HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վերելակ շահագործողները «չեն գալիս փորձաքննության»

Երեկ Երևանում տեղի ունեցավ դժբախտ պատահար: Համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ երեխայի գլուխը մնացել էր Երևանի Բեկնազարյան փողոցի առանձնատներից մեկի վերելակի դռների արանքում: Փրկարարները դուրս էին բերել երեխային, նա հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ-ում, սակայն, դժբախտաբար, մահացել:

Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերելակը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, շահագործվել է առանց դռների (երեխան մնացել է երկրորդ և երրորդ հարկերի մետաղական կոնստրուկցիաների արանքում): Սա, ըստ Լ. Հովհաննիսյանի, վերելակների շահագործման տեխնիկական կանոնակարգերի կոպիտ խախտում է, սակայն իրենք պատասխանատու չեն, քանի որ տվյալ վերելակը մասնավոր է և չի համարվում արտադրական վտանագավոր օբյեկտ:

Լուսինե Հովհաննիսյանը մեջբերեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի հոդվածներից 6-րդը, համաձայն որի` արտադրական վտանագավոր օբյեկտներ են համարվում այն վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում` բացառությամբ 250 կգ և փոքր բեռնատարողությամբ վերելակների:

«Իհարկե, դեպքը շատ ցավալի է, ցավակցում եմ մահացածի հարազատներին, բայց անդրադառնամ այն հանգամանքին, որ անհատական տներում տեղադրված վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը և ավելացրեց, որ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված բոլոր վերելակները տարեկան մեկ անգամ պարտադիր անցնում են փորձաքննություն իրենց կենտրոնի կողմից:

Մինչև այս դեպքը «Հետքը» Երևանի վարչական տարբեր շրջանների ղեկավարներին խնդրել էր տեղեկացնել, թե իրենց շրջանում շահագործվող վերելակներից քանիսն են անցել տարեկան փորձաքննություն: Երևանի տարբեր վարչական շրջաններից «Հետքի» ստացած տեղեկատվության համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված վերելակների մեծ մասը 2014թ. չեն անցել տարեկան փորձաքննություն: Լուսինե Հովհաննիսյանը, ով նշում էր, թե դա օրենսդրորեն պարտադիր է, պարզաբանում է. «Չեն գալիս փորձաքննության»:

Ով է պատասխանատվության ենթարկվում, եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության, Լ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցուցակը ներկայացնում ենք լիազոր մարմնին, որ այս կազմակերպությունը փորձաքննության չի եկել, իրենք իրականացնում են վարչական վարույթներ, և շահագործողը ստիպողաբար գալիս է փորձաքննության»:

Լիազոր մարմինը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախաարությունն է, իսկ շահագործողը` համատիրությունները: 2014թ. նախարարության ստիպողական վերահսկողությունը որոշ համատիրությունների համար չի գործել:

Չփորձաքննված վերելակներից յուրաքանչյուրը հերթական դեպքի պոտենցիալ տարածք է: Թե ինչու է գործընթացն իրականացվում «ստիպողաբար», և ինչպես են վտանգավոր համարվող այս օբյեկտները մնում չփորձաքննված, առաջիկայում կանդրադառնանք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter