HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարաց թեմի առաջնորդ. «Մեզ համար կարևոր նշանակություն ունի պատմական եկեղեցիների և վանքերի վերականգնումը»

Հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ

-Պատմական վանքերի և եկեղեցիների վերականգնման ի՞նչ ծրագրեր կան այս պահին Լոռու մարզում:

-Մեզ համար կարևոր դեր և նշանակություն ունի պատմական եկեղեցիների և վանքերի վերականգնումը: Երբ ապահովում ենք ֆինանս և ունենում ենք բարերարներ, այդ ժամանակ, հաշվի առնելով բարերարների ցանկությունը, մենք շեշտադրում ենք կատարում դրանց վերականգնման գործին:

-Մարզի  ո՞ր եկեղեցիներն են այս պահին վերանորոգման ընթացքի մեջ:

Կա՞ն, արդյոք, վանքեր կամ եկեղեցիներ, որոնց վերանորոգումն ավարտվել է:

-Ներկայում մեր բոլոր վանքերն էլ տեղ-տեղ մասնակի, հատվածական բարենորոգության և բարեկարգման կարիք ունեն: Ինչպես գիտեք, վերանորոգման  ընթացքի մեջ է Սանահինի վանքը: Տարեցտարի պետբյուջեով նախատեսվում է ինչ-որ գումար, և վանքում սկսվում են այդ գումարին համապատասխան աշխատանքներ կատարվել: Բայց ասել, թե մեծ ծավալով շինարարություն է կատարվում, այդպիսին չկա: Ընդհատումներով   Քոբայրավանքում և Սանահինում են կատարվում վերանորոգություններ:  Հնեվանքում սառեցված է: Մի քանի տեղեր էլ, ինչպես նաև Քոբայրավանքում, վերանորոգումը սկսվեց, սառեցվեց, հետո նորից սկսվեց: Հիմա կարծեմ ընթացքի մեջ է:

Իսկ Աքորի գյուղի Բգավոր եկեղեցի՞ն:

-Դա նույնպես սկսվեց և սառեցվեց` բոլորն էլ պայմանավորված ֆինանսական միջոցներով, որոնք կամ պետբյուջեից են լինում կամ անհատ բարերարների կողմից: Դուք` բոլոր լրագրողներդ էլ այդ մասին գիտեք:

- Այո, իհարկե, բայց չեք կարծում, որ մտահոգիչ է եկեղցիների ու վանքերի վերանորոգության վրա պետական բյուջեի կամ բարերարների հատկացրած միջոցների ծախսերի օրինականությունը: Սանահինի վանական համալիրի վերանորոգության համար ՀՀ կառավարության 2012-2016թթ. ծրագրով նախատեսված 180 մլն դրամից անցած 3 փուլերում արդեն ծախսվել է 58 մլն դրամ: Սակայն անձրևների ժամանակ վանական համալիրի Գ. Մագիստրոսի ճեմարանի, Ամենափրկիչ եկեղեցու գավիթի և նախագավիթի պատերից անձևրահոսքերը չեն դադարում: Հիմա Սանահինում սկսվել է վանքի վերանորոգման 4-րդ փուլը` նույն շինարարական կազմակերպության կողմից վերանորոգվում է Ամենափրկիչ եկեղեցու տանիքը:

- Ես մասնագիտական գնահատական չեմ կարող տալ և ինձ իրավունք չեմ վերապահում ճարտարապետական , շինարարական կամ ֆինանսական հարցերում կարծիք հայտնել, երբ ես չեմ տիրապետում այդ ամենին:

-Բայց դուք  իրավունք ունեք, չէ՞, կատարված աշխատանքների մասին գոնե հարցնել հանրապետության լավագույն ճարտարապետ մասնագետների կարծիքը:

-Ես հոգևորական եմ, հոգևորականը կարող է միայն տալ իր մասնագիտությունից ելնող վերլուծականներ և գնահատականներ:  Հիմա ասել, թե որքան միլիոն դրամ ինչի վրա են ծախսել, ինչպես են ծախսել, այս հարցերի պատասխանները ես չունեմ: Դուք պետք է լավ իմանաք այդ ամենը: Երբ մշակույթի նախարարությունը նախաձեռնում է, երբ պետությունը ֆինանսավորում է այդ ծրագիրը, հետևաբար իմաստը որն է առաջնորդիս հարցնել կամ առաջնորդի առջև դնել այդ խնդիրը: Ես ինչպես իմանամ՝ այդ գումարները վատնվում են, թե չեն վատնվում: Դրա համար չէ՞ որ կան մարմիններ, ովքեր կարող են հետաքրքվել, չափել, տեսնել, ինչ իմանամ՝ քննարկել ու քննադատել: Դուք լսե՞լ եք այսքանի տարի, որ երբևիցե քննադատեմ կամ գնահատեմ այն աշխատանքները, որոնք ինձ չեն վերաբերում:

-Սրբազան, ես Ձեզ այս հարցն ուղղում եմ, որովհետև ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատմական հուշարձանների ցուցակում գտնվող Սանահինի վանական համալիրը Մայր Աթոռի սեփականությունն է: Կարծում եմ՝ սեփականատերը պարտավորություններ ունի Սանահինում կատարվող վերանորոգման աշխատանքներին հետևելու:

-Ես ճիշտ եզրակացության դժվար թե կարողանամ հանգել այն հարցում, որն իմ ոլորտից դուրս է:

-Հիմա դառնանք Օձունին:  Այստեղ ջրահեռացման աշխատանքներ չեն կատարվել: Իսկ դա նշանակում է, որ հնագույն եկեղեցու հիմքերը կարող են ջրահոսքերից խարխլվել, և բարերար Մովսես Ձավարյանի կատարած մեծ բարերարությունը կարող է իմաստազրկվել:

- Ինչո՞ւ դուք այդ հարցերը չեք ուղղում հենց այն կառույցին, որն իրականացրել է  եկեղեցու վերանորոգումը: Ուրեմն տեսեք, ճիշտը դա է: Իսկ ես ինչպես հավատամ, այսինքն՝ ոչ թե Ձեր անձին, եզրակացությանը նկատի ունեմ` ջրահեռացման հարցը լուծված է, թե լուծված չէ: Նախագիծը եղել է, թե չի եղել:

- Վերանորոգողին հարցրել ենք: «Մովսես Ձավարյանն ասել է, որ ինքը պատրաստ է շարունակել եկեղեցու ջրահեռացման աշխատանքների ֆինանսավորումը մի պայմանով, որ ունենանք նախագծային լուծում»,- 2014թ.  նոյեմբերի 3-ին «Հետքին» տված իր հարզազրույցում  պատասխանել է  Օձունի եկեղեցու վերանորոգումն իրականացնող «ԼևԳուգ» ՍՊԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը:

 -Այդ մասին դուք գրեք պատասխանատու մարմիններին:

 -Սրբազան, ի՞նչ կասեք Դսեղի Սբ. Գրիգոր բարձրաքաշ եկեղեցու մասին, այն կործանման շեմին է:

-Ինչու միայն Սբ. Գրիգոր Լուսավորիչ բարձրաքաշ եկեղեցու մասին խոսել, Քառասնից մանկանց վանք էլ կա, Սեդվի վանքը կա, Բգավանքը կա, ուրիշ բազմաթիվ այլ վանքեր կան հարևան Վրաստանի սահմանների վրա, լիքն են: Երբ ունենանք հնարավորություն, յուրաքանչյուրի հերթը պետք է հասնի:  Պարզ ու հասկանալի է, որ դա ֆինանսական միջոցով է պայմանավորված: Կարծեմ ցանկություն արդեն հնչել է, որ Քառասնին մանկանց վանքը ուզում են վերականգնել: Երանի դա իրականություն դառնա:

-Ինչ կասեք Խորակերտի վանքի մասին, որն այսօր հայ ուխտավորներին անհասանելի է հայ-վրացական սահմանային խնդիրների պատճառով:

 -Անցյալ տարի եմ եղել Խորակերտում: Խորակերտի հետ կապված ես հատուկ նամակ եմ գրել Հայաստանի և Վրաստանի սահմանագծող հանձնախմբին:  Նրանք հաշվի են առել իմ նամակը` Խուճապ և Խորակերտ վանքերին մոտենալու ճանապարհներ կառուցելու համար: Ես ակնկալում եմ, որ այդ ճանապարհը կտան այն ժամանակ, երբ վերստին սկսվեն բանակցությունները սահմանային հարցերի շուրջ: Հիմա այդ հարցը սառեցված է:

Մեկնաբանություններ (12)

Մարիամ Դալլաքյան
Մեծ հետքրքրությամբ կարդացի Լարիսա Փարեմուզյանի հարցազրույցը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Բոլորիս ցավն ու անհանգստությունը մեկն է՝ պատմական եկեղեցիների և վանքերի վերականգնումը.....Օր օրի նոր եկեղեցիներ են կառուցվում Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, իսկ հոդվածում ես հանդիպեցի դարերի պատմություն ունեցող երևի յոթից ութ վանք ու եկեղեցիների անուններ, որոնք , մեղմ ասած, վերանորոգման կարիք ունեն...Աշխատանքները մասամբ , կիսատ-պռատ, թերություններով ու բազթողումենրով են կատարվել ու կատարվում, և այսպես ասած՝ կարևոր նշանակություն ունեցող այս խնդիրը արդեն տարիներ շարունակ անլուծելի այս տարվա բյուջերից գլորվում է հաջորդ տարի.... այսպես շարունակ.... մինչև ե՞րբ: Պատկան մարմինների ամենաթողության պատճառով չեն շտկվում կատարված նախագծային սխալները.... Ջրերը կհոսեն ու կքանդեն ամեն ինչ.... Սերունդներին ի՞նչ ենք պատասխանելու....Երևի բարերարներն էլ են հոգնել.... սսպասելով ,,նախագծային լուծմանը,,.... Ինչ անի՞ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա միայն կարող է սպասել ու հուսալ՝ ապավիներով Աստծո օգնությամբ կատարվելիք աշխատանքներին: Երազանքս մեկն ՝ Օձունի /և ոչ միայն Օձունի/ չքնաղ եկեղեցին տեսնել իր շքեղությամբ բազմած հայրենի հողին՝ հպարտ, առողջ ու ավետաբեր:
Աշոտ Մայիլյան
Պատասխանատուներն ուղակի անտարբերության մեջ են և ոչինչ չեն անում, խոսքս Տեր Վրթանեսի մասին չէ, որը միշտ բարեհամբյուր կերպով և ժպտերես դիմավորում և ճանապարհում է մեզ, անգամ նորոգել է բակը երիզող պարիսպը, բակը ջրաբի է դարձրել, սալահատակել է պետքարանները, աղբամաններ է տեղադրել, պարսպի երկայնքով ծառեր է տնկել և այլն: Եկեղեցու վերականգնված ամեն քարի համար ուրախությունից փայլում էր, իսկ վերջի անգամ երբ այցելեցի շատ ընկճված էր: Ասաց, որ ամեն ինչից կարող եմ հարցնել, բացի վերականգնման ընթացքից:
Աշոտ Մայիլյան
Ոմանք էլ ուզում էին Օձունի գմբեթը վերականգնել, արդյունքում գմբեթի վրա չորս անհամաչափ լուսամուտներ ստացվեց: Կարո՞ղ է այդ էլ ճարտարապետը չի նախագծել: Անամոթ պնակալեզներն էլ փողի դիմաց արածին գումարած չարածն էլ են գովաբանում՝ խոչըդոտ հանդիսանալով վերականգնման ավարտին հասնելուն:
Անահիտ
Ամեն ինչի համար փող կա, իսկ Աստծո տան վերակառուցման համար, ո՛չ; Հիմնադրամը պետք է լուծարել, իսկ ստորոգրող մյուս կողմերը պարտավոր են աշխատանքներն ավարտին հասցնել:
Արամ
Մշակույթի նախարարությունն անկարող է որևէ սրբավայրի ամբողջական վերականգնում իրականացնել: Բոլորն են այդ մասին խոսում, դժբախտաբար Օձունն էլ կիսավեր եկեղեցիների ցուցակը համալրեց: Երեկ Օձուն էինք այցելել, միամիտ Լոռեցիները հավատում են , որ Օձունի վերականգնումը նախագծերով նախատեսված իր տրամաբանական ավարտին կհասնի:
Մարիամ Աստվածատրյան
Սրբազա՛ն Հայր, իսկ ովքեր են Ձեզ խանգարում կոնկրետ Օձունի վերականգնման գործում, տվեք նրանց անուները: Ես իրավապաշտպան եմ և պատրաստ եմ հայկական օրենսդրության շրջանակում, եթե հարկ լինի միջազգային դատարանով պայքարել նրանց դեմ; Եթե անգամ Մշակույթի նախարարություն է, կարող եմ միջազգային դատարանի միջոցով վերջինիս պարտադրել հյուսիսային կամարակապի իրեց կողմից քանդված հատվածը վերականգնել, հարվային քիվերն իրեց տեղը վերաշարել, փայտյա դռներն ու լուսամուտները վերականգնել:
Աշոտ Մայիլյան
Օձունի վերականգնման համար սիրելի՛ ուրախացողներ, հարգարժան Տեր Վրթանես, երբեք չհուսահատվե՛ք: Ես՝ որպես երևանաբնակ օձնեցի և հայ քրիստոնյա միշտ ձեր կողքին եմ և աղոթում եմ Օձունի ամբողջական վերականգնման համար:
Աշոտ Մայիլյան
Հարգելի Գուգարաց թեմի առաջնորդ, բոլորիր տուրիզմով զբաղվողներիս համար էլ հստակ է, որ հին եկեղեցիների վերականգնումը Մշակույթի նախարարության մենաշնորհն է: Հավատացյալ եմ, ամեն կիրակի այցելում եմ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցի, ինչու՞Սանահինի վանական համլիրի նման կարևոր սրբավայրում գեթ մի վանական չկա:
Աշոտ Մայիլյան
Ամեն շաբաթ տուրիստական խումբ եմ տանում տանում Հաղպատ, Սանահին և Օձուն, որոնք դժգոհում են Հաղպատի գավթի մուտքի վրա կախված և ամեն պահի իրենց վրա ընկնելու ընդունակ ծածկասալերից, Սանահինի անձրևաջրերից լվացվող և իրենց վրա թափվող կրաշաղախից: Օձունի ֆաներայի դռներից և անճաշակ լուսամուտներից: Ամբողջ Լոռու մարզում այսքան տարիների ընթացքում Հաղպատի, Սանահինի և Օձունի եկեղեցիներն ու բակերն անգամ բարեկարգ վիճակի չբերվեցին, նույն է վիճակը ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Աշոտ Մայիլյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կամ այդ ոոոոոլոտի անմիջական պատասպանատու Արև Սամուելյանն իչպես կասեր նախկին վարչապետը, ինչո՞վ են զբաղվում, եթե Օձունով չեն զբաղվում:
Աշոտ Մաիլյան
Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի և Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի միջև եռակողմ ստորագրված հախագծով նախատեսված և չկատարված բազմաթիվ աշխատանքներ կան: Եթե Հաղպատից հետո մարզի երրորդ այցելույաշատ եկեղեցում՝ Օձուն է վիճակն այսպիսին, ապա հասկանալի է, թե ինչ է կատարվու Հնեվանքում, Քոբայրում, Բգավորում կամ Լոռու բերդում, որտեղից, անգամ, կարող է խաչքր անհայտանալ:
Հակաեկեղեցաշինող
Դե վերականգնեք, էն ա, Լոռվա հին եկեղեցիների տանիքներին արդեն ծառեր են աճում ու փչացնում են շինությունները, ի՞նչ եք մի գլուխ նոր-նոր անճաշակ եկեղեցիներ շինում, այ տնաշեն շինողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter