Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քարին տակ. սիբեխի, պարտքերի, մի անցքի ու ճանապարհի մասին



Քարինտակցիները Ջերմուկ են հասնում` սիբեխ քաղելու

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի խանութի վաճառասեղանի մոտ կանգնած 30-ամյա Մանուշակ Աբաղյանի ձեռքին պարտքով առեւտուր անողների տետրն է՝ «նիսյայի ցուցակը»: Երբ ասում ենք՝ ինչ էլ հաստ տետր է, ժպիտով պատասխանում է. «Բա ի՞նչ անենք, ամեն անգամ փոխե՞նք»: Մանուշակի ասելով՝ առեւտրի գրեթե 100 տոկոսը պարտքով է կատարվում: Եկամուտը լինում է ամեն ամսվա սկզբին, երբ գյուղացիներն աշխատավարձ, նպաստ կամ այլ տիպի գումար են ստանում: Մարդ կա, որ 700.000 դրամ պարտք է կուտակել, ինչն ամենաշատն է խանութում:

Մանուշակը Ստեփանակերտից է, որոշ ժամանակ ապրել է Շուշիում, մի քանի տարի առաջ հարս է եկել Քարին տակ: Ասում է՝ գյուղի ու մայրաքաղաքի տարբերությունը զգալի է: Ավարտել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը, իրավաբան է, աշխատել է մի քանի տեղ, այդ թվում՝ ԼՂՀ արտգործնախարարությունում, հիմա առեւտրով է զբաղվում: Երկու տղա ունի՝ 4 եւ 5 տարեկան, մեծը շուտով դպրոց է գնալու: Ամուսինն աշխատում է երկու տեղ, սկեսրայրն էլ աշխատանք ունի: Մանուշակն ասում է՝ իրենց պահողը նրանց աշխատավարձերն են, թե չէ, որ ասի՝ խանութն է տունը պահում, սուտ կլինի: Ասում է՝ առեւտուր անելը ձեռնտու չէ, բայց «ինչո՞վ զբաղվենք»:

660 բնակիչ ունեցող Քարին տակում ներկա պահին 3 խանութ է գործում, բայց, ըստ Մանուշակի, մրցակցություն չկա, ամեն մեկը մի թաղամաս է սպասարկում: Ասում է՝ գիտեն, թե ում են պարտքով ապրանք տալիս, ու ամեն մեկն ինչպես է փակելու պարտքը. մարդ կա՝ աշխատավարձ է ստանում, մարդ կա՝ նպաստ: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի տվյալներով՝ գյուղից մոտ 130 հոգի մշտական աշխատանք ունի. մի 60 հոգի գյուղում են աշխատում՝ համայնքի աշխատակազմ, բուժկետ, ակումբ, մանկապարտեզ, դպրոց, մյուսներն էլ՝ Շուշիի տարբեր հիմնարկություններում, այդ թվում՝ պաշտպանության բանակի զորամասերում:     

Մանուշակին հարցնում ենք՝ կա՞ն մարդիկ, որոնք, այսպես կոչված, սեւ ցուցակում են, ու խանութը նրանց ապրանք չի տալիս պարտքով: Ասում է՝ հա, կան, բայց այնքան էլ շատ չեն, մի 10 տոկոս էլ չեն կազմում: Հետո օրինակ է բերում, թե, ասենք, եթե մարդը հաց չունի ուտելու, ի՞նչ անեն, չտա՞ն: Ապրանք էլ կա, օրինակ՝ ծխախոտը, որ կանխիկով է վաճառվում հիմնականում: «Եթե 1, 2, 3 ամիս պարտքը չտան, 4-5-րդ ամսում տալիս են, ոչ լրիվ, բայց մի մասը փակում են գոնե»,- ասում է Մանուշակը:

Խանութի ապրանքը առաքիչներն են բերում, 3-4 ամիսը մեկ էլ ինքն է գնում Երեւան: Երբ զարմանում ենք, թե իր խանութում գյուղի սովորական խանութների համեմատ շատ բան կա, ասում է, որ նոր է եկել Երեւանից, դրա համար էլ կրպակը լիքն է՝ մթերք, կենցաղային առարկաներ, խաղալիքներ, հագուստ: Պատի ժամացույցներն եմ ցույց տալիս, ասում եմ՝ առնող կա՞, պատասխանում է. «Դե, նվերների համար են, մի սեզոն բերում եմ, ահագին ժամանակ մնում են, թե չէ հիմնականում սնունդն է ծախվում»:

Խանութը Մանուշակի ընտանիքը 3 տարի առաջ է բացել, մինչ այդ ապրանքը համագյուղացու կրպակում էին իրացնում, ասում է` 4,5 մլն դրամ վարկ են վերցրել, որ սեփական խանութ բացեն, մինչեւ հիմա փակում են:

«Բնակչության մոտ գումար չկա: Էս կռիզիսը, հունվարյան թանկացումները շատ են մեզ վրա ազդել»,- նշում է Մանուշակը, հետո ավելացնում, թե շատերը տրանսպորտին 5000 դրամ են տալիս, 4-5 հոգով գնում Ջերմուկ, այնտեղից սիբեխ քաղում, բերում Ստեփանակերտում վաճառում: Կիլոգրամի գինը 250 դրամ է, հաստ սիբեխի կգ-ն՝ 400: Հարցնում ենք` բա ինչու՞ Շուշի չեն տանում սիբեխը, էնտեղ էլ շուկա կա, ասում է. «Շուշիում էլ եթե հարցնեք, նույն վիճակն է, չի ծախվում, էնտեղ էլ բնակչությունը մեզ նման է, տարբերություն չկա»:

Քարին տակում ծնունդները գերազանցում են մահերին

660 բնակչությամբ Քարին տակում, ըստ գյուղապետ Մխիթար Առուշանյանի, շուրջ 150 տնտեսություն կա: Գյուղում 250 գլուխ խոշոր եղջերավոր կա, բուսաբուծությունից էլ տարածված է լոբու, կարտոֆիլի, կաղամբի մշակումը: Առուշանյանը առանձին հպարտությամբ ասում է, թե Քարին տակի լոբին հայտնի է ոչ միայն Արցախում, այլեւ դրա սահմաններից դուրս: Ձորակի մեջ ընկած գյուղը 22 հա վարելահող ունի, 210 հա էլ` Ասկերանի շրջանի Վերին Սզնեք, Կարմիրգյուղ, Սղնախ համայնքներում, որոնք վարչական բաժանումով հարեւան են Քարին տակին, բայց աշխարհագրորեն մի փոքր հեռու են, դրա համար էլ, ըստ գյուղապետի, քարինտակցիներն իրենց հողերը վարձակալմամբ հանձնում են նշված համայնքների բնակիչներին` օգտագործման համար:

Պատվո դատարկ տախտակը

Գյուղում նախորդ տարի գրանցվել է 9 ծնունդ, 7 մահ, 2015-ի անցած ժամանակահատվածում՝ 4 ծնունդ, 2 մահ: Առուշանյանի փոխանցմամբ` 2012-ին Քարին տակում 16 ծնունդ է եղել, ինչը ԼՂՀ գյուղերում ամենաբարձր ցուցանիշն էր ըստ բնակչության: Համայնքի ղեկավարի տվյալներով` պատերազմի սկզբին՝1980-ականների վերջին, բնակչությունը 702 էր, սակայն շեշտում է, որ կռվի տարիներին մոտ 45 զոհ են տվել, շուրջ 10 ընտանիք էլ տեղափոխվել է Շուշի` կենցաղային պայմաններից դրդված:

Գյուղամեջը

Հարցնում ենք արտագաղթից, ասում է, եթե այսօր Քարին տակում կա 100 աշակերտ, դա խոսում է արտագաղթի բացակայության մասին: Հավելում է, որ արտերկրում սեզոնային աշխատողներ ունեն` մոտ 10 հոգի, ովքեր, սակայն, վերադառնում են: «Այդ դեպքում ո՞րն է արտագաղթի բացակայության պատճառը» հարցին պատասխանում է, որ Շուշին ու Ստեփանակերտը մոտ են, հետո էլ գյուղը  մոտ 300 տարվա պատմություն ունի, բնակիչները կպած են իրենց հողին:

Մանկապարտեզն ու խոհանոցի չարաբաստիկ անցքը

Քարին տակի խնդիրներից ենք խոսում: Գյուղապետն առանձնացնում է մանկապարտեզի կառուցման հարցը: Մեր այցելության ժամանակ մանկապարտեզի խոհարարը ցույց տվեց խոհանոցում փտած հատակի վրա առաջացած մոտ մեկ մետր խորությամբ անցքը, որի մեջ ընկել էր մի քանի ամիս առաջ ու մինչ օրս մեջքի ցավեր ունի: Հետո նույն բախտին արժանացել է նաեւ մանկապարտեզի հաշվապահը: Մխիթար Առուշանյանն ասում է, որ նոր շենքի կառուցման հարցը մի քանի տարի առաջ բարձրացրել է կառավարության առաջ, ապա` վարչապետի: Նշում է, որ մի երկու-երեք անգամ խոհանոցի փայտե հատակը վերանորոգվել է, բայց քանի որ անընդհատ ջուր է թափվում, նույն վիճակն է ստեղծվում: Ըստ նրա` մասնագետներ են եկել, ասել են, որ շենքի վրա համապատասխան գումար ծախսելն անիմաստ է, նոր շենք պիտի կառուցվի: Որպես ժամանակավոր լուծում նշում է «ֆաներա խփելը»: Մեր խցիկը ֆիքսեց նաեւ ննջարանի վիճակը, որը մութ ու խոնավ էր, մահճակալներն էլ` խիտ դասավորությամբ: Դաստիարակչուհին պատմեց, որ երբեմն երեխաները զույգերով են քնում մեկ անկողնում:  

«Հուսով եմ, որ մեր կառավարությունը միջոցներ կհատկացնի, ու նոր մանկապարտեզ կունենանք»,- ասում է գյուղապետ Առուշանյանը, բայց այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես մինչ օրս գլխացավանք դարձած անցքը փակելու համար ընդամենը մեկ քմ «ֆաներա» չի ճարվում, փոխարենը անցքը ծածկվում է ստվարաթղթով` նմանվելով յուրօրինակ թակարդի:

Քանդված ճանապարհով` դեպի նորակառույց համայնքային կենտրոն

Սակայն որքան էլ նոր մանկապարտեզ ունենալը առաջնահերթություն լինի, մեր համոզմամբ, կա շատ ավելի կարեւոր հարց, որ, թերեւս, ամենագլխավորն է Քարին տակում: Դեպի Շուշի ու Ստեփանակերտ տանող մայրուղուց աջ թեքվող ճանապարհը, որ իջնում է Քարին տակ, իսկական գլխացավանք է վարորդների ու անցորդների համար: Առուշանյանը պատմում է, որ մինչեւ Արցախյան շարժումը սկսվելը այս ճանապարհին «խալոդնի ասֆալտ» է արվել, ինչի հետքերն այսօր էլ պահպանվել են, բայց սելավների պատճառով զառիթափ ճամփան տարեցտարի ավելի ու ավելի է «մաշվում»:

Այսօր էկրանի վրա

Գյուղապետի ասելով` այն պիտի շուտով նորից խճապատվի, ծրագիրը ներկայացրել են կառավարությանը, բայց շտապում է հավելել, որ հաջորդ մայիսին սելավների հետեւանքով նույն վիճակն է ստեղծվելու: Ըստ նրա` իր ղեկավարության 10 տարիների (2006-ից) ընթացքում գյուղի ճանապարհը 5-6 անգամ խճապատվել է: Հարցնում եմ` այդ դեպքում ո՞րն է ելքը, պատասխանում է` ասֆալտապատումը, որի վերաբերյալ դեռեւս ծրագիր չկա, չնայած հարցը բարձրացրել են: «Մի 2-3 տարի առաջ մեր համագյուղացի մոսկվայաբնակ տղա էր եկել, հաշվարկել են, էն ժամանակ կազմել է մի 150 մլն դրամ»,- ասֆալտապատման ծախսերի մասին պատմում է Մ. Առուշանյանը: Ավելացնում է, որ մի շարք գյուղերի, այդ թվում` Քարին տակի ներհամայնքային ճանապարհները սալապատելու ծրագիր կա, ինչը կոնկրետ այս գյուղում շուրջ 10 ժամանակավոր աշխատատեղ կստեղծի: Սալապատումը կլուծի նաեւ անձրեւաջրերի պատճառով շարքից դուրս եկող գյուղի ներքին  ճանապարհների հարցը:

Գյուղի կանգառը

Այս ամիս Քարին տակում բացվելու է համայնքային նոր կենտրոնը, որտեղ տեղակայվելու են գյուղապետարանը, բուժկետը, ակումբը, լինելու է նաեւ ուսումնական սենյակ, որում անցկացվելու են տարբեր միջոցառումներ: Ներկայում գործող գյուղապետարանն ու բուժկետը գտնվում են միահարկ շինության մեջ, իսկ ակումբը, ըստ Մ. Առուշանյանի, 1920-30-ական թթ. խոնավ շինություն է: Նոր կենտրոնի շինարարությունը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի պատկան մարմինը, իսկ համայնքային կենտրոններ ստեղծելու ծրագիրը ներկայացվել էր ԼՂՀ նախագահի կողմից: Հատկանշական է, որ կենտրոնի կառուցումն արժեցել է մոտ 150 մլն դրամ, այսինքն` այնքան, որքան կարժենար գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատումը: Գյուղապետի հավաստմամբ` նման շենք Քարին տակի պատմության մեջ դեռ չի եղել: Բայց հարց է ծագում. ո՞րն էր ավելի կարեւոր` ճանապա՞րհը, թե՞ համայնքային կենտրոնը: Շարքային գյուղացին ու ղեկավարությունը, ինչպես համոզվեցինք, տարբեր կարծիքներ ունեն:

Քարինտակցիները փորձում են իջեցնել իրենց խմելու ջրի սակագինը           

Մխիթար Առուշանյանն իր 10-ամյա ղեկավարման ձեռքբերումներից է համարում Քարին տակի լուսավորությունը: Ըստ նրա` մոտ 70 փողոցային ջահ է տեղադրվել գյուղում: 2001-ից, երբ դեռ գյուղապետ չէր, գյուղն ամբողջությամբ գազիֆիկացվել է:

Հետո սկսում է թվարկել իր ձեռքբերումները. պետական միջոցներով զոհվածների ու բազմազավակ 5 ընտանիքի համար առանձանատուն է կառուցվել, 30 ընտանիք փայտի ու թիթեղի տեսքով շինանյութ է օգնություն ստացել:

Իսկ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, նրա համոզմամբ, 24-ժամյա ջրամատակարարումն է անցյալ տարվա մայիսից: Ջրաչափերը տեղադրվել են, բայց հարցն այն է, որ եթե Քարին տակի ներքեւի հատվածը ոռոգման ջուր ունի, ապա վերին մասում բանջարանոցները ջրում են նույն խմելաջրով, որի համար ջրային տնտեսությունը 1 խմ-ն` 100 դր սակագին է ուզում սահմանել:

Մ. Առուշանյանը դեմ է, ասում է` եթե ջուրն օգտագործվեր միայն կենցաղի համար, այլ հարց, սակայն այս դեպքում գյուղացին թանկ ջրով պիտի այգի ու բանջարանոց մշակի, հետո տանի բերքը իրացնի շուկայում ու ստացած փոքր եկամտով կոմունալ վարձեր փակի:

Նա երկրի վարչապետի մոտ բարձրացրել է հարցը, առաջարկել է 40-50 դր սակագին սահմանել:  

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի, Վահե Սարուխանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ