Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Եկեղեցաշինությանը հաջորդում է պետության կորուստը»



Հարցազրույց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ

Որքան եկեղեցաշինությունը զարգանում է, այնքան երկիրը հյուծվում, քայքայվում է

-Մայիսի 31-ին Սևանում և Արտաշատում նորակառույց երկու եկեղեցիների օծման արարողությունն էր, իսկ դրանից առաջ արդեն ներկայացվել էր Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվող եկեղեցու մակետը: Եկեղեցաշինության այս միտումներն ինչի՞ հետևանք են:

-Արդեն խրոնիկ, անհույս, անբուժելի տգիտության հետևանք է: Եկեղեցաշինությունն այդքան չի մտահոգում ինձ, որքան անխուսափելիորեն դրան հաջորդող պետության կորուստը: Հիմա պետության հյուծման պրոցեսն է: Որպես կանոն միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ մեր ազգային ռեսուրսն ամբողջությամբ քայքայել ենք, ըստ էության, սխալ հունի մեջ ենք դրել, մոտեցրել ենք պետության վախճանին: Երբ ասում ենք «դաս քաղել» կամ նման բաներ, հիմա չգիտեմ, ինչի՞ համար ենք ասում, բայց երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ վանքաշինության, եկեղեցաշինության ցանկացած բուռն շրջանին անմիջապես հաջորդել է պաշտպանվածության զրոյական վիճակ, ազգային իշխանությունների ինքնուրույնության, անկախության կորուստ:

Սա եղել է, օրինակ, 12-13-րդ դարերում, որ անվանում ենք վերածնունդ: 13-րդ դարի սկզբին 15-20 տարվա ընթացքում կառուցված որքա՞ն վանք-եկեղեցի ունենք մինչև մոնղոլների մուտքը: Ընդ որում, մոնղոլները միանգամից չեկան, նրանք հետախուզական փոքրիկ զորաջոկատներ էին ուղարկում տնտղելու, թե ինչ բերդեր, ինչ պաշտպանություն ունենք, ինչ ուժ է պետք իրենց էս երկիրը նվաճելու համար: Իսկ երկիրը՝ տարված վանքաեկեղեցաշինության ճիշտ այսօրվա համանման մոլուցքով, նույնիսկ այդ փոքրիկ ջոկատներին պատասխան չտվեց, նրանք անարգել հետախուզեցին Հայաստանը, տեղեկացրին, որ ոչինչ է իրենից ներկայացնում, մինչդեռ մի փոքր զգոն որևէ ազգ այդ ջոկատներից կազատվեր: Մենք հարյուր տոկոս բթացած էինք, հիմա նույնն է կատարվում: Ակնհայտ է, որ բյուջեները կրճատվում են ամեն ոլորտում, երկրի քայքայումը համահունչ է. որքան եկեղեցաշինությունը զարգանում է, այնքան երկիրը հյուծվում, քայքայվում է, իր պաշտպանությունից է ընկնում, ամեն մի մասից:

-Բայց դրանք ի՞նչ ճիգեր են:

-Տգիտության դրսևորումներ են, տգիտության զարթոնք է, որը պայմանավորված է ընտրությամբ, երբ կանգնած ես երկընտրանքի առջև: 91-ին մենք կանգնած էինք այդ երկընտրանքի առջև՝ լույսն էլ է զենք, խավարն էլ է զենք, պետք է բարձր լինես, որ նախապատվությունը տաս լույսին: Ընդհանրապես, լույսն իբրև զենք քչերին է տրված: Մենք պարտավոր էինք ճիշտ կողմնորոշվել, մենք ի սկզբանե նախապատվությունը տվեցինք խավարին: Մեր պետականության անցած ամբողջ քառորդ դարի մեջ պարարտացնում ենք խավարը, որովհետև սնվում ենք խավարից: Բայց սա բերում է երկրի կործանման: Միջնադարից օրինակ բերեցի, բայց կարող եմ բոլոր դարաշարջաններից օրինակներ բերել, որ եկեղեցաշինությանը հաջորդում է պետականության կորուստը: Սա է:

-Շատ հոռետեսական է:

-Շատ ներողություն, թերթենք պատմությունը, ի՞նչ հոռետեսական: Մի քանի օր առաջ ընկերս էստեղ էր, իր խոսքը պիտի ասեմ. ասաց, որ «մեր ժողովուրդը տարօրինակ ժողովուրդ է, որքան իրեն խաբում ես, այնքան քեզ ավելի շատ են սիրում, որքան ճշմարտություններ ես փորձում մեջտեղ բերել, այնքան քեզ ատում են»:

Մենք թույլ տվեցինք, որ մեզ մեր գերեզմանին ավելի մոտեցնեն

-Ազգային գիտակցության ճգնաժամ կա՞:

-Միշտ ենք եղել այդ ճգնաժամի մեջ:

-Ձեր նշած վերջին քառորդ դարի ընթացքում:

-Դե, այս քառորդ դարում ակնհայտ է, որ ճգնաժամի մեջ ենք:

-Որտեղի՞ց սկսվեց սխալը, ո՞ր կետից շեղվեցինք:

-Հենց պետականության ընդունման սկզբում, իհարկե, ավելի վաղ էլ կարող եմ ասել: Մենք ողնաշար չունենք, դեմք չունենք: Օրինակ, տեսեք երկրաշարժ եղավ (սարքած էր, սարքած չէր, դա մի կողմ ենք թողնում), ամբողջ Խորհրդային Միությունը հայտնվեց մեր երկրում՝ օգնության ձեռք մեկնելու: Մենք՝ մեր հայրենիքի տերերս, ի՞նչ կեցվածք ընդունեցինք, եկեք մեզ օգնե՛ք: Մենք բացակա ենք մեր տան մեջ: Հաշված մետրերով սևահողային տարածքը, որի հաշվին գոյատևում ես, դրեցինք բետոնի տակ: Մեզ օգնության ձեռք մեկնելով՝ մեր հերն անիծեցին: Գիտեք ինչ կա, կարող էին ասել, բարով ես եկել, համեցեք, էս ղռերը, որ ոչ մի բանի պիտանի չեն, խոտ էլ չի բուսնում անասնապահության համար, կարող էիր տալ, բայց մենք թույլ տվեցինք, որ մեզ մեր գերեզմանին ավելի մոտեցնեն:

Բերքն աշխատանքով է լինում, աղոթքով չի լինում

-Հիմա ի՞նչ ունենք:

-Հիմա մեր էս կեցվածքի պատճառով խաթարված, պղծված, հարամված և շարունակաբար հարամվող, որովհետև մեր նկարագիրը չի վերականգնվել, նույն կեցվածքն ունենք, նույն անտարբերությունը, նույն անհոգիությունը: Սպառում ենք, սպառում, որովհետև տանտեր չես զգում, քո սիրտը չի ցավում քո երկրի համար, և սպառում ես, ամեն անցնող տարվա հետ սակավաթիվ անտառների քանակն է կրճատվում: Էս տարվա ապրիլին կրկին Տավուշի մարզի անտառներում էի, ի՜նչ է կատարվում, գիշատչի պես հարձակվել են, այսինքն՝ ոչ միայն մեր թոռան, այլև մեր երեխայի մասին չենք մտածում: Անկախության ամբողջ շրջանում մեր շատ-շատ ղեկավարներ, իրավահաջորդ տարբեր օղակներ ասել են, էսքան կտաս՝ կաշխատես, քանիսի՞ն ենք խրտնեցրել, վանել, հեռացրել՝ հայ, թե օտար, կապ չունի: Դրան գումարած անբուժելի տգիտությունը:

Տեսեք, մեր երկիրը, մեր հողը պիտի ջրարբիացվի: Պետական, համազգային նշանակությամբ ջրանցքներ են հարկավոր դրա համար: Ջրանցք կառուցելու փոխարեն նախապատվությունը տալիս ենք եկեղեցուն, որ աղոթենք, անձրև գա: Երբ պատմությանն ենք նայում, թե հայ մարդն իր հայրենիքում երբ է ջրանցք կառուցել, շատ հետաքրքիր բան է ստացվում. 3000 տարվա ջրանցքները մինչ օրս գործում են, այսինքն՝ նախաքրիստոնեական շրջանում էր, Վանի թագավորության ժամանակ: Այդ ջրանցքները հավերժական արժեքներ են, մի 3000 տարի և դեռ հայտնի չէ ինչքան՝ գործելու են: Երկիրը ջրարբիացնելու ծրագիր իրականացվում էր մեկ էլ խորհրդային տարիներին: Այսինքն՝ դա արվում էր այն բոլոր ժամակներում, երբ սա չէր արվում (ցույց է տալիս խաչակնքվելը): Բերքն աշխատանքով է լինում, աղոթքով չի լինում:

Խավարի որջերի համար հերթ են կանգնած

-Երբ ասում եք եկեղեցաշինությանը հաջորդում է պետականության կորուստը, արդյո՞ք նկատի ունեք այն, որ եկեղեցինությունը սխալ գործընթաց է:

-Եկեղեցաշինությունը՝ ոչ միայն այսօր, այսօր ուղղակի չի հասկացվում: 3-րդ հազարամյակում եկեղեցի կառուցելը նշանակում է՝ դեռ միջնադարի կաղապարված պատկերացումներից, այդ տգիտությունից դուրս չես եկել: Մեր գրասենյակ էր եկել Լոս Անջելեսից մի ճարտարագետ (անունը կարող եմ նշել, գաղտնիք չէ՝ Խորեն Սալմասյանը, 70-ն անց մարդ է): Լոս Անջելեսի Բըրբենք քաղաքում եկեղեցին էին կառուցել, որի ակունքներում ինքն էր կանգնած՝ սկսած կառուցման թույլտվություն ստանալուց: Նա պատմում էր, որ Կալիֆոռնիա նահանգի մակարդակով՝ մինչև նահանգապետ, ընտանիքներով մոտ են եղել (իսկապես, հարգված մեկն էր): Դրանով հանդերձ, սակայն, եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու համար կյանքը գնաց: Իրենց ասել էին՝ ինչ մտքներով անցնում է՝ մշակույթի տներ, գիտության օջախներ, կարող են կառուցել, բայց այն, ինչ ցանկանում էին կառուցել, համահունչ չէ իրենց երկրին: Վերջում, ասաց, եկեղեցու հետ առնչություն չունեցող ծրագրեր են ընդգրկել, որպեսզի կառուցման թույլտվություն ստանան: Այդ եկեղեցին հայ համայնքին արժեցել է 70 մլն դոլար:

Իսկ երկրի ռազմավարական ճանապարհների կառուցման համար ամբողջ հայությանը թափ են տալիս՝ մարաթոն, տելեթոն, եսիմ ինչեր, մի 20 մլն հավաքվում կամ չի հավաքվում: Ասենք, երբ Մռավից թուրքերը մտնեն, ճանապարհ պիտի ունենաս հասնելու: Կամ, ասենք, «Շանթը» դրամահավաք էր կազմակերպել Գյումրիում «Թումոյի» մասնաճյուղ կառուցելու համար (գործն, ի վերջո, գլուխ բերեցին), մի մեծահարուստ հովանավոր չգտնվեց, որ լույսի օջախին մեկենաս լիներ, իսկ խավարի որջերի համար հերթ են կանգնած:

Ազգի համար աստվածային օրրանն իր հայրենիքն է

-Սոցիալական մեդիայում կարծիքներ հնչեցին, որ նոր կառուցվող եկեղեցիների գումարն ավելի լավ կլիներ տրամադրել միջնադարյան եկեղեցիների վերականգնմանը: Ձեզ համար տարբերություն կա՞, թե գումարներն ուր են ուղղվում:

-Եթե անպայման եկեղեցու ոլորտում պիտի ներդրվի, ասելու բան չէ, բայց 1000 տարվա հիշատակը թողնում ես կործանվի, չես ուզում փրկել, բայց այսօր չգիտեմ ինչ արժեքները սնկի պես բուսնում են, եկեղեցիներ ես կառուցում: Ամբողջ հարցն այն է, որ մենք այնքան խավարին կուլ գնացած վիճակում ենք, որ կաթողիկոսն ասում է՝ աղանդները կերան ազգս, ես եկեղեցիներ պիտի կառուցեմ: Նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել, վերջին անգամ՝ մի 8 տարի առաջ: Բայց տեսնում ենք, որ ինչքան եկեղեցիները շատացան, այնքան աղանդավորները շատացան, որովհետև այդ եկեղեցիների մեջ նախևառաջ Աստված չկա: Ճիշտն ասած, եկեղեցում Աստված չի էլ եղել, ոչ թե միայն այսօր չկա: Մարդու հիվանդ մտքի հորինվածք է, թե եկեղեցին Աստծո տուն է: Որևէ ազգի համար աստվածային օրրանն իր հայրենիքն է, դրանից ավելի չի կարող լինել:

Մենք 1700 տարի հայրենիքի պաշտպանություն չունենք: «Հանուն»-ները շատ կարևոր են: Մեր ազգը 1700 տարի հանուն հայրենիքի չի ապրել, այսօր էլ չենք ապրում: Մեր կեցվածքից, գործունեությունից, արժեքների կարևությունը ցուցաբերելուց երևում է, որովհետև միակ ճշմարիտ արժեքը, հանուն որի արժե ապրել (եթե պետք է՝ մեռնել), հայրենիքն է, եթե դա չկա, քեզնից անկախ, սկսում ես լինել հաճույքներին տրված մեկը, այսինքն՝ հաճույքն է դառնում կյանքի շքեղությունը:

-Եկեղեցականների կողմից մրցակցություն տեսնո՞ւմ եք աշխարհիկ դասի հետ:

-Մրցակցություն չեմ տեսնում, տեսնում եմ խավարի սահմանները լայնացնելու, արմատացնելու ճիգեր: Ախր, իրենց հրաշապատումները 3-րդ հազարամյակի հետ ուղղակի կարճ միացում են տալիս:

-Նյութական ձգտումների, իշխանական լծակներ ձեռք բերելու մասին է խոսքը:

-Որևէ կառույց, որ ազգային չէ, ինձ համար արժեք չունի: Ապազգային կառույցներով հետաքրքրված չեմ: Դասալիքների որջ է: Մի քիչ ամաչում եմ մեր պետական այրերի համար, անկեղծ ասած: Պաշտպանության նախարարին չհաջողվեց դասալիքներին զինվորականի հագուստ հագցնել, բայց հոգևորականներին հաջողվեց նախարարին իրենց շապիկից հագցնել: Ամոթ վիճակում ենք:

Պաշտպանության նախարարությունը զինվորականության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը խորացնելու նպատակով դասախոսություններ էր կազմակերպել զորամասերում: Ինքս մասնակցել եմ երկու տարի, չգիտեմ՝ այս տարի կազմակերպելո՞ւ են, թե՞ ոչ, բայց հաստատ չեմ մասնակցի: Ինքս ինձ սկսում եմ չհարգել, եթե հոգևորականին մտցնում եք զորամաս իր այդ ապուշություններով, լայլայներով, թե ռմբակոծում էին, ռումբերը գալիս էին հասնում Գանձասար, բայց թռնում-գնում ուրիշ տեղ էին պայթում, որովհետև հրեշտակներն օգնում էին: Բերում եք, որ դա ասի, հետո կանչում եք ինձ, որ ի՞նչ ասեմ: Տեղ չեն թողնում: Եթե 1-2 անգամ հրաժարվել եմ, զուտ ժամանակի պատճառով էր, բայց մի անելանելի վիճակ են ստեղծել, ինչի պատճառով հրաժարվելու եմ:

Կարսում 1915 թ. ավարտվեց (դեռ 1900-ականի սկզբից թույլտվություն ստանալու գրագրություն էին արել, շինարարությունն սկսվել էր 1910-11 թթ.) մեծ գմբեթավոր եկեղեցու կառուցումը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Դրա օծումը տեղի ունեցավ 1915 թ.: Այն Կարսում կառուցված վերջին եկեղեցին էր, որը քանդեցին 1950-ականներին: Ցեղասպանության օրերին ինչպիսի՜ ներդրումներով կառուցվում է մի եկեղեցի, որպեսզի հավատքը զորանա, անսասան մնա, իսկ 3 տարի անց հենց այդ քաղաքը, որտեղ հավատքը եսիմ ուր էր հասել, առանց կրակոցի հանձնում են: Արդյո՞ք այդ եկեղեցու պատճառով էր, որ մեկ կրակոց չհնչեց: Ես գտնում եմ, որ կապ ունի:

«Մեր գործը խաբելն է, թող խաբենք, էլի»

-Ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք:

-Առողջ ծիլը կա, առողջ ուժերը կան: Այն միշտ էլ փոքր տոկոս է կազմել մեր ազգի մեջ, նույնիսկ անկեղծացող հոգևորականներ կան: Մի անգամ բարձրաստիճան հոգևորականներից մեկը (անունը չեմ տալիս, իրեն եմ խնայում) ինձ ասաց, որ «եթե մարդիկ ուզում են խաբվել, քո ինչ գործն է, մեր գործը խաբելն է, թող խաբենք, էլի»: Չեմ կարող ասել, թե ազնիվ է, ուրիշ բան է, որ չիմանաս, որ խաբում ես: Կույր հոգևորականներ կան, օրինակ, մի անգամ մի հոգևորական ինձ ասաց. «Իմ և Աստծու միջև կեղծիք չկա»: Նա չի իմանում, որ խաբում է: Սա ավելի տանելի է ինձ համար, քան այն, երբ իմանալով խաբում է, շարունակում է խաբել:

-Դուք ասացիք՝ «դասալիքների որջ»: Ի՞նչ հարաբերություններ ունեք այդ «որջի» ղեկավարի հետ:

-Ապազգային որևէ կառույցի հետ կապ չունեմ, հազվագյուտ մի քանի հոգևորականներ կան, որոնցից մեկն անկեղծացավ, այդ խոսքն ասաց ինձ:

-Շփումներն ի՞նչ մակարդակի վրա են:

-Շփում չունեմ նրանց հետ:

-Նախկինում հանդիպել էիք, ասացիք:

-Երբ նախկինում հանդիպել ենք, իմ նախաձեռնությամբ չի եղել: Մեր կազմակերպության հիմնադիր-նախագահը մեկ-երկու հանդիպման ժամանակ ինձ ասաց՝ կընկերակցե՞ս: Հանգուցյալ Հախնազարյանի հետ ենք եղել երկու անգամ: Հախնազարյանն այս բաներն ընդունում էր, բայց չէր բարձրաձայնում: Մենք շատ ենք խոսել այս նյութերի շուրջ, բայց բնույթից է գալիս: Շատ մարդիկ կան, ովքեր կկիսեն այս կարծիքը, բայց երբեք մի խոսք չեն ասի այդ մասին:

Ես պաշտամունք ունեմ՝ հայրենիքս է

-Աթեի՞ստ եք:

-Աթեիստը նա է, ով հավատք չունի: Ոչ, աթեիստ չեմ: Ես պաշտամունք ունեմ՝ հայրենիքս է, ինձ ուժեղ եմ զգում այդ պաշտամունքով: Դրա համար այնքան փոքր, մանր ու ողորմելի են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները բարձր ու ցածր աստիճանների վրա, այլև համեմատաբար ավելի տանելի հայ կաթողիկեները կամ հայ բողոքականները կամ հայ մահմեդականները:

200 շնչից ավելի հայ մահմեդական ազգականներ ունեմ: Պապիկիս հորեղբոր սերունդներն են, պապիկիս հորը սպանել են, եղբայրը մահմեդականացել է: Ընտիր հայեր են: Երբ ճամփորդում էինք, լուր չունեինք, մեկամսյա ճամփորդություն էր, կտրվում էինք, իրենցից էինք իմանում, որ այսինչ օրը սահմանի այս կետի վրա հարձակում է եղել: Հեռավոր Մանազկերտի, Արածանիի վրա մի գյուղի մեջ գյուղացի հայ մարդիկ շատ ուշիմ ասացին. «Նայեք, մենակ մեր գյուղից մեր զենքով 100 հոգի կգանք, պատրաստ ենք, եթե խնդիր լինի, մեզ էլ նկատի առեք»:

Իսկ Պարգևի նման մեկը (սրբազան ասենք, իրենք սիրում են էս խոսքը) ասաց՝ ով առաքելական չէ, նա հայ չէ: Սա ի՞նչ նեղմտություն է, ի՞նչ ինքնասպառող մտայնություն է, ի՞նչ ասեմ՝ չգիտեմ: Ո՞ւր պիտի հասնես քո խելքով, քո ողորմելի քայլերով: Պատերազմի ժամանակ Ադրբեջանի տանկերի վրա Ադրբեջանի դրոշն էր նկարված, մեր տանկերի վրա՝ խաչ: Ամոթ չէ՞: Մեկը մտածե՞լ է այս ուղղությամբ: Մի ջոկատ կար, գիտե՞ք՝ ի՞նչ վնաս է բերել այն: Բեյրութում պատմում էին ինձ, թե ինչքան ջանք են դրել, որ ասեն՝ այդ ջոկատը կրոնական չէ, քրիստոնեության համար պատերազմ չէ, հայրենիքի կռիվ է:

«Ալ Ջազիրա»-ով ցույց էին տվել այդ կադրերը, և արաբական հեռուսալիքներն ասում էին՝ «բա ասում եք՝ կրոնական չէ»: Թիկունքից հարվածեցին, չգիտեմ՝ ինչ ներդրում են ունեցել պատերազմի ժամանակ, բայց իրենք սիրել են նկարվել, նորմալ կռվողներից շատերին գիտեմ, որ մի լուսանկար չունեն, կամ հազիվ 1-2 լուսանկար կգտնեք նրանց մոտ: Այդ բեմադրությունն ո՞ւմ համար էր: Եվ վերջերս տոնախմբություններին էլի մի ջոկատ տեսա, որ թևերին խաչեր էին: Տգետ ենք, չենք հասկանում, որ հանուն խաչի չէ այս պատերազմը, հանուն հայրենիքի է:

Ուժը պիտի տանք ազգությանն ու հայրենիքին, ինչքան կարողանում ենք ստորադասենք կրոնական կառույցները՝ հայ առաքելականից սկսած մինչև մնացածը: Եթե ուժը տանք ազգությանն ու հայրենիքին, տեսնելու ենք՝ ոնց ենք զորանալու, հայ մահմեդականն էլ պատրաստ կլինի նվիրվել, աթեիստն էլ, հեթանոսն էլ, այսինքն՝ հայը: Ուժը պետք է տալ հային, այլ ոչ թե հարցնել՝ ո՞ր կուսակցությունից ես: Աշխարհիկ կուսակցություններն աշխարհիկ դաշտում, կրոնական ուղղություններն էլ հոգևոր դաշտում ազգը պառակտելու միջոցներ են: Պիտի հասկանա՞նք, որ վնաս են, թե՞ ոչ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (32)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:39 - 3 հունիսի, 2015
Խորը ճշմարտություննե՛ր: Ե՞րբ Հայաստանում պիտի սկսեն ՎԱՀԱԳՆ Աստծո մեհյան-տաճարներ կառուցել: 1915-ին եբրայեցի «փրկիչը» կամ «խաչը» փրկե՞ց հային: 1915-ին էլ, ով խաչի փոխարեն (Վահագնի) սուրը վերցրեց, նա փրկվեց:
2. anahit22:05 - 3 հունիսի, 2015
Ես պաշտամունք ունեմ՝ հայրենիքս է...
3. Հայ22:38 - 3 հունիսի, 2015
Իրականում, հենց այդ «եկեղեցաշինությունն» է, որ հարվածում է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հեղինակությանը: Առավել եւս, որ այդ եկեղեցիների զգալի մասը կառուցվում է օրինականության եւ բարեպաշտության տեսանկյունից կասկածելի ծագմամբ փողով: Այդպիսով, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հեղինակության, վարկի հանդեպ քայլեր են ոչ թե հասարակական փաստարկված ընդդիմախոսությունը, այլ տնտեսական ճգնաժամի, հսկայածավալ արտագաղթի, մեծ աղքատության պայմաններում թե տնտեսական, թե հասարակական-հոգեբանական, թե բարոյական եկեղեցաշինությունը: :::::::::::::::::::::::::::::::::::::::::: Նրբությունն այն է, որ եկեղեցաշինությունը եկեղեցու կողմից ներկայացվում է որպես ազգանվեր գործ: Բոլորը պետք է հասկանան, որ դա ոչ թե վատ գործ է, այլ պարզապես ազգանվեր գործ ՉԷ: Դա պետք է առաջին հերթին հասկանան այն բարերարները, ովքեր ֆինանսավորում են հերթական սրբավայրի կառուցումը: Եկեղեցին նրանց մոլորեցնում է, ասելով, թե դուք ազգանվեր և հանրօգուտ գործ եք անում՝ հովանավորելով նոր սրբավայրի կառուցում, մինչդեռ դա ո՛չ ազգանվեր, ո՛չ էլ հանրօգուտ գործ է: Սա պետք է հասկանան առաջին հերթին փող տվողները: Իսկ եթե եկեղեցին կարողանում է փող կպցնել՝ համոզելով լինի, թե պարտադրելով, ապա ազգանվեր և հանրօգուտ կլիներ հիվանդանոցներ և աշխատատեղեր բացելը:
4. Ռեալիստ00:15 - 4 հունիսի, 2015
Հիանալի մտքեր....Ջրանցք կառուցելու փոխարեն նախապատվությունը տալիս ենք եկեղեցուն, որ աղոթենք, անձրև գա:
5. Վահրամ01:03 - 4 հունիսի, 2015
Հիշեցի Րաֆֆու Ջալալեդին վեպը
6. Վերժինե01:25 - 4 հունիսի, 2015
Անչափ հիացած եմ այսպիսի խոսքեր կարդալուց, վերջապես արդեն լսելի են արժանավոր մտաորականների ձայները, սթափ մտքերը։ Արդեն ժամանակն է հակադրվել այդ խավարամտությանը լուսավոր, առաջադեմ մտքերով, ժողովրդին պետք է արթնացնել այդ բութ թմբիրից։
7. Վերժին01:41 - 4 հունիսի, 2015
Անչափ հիացած եմ այսպիսի խոսքեր կարդալուց, վերջապես արդեն լսելի են արժանավոր մտաորականների ձայները, սթափ մտքերը։ Արդեն ժամանակն է հակադրվել այդ խավարամտությանը լուսավոր, առաջադեմ մտքերով, ժողովրդին պետք է արթնացնել այդ բութ թմբիրից:
8. Սամվել Հարությունյան09:56 - 4 հունիսի, 2015
Լիովին համաձայն եմ: Ժամանակին արգելեցին համշեններին Քալբաջարում վերաբնակեցնել մուսուլման լինելու պատճառաբանությամբ, տգիտություն և հիմարություն: Ես շատ շնորհակալ եմ պարոն Կարապետյանին իր կատարած հսկայածավալ հայրենանվեր աշխատանքների համար, մարդ, որը միայնակ ավելի շատ բան է արել այդ բնագավառում քան դրան կոչված բազում պետական և եկեղեցական կառույցներ միասին վերցրած: Ես համոզված եմ, որ նրա մարդկային և ազգային կերպարը սերունդների համար դառնալու է ընդօրինակման արծանի: Քեզ առողջություն և երկարամյա բեղմնավոր կյանք եմ մաղթում: Մի թող, որ ամորձատեն մեր սերուցքը: Խնդրում եմ, զինվորների հետ հանդիպումներից մի հրաժարվիր:
9. Աշխարհի առաջին Քրիստոնյաներից10:07 - 4 հունիսի, 2015
Սիրելի ժողովուրդ,խելքի եկեք քանի ուշ չէ,որքան կարելի է ուրանալ Աստծուն,աշխարհի լույսին,լույս արարողին սա անվանումա է խավար,խնդրում եմ հիշեք թե խավարն ում արքայությունն է,նույնիսկ անհավատ մարդը խավար բառից երբեմն վախենումէ`զերծ մնում,էլ ուր մնաց այսքան շատ օգտագործի,սա անգիտակցաբար վաճառվածա է սատանային,խելքի եկեք ,երանի Աստված խելք տա,լուսավորի իր մութ հոգին ու ների:
10. hasmik11:14 - 4 հունիսի, 2015
Անին էլ 1000 հատ եկեղեցի ուներ
11. Կարեն13:00 - 4 հունիսի, 2015
21-րդ դարում ինչ եկեղեցի, մեհյան , մզկիթ , կամ այլ նման անհեթեթ ու անիմաստ կառույց ?? Հիմա գիտական և մշակույթային տաճարներ կառուցելու ժամանակ է :
12. Կարեն13:10 - 4 հունիսի, 2015
Հետաքրքիր է ինչ արժե մեկ եկեղեցին , որոնց քնակով հպարտանում ենք, և ինչ արժե T-90 տանկը , որից ՄԵԿ ՀԱՏ ունենք ???
13. Նունե15:58 - 4 հունիսի, 2015
Նզովեցեք բոլոր երկչոտ դևերին ձեր մեջ, որոնց ուզածը մի գլուխ նվնվալն է, ձեռքերը կրծքին խաչելը և երկրպագելը: Նիցշե
14. Նարեկ01:16 - 5 հունիսի, 2015
Համակրում եմ հայությանը և հայրենիքին նվիրված այսպիսի մտքեր: Դրանք շատ մարդկային են: Շատերը ամաչում են կամ, վախենում են այս մասին խոսել: Վախի և անտարբերության դարաշրջան է: Ետ ենք գնում դեպի խորը միջնադար, կամ, միգուցե նախնադար: Կեցցեն Ս. Կարապետյանի նման հայրենասերները: Բոլոր քրիստոնյա հայերը թող առաջին հերթին հիշեն, որ քրիստոնեությունը հենց ինքը քարոզում է ազատամիտ լինել: Ուրեմն էլ ինչու քննադատել մի մարդու, ով ավելի քրիստոնյա է, քան բոլոր քրիստոնյաները: Դե ուրեմն վեր կանգնենք աշխարհի բոլոր կրոններից, որոնք միայն բաժանում են մարդկանց: Միավորվենք հայության հզոր գաղափարի շուրջ: Դրանով կմիավորենք նաև ամբողջ աշխարհը: Կամ գոնե կդիմադրենք աշխարհի այս հոգեկան ջրհեղեղին կամ փոթորկին: Աստված հայերին պահապան: Աստված աշխարհի բոլոր լավ մարդկանց պահապան: Կեցցե մեր լավ ազգը, մեր լավ հայրենիքը: Համբերենք և տոկանք, հաղթանակը մերն է լինելու:
15. Իրազեկ21:58 - 5 հունիսի, 2015
Փառք քեզ Աստուծ, փառք քեզ որ երկրորդ Սամուէլ Կարապետեան մը չունինք։ Այսքան ապուշութիւն՛ մէկ գանկի մէջ։Լաւ է որ հանգուցեալ Արմենը այս բոլոր յիմար խօսքերը չլսեր։ Ողբամ զքեզ Հայոց աշխարհ որ ոչ ազնիւ ղեկաւարութիւն ունի, ոչ արժանի Կաթողիկոս եւ ոչ ալ բանիմաց ու քաջ մտաւորականութիւն։
16. ՀԱՅ եւ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ մարդ22:28 - 5 հունիսի, 2015
Ամերիկայում եւ ամբողջ աշխարհի երկրներում ամէն օր հազարաւոր մարդիկ են մկրտւում եւ հարիւրաւոր եկեղեցիներ են կառուցւում... ՀԱՐՑՍ՝ այդ եկեղեցիներ շինող երկրների Ո՞Ր մէկի պետականութիւնը կորուստ է ապրում։ Պրն. Կարապետեան, Ռուսաստանի՞ թէ Պրազիլի, Ամերիկայի՞ թէ Արժանթինի.. Փորձը ցոյց է տալիս որ այն երկիրները որ հաւատքի անկում են ապրում, այնտեղ են շատանում աղանդաւորներ, իսլամներ եւ անհաւատներ որոնք նմանապէս ԹՔԱԾ ունեն այդ պետութեան միասնականութեան եւ կառույցների վրայ, եւ ոգի ի բռին աշխատում են կործանել այդ երկիրները ինչպիսին են Ֆրանսան, Հոլատան եւ Անգլիան։
17. Մանե23:08 - 5 հունիսի, 2015
Պոմպեյի վերջին օրերը մոտենում են
18. դիտորդ06:47 - 6 հունիսի, 2015
Երբ մարդուն պակասում է - ՝՝аналитический ум՝՝ ,, նա ուրեմն տգետ է ,հիմար է, ապուշ է...., իսկ ոչխարների հոտի հովիվը նրան ավանում է հավատացյալ, և վայրը՝ որտեղ ոչխարները հավաքվում են, դա փարախ է , այլ ոչ սրբավայր:
19. ditord07:21 - 6 հունիսի, 2015
ՄԵրբ մարդուն պակասում է - ՝՝аналитический ум՝՝ ,, նա ուրեմն տգետ է ,հիմար է, ապուշ է...., իսկ ոչխարների հոտի հովիվը նրան ավանում է հավատացյալ, և վայրը՝ որտեղ ոչխարները հավաքվում են, դա փարախ է , այլ ոչ սրբավայր:
20. Վարազ Սյունի (Ամստերդամ)14:12 - 6 հունիսի, 2015
ՀԱՅ եւ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ մարդ(16) - Սխալ բաներ ես գրում: Եվրոպայում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ վաղուց փոխարինել է կրոնին ու կրոնականին: Եվ հետո՝ խոսքը Հայաստա՛նի մասին է,որտեղ ամեն քայլափոխի հերթական միլիոնավոր դոլարանոց անհասկանալի եկեղեցին են կառուցում, ԵՐԲ երկրի ԿԵՍԸ աղքատ է, իսկ սահմանի փշալարերից դեռ պահածոների ծակ տուփեր են կախված: Եվ ամենակարևո՛րը. այդ եկեղեցիներում Ո՞Ր «աստծուն» են աղոթում. որը թույլ տվեց, որ «առաջին քրիստոնյա» ազգին 1915-ին այդպե՛ս մորթե՞ն:
21. դիտորդ18:55 - 6 հունիսի, 2015
Նոր ՊԱՊ թագավոր է պետք, որպեսզի այդ լկտի և անլվա վեղարորներին իրենց խուցերում փակի:
22. Արմեն Արենց21:31 - 6 հունիսի, 2015
Հպարտացեք Դավիթ Անհողին արքայով,ով 200 ամրոց է կառուցել և հզորացրել Մեր Հայրենիքը:
23. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:48 - 7 հունիսի, 2015
ՐԱՖՖԻ...Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի... Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը' ճգնելու... Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ:
24. Ռոբերտ00:03 - 9 հունիսի, 2015
Աշխարհի առաջին Քրիստոնյաներիցին Դու մնա քո ԽԱՎԱՐԻ արքայությունում։ Գուցե մի օր խելք հավաքես ու հասկանաս, որ ԼՈւՅՍԸ ոչ թե Արարիչն է տալիս, այլ արևն ու էլեկտրակայանները։ Ծախվածները նրանք են, որ իրենց փորի հարցերը լուծելու համար քեզ նման անխելքներին պահում են այդ խավարի մեջ։ Ես ուղղակի խղճում եմ քեզ… Երբեք չհամարձակվես բարբաջել այս ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱՐԴՈւ հասցեին։ Նա միայնակ ավելի շատ գործ է արել հայկական ճարտարապետական նմուշների (հիմնականում վանքերի ու եկեղեցիների) պահպանման համար, քան Արարիչդ ու նրա կեղծավոր սպասավորները։ Աղոթելով ոչինչ չես ստեղծի, ոչինչ չես ստանա, ՀԱՅՐԵՆԻՔ չես պաշտպանի ու երեխա չես մեծացնի…
25. Ռոբերտ Սարգսյան00:23 - 9 հունիսի, 2015
ԿԵՑՑԵՍ! ՊԱՐՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ես միշտ հիացմունքով եմ հետևել այս ՀԱՐԳԱՐԺԱՆ, ԱՆԿԵՂԾ, ՇԻՏԱԿ ու ՄԵԾ ՄԱՐԴՈւ հրապարակումներին ու լիովին կիսում եմ նրա մտքերը։ Իսկական ՀԱՅ` նվիրված իր ազգին…
26. Ի գիտություն09:09 - 9 հունիսի, 2015
Իմանալ, որ աշխարհում կան երևույթներ, որոնք հասու չեն մեզ, որոնք իրականում գոյություն ունեն, որոնք իրենց մեջ կրում են գեղեցիկը և իմաստունը, իմանալ և զգալ դա հոգևորի աղբյուր է: Այդ պատճառով եմ ես պատկանում հոգևորը գնահատողների շարքին… Ես հավատում եմ Աստծուն և կարող եմ ասել, որ իմ կյանքի ոչ մի րոպեն, ոչ մի վայրկյանը ես չեմ եղել աթեիստ: Ալբերտ Էյնշտէյն
27. Աղոթել և աշխատել09:15 - 9 հունիսի, 2015
Աղոթել և աշխատել Ձկնորսը նավակով մի մարդու էր տեղափոխում։ Ուղևորը շտապեցնում էր ձկնորսին. - Ավելի արա՛գ, ուշանում եմ աշխատանքից։ Հանկարծ նա տեսնում է, որ թիակներից մեկի վրա գրված է` աղոթի՛ր, մյուսի վրա` աշխատի՛ր: - Ի՞նչ խորհուրդ ունեն այս գրությունները,- հարցնում է նա։ - Մտաբերելու,- պատասխանում է ձկնորսը։- Որ չմոռանամ և՛ աղոթելը, և՛ աշխատելը։ - Դե՛, աշխատել, հասկանալի է, բոլորին է պետք, իսկ աղոթե՜լ,- մարդը թափահարում է ձեռքը,- պարտադիր չէ։ Ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ ժամանակ կորցնել։ - Պետք չէ՞,- հարցնում է ձկնորսն ու ջրից հանում է «աղոթի՛ր» գրությամբ թիակը՝ թիավարելով մի թիակով։ Նավակը տեղապտույտ է տալիս։ - Տեսնո՞ւմ ես, ինչի նման է աշխատանքն առանց աղոթքի։ Պտտվում ենք նույն տեղում, և ոչ մի շարժում դեպի առաջ։ Հետևաբար, խռովահույզ կյանքի փոթորկոտ ծովում հաջողությամբ լողալու համար հարկավոր է թիավարել երկու թիակներով էլ, այսինքն` և՛ աղոթել, և՛ աշխատել։ (անհայտ հեղինակ)///// Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը
28. Հավատում եմ միայն նրան, ինչ տեսնում եմ09:20 - 9 հունիսի, 2015
Հավատում եմ միայն նրան, ինչ տեսնում եմ Ֆրանսիացի մի գիտնական շրջում էր անապատով: Տեղանքին անծանոթ լինելով՝ նա տեղաբնակներից մեկին իրեն ուղեկից է վերցնում: Երբ արևը մայր է մտնում, երիտասարդը ծնկի է իջնում , որ աղոթի: - Այդ ի՞նչ ես անում,- հարցնում է զարմացած գիտնականը: - Աղոթում եմ,- պատասխանում է տղան: - Ո՞ւմ: - Բարձրյալին: - Աստծո՞ւն,- ուզում է համոզվել գիտնականը: - Այո՛,- հաստատում է երիտասարդը: - Իսկ Աստծուն երբևէ տեսե՞լ ես: - Ո՛չ: - Այդ դեպքում դու անմիտ ես,- ինքն իրենից գոհ ասում է գիտնականը: Հաջորդ առավոտյան նա դուրս է գալիս վրանից և նայելով իր շուրջը՝ ուղեկցին ասում է. - Գիշերն այստեղով ուղտ է անցել: - Իսկ Դուք տեսե՞լ եք այդ ուղտին: - Ո՛չ: - Այդ դեպքում Դուք անմիտ գիտնական եք: Դուք հավատում եք, որ այստեղով ուղտ է անցել՝ առանց նրան տեսնելո՞ւ: Ֆրանսիացին արդարանում է. - Բայց վրանի շուրջն ամենուր ուղտի ոտնահետքեր են: Քիչ անց մայր է մտնում արևն իր ողջ փառահեղությամբ: Հավատացյալը մատնացույց է անում հորիզոնը և ասում. - Ահա նայե՛ք և տեսե՛ք Բարձրյալի ոտնահետքերը: (անհայտ հեղինակ)
29. Էմիլիա08:23 - 25 հուլիսի, 2015
Սա անկեղծ պոռթկում է հայրենասեր մարդու հոգու խորքից և շատ լավ է, լավ է, որ մեզանում դեռ կան այսպիսի մարդիկ, թե չէ մտածում ես ու՞ր են իրենց խելքով հպարտացող մեր հայերը ինչու՞ են ասպարեզը թողել համբակներին, ավելի ճիշտ՝ շակալներին, ինչու՞ այսպիսի մարդիկ չեն պայքարում իշխանության համար, չէ՞ որ իշխանություն պետք է ունենալ այդ գաղափարներին կյանք տալու համար. Կամուրջ, ճանապարհ, գիտություն, բժշկություն, կենսամակարդակ, ահա թե ինչ է պետք մարդուն. դե հայն էլ մարդ է չէ՞:
30. Արա11:42 - 26 հուլիսի, 2015
Ճիշտ հարցադրումներ կան հոդվածում։ Միայն կուզեի ավելացնել, որ պետաության համար միայն հայ մարդը չէ՜ կարևոր։ Բոլոր ազգերը տվյալ պետության մեջ այդ պետության քաղաքացիներն են և հարստությունը։ Ամերիկաում տասնյակ ազգեր, և տարբեր կրոնի Քաղալացիներ ապրում և հզորացնում են այդ երկիրը։ Հիշե՜ք բանաձևը՝ Պետության Քաղաքացիներ։
31. Բերբերյան Առաքել19:20 - 2 հունվարի, 2016
Գովելի է,որ մեր մեջ կան իսկական մտավորականներ,թեկուզ եւ ոչ զորավոր,որոնք անկախ եկեղեցու թվացյալ զորությունից կարողանում են իրենց ճշմարիտ միտքն ու խոսքը հասցնել հասարակ մահկանացուներիս։Լավ է ասված֊աթեիստ չեմ ,հայրենասեր եմ։Շնորհակալություն։
32. Արմեն16:43 - 14 հունվարի, 2016
Լիովին համաջայն եմ հեղինակի հետ։ Շնորհակալություն հեղինակին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ