Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սիրիահայեր. վերադարձ, որ չէին նախատեսել



«Աշխատանքի կողմէն որ լաւ եղաւ, մենք նոյնիսկ չենք մտածեր դառնալ Սուրիայ, որով Սուրիան պատերազմէն վերջ առաջուան Սուրիան դժուար դառնայ: Իր ապահովութիւնը, իր ամբողջ լաւ կէտերը ինքը կորսնցուց: Ամէնէն կարեւոր բանը, որ մենք Սուրիայի մէջ ունեինք, ապահովութիւնն էր: Ադ ապահովությունը չեմ կարծեր՝ ետ դառնայ»: 2013-ի հունվարին Հայաստան եկած Մարիա Բասմաճյանի համոզմամբ՝ Սիրիայում արդեն «անաստված, անվախ» ծայրահեղականներն են, որոնք նման չեն իրենց նախկին մուսուլման հարևաններին:

2011 թ.-ից առաջ Սիրիայում ապրում էր ազգությամբ հայ 80 հազար քաղաքացի, որոնց մեծ մասը՝ մոտ 60 հազարը, Հալեպ քաղաքում: Սփյուռքի նախարարության տվյալներով` այժմ Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ, որոնց բացարձակ մեծամասնությունը՝ Երևանում: Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի ընթացքում Հայաստան եկած սիրիահայերը մյուսներից տարբերվում են նրանով, որ այստեղ իրենց փախստական չեն համարում:

37-ամյա Մարիան Հայաստան է եկել ամուսնու և երկու զավակների հետ: Պատմում է, որ չէին նախատեսել Հայաստան գալ և մեկ ամսով քրոջ մոտ՝ Դուբայ էին գնացել. «Ըսինք՝ գոնէ մէկ ամիսով դուրս գանք, մենք մեզի մոռանանք»: Սակայն Հալեպ վերադառնալուց օրեր առաջ իմացել էին, որ օդանավակայանը փակ է: Այժմ երկու ամիս է՝ հարազատներից լուր չունեն, քանի որ Հալեպում ինտերնետ, հեռախոսային կապ չկա. «Միայն կը լսենք, որ լաւ են»:

Սիրիայում բնակված ու աշխատած հայերի կենսակերպը շատ բաներով էր տարբերվում նրանից, ինչին իրենք հանդիպեցին Հայաստանում: «Մեզ մոտ ընտանիքի մի անդամը՝ հայրը, կաշխատեր, 6-7 անդամով ընտանիքը շատ հանգիստ կապրեին, մի քիչ էլ փող կդիզեին»,- պատմում է Լենա Հալաճյանը, ով 2012-ին Հայաստան գալուց հետո հիմնել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:

Հայաստան տեղափոխվածներից շատերը, ըստ նրա, երկար ժամանակ ապրեցին այդ խնայողությունների հաշվին և աշխատանք չփնտրեցին, քանի որ հույս ունեին վերադառնալ Սիրիա, ծանոթ չէին Հայաստանին, աշխատավարձն էլ Սիրիայում վաստակածից քիչ էր: «Վերջը տեսան, որ աս երկիրը աս է, աշխատավարձն ալ աս է, եթէ չաշխատին, ադ ալ չպիտի ստանան, ու հիմա բաւական մեծ թիւով կաշխատին, փառք աստծոյ»,- ասում է Հալաճյանը՝ նշելով հիմնական ոլորտները, որտեղ Սիրիայից տեղափոխված մարդիկ աշխատում են. ոսկերչություն, սպասարկման ոլորտ, տաքսի ծառայություններ, ավտոմեքենաների վերանորոգում, ինչպես նաև ուտեստների պատրաստում ու վաճառք:

Պետրոս Քիրազյանը՝ արևելյան համեմունքների իր խանութում

Երբ յոթ ամիս առաջ Պետրոս Քիրազյանը վարձեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի անցումի տաղավարներից մեկը, ընդամենը 4-5 տաղավարներ կային: Ամիսների ընթացքում նոր սիրիահայ ձեռնարկատերեր եկան, և տարածքը պայմանականորեն անվանեցին «Հալէպի շուկա»: Այս անցումից Երևանի բնակիչները հաճախ չեն օգտվում: Պետրոսը, ով Սիրիայից, Լիբանանից ու Դուբայից բերված համեմունք ու սիրիական օճառ է վաճառում, ասում է, որ իրենց գլխավոր մտահոգությունը գովազդն է՝ շուկայի գոյության մասին մարդկանց տեղեկացնելը:

«Աստեղ տեղացին ալ լաւ չապրիր-կոր: Պետութիւնը տեղացիին արդէն չի կրնար օգնել, մեզի ինչպէ՞ս պիտ օգնէ: Նորէն ալ մեր հայրենիքն է, մենք պիտի զօրացնենք: Եթէ մէկ ձեռք ըլլանք, կրնանք ամէն ինչ ընել, տեղացին եւ սիրիացին»,- կարծում է Պետրոսը:

Հարևանությամբ աշխատող Ներսես Արոյանը, սակայն, իշխանություններին առաջարկում է մեկ տարի իրենցից հարկ չառնել կամ վարձերի կեսը վերցնել, «որ կրնանք ոտքի ելլել»: Նա 9 ամիս առաջ Հայաստան է եկել կնոջ ու մեկամյա երեխայի հետ, իսկ երկու ամիս առաջ վարձել է տաղավարը, որտեղ լամպեր ու ալեհավաքների պահեստամասեր է վաճառում: Մի քանի քառակուսի մետրի համար վճարում է 40 հազար դրամ, հարկային վճարներն ու կոմունալ ծախսերը հաշվում է 50 հազար, իսկ բնակվարձը՝ 100 հազար դրամ:

Ալին Տերտերյանը և Ներսես Արոյանը

Ինչպես շատերը, Ներսեսի ընտանիքն էլ մի քանի ամիս ստացել է բնակվարձի փոխհատուցում՝ 60 հազար դրամի չափով: Ներսեսը, սակայն, կարծում է, որ արտասահմանից սիրիահայերի համար ուղարկվող գումարն ամբողջությամբ չի հասնում իրենց. «Եկած դրամը, որ մեզի կուգա-կոր, դուրսէն է, ադ ալ լման չի հասնիր-կոր մեզի: Ո՞ւր է ադ դրամը, մենք այդ դրամին քառորդին քառորդը չենք տեսներ-կոր»:

«Հալէպի շուկայում» արագ սննդի վաճառք սկսած Վահրամ Տեր-Օհանյանն էլ պատմում է, որ երբ ցանկացել է իր տաղավարի դիմաց 2 սեղան դնել, ամսական 60 հազար դրամ վարձից բացի ևս 30 հազար են պահանջել: «Սիրիայ ալ աս բաները կան, բայց ոչ թե ամէն ամիս 30 հազար, տարին մէկ անգամ 30 հազար: Հիմա կթանկացնեն հոսանքը, ինչի՞ պիտ հասնինք. տունին վարձ, խանութին վարձ, ո՞ր մէկին: Տարին մէկ անգամ ըրեք, 6 ամիս մէկ անգամ ըրեք, միշդ փող, փող, փող»,- ասում է Վահրամը, ում 39-ամյա կինը ևս չի կարողանում գործ գտնել, քանի որ հայաստանցի գործատուների մեծ մասը աշխատանք է առաջարկում մինչև 30 տարեկան կանանց՝ սիրիահայ, թե տեղացի:

Վահրամ Տեր-Օհանյան. «Արաբները՝ ո՛չ, մոռցիր այլևս»

Հայաստանում կոշիկներ արտադրող Գևորգ Սաֆարը, ով Հալեպում էլ նույն գործն է արել, հիշում է, որ իրենց գործն սկսելու ժամանակ սիրիական կառավարությունը 4 տարի հարկ չգանձեց, որպեսզի գործը կայանա: Իսկ այստեղ, ասում է, թեկուզ սիրիահայերին արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում, սակայն բազմաթիվ փաստաթղթերից զատ պահանջում են նաև հայաստանցի երաշխավորի առկայությունը, ինչն իրենց համար հասկանալի չէ:

«Այո, աստեղ իմ հայրենիքս է, բայց երբ որ ես կտեսնեմ իմ հայրը ինձ չի նայեր, ինձի փող չի տար, ինքը իր քէֆին կերթայ, ես ադ հայրը չեմ ճանաչեր: Էդ մայրը չէ, որ ծնունդ կընէ, զաւակ կբերէ, իրական մայրը էդ զաւակը մեծցնողն է: Հա, իմ հայրենիքն է, բայց իմ հայրենիքը ինձի չի թողի, որ ես հաց ուտեմ, ուրեմն պիտի էրթամ տեղ մը, որ հաց ուտեմ, իմ ընտանիքին հաց տամ»,- ասում է Գէորգը: Որդին՝ Անդրանիկը, ով կոշիկների դիզայնով է զբաղվում, երկրի զարգացումը կապում է հարկային համակարգի փոփոխման հետ:

Գէորգ և Անդրանիկ Սաֆարները՝ իրենց արտադրած կոշիկների խանութում

Հայաստանում բնակվողների և Սիրիայից տեղափոխվածների հաղորդակցությունը դժվարացնող հիմնական գործոններից մեկը լեզվի տարբերության հարցն է: Արևելահայերենը պատմականորեն կրել է ռուսական ազդեցությունը, և խոսակցական լեզվում բազմաթիվ են ռուսերեն բառերը: Սիրիահայերի մեծ մասը ռուսերեն չգիտի, այն դեպքում, երբ Հայաստանում այն պարտադիր դասավանդվող առարկա է:

23-ամյա Էլիզաբեթ Կիրակոսյանը, ով ունի հյուրանոցի մենեջերի մասնագիտացում, պատմում է, որ իր մասնագիտությամբ աշխատելու համար ռուսերենի իմացություն են պահանջում: «[Սովորելը] դժուար չէ, բայց կարեւորութիւնը շատ չեմ զգար Հայաստանի մէջ: Այսինքն բոլոր ռուսները, որ հոս կուգան, արդէն անգլերէն կխօսին,- ասում է Էլիզաբեթը, ով շատ սիրիահայ երիտասարդների նման աշխատում է սրճարանում,- ամենէ շատ կաֆեները կը վճարեն: Կրնանք ուրիշ տեղեր աշխատիլ, բայց աշխատավարձները շատ քիչ են եւ մեր տունի վարձքի եւ ապրուստին հետ համեմատ չէ»:

Էլիզաբեթի աշխատավայրում հինգ սիրիահայ և երկու հայաստանցի երիտասարդներ են աշխատում: Մենեջերը՝ Տաթևիկ Մովսիսյանը, ասում է, որ իրենք կարևորում են անգլերենի իմացությունը, սիրիահայ աշխատակիցներն էլ «պատասխանատու են, աշխատասէր», թեև բարեխիղճ աշխատող լինելու դեպքում որևէ տարբերություն չեն դնում:

20-ամյա Գևորգ Սուքիասյանը՝ իր նորաբաց վարսավիրանոցում

Նույն կարծիքին է նաև Դիլիջանում փաբ բացող Նունե Սարգսյանը, ով փաբում աշխատելու մասին հայտարարություն էր տեղադրել սիրիահայերի աջակցության նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված խմբերից մեկում: Նունեն հավելում է, որ սիրիահայերի հետ համագործակցությունը նաև սոցիալական հարց է լուծում, քանի որ, ըստ նրա, Հայաստանի մարզերում աշխատողների բնակության վարձը (մինչև 50 հազար դրամի չափով) հոգում են զբաղվածության կենտրոնները: Հետևաբար՝ նրանք կարող են աշխատանք ունենալ և չմտածել բնակարանի վարձի մասին:

Ի դեպ, երևանյան սրճարաններից մեկի մենեջերը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե շատ գործատուներ պարզապես աշխատանքի են ընդունում սիրիահայերին, որպեսզի ազատվեն պարտադիր սոցիալական վճարներ կատարելուց:

Հայ Կաթողիկե եկեղեցու կացարանը, որտեղ այժմ 36 սիրիահայեր են ապրում

Սիրիահայերի հիմնական խնդիրներից մեկն էլ տեղական օրենքներին ծանոթ չլինելն է: Երբ հունվարի 28-ին Վահրամ Տեր-Օհանյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, 5000 դրամի չափ արտոնագրային վճար է մուծել, սակայն փետրվարի սկզբին նույն պահանջով մեկ այլ գրություն է ստացել: Հետո պարզել է, որ եթե վճարումն աներ մի քանի օր անց, հունվար ամսվա համար ստիպված չէր լինի վճարել: «Հոգ չէ, պզտիկ գումար է, ըրինք, վերջըցաւ, բայց գոնէ օտար ենք, մեզի թող ասեն, որ ասանկ բան մը կա»,- ասում է Վահրամը:

Իսկ Մարիա Բասմաճյանը մինչ այժմ չգիտի՝ իր 14-ամյա տղային՝ Ջորջին, քաղաքացիություն տալուց հետո բանակ կտանե՞ն, թե՞ ոչ: Հայաստանի քաղաքացիություն ստանալուց առաջ իրենց այդ մասին չեն տեղեկացրել, իրենք էլ կարծել են, թե ինչպես Սիրիայում, այստեղ էլ ընտանիքի միակ տղային չեն զորակոչում: Երբ Մարիան հայտնել է իր այդ մտահոգության մասին, ասել են, թե իրենց սխալ է հասկացել:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկիրը լքած հայերի մյուս մեծ հոսքը եղել է դեպի հարևան արաբախոս երկիր՝ Լիբանան: Ժակ Գևորգյանը, ով նույնպես արագ սննդի գործ է սկսել մեկ ամիս առաջ, կարծում է, որ Լիբանանն էլ ապահով տեղ չէ: «Հոն ալ մէկ թելի մը վրա կեցած է: Որեւէ մէկ վայրկեան կրնայ բռնկիլ, հոն ալ պատերազմ ըլլա»,- ասում է Ժակը:

Ժակ Գևորգյանը Հալեպում շապիկների վրա պատկերներ էր տպում

Շատերը Սիրիայից կամ Հայաստան գալուց հետո մեկնել են Կանադա, Ավստրալիա, Շվեդիա և այլ երկրներ: Այժմ Սիրիայում բնակվում է 9-10 հազար հայ: Ոմանք, հատկապես՝ մեծահասակները, չեն ցանկանում վերադառնալ: Հայաստան եկածների մեծ մասը Սիրիայում հարազատներ ունեն: Ասում են, որ ցանկանում են նրանց էլ պատերազմի գոտուց դուրս տեսնել, բայց չեն կարող, քանի որ իրենք հազիվ են ապրուստի միջոց գտնում: «Վտանգաւոր է, բայց եթէ պիտի գան ու գործ չիկա այստեղ, ինչպէ՞ս պիտի ապրին: Գործը ամէնէ կարեւոր բանն է, որ մէկը կեանքը շարունակէ»,- ասում է Էլիզաբեթ Կիրակոսյանը:

Մինչ այժմ Սիրիայում մնալու պատճառներից մեկն էլ այն է, որ պատերազմի պայմաններում էլ այնտեղ գործ կա, և կյանքն ավելի էժան է, քան Հայաստանում: Բացի դրանից՝ Հայաստան գալու դեպքում սիրիահայերը ստիպված կլինեն բնակվարձ տալ, որը, գաղտնիք չէ, բարձրացավ սիրիական կոնֆլիկտից հետո:

Սիլվա Բալաբանյանը այցելել է մորը՝ Պերճուհի Վասմաճյանին Կաթողիկե եկեղեցու կացարանում

Եթե Սիրիայում կրկին խաղաղություն լինի (թեև զրուցակիցներիս մի մասը դրան չի հավատում), իրենք հավանաբար ետ կդառնան՝ իրենց տները վաճառելու համար: Ասում են՝ հետո այստեղ տուն կգնեն ու գոնե բնակվարձից կազատվեն: Այդ դեպքում գուցե իրագործվի մայրաքաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող Աշտարակ քաղաքում «Նոր Հալէպ» թաղամասի կառուցման ծրագիրը, որն իրականացվելու էր բարերարների ու սիրիահայերի միջոցներով:

Լենա Հալաճյանի խոսքով՝ շատ մեծ նշանակություն ունի, թե ի վերջո ում կպատկանի իշխանությունը Սիրիայում: Բացառում է, որ մեկը վերադառնա, եթե իշխանության գան ծայրահեղականները: Եթե Բաշար ալ-Ասադի կառավարությունը մնա, գուցե շատերը վերադառնան: Ուսուցչուհի Զվարթ Կազանչյանը, օրինակ, ով քրոջ և 98-ամյա մոր հետ ապրում է Կաթողիկե եկեղեցու կացարանում, այժմ խոհարարություն է սովորում, սակայն եթե գործ չգտնի, կվերադառնա Սիրիա. «Ուզենք-չուզենք պիտի դառնանք, որով փող կուզէ, որ հոս ապրինք չէ՞: Հոն գոնէ տուն մը ունինք»:

Լենա Շամլյանը «Հալեպի շուկայի» իր տաղավարում

Մինչ սիրիական հարցի լուծումը հայաստանաբնակ ու սիրիաբնակ հայերը շարունակում են ապրել միասին: «Արդէն հոս սկսել ենք հիմնուել՝ առանց զգալու: Կամաց-կամաց մենք մեզի կհիմնենք-կոր ամէն ձևով»,- ասում է Լենա Շամլյանը՝ նշելով իր նկատած փոփոխություններից երկուսը՝ հայաստանցիները սկսել են վաղ պատրաստվել Ամանորին և ուշ փակել խանութները: «Մարդիկը ամէն բանով մեզի կուզեն-կոր օգտակար դառնալ, բայց իրենք ալ չեն կրնար, իրենք ալ չունին»,- նշում է Ներսես Արոյանը:

Արևելյան համեմունքների խանութի տեղացի այցելուներից մեկը՝ Արևհատ Էլոյանը, ասում է, որ սիրիահայ առևտրականներն «ավելի ազնիվ» են՝ պատճառաբանելով, որ «սովետով չեն անցել»: Խանութի տիրոջ՝ Պետրոս Քիրազյանի կարծիքով, այս տարբերակումը մեծագույն սխալներից է. «Տեղացին պիտի ըսէ, որ տեղացիները լա՞ւ չեն. ամէնամեծ սխալն է»: «Հալէպի շուկայի» տաղավարներից մեկի հայաստանցի վարձակալը՝ Սարգիս Քալանթարյանը, ում Վահրամ Տեր-Օհանյանն իր «թարգմանիչն» է կոչում, ասում է, որ սիրիահայ գործընկերներից կարելի է սովորել «ձգտումը՝ հասնել ամեն ինչի»:  

Հարաբերությունները, սակայն, ոչ միշտ են հարթ, այլապես Վահրամ Տեր-Օհանյանը չէր հիշի իր բնակարանի դռան վրայի գրությունը՝ «հալեպահայ է»: «Շատ խնդիրներ կան, որ ժամանակը ինքը կլուծէ, դուք ինչքան ալ ուզէք արագ լուծում տալ, չի կարելի, սերունդը պիտի փոխուի»,- ասում է Լենա Հալաճյանը:

Որոշ խնդիրների մասին խոսելիս՝ սիրիահայերը շեշտում են, որ դա ընդհանուր է Հայաստանում բնակվող միջին քաղաքացիների համար՝ ծնված լինեն Հայաստանում, թե Սիրիայում: «Ճիշտ ա՝ տարբեր կենցաղների մեջ ենք մեծացել, բայց երբ միասին ապրենք մի գավառում, իրար կհասկնանք: Դու ինձնից մի բան կքաղես, ես քեզնից մի բան կսովորեմ»,- ասում է 23-ամյա Մկրտիչ Քարայջյանը և նշում, որ շատ բան սովորեց Հայաստանում այն պահից, երբ ստիպված եղավ աշխատել: Ընկերը՝ Կարո Մատարյանը, եթե մի բան փոխելու լիներ Հայաստանում, պիտի ուզեր, որ «կառավարությունը փոխվի, ավելի խելացի լինի, ավելի զարգացած, կարդացած»:

Մկրտիչ Քարայջյանը աշխատում է որպես բարմեն Երևանի փաբերից մեկում

Մարիան այժմ արաբերենի դասերի է ուղարկում 14-ամյա որդուն՝ Ջորջին, ով Երևանի Նար-Դոսի անվան հիմնական դպրուցում մեկ տարի շարունակեց ուսումը սիրիական ծրագրով, իսկ հետո ստիպված եղավ առարկաները սովորել հայերեն, քանի որ «ասեցին՝ Սիրիա չէ մնացել, դուք պետքություն չունեք արաբերենի»: Ջորջը պատրաստվում է ընդունվել դեղագործական քոլեջ: Շուտով քննություններ կհանձնի:

Մարիա Բասմաճյանը զավակների՝ Ջորջի և Նայայի հետ: Ամուսինը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, տաքսի է վարում

Սիրիական ծրագրի դադարից հետո դեռևս գործում է արաբերենի դասընթացը՝ շաբաթական երկու ժամով, որին Մարիան ուղարկում է նաև դստերը՝ Նայային, ով դեռ 4 տարեկան է: «Ես կուզեմ իմ պզտիկներս արաբերէն ալ լաւ իմանան, ռուսերէնն ալ լավ իմանան, անգլերէնն ալ: Մենք կարող ա մինչեւ մեր կեանքի վերջ չկարողանանք դառնանք, բայց ես ուզում եմ պահեմ ծննդավայրս և ծննդավայրիս լեզուն, ես պէտք եմ զգում»,- ասում է Մարիան:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Հրանտ Գալստյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Հ.Շ.18:42 - 3 հունիսի, 2015
Սուրիայէն՝ Դէպի Երկիր http://hetq.am/arm/news/57177/suriayen-depi-erkir.html Քեսապ, Շուշի, նոյն Պայքա՞րը... http://hetq.am/arm/news/53850/qesap-shushi-noyn-payqary.html
2. minas05:11 - 4 հունիսի, 2015
I feel their pain as I have been through something similar in my life, it is not easy to change your life overnight. But I think they need to understand that Armenia really cannot do much for them. Yes, a father should take care of his sons but why is it that the sons only remember that they have a father when they are in trouble. If this people had planned their move to Armenia years ago before the war, they probably could have bought a newly built nice apartment in downtown Yerevan and start their own businesses. We can see a similar situation in other middle eastern countries like Iran and Lebanon, war can erupt in these countries as well but Armenians are reluctant to move to Armenia. We need to understand there is only one country in the world that really belongs to us, if that country is not perfect, we are all responsible for that.
3. Norserunt20:33 - 4 հունիսի, 2015
I don't care when an Armenians is born as long as he is a good Armenian and sees Armenia as his only homeland. But I really don't care about theses kinds of people. Syrian-Armenians always had a homeland to go to yet they happily chose to live amongst Arabs and Muslims all the while looking down on "Russified" Hayastancis. I'm actually embarrassed by diasporans who go to Armenia and yet strive to maintain their "Arabification" and seek to immerse themselves in Westernization. Why don't these characters realize that they are Turkified and Arabified and instead strive to learn the language and culture of their only homeland? Their attitude is primarily what fosters resentment from native Armenian.
4. Vahram19:11 - 5 հունիսի, 2015
"Happily chose to live amongst Arabs and Muslims..." What a load of bullshit you write Norserunt. As if, these people, whose grandfathers and grandmothers survived the Genocide, had any choice in where they found a refuge. And, for you info, Norserunt, thousands did "repatriate" to Soviet Armenia and were treated like shit by the local Armenians. Maybe if the shitty government in Armenia, which the locals seem to tolerate quite nicely, got off their asses and actually did something to move the country forward rather than exploiting the people, more Armenians from the Diaspora would chose to relocate to Armenia. But I don;t see this happening anytime soon. And BTW, many of these Syrian-Armenians speak better Armenian than those born in Yerevan!!!!
5. Xunsap'ha20:03 - 10 հունիսի, 2015
" ....but Armenians are reluctant to move to Armenia." Ever wondered why? If you have no clue of the reality about Armenia, I suggest you keep reading Hetq. Hopefully, one day the scales will fall off your eyes and you'll find out the answer. Just a teeny weeny hint for you; when the head is SICK and DISEASED and UTTERLY CORRUPT, is it possible that the rest of the body could be healthy or functioning normally? If you are silly enough to consider yourself responsible for the all-pervasive corruption among the ruling circles of the country, because you operate with your heart instead of your of your brain ("...there is only one country that belongs to us"), then you should be living there, as you deserve no more than your corruption-ridden Armenia. Suffice it to say, those who have the means and aspire for something better, inevitably leave Armenia. As for Norserunt's comment, I believe it should be ignored, as one cannot be sure which end of his produced it.
6. Random Armenian19:06 - 15 հունիսի, 2015
Norserunt, You're doing your own "looking down" as well. As if there is no Russification Armenia. Have you heard the Syrian Armenians speak? They speak clean Western Armenian. They have kept their Armenian heritage in Syria for generations since the genocide, while being a tiny minority. It's not easy to do. Armenia has the benefit of the population being Armenian. While it's important Armenia for diasporans to move to the homeland, these Syrians were very successful in Syria. They don't need a handout, but an opportunity to thrive in Armenia and Armenia will benefit from Syrian Armenians if intolerance such as your's is kept in check. You need to understand these diasporans before you talk badly about them.
7. minas04:51 - 17 հունիսի, 2015
Xunsap'ha First off, if you want to have a normal conversation, you don't have to be rude! You ask if the head is sick then will the body be healthy? I would suggest you read my comment again and just think a little bit before getting aggressive. You might want to ask yourself why is it that the head is sick? You might want to study the history of some developed countries and then you will realize that many of those countries have gone through similar periods. It takes time for a society to mature and that is what we can see now in Armenia, I see a new generation which is ready to come to streets, which is ready to fight for its right. It might even take another decade but the final outcome depends on all of those who call themselves Armenians and care about that country. There is a reason why our president is Serjik and not some bright, western educated guy, and that reason is us, the people. And if you are so tired of Armenia then what are you doing here? Why are you even reading this?!
8. vahram11:33 - 17 հունիսի, 2015
As I write these lines, the Public Services Regulatory Commission here in Armenia is set to announce its decision as to whether to allow an electricity rate hike or not. Guess how many people are gathered outside the Commission's office? Perhaps 30 at best....That's the extent of civic activism in Armenia. As I stated before, Armenia not longer possesses the critical mass to effect change. Input from abroad must supplement what's taking place domestically.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ