HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկները «չեն սխալվում»․ 27-ամյա երիտասարդի մահվան համար ոչ ոք չպատժվեց (տեսանյութ)

2013թ. ապրիլի 3-ին ամուսնուն` 27-ամյա Ցոլակին սովորական փորացավով ճանապարհելով «Մասիսի բժշկական կենտրոն», Արևիկ Զոհրաբյանը չէր կարծում, որ նրան վերջին անգամ է տեսնում։ Նա այժմ 4-ամյա եւ 8-ամյա տղաներին առանց հոր է մեծացնում: Ամուսնու մահվանից հետո Արևիկը մոտ երկու տարի դատական եւ փորձագիտական քաշքշուկների մեջ է եղել։ Ի վերջո, գործը կարճվել է, եւ նա որոշել է այլևս այդ մասին չխոսել՝ հույսը կտրելով դատական համակարգից եւ բժշկափորձագիտական հանձնաժողովներից։

Արևիկ Զոհրաբյանը «Հետքի» հետ հանդիպման ժամանակ պատմում էր իր անցած ճանապարհի մասին՝ նշելով, որ դեռ մի վերջին հույս ունի, որ մեղավորները գոնե ներողություն կխնդրեն իրենից։

Նրա ամուսինը՝ Ցոլակ Մկրտչյանը, ալերգիա ուներ և տանը սովորական ցավազրկող խմել չէր կարող, այդ պատճառով էլ դիմել էր բժշկի։ Մասիսի հիվանդանոցում նրան ընդունել էր վիրաբուժական բաժնի վարիչ Գևորգ Գրիգորյանը։

«Առաջին անգամ ներարկեցին «Պապավերին» դեղամիջոցը միջմկանային,- պատմում է Արևիկը,- լավ էր զգում արդեն իրեն, եկավ տուն, պառկեց։ Գիշերը ժամը 3-ին նորից նույն ցավերն ուներ, խնդրեցի, որ միասին գնանք, չհամաձայնեց, ասաց՝ կգնամ, շուտ կգամ։ Այնտեղ ներարկում են «Բառալգետաս» դեղամիջոցը, երակային։ Առավոտյան ժամը 6-ին իմացա, որ մահացել ա»,- հիշում է Արևիկը:

Ցոլակը մահացել է անաֆիլակտիկ շոկից, որն առաջացել է «Բառալգետաս» դեղամիջոցի ներարկման հետեւանքով։ Արևիկը պատմում է, որ բժիշկներն ասել են, թե Ցոլակը չի զգուշացրել, որ ալերգիա ունի, սակայն նա այդ վարկածին չի հավատում․ «Առաջին անգամ որ գնացել ա, եկել ա, ես հարցրել եմ: Որ ասեց՝ ներարկում են արել, ես հարցրի՝ ասե՞լ ես, որ ալերգիա ունես, ասեց՝ հա, ասել եմ, իսկ բժիշկները պնդում են, որ ինքը չի ասել»,- ասում է Արևիկը:

Անաֆիլակտիկ շոկ. ինչու՞ Ցոլակին չփրկեցին

Անաֆիլակտիկ շոկը մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է արտաքին որևէ ազդակի նկատմամբ։ Այն կարող է առաջանալ միջատների խայթոցից, տարբեր դեղամիջոցներից, սննդամթերքից և ալերգեն այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկը արագ է զարգանում և առանց բժշկական միջամտության այն վերացնել հնարավոր չէ։ Որպես առաջին օգնություն՝  անհրաժեշտ է դադարեցնել ալերգենի հետ շփումը (եթե դեղ է՝ ներարկումը), և հիվանդի ոտքերը վերև բարձրացնել, ապահովել թթվածնով և անմիջապես դիմել բժշկի։

Թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան բժշկական ռեսուրսներում նշվում է, որ անաֆիլակտիկ շոկի դեպքում առաջին և անհապաղ միջոցը ադրենալինի ներարկումն է՝ շոկային վիճակից հանելու համար։

 Ցոլակին ադրենալին վերջում են ներարկել

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ շոկի մեջ հայտնված Ցոլակ Մկրտչյանին ադրենալին ներարկել են վերջում։ «Բժիշկները փորձաքննությունների ժամանակ, եւ ընդհանրապես, պնդում են, թե կարիք չի եղել առաջինը անել»,-ասում է Արևիկը։ Նա կարծում է, որ փորձագիտական հանձնաժողովի անդամներն այդ կերպ փորձում են պաշտպանել բժիշկ Գրիգորյանի շահերը։

Դժվարությամբ հարուցված քրեական գործն ու բժիշկների հակասական եզրակացությունը

Արևիկ Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հիշում է, թե ինչ ջանքերի շնորհիվ է իրենց հաջողվել քրեական գործ հարուցել Գևորգ Գրիգորյանի դեմ։ Մինչև գլխավոր դատախազ հասած բազմաթիվ բողոքները տվել են իրենց արդյունքն ու դեպքից մոտ 2 ամիս հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ

Դատական փորձաքննությունը պարզել է, որ Ցոլակ Մկրտչյանի մահը վրա է հասել «Բառալգին» (նույն «Բառալգետաս» դեղամիջոցն է) տեսակի թմրամիջոցի ներարկումից: Դրանից հետո նշանակվել է ևս մեկ փորձաքննություն՝ պարզելու՝ արդյոք հնարավոր էր կանխել շոկային վիճակը։ «Հանձնաժողովային եզրակացության մեջ փորձագետները նշել են, որ եթե ադրենալինի ներարկումը լիներ ժամանակին, ապա հնարավոր էր և այդ շոկից նրան դուրս բերել»,- ասում է փաստաբանը։ Այս եզրակացությունը տվել է Հայաստանի գլխավոր ալերգոլոգ Սպարտակ Ղամբարովի ղեկավարած հանձնաժողովը։

Սպարտակ Ղամբարովը

Նախաքննությունը նշանակել է կրկնակի փորձաքննություն՝ այս անգամ արդեն անեսթեզիոլոգ Իրինա Մալխասյանի գլխավորությամբ, որը լրիվ հակասական եզրակացություն է տվել. «Երկրորդ փորձագետները եկան այն եզրահանգման, որ՝ ոչ, ադրենալինի ներարկումը կապ չունի, և այդ շոկը, միևնույն է, կզարգանար»,- նշում է Ինեսսա Պետրոսյանը։

Այս եզրակացության հիման վրա Մասիսի քննչական բաժինը գործը կարճելու մասին որոշում է կայացրել, որը, սակայն, տուժողի կինը բողոքարկել է։ Նշանակվել է  3-րդ հանձնաժողովային փորձաքննություն, որը դարձյալ գլխավորել է  Իրինա Մալխասյանը, ում նախագահած հանձնաժողովի եզրակացության հիման վրա էլ գործը կարճվել էր։

Փաստաբանի այն նկատառմանը, թե ինչու փորձաքննությանը չի մասնակցում հակառակ կարծիք հայտնած պրոֆեսոր Ղամբարովը, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ նա հանրապետությունում չէ։ «Ամիսներ շարունակ մենք սպասում էինք այդ փորձաքննությանը, և այն կայացվեց հենց այն ժամանակ, երբ պրոֆեսորը, փաստորեն, բացակայում էր հանրապետությունից»,- նշում է Ինեսսա Պետրոսյանը։ 3-րդ հանձնաժողովի որոշումը ևս բողոքարկվել է, սակայն առաջին ատյանի դատարանը 2014-ի դեկտեմբերին մերժել է բողոքը։

Հուսահատված, որ երբևէ արդյունքի կհասնի, Արևիկը դադարեցրել է իր «պայքարը»։ Նա հիշում է, որ հենց սկզբում քննիչն իրեն ասել էր, «թե ինքն անունով մարդ ա» և իրեն «ոչինիչ անել չեն կարող»:

Արևիկը փաստում է, որ բժիշկ Գևորգ Գրիգորյանը դեպքի հաջորդ իսկ օրվանից մինչ այսօր շարունակում է աշխատել Մասիսի հիվանդանոցում․ «Մի անգամ թող մոտենար, (խոսքը բժիշկ Գևորգ Գրիգորյանի մասին է-հեղ) ասեր՝  գիտեք ինչ կա, ես ամեն ինչ արել եմ, ոչ թե փախչեր գնար,- ասում է Արևիկը և ավելացնում, որ բժիշկն իրենից նույնիսկ ներողություն չի խնդրել,- մարդ էր, մահացավ գնաց, բայց չեն ասում, որ 2 փոքր երեխա նկարով են նայում, իրենց հորը հիշում»։

Իրինա Մալխասյանը

Մենք զանգահարեցինք Իրինա Մալխասյանին և խնդրեցինք մեկնաբանել բժշկական փորձագիտական հանձնաժողովի իրենց աշխատանքը: Վերջինս զբաղվածության պատճառով հրաժարվեց հարցազրույց տալ, բայց կարծիք հայտնեց, թե դեպքերի 99 տոկոսը բժշկի սխալի հետևանք չեն, այլ լրագրողների և հասարակության կողմից բարձրացված անհիմն «աժիոտաժ»:

Մեզ հաջողվեց զրուցել այդ հանձնաժողովի մեկ այլ անդամի՝ Դավիթ Մելքոնյանի հետ։ Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները նախօրոք փաստաթուղթ են ստորագրում, որ եթե ինչ-որ բան «անարդար անեն», նրանց կարող են պատասխանատվության ենթարկել, բայց հակասական եզրակացություններ ևս կարող են լինել. «Եթե ես եղել եմ այդ 2-րդ հանձնաժողովում, ուրեմն առաջին հանձնաժողովի եզրակացություններն ինչ-ինչ բաներով քննչական օրգաններին չեն գոհացնում,- ասաց բժիշկը։- Երկրորդ հանձնաժողովը, պարզ է, չի կրկնում իր անդամներով առաջինին, նոր կազմ է։ Ու նոր կազմի եզրակացությունը կարող է ինչ-որ կետերով չհամապատասխանել նախորդ եզրակացության հետ»։

Նա նաև ավելացրեց, որ կապ չունի՝ եզրակացությունը Ղամբարովն է տվել, թե Մելքոնյանը, քանի որ բոլոր եզրակացությունները պետք է լինեն հիմնավորված։ «Կարող է ինչ-որ բանի վրա չի հիմնվել,- նշեց Դ.Մելքոնյանը.- չի լինու՞մ, երբ որ առօրյայում առաջնայինն ու երկրորդականն իրար հետ խառնվում են»։

Ցոլակ Մկրտչյանի ներարկումը կատարելիս հերթապահ բժիշկ-անեսթեզիոլոգը տեղում չի եղել: «Իրենք ունեցել են ներքին պայմանավորվածություն, որ եթե խնդիր լինի, անասթեզիոլոգը կողքի գյուղից պետք է գա, հասնի Մասիս»,- ասում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Թեև հանձնաժողովի անդամ Մելքոնյանն ասում է, որ «չի կարելի հարցականի տակ դնել քննչական մարմինների գործունեությունը», սակայն համաձայնում է, որ Մասիսի հիվանդանոցն, իրոք, խնդիր ունի:

«Մի հիվանդանոց, որտեղ շուրջօրյա անեսթեզիոլոգիական ծառայություն չկա, դա արդեն վերևների՝ նախարարության, մարզպետների հարցն է։ Չի կարելի այդ հիվանդանոցում ցերեկը անզգայացում անցկացնել, հետո հիվանդին թողնել, գնալ տուն։ Հիվանդը մեղք չունի, որ ինքը հսկողությունից պետք է դուրս մնա։ Մարզեր կան, որտեղ մի անեսթեզիոլոգ է աշխատում»,- ասում է Դ. Մելքոնյանը։

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանությունը. «Ինչքան կեղտ ունեք, լցրեք իմ վրա» 

Սա Գևորգ Գրիգորյանի անվան հետ կապված առաջին դեպքը չէ։ 2013թ. օգոստոսին լուրեր տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «Մասիսի ԲԿ»-ի բժիշկներից մեկը, ով, հետագայում պարզվեց, նույն վիրաբուժական բաժնի վարիչ Գևորգ Գրիգորյանն է։

Մենք խոսեցինք նաև նրա հետ, խնդրեցինք պարզաբանել Ցոլակ Մկրտչյանի հետ կապված դեպքը։ Բժիշկը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Սկզբում մեղադրեց լրագրողներին կողմնապահության մեջ, ապա դժգոհեց փաստաբաններից, ովքեր փողի դիմաց կարող են բոլորին արդարացնել։

«Ես փող տայի, ինձ կարդարացնեին, նրանք են փող տալիս, նրանց կողմն են բռնում»,-ասաց բժիշկը։

Վերջում նա ավելացրեց, որ առհասարակ չի ցանկանում զրուցել լրագրողների հետ: «Գրեք իմ մասին՝ ինչ ուզում եք և ինչքան կեղտ ունեք, լցրեք իմ վրա»,- ասաց Գևորգ Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը։

բժշկական սխալ | Create infographics

Բժշկական «համերաշխությունն» ու օրենքի թույլ օղակը

Բժշկական սխալների վերաբերյալ դատական գործերում որպես ամենածանրակշիռ ապացույց է դիտարկվում բժիշկ- փորձագետների եզրակացությունը, իսկ բժշկական «համերաշխությունը» թույլ չի տալիս, որ «բժիշկը բժշկի դեմ դուրս գա»։ Այս կարծիքին է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

«Խնդիր կա նաև իրավական մասով. վարույթն իրականացնող մարմինն ամբողջը կարծես թե թողնում է հենց այդ բժշկական փորձաքննությունների վրա, և,ըստ էության, այլ քննչական գործողություններ չեն կատարվում»,- ասում է նա։ Այնինչ, փաստաբանի խոսքերով, իրենք միջնորդել էին նաև հեռախոսազանգերի վերծանում կատարել, ինչը, սակայն, մերժվել է։ Փաստաբանը նաև նշում է, որ բժշկական սխալների հետ կապված բացառիկ գործեր են հասնում դատարան, մնացած բոլոր դեպքերում կարճման որոշում է կայացվում։

Բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով 2010-2014թթ․ ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 121 դեպք, որից 22-ն ուղարկվել է դատարան, 54-ը կարճվել է, 2-ը՝ կասեցվել, 43-ը նախաքննության փուլում է։

Վիճակագրությանը մանրամասն ծանոթանալու համար դիտեք տեսանյութը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter