HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարմաշենի համայնքապետը՝ ավագանու թեկնածուի վստահված անձ

Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանն այսօր թիվ 33/01 ընտրատեղամասում ավագանու թեկնածուի վստահված անձի կարգավիճակում է: Առաջադրվողը տղան է՝ Սասուն Եղոյանը, եւ նման քայլի դիմել է նրա խորհրդով:

«Նախորդ տարիների առաջադրումների ժամանակ թափուր տեղեր էին առաջանում, եւ ավագանու 7 տեղը չէր լրանում,-բացատրում է Աշոտ Եղոյանը,- 2005թ. 7 ավագանու տեղի համար առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն ընտրությունների նախօրեին նրանցից երկուսն ինքնաբացարկ հայտարարեցին, ու ստացվեց այնպես, որ տեղերը չլրացվեցին: 2011թ. եւս ունեցանք նույն խնդիրը: Եվ միայն տղայիս՝ ընտրական հանձնաժողովում թղթերը հանձելուց հետո եմ իմացել, որ այս անգամ 10 հոգի մեր համայնքից ինքնառաջադրվել են»:

Աշոտ Եղոյանը Մարմաշենը ղեկավարում է 1996-ից: Այդ ընթացքում համայնքում անցկացվել է ՏԻՄ 6 ընտրություն: Ավագանու ընտրություններից ամենաձախողվածը համարում է 2011թ. ընտրությունները, երբ 1400 ընտրացուցակային ընտրողներից քվերակությանը մասնակցել էր 68 ընտրող: Այս ընտրություններն աննախադեպ են ոչ միայն թեկնածուների թվի առումով՝ 7 տեղի համար 10 թեկնածու, այլեւ մասնակցության:

«Այսօր 500 ընտրող ցուցակային 1400 ընտրողից գտնվում է արտասահմանում: Մինչեւ ժամը 17-ի դրությամբ արդեն 250 ընտրող մասնակցել է, սա արդեն մեր գյուղի համար լավ ցուցանիշ է,-ասում է համայնքապետը,-առկա պասիվությունն էլ կապված է եղանակների հետ: Անձրեւային մայիսը հնարավորություն չէր տվել մարմաշենցիներին վարուցանք անելու, եւ գյուղացիներիը գերադասել են դաշտային աշխատանքը ընտրություններից: Անգամ ակտիվ մասնակցողները գտնվում են դաշտերում, էսօրվա դրությամբ իրանց կարտոֆիլը հողին հանձնելն ավելի հետաքրքրիր է, քան որեւէ մեկին ձայն տալը»:

Մարմաշենի համայնքապետը գերադասում է աշխատել ուժեղ ավագանու հետ: Թույլ ավագանին առաջին հերթին վնաս է ոչ թե համայնքապետին, այլ համայնքին: Մարմաշենի ղեկավարը համոզված է՝ միաձայն կայացրած որոշումները միշտ չէ, որ ամենաճիշտն են: «Արդյո՞ք չի լինի շահերի բախում, եթե որդին ընտրվի ավագանու անդամ» հարցին Աշոտ Եղոյանը տալիս է ժխտողական պատասխան: «Մենք տանը հայր ու որդի ենք, բայց աշխատանքի մեջ անհատներ ենք, ամեն մեկս իր կարծիքն ունի, եթե ընտրվի, համոզված եմ, որ շահերի բախում չի լինի»,-նկատում է զրուցակիցս:

Գործող ավագանու հինգ անդամներից երեքը կրկին առաջադրվել են: Թեկնածուներից Մակարյան Մկրտիչն առաջին անգամ է առաջադրվել եւ ավագանի ընտրվելու դեպքում ցանկանում է առաջնահերթ բարձրացնել ճանապարհների, հակակարկտային կայանների տեղադրման ու մանկապարտեզի կառուցման հարցը: 27-ամյա թեկնածուն ունի բարձրագուն կրթություն եւ աշխատում է Գյումրու քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկման բաժնում:

«Այս ընտրություններին, ճիշտ է, մասնակիցներիս թիվը մեծ է, սակայն թեժ պայքար որպես այդպիսին չկա: Առաջադրվել ենք, դե մարմաշենցին էլ իր ընտրությունը կկատարի, եւ եթե ընտրվեմ, անպայման ձգտելու եմ համայնքին հուզող հարցեր բարձրացնել»,-ասում է Մկրտիչ Մակարյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter