HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե անգամ 0,0001 տոկոս կասկած կա մարդու մեղավորության վերաբերյալ, ապա պետք է նախաձեռնել գործի վերաբացում»

2014 թ. մայիսին ԱՄՆ Օրլանդոյի Գերագույն դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ Դերիլ Հովարդի նկատմամբ, ով 1995 թ.-ին երկու անձի սպանության մեղադրանքով դատապարտվել էր 80 տարվա ազատազրկման: Գործի վերաբացման համար հիմք էր հանդիսացել նաև այն հանգամանքը, որ 19 տարի անց պարզվել էր՝ գործից բացակայում են իրեղեն ապացույցները: Այդ հիմքով Դերիլը ազատ էր արձակվել նույնիսկ մինչև քրեական գործի վերանայումը: Նա դատապարտվել էր վկաների հակասական ցուցմունքներով: Այսինքն՝ միայն իրեղեն ապացույցների բացակայությունը ԱՄՆ-ում հիմք էր դարձել 19 տարվա վաղեմության գործի վերաբացման համար:

Հիմա վերադառնանք մեր իրականություն. Հայաստանում 24 տարի շարունակ իրեղեն ապացույցները ոչնչացվել ու շարունակում են ոչնչացվել օրենքով՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների մասին է: Միայն մեր հետևողական բարձրաձայնումների արդյունքում իրեղեն ապացույցների պահպանման նոր դրույթ սահմանվեց ՔԴՕ նոր նախագծում՝ 100-րդ հոդվածի 2-րդ կետ: Սակայն քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, իրեղեն ապացույցները իներցիայի ուժով ու գործող օրենսդրությամբ շարունակվում են ոչնչացվել: Այնինչ քաղաքակիրթ աշխարհը մոտ 2 տասնամյակ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ գենետիկական փորձաքննություններով ու նոր երևան եկած հանգամանքներով հասնում է քրեական գործերի վերաբացման: Միայն ԱՄՆ-ում 2014 թ.-ի տվյալներով ԴՆԹ թեսթերով ազատություն է վերադարձել 328 քաղաքացի:

Մեր օրենսդրությամբ գործերի վերաբացման միայն երկու ճանապարհ կա՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանք, կամ էլ՝ էական դատական սխալ: Թեպետ ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ նոր երևան եկած հանգամանքներով պատրաստակամ են վարույթներ սկսել, այդուհանդերձ միայն մեր լուսաբանումներով 2 գործով ունենք մերժումներ՝ մահապատժի դատապարտված Արթուր Մկրտչյանի ու Սողոմոն Քոչարյանի գործերով:

Այսինքն՝ բավական չէ, որ Հայաստանում իրեղեն ապացույցները ոչնչացված են, նոր երևան եկած հանգամանքներով էլ գլխավոր դատախազությունը մերժում է վերաբացման վարույթ սկսել այլ հանգամանքներով, որոնք ներկայացնում ենք մենք՝ լուսաբանումներով, դատապարտյալների ներկայացուցիչներն ու իրենք՝ ազատազրկվածները: Թեպետ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանած են քրեական գործերի վերաբացման հիմքերը նոր երևան եկած հանգամանքներով, այդուհանդերձ մեր ունեցած պրակտիկան ցույց է տալիս, որ վերաբացման վարույթներ չի սկսում ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ Ռոբերտ Ռևազյանի, դատախազությունը հին գործերի վերաբացման հետ կապված որդեգրել է գլխացավանքից հեռու տարբերակը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է մահապատժի դատապարտվածներ (2003 թ.-ից ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի ու Արթուր Մկրտչյանի շահերը: 2014 թ.-ին նա դիմել է գլխավոր դատախազություն գործերի վերաբացման պահանջով՝ որպես նոր երևան եկած հանգամանքներ նշելով «Հետքի» երկու լուսաբանում: Երկու դեպքում էլ այդ գործերով դատախազները 19 տարի անց վկայակոչել էին նոր հանգամանքներ: Սակայն գլխավոր դատախազությունը դրանք չէր համարել նոր երևան եկած հանգամանքներ ու մերժել էր վերաբացման վարույթներ սկսել:

Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ դատախազությունը հին գործերի վերաբացման հետ կապված որդեգրել է գլխացավանքից հեռու տարբերակը. «Եթե վարույթ հարուցեն, պիտի գտնեն իրական մեղավորներին, պատասխանատվության հարց կարող է առաջ գալ, հնարավոր է փոխհատուցման պահանջ, նոր գլխացավանք… Փորձը ցույց է տալիս, որ դատախազությունը չի ուզում մտնել այդ դաշտ: Բայց եթե անգամ 0,0001 տոկոս կասկած կա անձի մեղավորության վերաբերյալ, պարզապես պետք է նախաձեռնել վերաբացման գործընթաց»,- ասում է փաստաբանը: 

Նրա համոզմամբ, եթե մենք իրավական երկրում ապրեինք, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը լինեին թիվ մեկ խնդիրը, այդ դեպքում նույնիսկ փաստաբանի կարիք չէր լինի, ով կփորձեր հետամուտ լինել հնարավոր դատական սխալների հետևանքով բանտերում հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Ըստ Ռևազյանի, այդ դեպքում հենց դատախազությունը կսկսեր գտնել սխալներն ու նոր վարույթ կհարուցեր, որպեսզի վերականգներ մարդու խախտված իրավունքը: «Սա նորմալ իրավական, ժողովրդավարական, մարդակենտրոն երկրի գործունեություն պիտի լիներ: Սակայն մենք, կարծես, փորձում ենք գլխով պատ ջարդել, ուրիշ համեմատություն չեմ կարողանում անել: Ցավոք սրտի եմ ասում՝ նման գործերում քաղաքական որոշումներն ավելի մեծ դեր են խաղում, քան գրված օրենքները»,- նշեց Ռևազյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան. «Նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելն ամենևին էլ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը, ով ներկայացնում է 1996 թ.-ին մահապատժի դատապարտված Մհեր Ենոքյանի շահերը, մեզ հետ զրույցում նշեց. «Երբ ԱՄՆ-ում, Եվրոպայում քրեական գործեր են վերաբացվում ժամանակակից գործիքների շնորհիվ, ավելի քան տարիօրինակ է մեր պետական մարմինների՝ դատախազության ու դատարանների անսխալական լինելու բարդույթը»:

Փաստաբան Բաղդասարյանն օրինակ բերեց, որ կան երկրներ, որտեղ պետությունն իր վրա է վերցնում որպես պարտավորություն ճշտելու՝ կոնկրետ գործում կա՞ն նոր երևան եկած հանգամանքներ, թե՞ ոչ:

«Իսկ մեր իրականության մեջ ոչ միայն այդպես չէ, այլև իրավապաշտպանների, փաստաբանների կողմից ներկայացված հանգամանքները, բողոքները ստանդարտ ձևով մերժվում են:

Մինչդեռ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելն ամենևին էլ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել: Այլ վարույթը պարզապես հարուցվում է ճշտելու համար փաստերի իսկությունը»,- շեշտում է փաստաբանը՝ նշելով, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է գնդակահարության շահադիտական նպատակով սպանություն կատարելու համար:

Բայց քրեական գործում դրված է մեկ անձի իրարամերժ 5-6 ցուցմունք: Սակայն դեպքից 19 տարի անց միջազգային անկախ փորձագիտական կենտրոնը տվել է եզրակացություն՝ ուղղակի գնահատական՝ միանշանակ Մհեր Ենոքյանը սպանություն կատարող անձը չէ:

Այդուհանդերձ, գլխավոր դատախազությունը այն նոր երևան եկած հանգամանք չի դիտում:

Փաստաբան Գարիկ Մալխասյանի կարծիքով, կլասիկ կարուսել է ստացվում

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գարիկ Մալխասյանի կարծիքով, բավականին խնդրահարույց ու մեկնաբանման կարիք ունեցող իրավիճակ է ՔԴՕ 426-3-րդ հոդվածի 1-ին մասի կետերի հիմքերով դատական ակտի վերանայումը: «Նախ՝ 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պրակտիկապես անհնար է դատական ակտը վերանայելը, քանի որ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Այսինքն՝ եթե դատական ակտը բեկանված չէ, քրեական հետապնդում դատավորի նկատմամբ չի կարող իրականացվել, իսկ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը կարող է վերանայվել, եթե դատական ակտով հաստատվել է դատավորի հանցավոր գործողությունները: Կլասիկ կարուսել է ստացվում: Կարծես թե այս պարագայում ՍԴ-ն պիտի մեկնաբանի, թե որ մարմինը կամ դատարանը կարող է քննել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը»,- նշեց փաստաբան Մալխասյանը:

Մինչ Հայաստանում շարունակվում են ոչնչացվել քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված իրերը, ազատազրկման մեջ շանունակում են մնալ դատապարտյալներ, ովքեր չեն կարողանում հասնել իրենց գործերի վերաբացման:

Հաջորդ անգամ կներկայացնենք օրենսդիր մարմնի դրիքորոշումն այս համակարգային խնդրի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter