HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարում հայաստանյան հյուրանոցները պետությանը

Հայաստանում գործող 186 հյուրանոցից միայն մի քանիսն են դասվում խոշորհարկատուների շարքում։ Հայտնի հյուրանոցներից շատերն այդ ցանկումչկան։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մասին տվյալները։

«Կոնգրես» հյուրանոցը շահագործում է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն։ Իհրակե, կան շրջանառվող լուրեր, որ հյուրանոցը վաճառվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկին կամ դեռ բանակցություններ են վարվում, բայց այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել։ Համենայնդեպս, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, այս տարվա ապրիլի դրությամբ «Կոնգրես» հյուրանոցի շահագործողը «ՌենկոԱրմէստեյտն» է։ Այն հունվար-մարտին պետբյուջե է փոխանցել1,957 մլրդ դրամ և հայտնվել 10-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 608,5 մլնդրամ և զբաղեցրել 45-րդ տեղը։ Բայց «ՌենկոԱրմէստեյտ»-ը զբաղվում է նաև բնակելի ու բիզնես տարածքների, ինչպես նաև՝ կայանատեղերի շինարարությամբ: Ուստի, վճարած հարկերը պայմանավորված չեն միայն «Կոնգրեսի»գործունեությամբ։

Խոշոր հարկատուների ցանկում է նաև «ՕնիրաՔլաբ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը շահագործում է նախորդ տարեվերջին բացված «Մուլտի Գրանդ Հոթելը», որը Հայաստանում գործող 5-աստղանի «Դելյուքս» կարգին արժանացած երկու հյուրանոցներից մեկն է (մյուսը «Գոլդեն Փելիս Ռեզորթ Սպա ՋիԷլ»-ն է, որը գտնվում է Ծաղկաձորում)։ Այն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա, իր կինը և «Մուլտիգրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, ըստ ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են։ Այս ընկերությունը նաև շահագործում է խաղատներ։ Ուստի, այս դեպքում ևս պետությանը վճարած հարկերը պայմանավորված չեն միայն «Մուլտի Գրանդ Հոթելի» գործունեությամբ։ Ավելին՝ հյուրանոցը, երևում է, մեծ դեր էլ չի խաղացել այս հարցում։ Բանն այն է, որ այս տարվա առաջին եռամսյակում «Օնիրա Քլաբ»-ը վճարել է մոտ 1,183 մլրդ դրամի հարկ (18-րդ տեղ), որը 2014-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է ընդամենը մոտ 4 մլն դրամով։

«Արմենիա Մարիոթը» շահագործող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն այս տարվա հունվար-մարտին ՀՀ պետբյուջե է վճարել 205,7 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկի 122-րդ տեղում։ Ընկերությունը 2014-ի առաջին եռամսյակի համեմատ, որի ժամանակ 154-րդ տեղում էր՝ 172  մլն դրամով, բարելավել է դիրքերը։ 

Հաջորդը «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևանն»  է (նախկինում՝ «Գոլդեն Թյուլիփ հոթել Երևան»)։ Այն շահագործող «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն 144-րդ տեղում է՝ 170,4 մլն դրամով։ 2014-ի առաջին եռամսյակում հյուրանոցը եղել է 313-րդ տեղում՝ 82,2 մլն դրամով։

«Անի Պլազա Հոթել»-ը 311-րդ տեղում է։ Վճարել է 78,2 մլնդրամ։ 2014-ի առաջին եռամսյակի համեմատ (225-րդ տեղ՝  113մլն դրամով) զիջել է դիրքերը։ Հյուրանոցը շահագործում է «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ն։ 

Վերջինը«Ռեպուբլիկա» հյուրանոցն է, որը բացվել է 2014 թվականին և առաջին անգամ հայտնվել խոշոր հարկատուների ցանկում։ Այս տարվա հունվար-մարտին այն շահագործող «Ռեպուբլիկա» ՍՊԸ-ն  925-րդտեղում է, վճարել է 22 մլնդրամ։ Հյուրանոցը գտնվում է Երևանում։

Նախորդ տարիներին այս ցանկում են եղել նաև «Ավիատրանս», «Եվրոպա», «Գոլդեն Փելիս» (Երևան) և «Հրազդան» հյուրանոցները։ «Ավիատրանս» հյուրանոցը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների ցուցանիշները, խոշոր հարկատուների ցանկում հայտնվում է հիմնականում տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում։ 2014-ի երրորդ եռամսյակում, օրինակ, վճարել է 30,6 մլն դրամ և հայտնվել 905-րդ տեղում։ «Հրազդան» հյուրանոցը միայն նախորդ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում է եղել խոշորների ցանկում, մինչ այդ և դրանից հետո, համենայնդեպս՝ 2012-ից սկսած, միայն մեկ եռամյսակ է հայտնվել խոշորների ցանկում։ «Եվրոպան» 2014 -ի առաջին եռամսյակում եղել է 944 -րդ տեղում՝ 22 մլն դրամով։ Իսկ «Գոլդեն Փելիսը» 2012  թվականի չորրորդ եռամսյակից հետո չի հայտնվել խոշորների ցանկում։  

Փաստորեն, ի՞նչ է ստացվում։ Հայաստանում հայտնի մի շարք հյուրանոցներ ներառված չեն այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ այստեղ գործող հյուրանոցներից շատերը ավելի քիչ հարկ են վճարել պետությանը, քան, ասենք, նորաբաց «Ռեպուբլիկա» հյուրանոցը շահագործող «Ռեպուբլիկա» ՍՊԸ-ն։ Սա, առնվազն, անտրամաբանական է և նշանակում է, որ Հայաստանում գործող հյուրանոցների մի մասն արհեստականորեն նվազեցնում են իրենց շրջանառության ծավալները։ Հունվար-մարտին խոշոր հարկատուների ցանկը եզրափակող «Ռոյալ Էլիտ» ընկերությունը վճարել է 20,2 մլնդրամի հարկ։ Այսինքն՝ խոշորների ցանկումչհայտնված հյուրանոցները երեք ամսում 20,2 մլն դրամից պակաս հարկ են վճարել պետությանն ու չեն հայտնվել այս ցանկում։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականին կացության կազմակերպման ծառայությունների մատուցման ոլորտում (հյուրանոցներ, զբասաշրջային տներ, առողջարաններ և այլն) ընդհանուր շրջանառությունը կազմել է 18,6 մլրդ դրամ՝ 2013-ի մոտ 17,9 մլրդ դրամի փոխարեն։ Դա կազմում է Հայաստանում մատուցվող բոլոր ծառայությունների ընդհանուր շրջանառության 1,7%-ը։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Իհրակե, կան շրջանառվող լուրեր, որ հյուրանոցը վաճառվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝......»???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter