HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ինչ նոր ծառայություններ կներկայացնի Apple-ն այսօր

Սան Ֆրանցիսկոյում այսօր մեկնարկել է Apple ընկերության 2015թ-ի կոնֆերանսը (WWDC), որի շրջանակում նախատեսված 100-ից ավելի միջոցառումները կներկայացնեն շարժական և համակարգչային նորագույն տեխնոլոգիաներին առնչվող տարբեր հարցեր:

Ինչպես հաղորդում է Cnet.com-ը` կոնֆերանսը Apple-ի տարեկան կարևորագույն միջոցառումներից մեկն է: Apple-ը, որ սեփական սարքավորումներն ու ծրագրերն ստեղծող քիչ ընկերություններից է, կներկայացնի իր գլխավոր նորարարությունները:

Կանխատեսվում է, որ կներկայացվեն iOS և OS X օպերացիոն համակարգերի թարմացումները: CNN Money-ն գրում է, որ դրանք ուղղված են ծրագրերի գործողությունների արագացմանն ու կայունության բարձրացմանը: TechNewsWorld-ն էլ հավելում է, որ iOS-ի նոր տարբերակը, որ հավանաբար կկոչվի iOS 9, կտրամադրի բազմաթիվ նոր հավելվածներ ու միջհավելվածային հաղորդակցության հնարավորություն:

Կարևորագույն նորություններից մեկն էլ այն է, որ Apple-ը կմեծացնի ծրագրավորողների հասանելիությունը սմարթ-ժամացույցներին՝ թույլ տալով նրանց մշակել հավելվածներ անմիջապես ժամացույցների համար: Մինչ այժմ գործող հավելվածները նախատեսված են ոչ թե հենց ժամացույցների, այլ դրանց կից գործող iPhone հեռախոսների համար և, փաստորեն, անպետք են, քանի դեռ ժամացույցը կապված չէ սմարթֆոնին:

Երկու ամիս առաջ ներկայացված Apple Watch-ը ընկերության նորագույն սարքավորումն է 2010թ. ստեղծված iPad-ից հետո: Ըստ Cnet-ի՝ Apple-ի համար կարևոր է ցույց տալ, որ ընկերությունը նորարար է նույնիսկ համահիմնադիր Սթիվ Ջոբսից հետո և որ կարող է գործել առանցքային արտադրանք համարվող iPhone-ի շուկայից անդին:

Սպասվում է, որ Apple-ը նաև երաժշտության հեռարձակման ծառայություն կներկայացնի: Մեկ տարի առաջ ընկերությունը 3 մլրդ դոլարով գնել էր երաժշտության բնագավառում հայտնի Beats ընկերությունը, որի հիման վրա էլ կգործարկի նոր ծառայությունը: Reuters-ը հիշեցնում է, որ iPod և iTunes արտադրած ընկերությունը երկար ժամանակ առաջատար էր թվանշային երաժշտության բնագավառում, սակայն վերջին տարիներին լուրջ մրցակցության մեջ էր մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Spotify-ի հետ:

Apple-ի սիրահարների հիասթափությունը այս տարվա կոնֆերանսից թերևս այն կլինի, որ դեռևս պատրաստ չէ Apple TV-ն: Հաղորդվում է, որ պատրաստ է սարքավորումը, սակայն թողարկումը հետաձգվում է՝ բովանդակություն մատակարարողների հետ բանակցությունների պատճառով: Չի բացառվում, որ այն կներկայացվի ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում:

Լուսանկարը՝ The Independent

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter