HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պարտություն, որ ապագա հաղթանակներին հավատալու հույսեր է տալիս

Հայաստան-Պորտուգալիա երեկվա հանդիպումը չնայած հաշվի առումով (2-3) դասվեց մեր հավաքականի պասիվին, որակական ցուցանիշներով այն մեր թիմի ակտիվում է: Որ ծանր հանդիպում էր լինելու, երկու կողմերն էլ խոստովանում էին: Ու եթե պորտուգալացիներին հաղթանակը պետք էր խմբի առաջատարի դիրքում ամրապնդվելու համար, ապա Հայաստանը տեսականորեն դեռ հնարավորություն էր պահպանում հաղթահարել խմբային փուլը: Այդ հնարավորությունը հիմա էլ դեռ կա, սակայն գործնականում, կարելի է ասել, 0-ի է հավասար:

Դեռ հանդիպումից առաջ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն ասել էր, որ «եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք»: Այս խոսքերն իրականացան դաշտում:

Հովսեփյանը մեկնարկային կազմում, ի տարբերություն Բեռնար Շալանդի, ընդգրկել էր 4 պաշտպան` Հայրապետյան, Անդոնյան, Արզումանյան, Մկոյան: Նշենք, որ Գաել Անդոնյանն իր վստահ գործողություններով հասցրել է ամրապնդվել մեկնարկային 11 հոգու մեջ, եւ նկատվում է, որ ֆրանսիական ֆուտբոլից նա մեծ փորձ է կուտակել: Հենակետային գոտում, գուցե տարօրինակ թվար, սակայն միայն Կառլեն Մկրտչյանն էր, իսկ Հովհաննիսյանը, Մխիթարյանը, Մարկոսն ու Ղազարյանը գործում էին առաջ քաշված: Հարձակվողի դիրքում էլ Սարկիսովն էր: Գովելի է, որ երիտասարդ մարզիչը շեշտը չէր դրել խոր պաշտպանության վրա, ու չնայած կանխատեսվում էր, որ մերոնք փորձառու մրցակցին մտածված զիջելու են նախաձեռնությունը, այդուհանդերձ, հենց առաջին րոպեները ցույց տվեցին, որ Հայաստանի ընտրանին մտադիր չէ զիջել կենտրոնը: Սա, սակայն, չէր նշանակում խելատարափ գրոհներ` մերկացնելով թիկունքը: Պարզապես թիմը փորձում էր առիթը բաց չթողնել` սուր հակագրոհներ ձեռնարկելու կամ եզրերից անցումներով մրցակցին անակնկալի բերելու համար: Այդպիսի պահ եղավ հենց խաղասկզբում, երբ Գեւորգ Ղազարյանը քիչ մնաց մեն-մենակ դուրս գար դարպասապահի առաջ, սակայն գնդակը հարկ եղածի պես չկարողացավ կասեցնել:

14-րդ րոպեին մեր թիմը տուգանայինի իրավունք ստացավ դարպասից մոտ 25 մ հեռավորության վրա, ու Մարկոսն իր ձախ ոտքի «ֆիրմային» հարվածով անակնկալի բերեց ոչ միայն իր տեղից առաջ եկած դարպասապահ Պատրիսիուին, այլեւ բոլոր պորտուգալացիներին: Գնդակը հորիզոնական դարպասաձողից անդրադարձով հայնտվեց ցանցում: Բարձր մակարդակով իրացված հարված էր ու իսկապես գեղեցիկ գոլ, որը Մարկոսի 8-րդն էր ազգային թիմում: Որքան էլ հյուրերը փորձում էին ճնշումն ավելացնելու միջոցով դաշտի տերերին սեղմել սեփական կիսադաշտում, Հովսեփյանի սաները բավականին լավ տեսք ունեին այդ ֆոնին ու չէին մտածում մեկ գոլով բավարարվելու մասին: Պորտուգալիայի կազմում շատ ակտիվ էր ձախ եզրը, որտեղ գործում էր Կոենտրանը: Մեր թիմի պարագայում այլ էր. Հովհաննիսյանն ու Սարկիսովը շատ ավելի թեժ էին պահում գրոհի աջ եզրը:

29-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոցի իրավունք ստացան այն բանից հետո, երբ Մխիթարյանը վայր գցեց Մոուտինյուին: Վերջինս, կարծես, հենց դրան էլ ձգտում էր: Բայց ամեն ինչ սկսվեց Գեւորգ Ղազարյանի անիմաստ գործողություններից: Պաշտպանության ձախ եզրում Լեւոն Հայրապետյանը խլեց գնդակը մրցակցից ու փոխանցեց Ղազարյանին, վերջինս առաջ նետվելու փոխարեն ինքն իրեն խճճեց սեփական ոտքերի մեջ ու շատ արագ կորցրեց գնդակը, որն էլ հայտնվեց Մոուտինյուի մոտ: Ընդհանրապես, վերջին խաղերում նկատելի են Գեւորգի անփույթ գործողությունները: Ղազարյանը կարծես ամեն կերպ ջանում է, ձախ եզրում փորձում է ինչ-որ բան ստեղծել, սակայն հաճախ ավելորդությունների պատճառով կորցնում է գնդակը: Ինչեւէ: Ռոնալդուն հստակ իրացրեց 11-մ հարվածը, չնայած այն խորամանկ չէր, եւ Բերեզովսկին հակառակ ուղղությամբ նետվելու դեպքում կորսար գնդակը` 1-1:

Մի քանի խոսք մեր հավաքականի ավագի մասին: Ինչպես հայտնի է, Մոսկվայի «Դինամոն» Ռոմանին մարզչական աշխատանք է առաջարկել, չնայած չի բացառվում, որ նա օգնի եվրոպական արենա դուրս եկած «Փյունիկին»` խաղալով Հայաստանի չեմպիոնի կազմում: Այդուհանդերձ, մեր կարծիքով, եկել է Ռոմանին հավաքականում հրաժեշտ տալու ժամանակը: Չնայած ակումբում խաղաժամանակ չստանալու բացասական գործոնը նա հավաքականի խաղերում փոխհատուցում է տարիների իր փորձով, այդուհանդերձ, վերջին մրցափուլում նկատելի են 41-ամյա մարզիկի բացթողումները, որոնց արդյունքում հավաքականը գոլեր է ընդունել (օրինակ` Ալբանիայի հետ խաղում մրցակցի 2 գոլերի դրվագներում էլ Ռոմանը կորցրել էր դարպասի գիծը): Պետք է պատվով հրաժեշտ տալ հավաքականի վերջին վետերանին` ճանապարհ թողնելով երիտասարդների համար (չնայած երկրորդ դարպասապահ 35-ամյա Կասպարովն էլ վաղուց երիտասարդ չէ):  

Առաջին կեսի ավարտից մի քանի րոպե առաջ դաշտում իրարանցում սկսվեց. յուրօրինակ քաղաքական ակցիա արեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, որը «Ազատություն Շանթ Հարությունյանին» գրությամբ եւ հոր նկարով շապիկով վազեց խաղադաշտ: Ոստիկանները մի լավ քրտնեցին, մինչեւ բռնեցին երիտասարդին:

Առաջին կեսի վերջնամասում հիշվեց նաեւ Կոենտրանի վտանգավոր հարվածը դեպի Բերեզովսկու դարպասի հեռավոր անկյունը. մեր դարպասապահը լավ ռեակցիա դրսեւորեց` գնդակը հանելով անկյունային:

55-րդ րոպեին չեղած տեղից գոլ ծնվեց: Բնականաբար, հեղինակը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Ռոնալդուն էր: 55-րդ րոպեին պաշտպան Բրունու Ալվեշը գնդակն առաջ ուղարկեց, մեր աջ պաշտպան Հրայր Մկոյանը ցատկեց, սակայն չկարողացավ սանձել գնդակը, վրա հասած Արզումանյանը թիկունքով փակեց Ռոնալդուին ու ձեռքերի ժեստով ցույց տվեց Բերեզոսվկուն, որ առաջ գա եւ վերցնի այն: Բերեզովսկին հապաղեց, իսկ ընձեռված առիթը պորտուգալացին բաց չթողեց. նա Ռոբերտի թիկունքից երկարացրեց ոտքն ու գրագետ հարվածով այն նետեց Ռոմանի գլխի վրայով: Մեր թիմի 3 փորձառու խաղացողներ իրար հետեւից մանկական սխալներ թույլ տվեցին, արդյունքում` 1-2:

Սա այն պահն էր, երբ Հայաստանի հավաքականը մի պահ կորցրեց զգոնությունը, կարծես տղաները թեւաթափ եղան, որովհետեւ 1-0-ն կամ 1-1-ը այլ հաշիվ էր, իսկ 1-2-ը` այն էլ նման իրավիճակից հետո` լրիվ այլ: Պորտուգալացիներն այս առթին էլ բաց չթողեցին, հարկավոր էր մեծացնել առավելությունը, քանի որ նախ ընթացիկ հաշիվը հուսալի չէր, երկրորդ` դաշտի տերերի ընդարմացած վիճակը դա թույլ էր տալիս: 58-րդ րոպեին դարպասապահ Ռուի Պատրիսիուն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց Ռոնալդուի մոտ, վերջինս հաղթահարեց Անդոնյանի արգելքը, գնդակը հարմարեցրեց աջ ոտքին ու հուժու հարված կատարեց: Հայրապետյանն ու Արզումանյանը չկարողացան փակել գնդակը ճանապարհը, իսկ Բերեզովսկին անզոր էր հասնել դեպի դարպասի վերեւի անկյունը («9-ոց») սլացող գնդակը: Կարելի է ասել, դա դարպասապահների համար անորսալի գնդակներից էր ու գեղեցիկ պատասխան Մարկոսի հարվածին: Ռոնալդուն հավաքականում անցկացրած իր 120-րդ խաղում 55-րդ գոլը խփեց:

Անկեղծ ասած, որքան էլ Պորտուգալիան վարպետ կատարողներ ունի ու այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 7-րդն է աշխարհում, փաստ է, որ առանց Ռոնալդուի սա լրիվ այլ թիմ է: Ապացույցը աշխարհի վերջին առաջնությունն է, որտեղ մրցակիցները, «Ռեալի» խաղացողին չեզոքացնելով, լուծեցին պորտուգալական ընտրանու հարցերը: Մեր հավաքականին երեկ հենց դա չհաջողվեց. վնասազերծել հյուրերի ավագին: Եվ գուցե ամեն ինչ այլ կերպ ընթանար, եթե հենց մերոնց սխալները չլինեին. առաջին ու երկրորդ գոլերը, մեծ հաշվով, նվեր էին մրցակցին, իսկ երրորդն իսկապես բարձր կարգի ցուցադրություն էր:

Թվում էր` երրորդ գոլը պիտի վերջնականապես կոտրի Հայաստանի ընտրանու ողնաշարը, որը դաշտ էր դուրս եկել «Եվրո-2016»-ի ընտրական խաղերում տեւական անհաջողություններից հետո սեփական հանդիսատեսի առաջ պարզերես լինելու, լավ խաղ ցուցադրելու մեծ ցանկությամբ: Թիմը, բարեբախտաբար, չքանդվեց: Իրականության դեմ չմեղանչելու համար ասենք, որ դրան մեծապես նպաստեց Տիագու Մենդեշի երկրորդ դեղին, ապա եւ կարմիր քարտը 62-րդ րոպեին, ու նաեւ այն, որ երրորդ գոլից հետո պորտուգալացիներն իրենք հանգստացան` արդեն հավատալով վերջնական հաղթանակին: Բայց խաղի ավարտին դեռ շուրջ կես ժամ կար:

Սարգիս Հովսեփյանը տեւական դադարից հետո դաշտ դուրս բերեց Արաս Օզբիլիզին, ով փոխարինեց Կամո Հովհաննիսյանին: Մեր աջ թեւը շարունակում էր ակտիվ գործել, ու հենց Արասի շնորհիվ ծնվեց հերթական գոլը: 72-րդ րոպեին նա ձախ ոտքով հարվածեց Պատրիսիուի դարպասի ուղղությամբ, վերջինիս տեսադաշտը չնայած փակ էր, սակայն գնդակն ուղիղ պորտուգալացու վրա էր ընթանում: Այդուհանդերձ, դարպասապահը չկարողացավ ֆիքսել գնդակը, ու որտեղից որտեղ վրա հասած Հրայր Մկոյանը կրկնահարվածով հաշիվը դարձրեց 2-3: Դժվար էր պատկերացնել, որ մեր աջ պաշտպանն այդ պահին «կրակագծում» հարձակվողի դեր կկատարի: Սա Մկոյանի առաջին գոլն էր հավաքականում:

Չնայած մեր թիմը շարունակում էր տեւական փորձերը` կենտրոնից ու եզրերից ճեղքել մրցակցի պաշտպանությունը, մինչեւ խաղավերջ պորտուգալացիները 10 հոգով կարողացան հուսալի պաշտպանվել: Բայց շեշտենք, որ եղան դրվագներ, երբ մերոնք ուղղակի մեկ-երկու վայրկյան հապաղում էին տուգանայինի մատույցներից հարված կատարելիս, ինչից հետո  հյուրերը հասցնում էին փակել գնդակի ճանապարհը: Նման իրվիճակներում պետք էր անընդհատ «կրակի տակ պահել» Պատրիսիուի դարպասը թեկուզ հեռահար հարվածներով, որովհետեւ տուգանային մտնելը շատ դժվար էր:

Խաղն ավարտվեց 2-3 հաշվով: Պորտուգալիան երրորդ փորձից ի վերջո կարողացավ հաղթանակ տանել Երեւանում: Սակայն եթե հաշվի առնենք, որ մեր թիմն այս մրցափուլում մեծ հաշվով մարզական խնդիր այլեւս չի լուծում, ապա երեկվա խաղում ֆուտբոլիստների մինչեւ վերջ նվիրվածությունը, պայքարելու ցանկությունը, գործողությունների որակը հույս են տալիս, որ աշնանը կայանալիք վերջին 3 խաղերում (Սերբիա, Դանիա, Ալբանիա, նաեւ Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումը) մենք լավ ֆուտբոլ ակնկալելու բոլոր հիմքերն ունենք: Երեկվա խաղում գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունն է` 54-46` հօգուտ մեր թիմի, հարվածները` 10-8 (դարպասին` 5-4, դարպասի ուղղությամբ` 3-2, արգելափակված` 2-2)` կրկին հօգուտ Հայաստանի: Սրանք, իհարկե, թվեր են, որ տարբեր են խաղի արդյունքից, բայց վկայում են մեր ընտրանու ներուժի մասին:

Եթե սեպտեմբերին շարք վերադարձած լինեն նաեւ Մովսիսյանը, Մանուչարյանը, Արասը համապատասխան մարզավիճակ ձեռք բերի, հենակետային ու պաշտպանական գոտիներում էլ խնդիրներ չունենանք (թող որ այս ամենը շատ լավատեսական է հնչում), աշնանային հաղթանակները միանգամայն իրատեսական են:  

«Եվրո-2016»-ի ընտրական I խմբի մյուս խաղում Դանիան սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Սերբիային: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով շարունակում է գլխավորել Պորտուգալիան, Դանիան ունի 10, Ալբանիան` 7, Սերբիան ու Հայաստանը` 1-ական միավոր: Ալբանացիներն անցկացրել են 4, մյուսները` 5-ական հանդիպում: Ընդ որում` երեկ Ալբանիան սեփական դաշտում կայացած ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթեց Ֆրանսիային:

Լուս.` AFP/Getty Images (uefa.com)              

Մեկնաբանություններ (2)

aaa
Հարգելի Վարազ, գնացեք և ֆուտբոլ վերլուծել սովորեք: ռուսից հային ԵՐԲԵՔ ոչ մի օգուտ չկան էլ ստե ընդհանրապես կապ չունի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի հավաքականը միշտ «լավ» է խաղում, բայց միշտ պարտվում է: ՄԻԱԿ ՈՐՈՇԻՉ գործոնը. եթե պարտվում ես, ուրեմն ՎԱՏ ես խաղում. վերջակետ: Բա էդ դարպասապահ Ռոման Բերեզովսկու ԿՈՊՏԱԳՈՒՅՆ սխալին մի նայեք (իրենց 2-րդ գոլը): Ամենահետի՛ն դարպասապահն անգամ պիտի իմանա հետևյալը. եթե դարպասի գծից դուրս ես գալիս ու գնում գնդակի հետևից, ապա մինչև վե՛րջ ու առա՛նց հապաղելու պիտի գնաս գնդակը որսալու՝ անկախ ամեն ինչից: Էդ Բերեզովակին Հայաստանի թիմին կարևո՛ր պահերին միշտ «քցել» է: Ուստի գալիս ենք 2-րդ կանոնին. ռուսից հային ԵՐԲԵՔ ոչ մի օգուտ չկա: Միակ դրականը Շահենի ակցիան ու Գաել Անդոնյանի խաղն էր: Բա էդ Հենրիխ Մխիթարյանի խաղին մի նայեք. դա՞ է «աստղը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter