HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իրավունք» թերթի գործով կայացվել է իրարից տարբերվող երկու դատական ակտ

Քաղաքացիներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մկրտչյանը 2014թ. հունիսի 19-ին հայցադիմում էին ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի և խմբագիր Հովհաննես Գալաջյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և վնասի հատուցման պահանջի մասին: Հայցվորները որպես վնասի հատուցում պահանջում էին 3 մլն դրամ:

Դատարանը՝ նախագահությամբ Արայիկ Մելքումյանի, մայիսի 14-ին հայցը բավարարել է մասնակի:

Բանն այն է, որ 17.05.2014թ. iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որի ներքև մասում հրապարակվել են նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայցվորների էջերը՝ բացասական լույսի ներքո:

Հայցվորները կարծում են, որ հոդվածում իրենց վերաբերյալ զրպարտություն է «Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածներ» արտահայտությունը: Հայցվորի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետը, հայտնել է, որ սույն հայտարարությունը վերաբերում է հայցվորներին կոնկրետ գործողության կատարումը վերագրելուն, այն է` Անուշ և Ինգա Արշակյաններին հալածելուն: Վկայակոչելով բացատրական բառարանը՝ պնդել են, որ «հալածանք» տերմինը նշանակում է ճնշում, հետապնդում, բռնություն:

Բացի այդ, թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանն իր հոդվածում անդրադարձել է երգչուհիներ Անուշ և Ինգա Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսին, որը կազմակերպել էր «Ազատություն» ռադիոկայանը, և կազմել է ասուլիսի մասնակիցների սև ցուցակ, ովքեր մասնակցել են երգչուհիների դեմ հալածանքին: Հայցվորները չեն հերքում իրենց մասնակցությունը ասուլիսին, սակայն պնդում են, որ իրենք որևէ գործողություն չեն կատարել, որը հալածանք լինի:

Հեղինակը հոդվածում օգտագործել է հետևյալ արտահայտությունը` «կոտրեցին ու ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին», ինչը, հաշվի առնելով նաև «հալածանք» բառի բացատրությունը, ենթադրում է կամքի նկատմամբ բռնություն:

Հայցվորները հայտնել են, որ նույն հեղինակի կողմից 2014թ. հուլիսի 11-ին «Իրավունք» թերթում հրապարակվել է հոդված՝  «Կոնչիտայի վկաների հերթական եռյակը միացավ ազատ խոսքի դեմ հալածանքներին», որտեղ ուղղակիորեն մեղադրանք է եղել հայցվորների հասցեին: Հոդվածի հեղինակը, մանրամասն նկարագրելով Գրիգոր Գևորգյանի անձնական կյանքը, նշել է. «Ինգա և Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, … դրսևորել է ագրեսիվ կեցվածք` ի պաշտպանություն Կոնչիտայի` անպարկեշտ ձևով վիրավորելով և ծաղրելով Արշակյան քույրերին: Բնականաբար, նույնանման պահվածքով աչքի են ընկել և մնացյալ երկուսը»:

Անդրադառնալով հայտարարության արատավորող բնույթին՝ հայցվորները կարծում են, որ հալածանքը, այդ թվում դրա ընդգծված դրսևորումները, ունեն բացասական բնույթ: Դրա հետևանքներն իրենց մասով առավել ցայտուն են երևում, քանի որ նրանք իրավապաշտպանությամբ զբաղվող անձինք են, նույնպիսի գործունեությամբ զբաղվող «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության անդամներ: «Անձինք, որոնց առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ներկայացվել են ագրեսորի կերպարով, որոնք ստիպում են ներողություն խնդրել, վիրավորում են ու ծաղրում, հայհոյում են ու հալածում կանանց, անհանդուրժող են ու խախտում են այլոց իրավունքները: Այսպիսի տեղեկությունները հանգեցնում են նրանց նկատմամբ վստահության կորստին»,- կարծում են հայցվոր քաղաքացիները՝ պնդելով, որ հրապարակված հոդվածում առկա է խտրականության և ատելության հրահրման փաստ:

Այդ փաստը երևում է նույնիսկ հոդվածի վերնագրում՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»:  Իսկ բովանդակությունը գրված է նախապաշարմունքով, ատելության ոգով՝ ուղղված նույնասեռականների և նրանց պաշտպանությամբ զբաղվող անհատների ու կազմակերպությունների դեմ` նրանց անվանելով գեյ-լոբբիստներ: Ատելության հիմքը երևում է հոդվածի կառուցվածքից, առանձին բառերից, «զրո հանդուրժողականության» և սեգրեգացիայի ենթարկման կոչերից:

«Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ոչ թե տրամադրել է հարթակ ատելության խոսքի տարածման համար, այլ հենց ինքն է նման խոսքի հեղինակ: Առավել խնդրահարույց է, որ լրագրողը միևնույն ժամանակ տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը մշակող անձ է, որի ուժով վերջինս ոչ միայն ստանձնում է առավել լայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ Սահմանադրությանը, օրենքներին և լրագրողական վարքագծի նորմերին իր գործունեությունը համապատասխանեցնելու հարցում»,-կարծում են հայցվոր քաղաքացիները:

Ցնցել են և անհանգստացրել, բայց ոչ վիրավորել ու զրպարտել

Պատասխանող կողմը չի ընդունում, որ զրպարտել ու վիրավորել է հայցվոր քաղաքացիներին՝ պնդելով, որ վերը նշված արտահայտություններով որևէ մեկին վիրավորելու կամ զրպարտելու միտում չի եղել, ավելին՝ հոդվածում ներառված արտահայտությունները չեն կարող արատավորել հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և այդ հիմքով վերջիններիս վրդովմունքն անտեղի է, իսկ ներկայացված հայցը՝ ամբողջությամբ հիմնազուրկ և Դատարանի կողմից մերժման ենթակա։

Որպես հիմք վկայակոչել են խոսքի ազատությունը՝ նշելով, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ արտահայտվելու և կարծիք հայտնելու սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում լրատվամիջոցների առումով, քանի որ դրանցով կատարվում են էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում, հետևապես լրատվամիջոցների արտահայտվելու ազատությունը շատ ավելի ընդարձակ պետք է ենթադրել, քան մասնավոր անձինը։

Արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։

«Իրավունք» թերթի ղեկավարությունը կարծում է, ելնելով ՄԻԵԴ նախադեպային վճիռներից, որ լրատվամիջոցը կարող է իր հոդվածներում օգտագործել այնպիսի բառեր, որոնք լրատվության սպառողի մոտ կառաջացնեն ցնցում, անհանգստություն, եւ դա արտահայտվելու ազատության սկզբունքի բաղադրիչ է։ Հայցվորների կողմից որպես վիրավորանք և զրպարտություն վերագրված արտահայտությունները ունեցել են ցնցում կամ անհանգստություն պատճառելու նպատակ, այլ ոչ թե վիրավորելու կամ զրպարտելու միտում։

Ներողություն և փոխհատուցում՝ 250.000-ական դրամի չափով

Դատարանը փաստել է, որ պատասխանող կողմը որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց չի ներկայացրել դատարան, որով կհավաստվեր հայցվոր քաղաքացիների կողմից Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու փաստը՝ նշելով, որ նշված արտահայտությունները չեն կարող գնահատվել որպես գնահատող դատողություն: Դատարանն արձանագրել է, որ փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից:

Դատարանը պարզել է նաև «թշնամի» բառի բառարանային նշանակությունը: Ըստ այդմ՝ բացատրական բառարանով «թշնամի» բառը նշանակում է՝ նա, ով թշնամության հակառակության պայքարի մեջ է գտնվում մեկի հետ, հակառակորդ:

Արված արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելու առաջին չափանիշը նրա արատավորող բնույթն է, ինչն էլ դատարանը ապացուցված է համարել:

Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հրապարակման միջոցով հերքել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝ կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու, վիրավորելու և ծաղրելու հետ:
Հովհաննես Գալաջյանից հօգուտ Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի բռնագանձել յուրաքանչյուրի համար 250.000 դրամ, որից 150.000 դրամը որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, իսկ 100.000 դրամը՝ վիրավորանքի համար փոխհատուցման գումար:
Հովհաննես Գալաջյանից հօգուտ Արման Էդուարդի Սահակյանի բռնագանձել 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից 150.000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար:
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Հովհաննես Գալաջյանին  iravunk.com  ինտերնետային լրատվական կայքում հրապարակած վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից:

Մեկ լրագրողական հոդված, երկու իրարից տարբերվող դատական ակտ

Նույն հոդվածի վերաբերյալ 16 քաղաքացիներ 2014թ. հունիսի 16-ին ևս դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի: 2014թ. հոկտեմբերի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, մերժել էր 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի և թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին: Այն ժամանակ հայցվորները պահանջել էին պատասխանողներից հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ տեքստը տեղադրելով նույն էլեկտրոնային կայքում, նաև փոխհատուցել` վճարելով 5 մլն դրամ:

Թեև վեճի առարկան նույնն է, սակայն դատավոր Ռուբեն Ներսիսյանը բոլորովին այլ վճիռ էր կայացրել, ինչը չի բեկանվել ո՛չ վերաքննիչ, ո՛չ էլ Վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես՝ դատարանը եզրակացրել էր, որ լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութով հաստատվում է, որ արտահայտությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորներին, «քանի որ դրանք կրել են լրագրողի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ, որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի, խոսքի ազատության սկզբունքներին եւ պայմանավորված օրենքի պահանջներով»:

Դատարանը նաև նշել էր, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական բառեր և մտքեր. «Թեև դրանք ձևակերպված են որոշ չափազանցություններով, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որտեղ, ըստ հոդվածագրի` «համասեռամոլների (նկատի ունի Կոնչիտային) լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում…»։

Դատարանն արձանագրել էր, որ հրապարակված հոդվածն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին, հետևաբար, տվյալ հոդվածը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե այն պիտի փորձեք հիմնավորել աստվածաշնչյան գրառումներով, ապա ձեզ կասեմ հետևյալը. նախ՝ ՀՀ-ի օրենսդրական-պետականական հիմքը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, այլ ո՛չ որևէ կրոնական գիրք: «Աստվածաշունչը» ո՛չ իրավական-իրավաբանական գիրք է, և ո՛չ էլ գիտական: Այն մոտ 2000 տարի առաջ` Քրիստոսի մահից 100 տարի ՀԵՏՈ, ու մի խումբ հրեաների հողմից գրված մի գիրք է, որի պատմական ճշմարտությունը ապացուցել հնարավոր ՉԷ: Այսինքն՝ դրան կամ ՀԱՎԱՏՈՒՄ ես, կամ ոչ. ուստի դա քո՛ սուբյեկտիվ-անձնական համակարգից բխած անհատական ՀԱՎԱՏ է:.............................................................Եթե Քրիստոսին, աստվածաշնչյան գրառումներին հավատալով` դու ՆԵՐՔՆԱՊԵՍ ավելի խաղաղ, հզոր ու հուսառատ անհատ ես դառնում, ապա ես դրա դեմ ոչինչ չունեմ. լրիվ ընդհակառակը: Բայց եթե այն կիրառում ես ուրիշներին գնահատելու-ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ համար, ապա դու քո ՆԵՐՔԻՆ հավատը դուրս ես բերում արտաքին միջավայր. այսինքն՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ ես կրոնդ:...............................................................Եթե օգտագործում ես քաղաքականացված քրիստոնեություն, ապա ուրեմն նախ և առաջ հատկապես հայ ազգին ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ՍՊԱՌԻՉ կերպով պատասխանելու, թե ի՞նչու այդ դեպքում Քրիստոսը չմիջամտեց 1915 թ.-ին Դեր-Զորում, եթե նա «աստվածակերպ ու աստվածակարող» էր:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Ավանդական ընտանիքի պահպանման» դրույթը բերողներին կասեմ հետևյալը. նախ՝ նույնասեռականներն էլ ավանդական ընտանիքի անդամներ են. նրանք էլ ինչ-որ մեկի տղան/աղջիկը, եղբայրը/քույրը կամ հայրը/մայրն են. նրանք երկնքից չեն ընկել: Հետո` հայ «ավանդական ընտանիքները» երկարաժամկետ փրկվելու հնարավորություն կունենան միայն այն ժամանակ,երբ իրենց թիկունքում կանգնած կլինի հզոր ու իրավական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Վկան՝ ամայացած Արևմտյան Հայաստանդ, արտագաղթը, օլիգարխա-կլանային համակարգը: Եթե մի պետության մեջ ոչ բոլոր օրինական քաղաքացիներն ունեն հավասար օրենսդրական իրավունքներ,ապա այդ պետությունը թույլ, վախեցած ու ապագա չունեցող մի տարածք է, մի թևանի ինքնաթիռ՝ միշտ գամված գետնին:..........................................................Բոլոր պետություններում միշտ ապրել/ապրում են ՏԱՐԲԵՐ հայացքների, կարիքների, ապրելաձևի, գործելաձևի տեր մարդիկ: ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՕՐԵՆՔԸ հենց սրա համար են ստեղծվել, որ այս տարբեր տեսակի բոլոր մարդկանց զսպեն, առաջնորդեն և երկրի ներսում հասարակական-իրավական կարգուկանոն/խաղաղություն/արդարադատություն հաստատեն, որպեսզի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի հավասար հնարավորություններ ունենա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նույնասեռականությունը նույնքան վաղնջական է, որքան մարդ արարածը: Եթե այն ԱՅՍՔԱՆ ժամանակ հանդուրժվել է մայր բնության և էվոլուցիայի կողմից, նշանակում է այն իմաստ/ֆունկցիա ունի մարդու տեսակի (պահպանման) և բնական բալանսի համար: Բնության մեջ նույնասեռականությունը հանդիպում է նաև ՀԱՐՅՈԻՐԱՎՈՐ այլ տեսակների մեջ: Դուք՝ մահկանացուներդ, ձեզ իմաստուն բնությունից վեր մի դասեք. ապրեք ձեր կարճ կյանքն ու անցեք, իսկ առավել կարևոր հարցերը թողեք իմաստուն մայր բնությանը: Նույնասեռականության դեմ շատերը պայքարեցին. նույնասեռականությունը չվերացավ, իրենք վերացան:............................................................ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: Այս երևույթից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի կործանվել կամ փոքրացել: Բոլոր պետություններն ու կայսրությունները տապալվել են, որովհետև մարդիկ այլևս ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ այդ երկրի/կայսրության ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգին. կաշառակերություն, նեպոտիզմ, սոցիալական անարդարություն,պետական դավաճանություն, ծախվածություն և այլն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր հատկապես ռուսամետ ուժեր սեռական փոքրամասնությունների հարցը Հայաստանում դարձրել են ազգի ԻՍԿԱԿԱՆ խնդիրներից ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ միջոց, ու այնպիսի իսկապես ԾԻԾԱՂԵԼԻ ու անհիմն բաներ են պնդում այս վաղնջական ու բնական երևույթի մասին, որ կարծես երեկ ծնված լինեն: Այսպիսի զավեշտական պնդումներից մեկն այն է, որ իբր թե այս երևույթը «այլասեռված» Եվրոպայից եկած «հիվանդություն» է: Նրանք «մոռանում» են, որ ոչ մի հիվանդություն մարդուն ՆԵՐՔԻՆ երջանկության զգացում չի պարգևում: Նրանք «մոռանում» են, որ ֆեոդալական Ռուսաստանի օրինակին հետևելով ու Հայաստանում այսպես կոչված «նույնասեռականության պրոպագանդան» «արգելելով»` ոչ մի հարց չի լուծվի, իսկ Հայաստանի միջազգային իմիջը արմատապես կցեխոտվի:...........................................................Հենց այս պահին էլ հայկական բանակում ծառայում են նույնա-երկսեռական տղաներ, ու հենց այս պահին էլ նրանցից ոմանք կանգնած են սահմանին: ՀԱՐՑ. իսկ ԻՆՉՈ՞Ւ իրենք էլ ԻՐԵՆՑ երկրում չպիտի ունենան նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ: Ես հիմա իրենց անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան: Վե ՛ր կացեք ձեր պաշտոնական,եկեղեցական կամ սովորական աթոռներից և վերջապես պատասխանե՛ք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter