HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ամերիկացի դատախազները ուսումնասիրում են Apple-ի գործարքները

Մինչ Apple ընկերությունը շաբաթվա սկզբին, ի թիվս այլ նորարարությունների, ներկայացնում էր ամսավճարի դիմաց երաժշտություն հեռարձակող Apple Music ծառայությունը, Նյու Յորքի և Կոնեկտիկուտի գլխավոր դատախազները հետաքննում էին երաժշտական ընկերությունների հետ նրա գործարքները՝ պարզելու համար, թե արդյոք դրանք մենաշնորհի հասնելու վտանգ չեն պարունակում:

The New York Times-ը մանրամասնում է, որ դատախազները ցանկանում են իմանալ՝ արդյոք Apple-ը ճնշում է գործադրել խոշոր ընկերությունների վրա կամ գործարքի մեջ մտել նրանց հետ՝ անվճար երաժշտություն մատուցող ծառայություններին այլևս չօժանդակելու հարցում:

Վերջիններս, որպես կանոն, շահույթ են ստանում գովազդներից կամ առաջարկում են բարելավված վճարովի ծառայություններ, որոնք նաև ազատ են գովազդներից: Նման ընկերություններից են YouTube-ը և Spotify-ը: Վերջինս այսօր հայտարարել է, որ ունի ավելի քան 75 մլն ակտիվ բաժանորդներ, որոնցից 20 մլն-ն են ընտրել վճարովի տարբերակը: Մնացածը լսում են իրենց նախընտրած երաժշտությունը, սակայն ստիպված են լսել նաև գովազդները:

Հակառակ սրան՝ Apple Music-ը, որը հասանելի կլինի հունիսի 30-ից, անվճար տարբերակ չունի, և բոլոր սպառողները պետք է վճարեն ամսական 9.99 դոլար՝ անհատական կամ 14.99 դոլար՝ ընտանեկան բաժանորդագրության համար: Դեռ մայիսի սկզբին խոսակցություններ կային, որ Apple-ը կարող է համոզել երաժշտության բնագավառի խոշոր ընկերություններին՝ չթարմացնել մյուս ընկերությունների արտոնագրերը: Այդպիսով Apple Music-ը կդառնար լավագույն տարբերակը սպառողների համար և մրցակցությունից կհաներ մյուսներին:

Դատախազներ Էրիկ Շնեյդերմանն ու Ջորջ Ջեպսենը պատասխան են ստացել Universal Music Group-ից, որն աշխարհի խոշորագույն երաժշտական ընկերությունն է: Պատասխանում նշված է, որ Apple-ի կամ երաժշտական այլ ընկերությունների՝ Sony Music Entertainment-ի և Warner Music Group-ի հետ UMG-ն չունի որևէ պայմանագիր, որը կխանգարեր անվճար կամ գովազդի վրա հիմնված ծառայությունների հասանելիությանը:

Շնեյդերմանն ու Ջեպսենը նախկինում էլ են վիճարկել Apple-ի որոշ գործարքները: Դրանցից մեկով, օրինակ, ընկերությունը համաձայնության էր եկել խոշոր հրատարակիչների, այդ թվում՝ Macmillan-ի ու Penguin-ի հետ՝ էլեկտրոնային գրքերի գները բարձրացնելու հարցում: Դատախազներից բացի Apple Music-ի գործը քննում է նաև Եվրոպական հանձնաժողովը: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Apple-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հետաքննությունը:

 

լուսանկարը՝ Էլիզաբեթ Փիրսընի / Mashable 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter