HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Լեսլի Թորնթոն. «Մենք ավելի շատ հաղորդակցվում ենք տեսողական իմաստով»

Լեսլի Թորնթոնը Արիզոնայի պետական համալսարանի լրագրության և զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս է: Մայիսի 28-ին Երևանում կայացած Թվապատում միջազգային մեդիա կոնֆերանսին նրա բանախոսության թեման էր՝ «Լրագրողական պատմություններն այսօրվա թվային աշխարհում»: Իսկ մայիսի 30-ին «Բարքեմփ Երևան 2015»-ի շրջանակներում Լեսլի Թորնթոնը խոսեց սոցիալական ցանցի միջոցով տեսողական պատմություններ պատմելու մասին: «Հետքի» հարցազրույցը լրագրության որոշ փոխակերպումների, սոցիալական մեդիայի հետ դրա կապի և մեդիա գրագիտության որոշ հարցերի մասին է:

- Պատմություններ պատմելու ի՞նչ նոր ձևեր են ի հայտ եկել վերջին շրջանում:

Կարծում եմ` մարդիկ, ի պատասխան տեղեկության վիթխարի քանակի, որին այժմ բախվում են, իսկապես կարիք ունեն լրագրողների, ովքեր կմաղեն ամեն ինչ և կներկայացնեն իմաստը, կանեն այն, ինչին ձեռնամուխ են եղել՝ զտել կարևորը ոչ այնքան կարևորից: Ես կարծում եմ, որ մենք տասնամյակներ շարունակ տարված ենք եղել դատարկ բաները փառաբանելով, ձգտել ենք ընթերցողների քանակի, գուցե հայտնիների ու թեթև պատմությունների չափազանց մեծ լուսաբանում է եղել՝ ի վնաս արվեստի նորությունների: Այստեղ է, որ թվանշային լրագրությունը կարող է արդյունավետ լինել: Այն կրկին հետաքրքիր է դարձնում լուսաբանումը: Եւ դրա ինտերակտիվության կամ պարզապես լավ տեսք ունենալու, ավելի հեշտ կարդացվելու միջոցով մենք ավելին ենք իմանում այն մասին, թե ինչպես են մարդիկ ընդունում տեղեկությունը: Կարծում եմ, որ այն շատ դրական ազդեցություն է ունենում լրագրության վրա:

- Կարծում եք՝ տվյալներն ու տեսողականացումը (վիզուալիզացիա) փոխո՞ւմ են տեղեկության մեր ընկալումը:

Այո: Ոչ լրագրողները սովոր են արձագանքել տեսողական ինֆորմացիային: Մենք ավելի շատ հաղորդակցվում ենք տեսողական իմաստով՝ ոչ միայն իմ (նկատի ունի Ամերիկան – Հ.Գ.), այլև ձեր աշխարհամասում: Այսպիսով, շատ լրագրողներ սովորում են փնտրել բաներ, որոնք կունենան տեսողական հաղորդակցություն իրենց հետ և ընդգրկել դրանք իրենց պատմություններում: Նույնիսկ եթե նրանք լուսանկարիչ չեն, նրանք երևույթները փնտրելու հարցում մի փոքր այլ կերպ են մտածում:

- Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ տեքստային բովանդակությունը ավելի ու ավելի պակաս է սպառվում:

Հավանաբար պարզապես իմ ընտրությունն է` ինչին եմ նայում և ինչ եմ տեսնում:  Բայց կարծում եմ, որ համատեքստը սկսում է վերադառնալ. հույս ունեմ: Քանի որ կարծում եմ, որ դա է տարբերությունը լավ լրագրության և մակերեսայինի միջև, որը որևէ մեկին օգուտ չի տալիս: Մեծ տվյալների լրագրության այս հանրաճանաչությունը, եթե ճիշտ կիրառվի, անշուշտ կարող է օգնել առարկաներին համատեքստ հաղորդելուն: Իմ մտահոգությունը երբեմն այն է, որ մարդիկ պարզապես կնայեն տենդենցների թվերին կամ նրան, ինչ կարծում են, թե հասկանում են, բայց իրականում այդպես չէ: Այսպիսով, լրագրողը կարիք ունի խորը գնալ և իսկապես պարզել՝ ինչն է կարևոր և ինչը՝ ոչ:

- Ինչպե՞ս օգտագործել սոցիալական մեդիան՝ որպես տեղեկության արդյունավետ աղբյուր:

Կարծում եմ՝ շատ թաքուն ռեսուրսներ կան սոցիալական մեդիայում: Ուրեմն, լրագրողների համար, նույնիսկ եթե նրանք անձնապես այնտեղ չեն, շատ կարևոր է սովորել՝ ինչպես լինել գրագետ սոցիալական մեդիան օգտագործելու հարցում: Կարծում եմ՝ նրանք կարիք ունեն փորձառել դա՝ հասկանալու համար՝ ինչին կարելի է վստահել, ինչին՝ ոչ, որոնք են այն նշանները, որոնք վստահություն են տալիս ինչ-որ բանի… Գլոբալ առումով մարդիկ կարծես վստահում են տեղեկությանը ավելի, եթե դրա հեղինակը մեկն է, ում իրենք վստահում են, ինչը հենց սոցիալական մեդիայի էությունն է: Այն մեծ ընտանիքի նման է, որին ճանաչում ես և գիտես՝ ով է լավ աղբյուր, ով՝ ոչ: Տեսնելով, թե ովքեր են լրագրողները, մարդիկ լավ հնարավորություն ունեն վստահելու լրագրությանը, մի քիչ ավելի վստահելու նրան, ինչ լրագրողներն անում են: Իմ կարծիքով, սոցիալական մեդիան մեծ արժեք ունի, ոչ թե որովհետև հաղորդում ենք միմյանց, թե ինչ ենք ուտում ճաշին, այլ որովհետև դրա հիմքում շարժ կա, որը ներառում է վստահություն և կարճ հաղորդագրությունների միջոցով արագորեն հաղորդակցվելու կարողություն:

-Ինչպե՞ս սովորեցնել ընթերցողին՝ կարդալ ինտերակտիվ գործիքների օգնությամբ պատրաստված տեղեկությունը:

Շատ լավ է, որ մտածում եք այդ մասին: Խոսքը մեդիա գրագիտության մասին է: Գուցե հոդվածաշարերը կամ տեղեկության փոքր հատվածները կօգնեն նրանց իմանալ, թե արդյոք կայքը վստահելի է, թե՞ իրենց խաբում են, ինչպես զննեն տեղեկությունը, ստուգեն այն: Բացի այդ, կայքում կարող են լինել փոքր տեսանյութեր, որոնք կբացատրեն այս գործիքների տարբեր կողմերը: Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ դա պետք է անել հաճախ և փոքր չափաբաժնով, որը կլինի գրավիչ և տեղեկացնող:

Լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի / Media.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter