HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հավելված՝ բռնությունները վավերագրելու և դատարանում օգտագործելու համար

Երբ տարիներ առաջ Channel 4-ը հրապարակեց կադրեր, համաձայն որոնց՝ Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմի ավարտին մահապատժի էին ենթարկվում թամիլ զինվորները, դրանք որպես փաստեր չընդունվեցին, քանի որ հնարավոր չէր ապացուցել ժամանակը, սկզբնաղբյուրը, հետևաբար՝ վավերականությունը:

Հանցագործներին պատասխանատվության կանչելու դժվարությունները լոնդոնյան IBA ընկերությանը դրդեցին ստեղծել շարժական մի հավելված, որը ոչ միայն նկարահանում, ձայնագրում և լուսանկարում է իրադարձությունները, այլև ավտոմատ կերպով կցում է ժամանակի, վայրի ու այլ գործոնների մասին տվյալներ: Բռնությունների ականատեսը ավելի ապահով մի պահի նյութերն ուղարկում է տվյալների շտեմարան, որտեղից փորձագետները վերցնում են դրանք և ուսումնասիրում՝ դատարաններում օգտագործելու համար: Տվյալների հետ աշխատող Lexis Nexis ընկերությունը, որը համագործակցում է ծրագրի մշակման հարցում, այս հարցով բանակցել է Միջազգային քրեական դատարանի և Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի հետ:

EyeWitness to Atrocities կոչվող հավելվածը հաշվի է առնում հանցագործություններն արձանագրողների անվտանգությունը, և եթե սմարթֆոնը հայտնվի մեղավոր կողմի ձեռքում, միևնույն է՝ նրանք ոչինչ չեն գտնի: Lexis Nexis-ի գլխավոր փաստաբան Յան Մըքդոգլը The Guardian-ին հայտնել է, որ ծրագիրը նաև «խուճապի կոճակ» ունի, որը ջնջում է ինչպես արձանագրված ողջ տեղեկությունը, այնպես էլ հավելվածը:

Անվճար հավելվածն առայժմ հասանելի է Android սմարթֆոնների համար, որոնք տարածված են ներկայիս հիմնական կոնֆլիկտային գոտիներում՝ Սիրիայում, Ուկրաինայում, Կոնգոյում: «Քաղաքացիական լրագրության ժամանակաշրջանում, երբ միլիարդավոր մարդիկ ունեն բջջային հեռախոսներ, տեսանյութերը ավելի ու ավելի կարևոր են դառնում դատական գործերում»,- գրում է The Guardian-ը:

Նախագծի հեղինակ Ուենդի Բեթսը համոզված է, որ հավելվածը կօգտագործվի նաև մարդու իրավունքների պաշտպանների, հետազոտողների ու լրագրողների կողմից: BBC News-ի հետ զրույցում Բեթսը չի բացառել, որ հավելվածը կկիրառվի նաև վերոնշյալ գոտիներից դուրս, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին ամիսներին շատացել են ոստիկանների կողմից անզեն քաղաքացիների նկատմամբ հարձակումների դեպքերը: Այն նաև կարող է կանխարգելիչ դեր ունենալ իրավապահների համար, ովքեր գուցե անհամաչափ ուժի չդիմեն՝ իմանալով տեխնոլոգիայի գոյության մասին:

լուսանկարը՝ ITProPortal-ից   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter