու իր հարազատների երեխաներին ու թոռներին ստիպելով կերցնեին էդ հավի միսը հետո էլ էդ հավերի բախտին արժանացնեին իրեն էդ նույն տարաներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter