HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Նազարյանը պատասխանատվություն չի վերցնում մերժել ՀԷՑ-ի հայտը

Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին լսումներին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամեն անգամ, երբ սակագնի բարձրացման հարց է առաջանում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու խորհրդարանը դառնում են ֆինանսիստ, հաշվապահ, ֆինանսական վերլուծաբան, ապա ասաց, որ հնչած բացատրությունները վստահություն չեն առաջացրել հանրության մոտ:

Պատգամավորը հարցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե արդյոք ՀՀ ողջ էներգետիկ համակարգն ու առավելապես էլեկտրական էներգետիկ համակարգը՝ որպես ամբողջություն, մասնագիտական, փորձագիտական գնահատականի ենթարկվել է, միջազգային աուդիտ անցկացվել է: «Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հայտը հիմա մերժել, անցկացնել միջազգային փորձաքննություն բոլոր այն ծախսերի միջոցով, որից հետո ներկայացնեն զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ լրացուցիչ էներգետիկ հզորությունների ձևավորման և այդ ուղղությամբ անելիքների մասին»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հարցրեց Ա. Մինասյանը:

Ռ. Նազարյանից պատգամավորը հարցրեց նաև, թե երբ նշեց ՀԷՑ-ի, այդ թվում՝ դրա վատ կառավարման, ուռճացված ծախսերի մաիսն, արդյոք քննարկվում է սակագնի կարգավորման քաղաքականության մասին այնպիսի փոփոխություն, որ մենաշնորհային դիրք ունեցող սուբյետների նկատմամբ կիրառվեն թափանցիկություն, հայտարարագրման համակարգ: Նա նաև հետաքրքրվեց, թե այն անձինք, ովքեր ժամանակին զբաղվել են էլեկտրական ցանցերի գնումներով, իսկ այդ ծախսերն այսօր Ռ. Նազարյանը համարում է ուռճացված, արդյոք պատասխանտվություն պետք է կրեն, արդյոք հանրությունը պետք է ունենա տեղեկություն այդ մասին:

«Եվ արդյոք այդ մարդիկ իրենց անգործության պատճառով վնաս են պատճառել՝ ի դեմս սակագնի մեջ այն թվերի, որ եղել են այն ժամանակ»,- հարցրեց պատգամավորը՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, այսօր հնարավոր է կտրուկ մերժել ՀԷՑ-ի հայտը, որովհետև առկա է շահերի անհամապատասխանություն:

Ռ. Նազարյանն ասաց, որ հայտի մերժման դեպքում պիտի գտնեն այն աղբյուրը, որը ֆինանսական կայունությունն ու համակարգի հետագա շարունակությունը կապահովի: Իսկ ՀԷՑ-ի արված աուդիտի եզրակացության մեջ նշվել է, թե անորոշություն կա, որ իրենց ակտիվներից ավելի շատ վարկային պարտավորություններ են կուտակել: Դրանք էլ, ըստ Ռ. Նազարյան, իրենց հերթին անորոշություն են բերում: «Ես նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի մերժել՝ առանց որևէ աղբյուր ցույց տալու: Ես ասելով՝ նկատի ունեմ մեր կառույցին, չմտածեք, թե ես այդքան շատ իրավունքներով եմ օժտված»,- ասաց նա:

Մասնագիտական գնահատականի մասին էլ նշեց, որ իրենք «իրավական ակտիվ ուժով պարտադրված կատարել են այդ բոլոր ընկերությունների անկախ աուդիտը», իսկ եզրակացություններն էլ հասանելի են հանրությանը: Ռ. Նազարյանը պատգամավորներին հիշեցրեց, որ դեռ 1-2 տարի առաջ քննարկումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում՝ գազի, էլեկետրաէներգիայի սակագնի մասին, ինքը «խնդրել, հորդորել էր պատգամավորներին միասին աշխատել»:

Ըստ նրա՝ ոլորտն, իրոք, մենաշնորհային կարգավորման ոլորտ է, և ինքը տեսնում է որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական փոփոխություններ: «Դուք էլ վերցրեք այդ նախաձեռնությունը, և բերեք կատարենք այդ փոփոխությունները»,- նշեց Ռ. Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter