HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հերոսապատում»՝ Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովում քվեարկության է դրվել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (hեղինակներն են ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, Արմեն Բաբայանը և «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը):

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 3 քաղաքական ուժերը ներկայացրել էին առաջարկությունների լայն փաթեթ, որոնց շատ քիչ մասն է ընդունվել: Նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի՝ հաշվի առնելով, որ նախագծում ընդունված առաջարկները որոշակի առաջընթաց կարող էն ապահովել գործող օրենքի մեջ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինա Բիշարյանն էլ հայտարարեց, որ տեխնիկական պատճառով իրենց խմբակցությունը չկարողացավ ստորագրել փաթեթի տակ: Նա առաջարկեց հետաձգել նախագիծը, ապա ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նախագծի հետ առնչություն չունեցող մեկ հարց բարձրացրեց: Պատգամավորն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո հարց չի ուղղել նրան ոչ թե ցանկության բացակայության, այլ այն պատճառով, որ մեծամասնության մոտ ի հայտ է եկել սերն առ էպիստոլար ժանրը. կառավարության անդամները «խորը գոհունակություն են հայտնում» իրենց ուղղված նամակներում գրված «փայլուն» մտքերի համար, իսկ նամակագիրն էլ հիացմունք է հայտնում կառավարությանն այդ վերաբերմունքի համար: Ալ. Արզումանյանը Գ. Սահակյանին հորդորեց. «Աստված տվել, չի խնայել, բոլորը հեռուստաալիքներ ունեն, բացեք խրճիթ, ընթերցասրահ, տարեք ձեր նամակները կարդացեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»:

Ի պատասխան դրա՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե քաղաքական մեծամասնությունը 2/5-ի կամ 2/6-ի դեպքում է հարց տվել, և հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն են հարցերով դիմում կառավարությանը:

Հեղինե Բիշարյանն էլ իր գործընկերներին դիմեց, թե 131 պատգամավորները ժողովրդի վստահությամբ են մանդատ ստացել և պարտավոր են աշխատել: «Վայ նրանց, ովքեր չեն գալիս դահլիճ, չգիտեմ՝ ինչով են զբաղված, բայց խորհուրդ եեմ տալիս աշխատողների հասցեին որևէ պիտակավորված արտահայտություններ չհնչեցնել»,- ասաց Հ. Բիշարյանը: Նրա խոսքով՝ նման խոսակցությունների համար տեղ կա՝ դահլիճից դուրս, որտեղ կարող են գնալ-չափվել, թե ով ինչ կարող է ասել: «Այլևս իմիտացիաներով պետք է չստանան մանդատ»,- ավելացրեց նա:

«Հերոսացման գործընթացներն ընդհատեք,- Բիշարյանին արձագանքեց Գ. Սահակյանը, ապա ավելացրեց,- Լևոն Զուրաբյան. հերոսացման գործընթացը շարունակվում է, խնդրեմ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանն էլ պատասխանեց. «Դե, Ձեզնից էն կողմ էլ ի՞նչ հերոս»:

Օրինագծի մասին էլ նշեց, որ առաջարկությունների չընդունումը հեղինակների և իշխանության կողմից նշանակում է, որ Հայաստանում կայանելու է ևս մեկ հակաժողովրդական հանրաքվե: Այնուհետ հայտարարեց, որ իրենք ընդունում են այդ մարտահրավերը, որը կվերածեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 13 առաջարկություններից 8-ն ընդունել են, իսկ մնացած 5-ը ոչ թե մերժել են, այլ ասել են, որ ընդունեն ընդհանուր ընտրական համատեքստում:

Օրինագիծն ընդունվեց 74 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը ընդունվել է 2001 թ. սեպտեմբերի 12-ին, որում հետագայում կատարվել են որոշ փոփոխություններ: Նշված օրենքում առ այսօր կատարվել են փոփոխություններ 4 անգամ, սակայն դրանցից վերջինը 2011 թ. մայիսի 26-ին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո չի անդրադարձել օրենսգրքով տրված նոր կարգավորումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter