Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանի իշխանությունները քննադատվում են մայրերին եւ երեխաներին «ոչ համարժեք» պաշտպանելու համար



Կառուսելներ, փուչիկներ, համերգ, պաղպաղակ… այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Նախորդ շաբաթվա լրահոսում ամենատագնապահարույցը մանկապարտեզներում գրանցված թունավորումներն էին` Ալաշկերտ գյուղի, Արմավիր քաղաքի թիվ 6 եւ թիվ 9 մանկապարտեզներում, դրանից ամիսներ առաջ` Եղվարդ քաղաք մանկապարտեզում եւ այլն: Թեման եզրափակեց Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին օգտագործման համար ոչ պիտանի հավի միս մատակարարողի դատավարությունը, որով սահմանված պատժաչափը երեխաների նկատմամբ մեր երկրի պետական այրերի ուղղակի վերաբերմունքի վկայությունն էր: 

«Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան …: Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաեւ արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ»,- սա ասում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հունիսմեկյան ուղերձով: Երեխաների լիարժեք պաշտպանված լինելու համար «ամեն ինչի» պատրաստ քաղաքապետը ոչ մի վերաբերմուք չարտահայտեց իր վստահությունը չարաշահած մատակարարի նկատմամբ, ոչ մի պահանջ չներկայացրեց դատարանին` իրեն  վստահված հարյուրավոր մանկահասակ երեխաների կյանքը վտանգողի վերաբերյալ: 

 «Փրկեք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպությունը մեկ ամիս առաջ հրապարակեց իր տարեկան զեկույցը, համաձայն որի` մայրերի համար ամենաբարենպաստ երկրների ցանկում Հայաստանը 179 պետության շարքում 103-րդ տեղն է զբաղեցնում: «Ցանկը կազմելիս հաշվի են առել մայրերի առողջական վիճակը, մայրական մահացությունների թիվը, երեխաների բարեկեցությունը, կրթական, տնտեսական մակարդակը»,- տեղեկացնում է panorama.am-ը մայիսի 5-ի լրատվական թողարկումով:

Միայն այս տարի միջազգային կազմակերպությունները երկու զեկույց հրապարակեցին, որոնցում Հայաստանի իշխանությունները քննադատվում են մայրերին եւ երեխաներին «ոչ համարժեք» պաշտպանելու համար: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոնի նախնական զեկույցները բավականին մանրամասն ու խոսուն օրինակներով են անդրադառնում այս թեմային: Կանանց նկատմամբ բռնությունները ամենատարբեր կերպ են դրսեւորվում`  սեռական բռնություն, զուգընկերոջ կողմից ընտանիքի եւ ընկերների հետ շփումների սահմանափակում, տեղաշարժի վերահսկում, տնտեսական զրկանքների ենթարկում եւ այլն:

«Հ/կ-ներն ընտանեկան բռնությամբ պայմանավորված մահվան յոթ դեպք են արձանագրել 2013 թվականին եւ 12-ը՝ 2014 թվականին: Դատարանը ձեւավորել է նաեւ ընտանեկան բռնությանը վերաբերող որոշակի նախադեպային որոշումներ, եւ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերել են կյանքի իրավունքին (Կոնվենցիայի 2-րդ հոդված),  խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքին (Կոնվենցիայի 3-րդ հոդված), երբ իշխանություններն անձանց համարժեքորեն չեն պաշտպանել ընտանեկան բռնությունից, ընտանեկան բռնության մասին բողոքների անբավարար քննությանը եւ արտահանձնման դեպքում ընտանեկան բռնության ենթարկվելու ռիսկին, մասնավոր եւ ընտանեկան կյանքի հարգման իրավունքին (Կոնվենցիայի 8-րդ հոդված)  եւ խտրականության արգելքին (Կոնվենցիայի 14-րդ հոդված): Դեպքերի մեծ մասում ընտանեկան բռնության գործողություններն ազդել են նաեւ երեխաների՝ որպես տուժողների կամ ականատեսների վրա»,- ասվում է հանձնակատարի զեկույցում:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը միաժամանակ շեշում է, որ ընտանեկան բռնությունից տուժողներն, որոնք առավել հաճախ կանայք եւ երեխաներն են, պետք է պաշտպանվեն, այլ ոչ՝ մեղադրվեն ընտանիքը կազմալուծելու մեջ: «Պետությունն է կրում ընտանեկան բռնությունից պաշտպանություն կազմակերպելու պարտավորությունները, եւ հ/կ-ներից պետք չէ ակնկալել, որ նրանք այս հարցում փոխարինեն պետությանը»,- եզրափակում է ՄԻ հանձնակատարը:

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող տիկին Մոդ դե Բյոր-Բուքիքիոն Հայաստանի կառավարությանը կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների հանդեպ բռնության դեպքերին:

Չնայած՝ երեխաների սեռական շահագործման դեպքերի թիվը ցածր է` համաձայն պաշտոնական տվյալների, սակայն մարդու իրավունքների փորձագետը մատնանշել է երեխանպաստ գործունեության շրջանակներում դեպքերի բացահայտման եւ հաղորդման մեխանիզմների բաց եւ կոչ է արել իշխանություններին ստեղծել տվյալների հավաքագրման եւ տեղեկատվության համապարփակ համակարգ:

Անկախ փորձագետը ողջունել է ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացումը եւ դիմել է նաեւ օրենսդիրներին՝ արագացնելու Ընտանեկան եւ Քրեական օրենսգրքերի համապատասխանեցումը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ներառյալ՝ որդեգրմանն առնչվող բոլոր հարցերի վերջնական կարգավորումը:  

«Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կարգավիճակը պետք է վերանայվի երեխայի պաշտպանության համապարփակ քաղաքականության շրջանակներում՝ օժտելով այն համակարգման եւ վերահսկման գործառույթներով», - ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն Հայաստան իր առաջին պաշտոնական այցի ավարտին:    

Հատուկ զեկուցողը   բարձր է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում Ոստիկանության՝ անչափահասների իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ղեկավարությամբ միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած համակարգման աշխատանքը: Նշել է նաեւ, որ այս մոդելները պետք է ընդարձակվեն եւ արտացոլվեն՝ առավել արդյունավետ պայքարելու երեխաների սեռական չարաշահման, բռնության եւ սեռական շահագործման դրսեւորումների դեմ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով` «Կոնկրետ գործերով արտահայտենք մեր վերաբերմունքը երեխաներին», անուղղակիորեն պատասխանել է միջազգային կառույցների ներկայացուցիչների զեկույցներում տեղ գտած առաջարկներին:  

Նախարարը գրում է, որ համագործակցում են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող եւ մտահոգ տեղական եւ միջազգային կառույցների հետ: Ամենաթարմ օրինակներից է այս ամսվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության խթանման նպատակով համատեղ մշակած գործողությունների ծրագրի մեկնարկը, որը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության եւ արդարադատության մատչելիության համար քրեական, քրեադատավարական եւ քրեակատարողական օրենսդրության ազգային եւ միջազգային փորձաքննություն:

«Մեր նպատակն է անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների ծրագրի մշակումը՝ տարբեր մարմինների աշխատանքը համակարգելու, ՄԱԿ-ի ցուցանիշներին համապատասխան ցուցանիշներ մշակելու, վիճակագրությունը ամփոփելու եւ տեղեկատվական փոխանակումները արդյունավետ դարձնելու համար: Նախատեսված է նաեւ քննչական մարմինների կարողությունների զարգացում՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ ՄԱԿ-ի ուղենիշներին համապատասխան աշխատանքներ տանելու համար»,- տեղեկացնում է Հայաստանի արդարադատության նախարարը: 

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ