HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Սիրիա

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ մայիսի 27-ին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահ Բաշար ալ-Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարևոր է համարել՝ միաժամանակ, բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։

Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշել է. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա ապրիլին՝ Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, ինչը հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսևորումն է:

Սիրիայի նախագահը և Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի նխագահն ընդգծել է, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարևոր է հանդուրժողականության և բազմազանության տեսանկյունից։ Նախագահ Ասադը, արժևորելով հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման և երկրում կայունության ապահովման գործում, խնդրել է նաև իր բարեմաղթանքները և հարգանքի հավաստիքը փոխանցել սիրիահայ համայնքին, որոնց ներկայացուցիչների հետ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է օրվա երկրորդ կեսին։

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրել, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։

«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում», - շեշտել է արտգործնախարար Նալբանդյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության և ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցությության դրսևորում։ Սիրիահայերը կարևորել են Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter