Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Չորս համայնքների դրամաշնորհ տրամադրվեց՝ տեղական ժողովրդավարությունը խթանելու համար



Հայաստանի չորս համայնքների` Արթիկի, Ախթալայի, Ուրցաձորի, Վարդենիկի ղեկավարներն այսօր Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ ստորագրեցին համաձայնագրեր` իրենց համայնքներում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ: «Առաջին անգամն է, երբ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում դրամաշնորհներ է տրամադրում իր գործընկերներին: Տեղական ժողովրդավարությունը չափազանց կարեւոր է մեզ համար եւ մենք 21 մասնակիցներից ընտրել ենք 4 համայնք, որոնք լավ քաղաքականություն են իրականացնում»,- նշեց Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարը` շնորհավորելով գործընկեր համայնքներին:

2014 թ. մարտի 26-ին ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսն ընդունեց Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի մասին հանձնարարականը, որն ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի իշխանություններին առաջարկում է տեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ: Նշված չորս համայնքները ԵԽ գրասենյակի աջակցությամբ հունիս ամսից կսկեն քաղաքացիների մասնակցության գործընթացներ` ներգրավելով բնակիչներին համայնքային հրատապ խնդիրները վեր հանելու, դրանց առաջնահերթությունները սահմանելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու գործում:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ մասնակցային կառավարման վերաբերյալ օրենսդրության պահանջները չեն կենսագործվում, բնակչությունը չի մասնակցում որոշումների կայացմանը: Շնորհավորելով համայնքների ղեկավարներին` նա հույս հայտնեց, որ ներդնելով մասնակցության արդեն փորձված գործիքները համայնքապետերին կհաջողվի ակտիվացնել բնակչությանը: Նախորդ տարիներին մի քանի համայնքներում հաջողությամբ փորձարկվել են SMS հաղորդագրություններով բնակչության կարծիքը հավաքագրելը, մոտ 20,000 բնակչություն ունեցող համայնքներում ավագանու նիստերի օնլայն հեռարձակումը:   

Դրամաշնորհ ստացած համայնքներից երկուսը` Արթիկն ու Վարդենիկը, ավագանու նիստերն օնլայն հեռարձակելու ցանկություն հայտնեցին: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքը չնայած մոտ 11 հազար բնակչություն ունի, բայց քանի որ բնակչության մի զգալի մասը բնակվում է Ռուսաստանում, սակայն շարունակում է ֆինանսական ներդրումով մասնակցել համայնքային կյանքին` նպատակահարմար են համարել օնլայն հեռարձակումով ապահովել նրանց տեղեկացվածությունը:

Ընտրված համայնքների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին համայնքի առաջնահերթ խնդիրները վեր հանել բնակչության ձայնը լսելի դարձնելով եւ դրանք ներառել համայնքների հաջորդ տարվա բյուջեներում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արտուշ00:43 - 18 հուլիսի, 2015
Ողջունում եմ Վարդենիկ համայնքի գաղափարը , օնլայն հեռարձակումը շատ խելացի գաղափար է այն կխթանի հանրության լիարժեք մասնակցությանը նիստերն , ժողովների որոշմանը : Այդ գաղափարը մենք բազմիցս քննարկել ենք, և շատ ավելի լավ կլինի որ այդ օնլայն քննարկումների տսագրությունները պահպանվեն համայնքի պաշտոնական կայքում: Դա հնարավորություն կտա հետագայում համեմատականներ անցկացնելու , արվածի, չարվածի, բարեփոխումների և բացթողումների միջև:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ