Շաբաթ, 22 սեպտեմբերի

7 անչափահասները՝ դհոլի ու դուդուկի երազանքներով



Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ծայրում երկհարկանի շինությանն ենք մոտենում: Զարմանում եմ. գյուղում սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքի տունը գուցե սխա՞լ են ցույց տվել: Ուղեկցող վարդենիսցիները նորից են վստահեցնում, որ Ավետիսյանները հենց այնտեղ են ապրում, պարզապես տան հետին հատվածում, իսկ ավելի բարեկարգ հատվածը զբաղեցնում է մյուս եղբայրը: Հիշեցի, որ րոպեներ առաջ գյուղապետ Կամո Պետրոսյանը հենց այդ մասին էր պատմում. գյուղում բնակֆոնդի կարիք կա: Երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա գյուղում: Ամուսնացողները՝ հայրական տները կիսում են եղբայրների հետ:

Ուղեկիցներս նաև պատմում են, որ երեխաների հայրը «շատ աշխատող տղա է, ամեն ինչ անում է, որ հաց հասցնի ընտանիքին»:

Դեռ ներս չմտած՝ բակ նետած առաջին հայացքդ հուշում է, որ տան տիկինը կոկիկ է: Տան կողքը չորացվող աթարը չափազանց համաչափ ու խնամքով է դասավորված:

Բակում կանգնած բեռնատարի մոտ թռչկոտում էր երեխաներից մեկը` խիտ, երկար մազերով: Քիչ հետո տնից ոչ հեռու արածող ցուլերի մոտից իջնում է 7 երեխայի մայր Մարիամը:

Խոսակցությունը բակում ենք սկսում, բայց մի տեսակ առաջ չի գնում: Մարիամը շատ զուսպ է խոսում: Գուցե ուղեկցող համագյուղացիներից է ամաչում, դժվար է բացվում: «Եկամուտ չունենք, էդպես որ ասեմ, ամուսինս դուրս է գալիս Ռուսաստան, աշխատում է, շինարարություն է անում: Ապրում ենք էլի»,-հակիրճ պատմում է Մարիամը:

32 տարեկան է, բայց նրա երիտասարդ տարիքի հոգսաշատ հայացքը, ունքերի արանքում երևացող զուգահեռ կնճիռները, երեխաների կոկիկ հագուկապը հուշում են, որ 7 անչափահաս երեխաներին կարողանում է մեծացնել ուժերի հնարավորությունների գերլարումով : 5-ից մինչև 15 տարեկան են երեխաները, 3 աղջիկ և 4 տղա՝  Սվետա, Սոնա, Սոֆյա Վազգեն ,Վահան, Վանուշ, Վահե անուններով:

Դռան մոտ կարտոֆիլի 600 մ տարածությամբ հողամասն է՝ նախատեսված ուտելու համար: Վաճառելու համար ցանել չեն կարող, ջուր չկա: Տան կաթնամթերքն ապահովում են 3 կովերը: 68 հազար էլ նպաստ են ստանում:

Անձրևի պատճառով դրսի զրույցը տեղափոխվում է ներս: Բայց մինչ այդ՝ աջ ու ձախ թռչկոտող երկար մազերով փոքրիկին Վահան կոչելը գրավում է բոլորիս ուշադրությունը: «Արա դու տղա՞ ես»,-զարմացած արձագանքում է համագյուղացիներից մեկը:

«Մազերդ ինչո՞ւ ես երկարացրել» հարցին՝ Վահանը պատասխանում է. «Կնքվիմ, նոր կտրեմ»: Մարիամը պատմում է, որ Վահանի մազերը ծնված օրից չեն կտրել: Տատն ասել է, կնքենք, նոր կտրենք: Այդպես էլ Վահանի կնունքը հինգ տարի է՝ հետաձգվում է:  

Կրտսեր Վահանը շարունակում է ուրախ տրամադրություն ապահովել նաև ներսում, երբ կոշիկները հանելուց պարզվում է, որ երկու տարբեր գուլպաներ է հագել: Մարիամը հյուրերից ամաչելով՝ հանդիմանում է մեծ աղջկան՝ Սոֆյային, որ ուշադիր չի եղել: Սոֆյան էլ արդարանում է՝ ինքը ներսում չի եղել, և Վահանն ինքնուրույն է հագել դրանք:

Չնայած տարբեր տարիքի և խառնվածքի 7 անչափահաս երեխաների առկայությանը, ներսում ամեն ինչ կոկիկ դասավորված էր: Սենյակներից որոշները նույնիսկ հարդարված են: Մարիամը նշում է, որ դեռ չվերանորոգված սենյակներ էլ կան, բայց եթե ամուսինն այս տարի հաջողություն ունենա, դրանք էլ հավանաբար կավարտեն:

Մարիամը պատմում է, որ երեխաների առաջադիմությունը դպրոցում փայլուն չէ, բայց երաժշտության, պարի նկատմամբ նրանք սեր ունեն: Երեխաներից երկուսը գյուղի դպրոցում գործող պարի խմբակ են հաճախում: Հարցնում եմ՝ երեխեքը դպրոցն ավարտելուց հետո ինչով են ուզում զբաղվել, որոշե՞լ են արդեն: Վազգենն առաջ ընկնելով՝ պատասխանում է. «Իմը որոշված է՝ համ պար, համ դուդուկ»:

Վազգենը գյուղի դպրոցում պարի խմբակ է հաճախում, բայց դուդուկի մասին առայժմ միայն երազում է: Վազգենի կրտսեր եղբայրն էլ՝ Վանուշը, ուզում է դհոլ նվագել սովորել: Մարիամն ասում է՝ երաժշտական գործիքներ Ապարանում են սովորեցնում, բայց իրենք հնարավորություններ չունեն, որ ամեն օր երեխաներին ուղարկեն պարապմունքների: Դուդուկի և դհոլի դասընթացներն ամսական 2 հազար դրամ է, գործիքները երեխաները պետք է իրենք առնեն: Բացի դրանից՝ Վարդենիս-Ապարան հասարակական տրանսպորտ չկա, 5 կմ ճանապարհը երեխաները պետք է կամ ոտքով անցնեն, կամ էլ հավաքվեն 1000 դրամ տան, որ տաքսին տանի:

Երեխաների կրթության հարցը դեռ անորոշ է: Մարիամը դա կապում է ֆինանսների հետ: Երեխաներից ավագը՝ 15-ամյա Սոֆյան, դպրոցն ավարտելուց հետո ուզում է վարսավիրություն սովորել: Որքանով դա իրականության կդառնա, դեռևս չգիտի: Նորից հույսը հոր հաջողության վրա է: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ) 19:10 - 2 հունիսի, 2015
Այսպիսի ընտանիքներ լիքն են արդեն Հայաստանում, բայց դեռ շարունակում են պսպղուն ու ցուցադրական եկեղեցիներ կառուցել: Մի բան հաստատ է. այդ օլիգարխա-կղերական եկեղեցիներում աստված չկա՛:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ