HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սիանից Գյումրի ժամանած պատվիրակությունը քաղաքին տերրակոտյան զինվորի արձան է նվիրել

Հունիսի 8-9 Գյումրիում կայանալիք ֆորումին մասնակցելու նպատակով Չինաստանի Սիան քաղաքից ժամանել է 16 հոգանոց պատվիրակություն Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սիանի ժողովրդական կառավարությանը կից արտասահմանյան եւ միգրացիոն գործերի վարչության պետ Լյան Վանցինը, Սիանի միջազգային նավահանգստային գոտու կառավարման կոմիտեի պետ Յան Մինժույը, ինչպես նաեւ չին գործարարներ:

Բազմակողմանի համագործակցության մասին համաձայնագիր Գյումրիի եւ Սիանի միջեւ ստորագրվել էր դեռեւս 2013թ. հուլիսին: Այս ընթացքում եղել են փոխայցելություններ: 2014թ. սեպտեմբերին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՉԺՀ Սիան քաղաքում մասնակցել է խաղաղության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների» խաղաղ զարգացմանը միտված համաժողովին: Սեպտեմբերի 24-ին Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ավելի քան երկու տասնյակ քաղաքների միջեւ ստորագրված համատեղ հուշագրին միացել էր նաեւ Գյումրի քաղաքը:

Այսօր, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունը նշեց, որ թեպետ Սիանն ու Գյումրին ունեն մշակութային շատ տարբերություններ, սակայն այն նմանությունները, որ առկա են երկու քաղաքների միջեւ մեծացնում են համագործակցության հնարավորությունը: Դոն Ցզյունը, որ ղեկավարում է աշխարհում խոշորագույնը համարվող (7 մլն-ից ավելի բնակչություն ունի) քաղաքներից մեկը, պաշտոնական հանդիպման ժամանակ չնշեց 100 հազարից էլ պակաս բնակչություն ունեցող Գյումրու հետ համագործակցության կոնկրետ որեւէ ծրագիր, սակայն շեշտեց Գյումրու Մետաքսի ճանապարհի գոտու քաղաքների շարքում ընդգրկվածության հանգամանքը:

Չինացի բարեկամները Գյումրի դադարկաձեռն չէին եկել: Սիանի քաղաքապետը որոշել էր հայրաքաղաքին նվիրել չինական հայտնի տերրակոտյան բանակի զինվորներից մեկի արձանի կրկնօրինակը: Հայտնի է, որ տերրակոտյան արձանները թաղվել են Ցին տոհմի առաջին կայսր Ցին Շիխուանդի (մ.թ.ա 259-210) հետ նրա համար պատրաստված դամբարանում: Կայսրի դամբարանը եւ տերրակոտյան արձաններն հայտնաբերվել են միայն 1974թ., երբ տեղացի գյուղացիները որոշել են արտեզյան հոր փորել: 1987թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն տերրակոտյան այդ արձաններն ընդգրկել է համաշխարհային ժառանգության ցանկում:

Կավից պատրաստված տերրակոտյան զինվորի արձանը ժամանակավորապես կգտնվի քաղաքապետարանի երկրորդ հարկի սրահում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ տարեվերջին, երբ պատրաստ լինի երիտասարդական պալատը, որն ունենալու է նաեւ պատկերասրահ, արձանը կտեղափովի այնտեղ եւ իր արժանի տեղը կգտնի նորաստեղծ պատկերասրահում: Քաղաքապետը ծիծաղելով նշեց, որ գյումրեցիներն արդեն իսկ պատրաստել են իրենց պատասխան նվերը՝ խաչքար, որը Սիան կհասցվի սեպտեմբերին, երբ Գյումրիից պատվիրակություն կմեկնի հերթական համաժողովին մասնակցելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter