HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտը վնասել է Ճոճկան գյուղի բերքը. վնասի չափը ճշտվում է

Հունիսի 11-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում ուժեղ կարկտահարություն է գրանցվել: «Մոտավորապես 20 րոպե տևողությամբ ձվի չափ կարկուտ թափվեց  գյուղի վրա, որը դարձավ Ճոճկանի համար աղետ»,- հայտնեց գյուղապետ Արկադի Թամազյանը: Կարկտահարության պատճառով ճոճկացիները զրկվել են  վարկերով ու քրտինքով հողին տված իրենց վաստակից: «Գյուղի ազբոշիֆերով բոլոր տանիքները վնասվել են: Այգիների բերքը լրիվ չկա, մեր դաշտերն այլևս կոմբայն չի մտնի, ոչինչ չի մնացել: Ես կարող եմ կոնկրետ ասել, որ այս տարի ունեցել ենք 460 հա ցորենի և գարու, 150 հա արևածաղկի ցանքատարածություններ, որտեղ ոչինչ չի մնացել: Նույն վիճակում են նաև գյուղի այգիները: Կարկտահարությունից տուժել են նաև գյուղացիների սեփական ավտոմեքենաները»,- հայտնեց Ճոճկանի գյուղապետը: Կարկտահարությունից առավելապես տուժել են խոշոր հողատերերը: Ա. Թամազյանի ասելով՝ գյուղի Թամազյան եղբայրներով վարկով  30 հա  ցորենի, արևածաղկի ցանքս են արել, բայց կարկուտն ամեն ինչ սրբել է, այժմ ոչինչ չունեն: «Նրանք մենակ չեն, շատ են այդպիսի հողատերերը»,- բացատրեց  գյուղապետը:

Կարկտահարվել և ամայացել է նաև գյուղապետի շուրջ 20 հա ցորենի և գարու ցանքատարածքը: Գյուղը նաև հոսանքազրկվել է: Աղետի վնասի չափը ուսումնասիրելու համար  գուղապետարանում ավագանու անդամներից և գյուղացիներից կազմված  հանձնաժողով է ստեղծել: Վնասները տեղում ուսումնասիրելու համար հունիսի 12-ին Ճոճկան է ժամանել նաև Լոռու մարզպետարանի հանձնաժողովը:

Ճոճկանի  աղետալի վիճակի մասին Արկադի Թամազյանը  հունիսի 12-ին տեղեկացրել  է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, ահազանգը գրանցվել է: Երեկ Ճոճկանում կարկտահարության վնասներին ծանոթացել  է նաև Լոռու մարզպետը: Թե ինչ աջակցություն կտրամադրվի տուժած ճոճկանցիներին, գյուղապետը դեռևս տեղյակ չէ: Ի պատասխան մեր հարցի՝ Ա. Թամազյանը  հայտնեց, որ կարկտահարված դաշտերում այս տարի ճոճկանցիները որևէ  մշակաբույս չեն կարող ցանել. «Այստեղ Արարատյան դաշտի կլիման չկա, հետո մարդիկ շատ են հիասթափված»: Շուրջ 1000 հա վարելահող ու այգիներ ունեցող Ճոճկանը առ այսօր չունի հակակարկտային կայան: «Հիմա այդ հարցը հասունացել է, կքննարկեն»,- ասաց Ա. Թամազյանը: Վերջինիս ասելով` նման կարկտահարություն Ճոճկանում տեղի է ունեցել մեկ էլ 1998-ին: Այն ժամանակ կարկուտը գյուղի ամբողջ բերքն է ոչնչացրել, բայց մարդկանց բնակարաններին վնաս չի եղել: Հիմա աղետն այն է, որ այսօր շատ ընտանիքներ ծածկ չունեն իրենց գլխին:

Ճոճկանցի Ալբերտ Գիգոլյանը մեր այցելության պահին իր տան տանիքում էր: Նրա տան բոլոր սենյակները  անձրևաջրով հեղեղված էին: «Եղանակն էլ այդ օրը լավն էր, միանգամից  երկինքը մթնեց, տան լույսերն էլ աջատվեցին, մոտավորապես ժամը 90:40-ի սահմաններում  էր, սկզբից անձրև եկավ, հետո ուժեղ կարկուտ սկսվեց:  Մթնում չգիտեինք՝ ինչ անենք: Ամբողջ տանիքից ջուր էր թափվում տուն, այնքան խոշոր էր կարկուտը,  տանիքին շիֆեր չի թողել»,- պատմեց Ա. Գիգոլյանը: Վերջինիս բերքառատ այգին մերկացել էր: Բակի խաղողի վազերից  մի քանի շիվեր էին մնացել: Հողում  ցցված էին պոմիդորի և վարունգի մերկ սարիները: Կարկուտը սրբել էր գյուղացու 3 հազար մետր տնամերձ այգին և 5000մետր դաշտերի գարու բերքը: Ալբերտ Գիգոլյանը դեռ շոկի մեջ էր,  աչքի տեսածին չէր հավատում: «Թափածս քրտինքից ոչ մի բան չի մնացել, առավոտը վեր կացա՝ իմ գոմի առաջին մի 30սմ հաստությամբ կարկուտ էր նստած: Կարկուտը մի կերպ մաքրեցի, որ դուռը բացեմ ու ապրանքը բեջարեմ: Եկել եմ տուն, տեսաք` խաղողի վազն ինչ վիճակի է: Ես ուղղակի մեր կառավարությունից խնդրում եմ որոշ չափով, որքան հնարավոր է, ճոճկանցիներիս օգնեն: Մեղք է մեր ժողովուրդը»,- խնդրեց Ա. Գիգոլյանը:

«Մեր ժողովուրդը դեռ տաք ա, գլխի չի լինում էս ինչ ա կատարվել: Թե մեր վիճակը ոնց պետք է լինի, չգիտեմ: Ինչ ունեինք, չունեինք, չիմ տարավ: Մարդ կա գյուղում՝ վարկ է վերցրել, 15 հա-ով ցանքս արել»,- հայտնեց Մանվել Պապինյանը: Կարկտահարությունից անօգնական վիճակում են հայտնվել գյուղի կենսաթոշակառուները: Ճոճկանցի Սիմոն Հախվերդյանի տան տանիքից 100 շիֆեր է ջարդվել: Ոչնչացվել է ամբողջ տնամերձ այգու բերքը: «Ինը երեխից 30 հազար դրամ թոշակ եմ ստանում: Իննից Ճոճկանում մեկն է ապրում, նա էլ սոցիալապես ծանր վիճակում է»,- ասաց 80-ամյա Սհարգյուլ Պապինյանը: Սհարգյուլ մայրիկի տանիքի բոլոր ծածկերը ջարդվել են: Տունը  հեղեղված է անձրևաջրերով: «Ինչ կարամ անեմ, այ բալա, դու ասա, ես անեմ:  Ինչ անեմ, 30 հազարը ուտեմ, փայտ առնեմ, թե կրիշեն սարքեմ, դու ասա, ցավդ տանեմ: Չիմ իրենց կրիշեքը սարքում են, ես չգիտեմ ինչ անեմ: Այգիս էլ պիտանի չի»,- ասաց անօգնական ծեր կինը:

Ծայրահեղ վիճակում է հայտնվել Ալվարդ Սիրադեղյանի 7 անձից կազմված ընտանիքը: «Մինչև մի 3 հազար դոլարի վարկ ունենք, վերցրել ենք հողը մշակելու համար, ծառը մշակել ենք, ժանգառ ենք առել, չաշկա անողին ենք փող տվել: Բաղը մշակել ենք, որ էսօր արդյունքը քաղենք, եկավ սաղ սրբեց տարավ: Բացի խոտհարքը 5 հա ցանքս ունենք արած, մեկ հա արևածաղիկ, եգիպտացորեն ունենք, 1 հա 25 տարով պայմանագրով վերցրած արենդ ունենք:   Տներն էլ ասելու չի, կրիշա չկա: Ամբողջ տան տանիքը տեսնում եք, կաթում է»,- իր ընտանիքի կրած վնասը ներկայացրեց տիկին Ալավարդը:

Կարկտի հարվածներից «պառկել» էին Ճոճկանի  ցորենի, գարու ամբողջ արտերը, անպիտան դարձել դաշտերի մատղաշ արևածաղիկը: Քոռ գերանդիով իր  դաշտի պառկած խոտը մի կերպ հնձում էր 84 –ամյա Լորիս Գաբոյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter