HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիբինը լկտի վերաբերմունք է դրսևորում ԱԺ-ի հանդեպ». ԱԺ պատգամավոր

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ: Հիմնական զեկուցողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր: Քննարկման սկզբում Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նամակով հայտնել է իրեն, որ ներկա չի գտնվելու լսումներին: 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Բիբինը «լկտի վերաբերմունք է դրսևորել» ՀՀ օրենսդիր մարմնի հանդեպ: «Եթե նա այդքան ադեկվատ ու ողջախոհ է, որ կարող է այդքան ժամանակ ունենալ լրատվական գործակալություններին հարցազրույցներ տալ և հերթական անգամ չընդունել իր մեղքը, կարող էր գալ և բարի լինել պատասխանել մեր հարցերին»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Դիմելով Ռ. Նազարյանին՝ պատգամավորը նշեց, որ Նազարյանի ելույթում ասվել է, թե ԲՀԿ-ում ինչ-որ առաջարկություններ էին արվել, ու հանրության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ-ն ողջունում է սակագնի բարձրացումը: Զոհրաբյանը հիմնական զեկուցողին խնդրեց պարզաբանել դա, որպեսզի սխալ պատկերացում չձևավորվի հանրության շրջանում: Այնուհետ նշեց, ոչ ԲՀԿ-ն ներկայացրել էր երկու մասնագիտական առաջարկների փաթեթ, որից մեկը վերաբերում էր համակարգի առողջացմանը, իսկ երկրորդը՝ սակագնի չբարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը: Պատգամավորը հարցրեց, թե ինչու Հանրային ծառայությունները կարգարվորող հանձնաժողովը չի ընդունել իրենց առաջարկների փաթեթը սակագինը չբարձրացնելու մասին:

Ռ. Նազարյանը պատասխանեց, որ երբ անձինք իրենց նամակներ կամ գրավոր հարցադրումներ են ուղարկում, պիտի հասկանան, թե որ խմբակցությունից են, որպեսզի սխալ թույլ չտան: Նա նշեց, որ երբ իրենք հանդիպել են ԲՀԿ խմբակցության հետ, դեռևս չկար հանձնաժողովի ձևավորված կարծիքը, բայց կային մոտեցումներ: Դրանք, ըստ Ռ. Նազարյանի, ձևավորվել էին նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գրավոր  առաջարկությունների հիման վրա: «Եվ եթե պարոն Մելքումյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ներկայացնում, ես ներողություն եմ խնդրում իմ արածի ու ասածի համար»,- ասաց նա:

Իսկ թե սակագինը չբարձրացնելու համար ինչպիսի քայլեր պիտի արվեն, նշեց հետևյալ կետերը. դոլար-դրամ փոխարժեքը նվազեցնել 407 դրամի, ՀԷՑ-ին 24 մլրդ դրամ փոխհատուցելու համար որևէ տեղից աղբյուր գտնել: Այդ աղբյուրը, ըստ նրա, կարող է լինել երկարաժամկետ վարկ, որից առաջին 10 տարին՝ արտոնյալ պայմաններով: Ռ. Նազարյանը, Ազգային ժողովին դիմելով, կոչ արեց ավելացված արժեքի հարկը էլեկետրաէներգիայի նկատմամբ վերացնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter