HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու գործարանի ծխագազերն առաջացրել են բնակչության անհանգստությունը

Արդեն 3-րդ օր է, ինչ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը դադարեցրել է Կոշաբերդ սարի գագաթին գտնվող գործարանի ծխնելույզի և վերջինիս ծխատարի շահագործումը: Նախկինի պես գործարանի արտադրական թունավոր ծխագազերը Ալավերդու մթնոլորտ են արտանետվում գործարանի տարածքում գտնվող 100-մետրանոց խողովակով:

Դրա արդյունքում Ալավերդու փողոցներում քայլելը դարձել է անհնարին` հատկապես երեկոյան ժամերին: Գործող քաղաքապետ Արտավազ Վարոսյանից այսօր տեղեկացանք, որ պղնձաձուլական գործարանի տնօրինությունը դեռ 10 օր առաջ է իրեն տեղեկացրել գործարանի նախկին 100-մետրանոց խողովակը վերաշահագործելու մասին:

Վերջինիս հետ կապված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն ուղղված Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանի 03.06.2015 թ.-ի գրավոր հարցմանը ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանել է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվել է այդ ծխատարի և ծխնելույզի շահագործումը: Նոր ծխատարի և ծխնելույզի նորոգման աշխատանքները կտևեն մինչև 45 օր: Այդ ժամանակահատվածում գործարանի մետալուրգիական գործունեության արդյունքում գոյացող ծխագազերը հեռացվելու են նախկին՝ 100-մետրանոց ծխնելույզով»:

Ընկերության տնօրենը հայցել է Ալավերդու և բացասական ազդեցության հնարավոր բարձրացման ենթակա այլ համայնքների ազգաբնակչության ըմբռնումը և հայտարարել է հին ծխնելույզի շահագործման ժամանակահատվածում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները բնապահպանական փաստացի ազդեցությանը համաչափ վճարելու և այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության հետ քննարկումներ իրականացնելու ընկերության պատրաստակամության մասին:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո գործարանի ծխագազերը այլևս անվտանգ են դարձել Ալավերդու բնակչության առողջության համար: Հիշեցնենք, որ գործարանի ծխնելույզը սարի գագաթ բարձրացնելուց հետո ընկերությունը հաջողությամբ հասել է իր կողմից վճարվող բնապահպանական վճարների էական նվազեցմանը, որի արդյունքում նվազել են նաև պետբյուջեից Ալավերդու բյուջեին տրվող բնապահպանական մասհանումները: Վերջին օրերին քաղաքի վրա կախված ծխագազերն առաջացրել են բնակչության անհանգստությունը և մեծ դժգոհությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter