
«Ասում էի` եշեք, լա մահանամ, կարմիր մոգ պամադան նաղդ քսում եք»
Բուժքույր Մարինեի Մուսայելյանի դեմքին պարբերաբար ժպիտ է առկայծում մեր զրույցի ժամանակ: Այն մտնում է պատերազմի մասին թանձրացած հիշողությունների մեջ` առանց փոթորկելու դրանք: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առաջին հարկի սենյակում խոսում ենք այն 4 տարիների մասին, որոնք թրծել են նրան: Հիմա էլ, սակայն, խաղաղությունը պայմանական է: Բուժքույրն ասում է` խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ սահմանին զոհեր չունենանք:
Երեք կանայք` մեկ ընտանիքից
Մարինեն 18 տարեկան էր, երբ պատերազմն սկսվեց: Սովորում էր Ստեփանակերտի բժշկական տեխնիկումում` 4-5 ամսվա ուսանող էր: Պատերազմին մասնակցած բուժքույր ընկերուհիներն ասում են, որ ամենակրտսերն էր իրենց մեջ:
«Երբ գնացի մարզկոմի նկուղային շենքը, հավաքեցին մեզ, ասացին` ո՞վ է ուզում գնալ օգնություն ցույց տալ վիրավորներին, ասացի, որ ես էլ եմ ուզում: Հետո մեզ տարան բժիշկ Վալերի Մարությանի մոտ: Բժիշկը հարցրեց, թե որ մենք գնանք, հոսպիտալի վիրավորների համար հացն ո՞վ է պատրաստելու»,- հիշում է բուժքույրը: Դրա համար, ավելացնում է, դիմել է մորը: Մայրը համաձայնել է: «Հետո հարցրեցին, թե բա վիրավորների լվացքն ո՞վ պիտի անի: Ես էլ քրոջս ասացի»,- ավելացնում է:
Մարտական գործողությունն սկսվելուց առաջ բուժական անձակազմը պիտի գնար առաջին գիծ: Մարինեն ասում է, թե ամեն անգամ մայրը խնդրում էր, որ ինքը չգնա, փոքր է, բայց չէր համաձայնում. «Ասում էի` ես պիտի գնամ, դու վիրավորների հացը պատրաստիր»:
Մարինեի ձայնի մեջ մի տեսակ սառնություն կա այս ամենը պատմելիս: Հարցնում եմ` չէր վախենո՞ւմ: Ասում է` չէ, վախ չունեի, մահանալուց չէի վախենում, հետո հանկարծ ձայներանգը փոխվում է, նշում է, թե այնպիսի իրավիճակներ էին լինում, որ ենթագիտակցորեն բարձրաձայն ասում էր. «Վայ, մամա, հանկարծ չմահանամ»:
«Թարխան նե ռեբյոնոկ»
1993-ին էր, Աղդամի շրջանի Գյուլիջա գյուղում: Գնացել էին ջուր բերելու: Հակառակորդն ականանետներով անընդհատ կրակում էր: «Շրջվեցի, մեկ էլ տեսնեմ` 7 հոգին օդ են բարձրացել,- սա ասելուց հետո մի պահ լռում է, աչքերը մի կետի է հառել,- 7-ն էլ զոհվեցին»:
Գյուլիջայում մնացել է 1 ամիս 20 օր: Հիշում է` նամակներ հաճախ էր գրում այդտեղից. «Գրում էի` Գյուլի ջան (ավագ բուժքրոջ անունն է- հեղ.), բարևագիր Գյուլիջայից»: Հիշում է, որ Գյուլին վերցնում էր նամակն ու լաց լինում: Ինքն էլ նամակի մեջ գրում էր, թե «արխային, Թարխան նե ռեբյոնոկ»: «Միշտ ասում էի, որ ինձ բան չի լինի, հանգիստ լինեն: Մեկ-մեկ էլ ինձ ասում էին` ա, մըռնե Թարխանը, ասում ա` Թարխան նե ռեբյոնոկ, ինձ բան չի լինի»,- ժպիտով հիշում է բուժքույրը:
Մեկ այլ դեպք է պատմում, երբ Խծաբերդից 4 ուղղաթիռով վիրավորներ էին տարել Երևան: Այդտեղ իրենց ասել էին, որ 4 օր պիտի մնան, իսկ ինքը չէր ուզում, խնդրել էր իրեն հետ ուղարկել Ղարաբաղ: «Օդաչուն ասաց` չէ, էնտեղ վատ է վիճակը: Մեզ չէին տանում, պիտի տղաներին տանեին, Բերդաձորի տղաներն էին: Ես ու Նելլի Հայրապետյանն էինք, Նելիկին նստացրի ուղղաթիռ, ասացի` հենց ուղղաթիռը շարժվի, պատուհանը կբացեք, ես կմտնեմ, մեր տղաներին էլ ասացի: Օդաչուների մեծն ասաց` միևնույնն է, չես գալու Ղարաբաղ: Պատուհանով մտա, օդաչուն երբ տեսավ ինձ ուղղաթիռում, ասաց` բա դու որտեղից ես մտել, ասացի` պատուհանով»,- հիշում է նա:
«Օրերով չէինք քնում, բայց չէինք էլ հոգնում»
Մարինեն իր հիշողությունները պատմելիս հաճախ հայացքը գցում է սեղանին, երբեմն նայում մեր դեմքերին: Վիրավորների արնաշաղախ լուսանկարները նայելով` մտածում ես, թե ինչքան ուժ է եղել այդ կանանց ու աղջիկներին:
Զրուցակիցս պատմում է, որ լինում էր` գիշեր-ցերեկ չէին քնում, բայց չէին էլ հոգնում: Ամենաշատ վիրավորները Մարտակերտում էին: Սև ձորից առաջին վիրավորին` Նորայրին, պիտի հասցնեին հոսպիտալ: Գլխից վիրավորվել էր. «Ճանապարհին ասում էր, թե` Մարինե, վախենում եմ մեռնել, ասում էի` չես մեռնի, հանգիստ եղիր»:
Պատմում է, որ առաջինը հոգեբանորեն էին փորձում էինք օգնել վիրավորներին, ապա իրենց պարտականություններն էին անում: Ասում է` առավել քան ծանր էր, երբ վիրավորը ճանապարհին էր մեռնում: «Ղուբաթլուում էինք, էդ ժամանակ շատ էինք բերում վիրավորներ, մի տղա ասաց` Մարինե, մահանում եմ, ասացի` չես մահանա, բարձրացրեցի, տեսա մի ասկոլկա սրտի մոտ, հետո բարձրացրեցի, տեսա արյուն էր: Մինչև վերջին րոպեն ծիծաղում էր»,- վերհիշում է բուժքույրը:
Խարույկի շուրջ երգելիս
Երբեմն, ասում է, երգում, պարում էին վիրավոր զինվորների համար, որ ֆիզիկական ցավ չզգան: «Գիտեք, կարող է էդ րոպեին մտածել ենք, որ ասկոլկան կխփի, կմահանանք, բայց բարձրաձայն չենք ասել: Հոգեբանորեն ուժ էինք տալիս, զինվորներն էլ մեզ տեսնելիս ուրախանում էին»,- նկատում է նա:
Երբեմն երգում էր, երբ խարույկի շուրջ էին հավաքվում: Ասում է` բարձր ձայն ունեի, նույնիսկ երբ տղաներից խնդրում էին ցածր երգել, որ հանկարծ չլսի հակառակորդը. «Ես էլ ասում էի` թող թուրքերն իմանան, որ էստեղ ենք ու ոչ մի բանից չենք վախենում»: Մարինեի ասելով` երգն ուղղակի ցավը թաքցնելու միջոց էր իրենց համար: Հիշում է, որ ամեն մեկին մի նռնակ էին տվել «ծայրահեղ դեպքերի» համար:
Հաճախ մարտական գործողությունները սպասվածից երկար էին տևում, սննդի պակաս էին ունենում: Մի անգամ, ասում է, բուժքույր Արևիկ Անդրյանի հետ Լիսագորում էին: Հաց չկար: Քարին Տակ գյուղ էին գնացել, ալյուր բերել: «Մի ընտանիքի պես էինք»,- ասում է Մարինեն:
«Տեղ կա, ասում են` ի՞նչ եք արել»
Երբ հարցնում եմ, թե հիմա իրեն գնահատված զգում է արդյոք, մի փոքր լռությունից հետո ասում է. «Ոչ մի բան չեմ ուզում, զատո վիրավորներն են գնահատում: Որ տեսնում են մեզ, ուրախանում են»: Մենք նորից լռում ենք: Մարինեն, քույրն ու մայրը այն տարիներին են կորցրել առողջությունը: Նրանք ցուցադրական ֆոտապատմություններ հրապարակելուց, պատերազմի մասին շոուներ սարքելուց հեռու մարդիկ են:
«Այսինքն` գնահատված եք զգում Ձեզ»,- ասում եմ բուժքրոջը: Այս անգամ ասում է. «Նայած, տեղ կա, ասում են` ի՞նչ եք արել: Ես էլ ասում եմ` ոչ մի բան չենք արել, հեռուստացույցը կնայեք, կտեսնեք»:
Մարինեն 3 աղջիկ ունի: Ավագ դուստրը 18 տարեկան է, սովորում է Արցախի պետական համալսարանում, երկրորդը` 16 տարեկան է, սովորում է Ստեփանակերտի բժշկական քոլեջում, կրտսեր դուստրը դպրոցական է: Ամուսինը պատերազմի մասնակից է, երրորդ կարգի հաշմանդամ: Հիմա Մարինեն զինվորական թոշակ է ստանում, բայց նաև որպես քաղաքացիական աշխատող` շարունակում է իր աշխատանքը հոսպիտալում:
Ասում է` համոզված է, եթե պատերազմը, Աստված չարասցե, վերսկսվի, իր դուստրերը ևս պատրաստ կլինեն գնալ, ինչպես ինքն է արել:
Մեր զրույցի վերջում նկատում եմ, թե 18 տարեկան աղջիկը սովորաբար սիրում է կոսմետիկա օգտագործել, հարդարվել, նորաձև հագնվել: «Ես առավոտյան զարթնում էի, կարող է չքնեինք, բայց պամադան պիտի լիներ, սպիտակ սպարտիվկան հագնում էի, շրթներկս քսում էի: Մի պամադա էլի պիտի քսեինք»,- ժպտում է Մարինեն:
Բուժքույր Արևիկն էլ պատմում է, որ Խծաբերդում էին, երբ բժիշկ Մարությանը եկավ թե` ֆրանսուհիներ պիտի գան: «Մենք էլ ջահել աղջիկներ էինք, էս տղերքը սկսեցին սափրվել, իրենց կարգի էին բերում, մենք էլ ասում էինք` արա, որ գան, մեզ արդեն ուշադրություն չեն դարձնելու, մի քիչ նախանձում էինք, էն էլ եկան, տեսանք, որ դրանց մոտ մենք կրասավիցաներ ենք: Իրենց մոտ լավ զգացինք»,- սա պատմելուց հետո բոլորս ծիծաղում ենք: Մարինեն` նույնպես. «Ասում էի` եշեք, լա մահանամ, կարմիր մոգ պամադան նաղդ քսում եք (ասում էի` տեսեք, որ մահանամ, կարմիր մուգ շրթներկն անպայման կքսեք)»:
Լուսանկարները` Մաքս Սիվասլյանի, Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել