HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շուշին փորձում է կրկին կրթական կենտրոն դառնալ

Ագրարարային համալսարանը՝ Շուշիում

Այս տարվա սեպտեմբերին Շուշին պատրաստվում է ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արցախյան մասնաճյուղի ուսանողներին: Մինչ այս մասնաճյուղը գործում էր Ստեփանակերտում: Նորակառույց հաստատությունը բաղկացած է 4 մասնաշենքից: Մասնաճյուղում կսովորի ու կաշխատի շուրջ 1700 հոգի: Քաղաքում շուտով կգործի նաեւ ուսանողական հանրակացարանը: Արցախում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով հեռանկարում ծրագիր կա Հադրութի շրջանում՝ Արաքսի հովտում, կառուցել Ագրարային համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ կանցկացվեն պրակտիկ պարապմունքներ: Տնտեսության հարեւանությամբ կհիմնվի նաեւ ուսանողական ավան: Սակայն սա արդեն ապագայի ծրագիր է:

Համալսարանի Շուշիի մասնաճյուղի կողքին կառուցվում է ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, որը միջին մասնագիտական հաստատություն է: Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է, որ չնայած ուսումնարանը պիտի կառուցվեր 1 տարի 8 ամսում, արդեն 2 տարի շինարարությունն ընթացքի մեջ է: Այս ժամանակահատվածում կառուցապատողը փոխվել է: Նախորդ շինարարը, ըստ մեր տեղեկությունների, իր պարտականությունները պատշաճ չէր կատարում եւ աշխատողների հանդեպ պարտքեր էր կուտակել: Քաղաքապետն ասում է, որ չնայած այս տարի պիտի ընդունելություն լինի, ու ներկա շինարարն էլ հայտնել է, թե պիտի հանձնեն կառույցը, դեռ շատ անելիքներ կան: Դա ֆիքսեցինք նաեւ մենք: Ըստ քաղաքապետի՝ հանգուցյալ Ե. Մոզյանի ներդրած գումարներից բացի` իր մասնակցությունն ունի նաեւ պետությունը, իսկ ֆրանսիական կողմի ներկայացուցիչը խոստացել է ուսումնարանն ապահովել սարքավորումներով եւ գույքով:

Ուսումնարանի ներկա տեսքը

Ներկայում Շուշիում գործում է 3 դպրոց (ավագ, հիմնական, միջնակարգ), 2 մանկապարտեզ, ինչպես նաեւ երաժշտական ուսումնարան ու մանկավարժական քոլեջ: Հովանավորի միջոցով նախագծվում է եւս մեկ մանկապարտեզ 100 երեխայի համար: Փաստորեն, ժամանակին վարժարաններով հայտնի Շուշին կրկին փորձում է դառնալ ուսումնակրթական կենտրոն: 

Ղազախ բարերարը ֆինանսավորում է մզկիթ տանող ճանապարհի նորոգումը

Այսօր քաղաքում զարգանում է նաեւ մշակութային կյանքը: Գործում է 4 թանգարան՝ պատմաերկրագիտական, կերպարվեստի, քարերի, գորգերի:

Կերպարվեստի թանգարանը Գորգերի թանգարանը

Սրանց եւ դիտարժան վայրերի առկայությունը նպաստում է զբոսաշրջիկների հոսքի աճին: Ըստ քաղաքապետի՝ Շուշիում տուրիստներին հետաքրքրում են հատկապես Ձիատափ (Ջդրդուզ) սարահարթը, Հունոտի կիրճը, թանգարանները, Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ ժամը (Սբ. Հովհ. Մկրտիչ եկեղեցի), մզկիթներն ու Շուշվա բերդը:

Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը Կանաչ ժամը

Մուսուլմանական հուշարձանները պետական պահպանության ներքո են: Դրանցից վերանորոգվել է Վերին մզկիթի տանիքը, տարածքը մաքրվել է: Քաղաքապետն ասում է, որ չնայած մզկիթը փակի տակ է, սակայն զբոսաշրջիկների այցելության կետերից է, ու հարկ եղած դեպքում բացվում է: Ներկման աշխատանքներ են կատարվել մեդրեսեում (մուսուլմանական ուսումնական հաստատություն), որը նաեւ ցանկապատվել է: Արծվիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Դումանի փողոցի (քաղաքապետարանից մինչեւ Վերին մզկիթ) ներկա վերանորոգման ֆիանսավորումը ստանձնել է ղազախ բարերար, ինչը պայմանավորված է մզկիթի գործոնով: Փողոցը նորոգվում է հիմնովին. փոխվում են կոյուղագծերն ու խմելու ջրագծերը: Մուսուլմանական հուշարձաններից չի հսկվում Ներքին մզկիթը:

Մեդրեսեն

Զբոսաշրջության զարգացման եւ քաղաքի բարեկարգման աշխատանքների շրջանակներում վերակառուցվում է քաղաքի կենտրոնից մինչեւ Ձիատափ տանող ճանապարհը: Այսօր քաղաքում 3 հյուրանոց է գործում՝ «Ավան Շուշի Պլազա», «Շուշի Գրանդ» եւ «Շուշի», ինչպես նաեւ մեկ ռեստորան-հյուրանոց: Տուրիստների շրջանում պահանջարկ ունեն նաեւ վարձակալությամբ տրվող տները:  

Ըստ քաղաքապետի՝ Շուշիի բնակֆոնդը սպառված է

Եթե 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին Շուշի քաղաքն ուներ 25-26.000 բնակչություն, իսկ 1989-ին՝ 15.000, ապա այսօր այդ թիվը շուրջ 5.000 է: Ա. Սարգսյանը նշում է, որ քաղաքում գրանցված է 4.446 մարդ: Նրա հավաստմամբ՝ Շուշիում արտագաղթ չկա, արտասահման մեկնողները գնում են աշխատելու նպատակով, սակայն հետո վերադառնում են: Արծվիկ Սարգսյանը քաղաքապետ է 2013-ից: Իր հիշելով՝ այդ ժամանակ քաղաքում բնակչությունը շուրջ 4.000 էր: Անցյալ տարի Շուշիում գրանցվել է 91 ծնունդ, 33 մահ:

Սարգսյանի ասելով՝ Շուշիի շրջանում եւ քաղաքում քիչ չեն բազմազավակները: «Հայաստան» համահայկական հիմնադրամին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ում ներառել Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը, ինչն ընդունվել է: Մինչ այս պետությունը տուն էր հատկացնում 6 անչափահաս ունեցողներին: Շուշիում, ըստ քաղաքապետի, բազմաբնակարան շենքերի վերակառուցումը ֆինանսավորում է համահայկական հիմնադրամը: Վերջին նմանատիպ աշխատանքները կատարվել են Արամ Մանուկյան ու Դումանի փողոցներում, չնայած, Ա. Սարգսյանի համոզմամբ, կարելի է ասել, որ ամեն ինչ արվել է 0-ից: Վերանորոգվել է 2 շենք: Պետությունը դրանք երկարաժամկետ մարման վարկային պայմաններով եւ ցածր տոկոսադրույքով վաճառում է, մի մասն էլ կառավարությունը հատկացրել է սոցիալապես կարիքավոր ընտանիքների: 6 բնակարան գնել, ապա բազմազավակների ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների են նվիրել բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյանները:

Քաղաքի ղեկավարն ասում է, որ հիմա բնակարաններ վաճառողներ էլ կան, գնողներ էլ: Վաճառքը, մասնավորապես, պայմանավորում է նրանով, որ ժամանակին, երբ քաղաքն ազատագրվեց, որոշները մեկից ավելի տներ ձեռք բերեցին առանց գումարի, ապա սեփականացրին ու հիմա վաճառում են, իսկ պահանջարկը պայմանավորված է հիմնականում Ագրարայինի տեղափոխությամբ, քանի որ հանրակացարանը չի կարող տեղավորել բոլորին՝ մի մասը վարձով կապրի, մի մասը՝ տուն կառնի, մյուսներն էլ կգան-կգնան կամ կապրեն բարեկամների մոտ:

Ղազանչեցոցը` մինչեւ վերանորոգումը

Բայց հարցին, թե կարող է արդյոք քաղաքը բնակարաններով ապահովել, օրինակ, սիրիահայերին, որոնք իբրեւ վերաբնակ կհաստատվեն Շուշիում, Ա. Սարգսյանն ասում է. «2006-ից (2005-2010 թթ. եղել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր- հեղ.) այդ հարցը միշտ բարձրացնում եմ: Օրինակ՝ տեսնում ենք ավերված բնակարաններ, բայց դրանք փակ են, ժամանակին հատկացրել են մարդկանց, որ սարքեն, մարդիկ վերցրել են, դուռը դրել են ու փակել: Տները սեփականացված են, այնպես որ հնարավարություն չունենք վերցնելու»: Նշում է դեպքեր, երբ բացակայող սեփականատիրոջ տան քանդվող պատը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հարեւանի տան տանիքի համար, կամ ուրիշի կիսատ նորոգման արդյունքոմ ջուր է լցվել հենց իր բնակարան: Ըստ Սարգսյանի՝ ելքը սեփականատերերին գտնելն ու կանչելն է՝ խնդիրները վերացնելու համար, այլ պարագայում՝ լուծման ուրիշ մեխանիզմներ գտնելը, ինչպիսին կարող է լինել դատարանը:

Շուշին առ այսօր չունի խմելաջրի մաքրման կայան

Քաղաքը ներկայում, բացառությամբ մի քանի շենքների ու տների, գազիֆիկացված է: Լուսավորությունից Շուշիի ղեկավարը նույնպես չի բողոքում, նույնը վերաբերում է նաեւ ջրամատակարարմանը: Միակ խնդիրը, ըստ նրա, ջրի մաքրման կայանի բացակայությունն է, որը չի գործում ազատագրումից ի վեր: Ասում է՝ խողովակաշարերը նորմալ վիճակում են, ջրի քանակն էլ բավարարել է նույնիսկ անցյալ տարի, երբ ամբողջ ԼՂՀ-ում ջրի պակաս կար: Սակայն կայանի չլինելու հետեւանքով անձրեւների ժամանակ ջուրը պղտորվում է: Ըստ Ա. Սարգսյանի՝ 2005-ից մինչեւ հիմա բարձրացնում է այդ հարցը տարբեր ատյաններում, բայց լուծում դեռ չկա: Այս տարվա ԼՂՀ ԱԺ ընտրություններում նույնպես առաջ է քաշել խնդիրը, թեկնածուները խոստացել են լուծել: Թե որքանով տեր կկանգնեն նրանք սեփական խոստումներին, ցույց կտա ժամանակը: Շուշիի մոտ 60 տոկոսը ապահովված է շուրջօրյա ջրով: 24-ժամյա ջուր ունեցողները պարտավոր են ջրաչափ տեղադրել, 1 խմ-ն արժե 100 դրամ, իսկ ժամով ստացողների դեպքում՝ շնչին՝ 300 դրամ: Քաղաքապետն ասում է, որ որոշել են չավելացնել աղբահանության 120 դր վճարը, չնայած իրենց ծախսերն այդ քայլին գնացած Ստեփանակերտից ավելի մեծ են, քանի որ սեփական աղբավայր չունենալու պատճառով աղբը տեղափոխում են մայրաքաղաքի մոտ:

Արծվիկ Սարգսյանը ձեռքբերում է համարում այն, որ Շուշիում «բոմժ» կամ մուրացկան չկա: Ասում է՝ ժամանակին կար Անժելա անունով մի կին, ում կոմունալ ծառայությունում տեղավորել էր աշխատանքի իբրեւ հավաքարար, սակայն նա շարունակում էր անչափահաս աղջկա հետ «փայ հավաքել»: Քաղաքապետարանը ստիպված երեխային ուղարկել է Քաշաթաղի մանկատուն: Հետագայում Սարգսյանը հարցը «գեղեցիկ ձեւով» (նրա ձեւակերպումն է) լուծել է: Կնոջ հարազատներին հայտնել է նրա զբաղմունքի մասին, ինչից հետո երեխային ու մորը տեղափոխել են Արտաշատ: Քաղաքապետը հավաստիացնում է, որ բնակչությունը սոցիալական վիճակից չի բողոքում. մի մասը պետական հիմնարկներում է աշխատում, մի մասը՝ մասնավորապես, շինարարության ոլորտում, մյուսներն էլ՝ Ստեփանակերտում: Նվազագույն սպառողական զամբյուղի մասին խոսելիս ասում է, որ փողոց ավլողը ստանում է 50-60.000 դր աշխատավարձ, սակայն, բնականաբար, դա բավարար չէ ընտանիք պահելու համար: Ապա հավելում է, որ բարերաներից մեկը բոլոր միայնակ թոշակառուներին ու առաջին կարգի հաշմանդամներին ամսական 5.000 դրամ օգնություն է հատկացնում: 

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Շուշեցի
Այ մարդ, Շուշիում քանի՞ ապրող կա՞, որ կրթական կենտրոն դառնա, պետությունը կազմակերպե՞ց Շուշին բնակեցնելու ծարգիր, փոխանակ Իրաքից ու Սիրիայից հայերին բերեր լցներ Շուշի ու ազատ գործելու հնարավորություն տար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter